ՓԱՌԱՀԵՂ ԿՅԱՆՔ... ԳԱԶԱՆԱՆՈՑՈՒՄ
![]() Կենդանիների տառապանքը տեսնելով, գազանանոցի տնօրենը մեծ ցավ էր զգում: Երկար մտորումներից հետո նա, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն, այնուամենայնիվ, գտավ: Ազատեց նրանց... Ամենեւին, ուղղակի բոլոր վանդակներում հեռուստացույց տեղադրեց ու սկսեց հատուկ կենդանիների համար պատրաստած հաղորդումներ հեռարձակել... Ու, իսկապես, այդ պահից գազանանոցի կյանքը հիմնովին փոխվեց: Գազանների բողոքն ու ընդվզումը աստիճանաբար դադարեց: Նրանց սկսեցին ջունգլիների, սավաննայի, տափաստանների ու կուսական անտառների` նրանց հարազատ հայրենիքների մասին վավերագրական ֆիլմեր ցուցադրել: Կենդանիներն, ասես, երկրորդ շնչառություն առան: Ենթադրաբար, ըմբռնումներն էլ միանշանակ չէին: Այծյամները, զեբրերը, այծքաղերն ու քարայծերը, առյուծների մասին պատմող տեսահոլովակները սարսափ ֆիլմեր էին համարում: Իսկ առյուծների համար, քարայծների, զեբրերի ու այծյամների հեռուստաէկրանին հայտնվելն իսկ, ասես, ախորժաբեր հաբ լիներ: Կարճ ասած, գազանները ողջ օրն անց էին կացնում հեռուստաէկրաններին կառչած` անխտիր նայելով բոլոր հաղորդումները: Պրպտող տնօրենը սակայն, սրանով չբավարարվեց: Նա նոր հեռուստաշարի գաղափար հղացավ, որն է'լ ավելի մեծ հաջողություն բերեց: Հաղորդումների միայն անվանումներն արդեն` «Նեղոսյան կոկորդիլոսի մեծ սերը», «Թե ինչպես կրծոտեցի վարժեցնողին», «Ինչպես պոզահարել որսորդին», ամեն ինչ արժեին: Նկարահանումներն անչափ գրավիչ էին եւ, գազանները տարված գլխավոր հերոսների դերերով, մոռանալով աշխարհում ամեն բան, անվերջ ծափահարում ու լաց էին լինում: Ու որպեսզի հղացած գաղափարն իր ցանկալի ավարտին հասցնի, տնօրենը ձեռնամուխ եղավ «Վանդակ, դու հրաշալի ես...» նոր հեռուստաշարի էկրանավորման աշխատանքներին: Գազաններին հորդորում էին, թե գազանանոցում ապրելն, իսկապես, մեծագույն առավելություն է, թե այն օգտավետ է առողջության համար, թե հենց այնտեղ է անկախության ու անվտանգության իսկական երաշխիքը: Ու, իսկապես, արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները...Հաղորդաշարի ավարտից հետո բոլոր գազաններն անասելի հուզվել էին: Նրանք նայում էին միմյանց, ներքուստ խոստովանելով` «Իսկապես, մեր բախտն իսկապես է բերել , որ մենք ապրում ենք... գազանանոցում»... ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1868 reads | 18.06.2013
| |