Փիլիպոս II
Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ին հաջողվեց միավորել երկիրը և դուրս բերել նրան զարգացման ճանապարհ: Արգեադների հարստության ներկայացուցիչ Փիլիպոս II-ը ծնվել է ք.ա. 382թ.: Նրա հոր՝ Ամյունտաս III թագավորի մասին որոշ (թեև հակասական) տեղեկություններ են հայտնում Դիոդորոսն ու Հուստինոսը: Ըստ նրանց, Ամյունտաս III-ի կյանքն անցել էր Մակեդոնիայի թագավորական իշխանության հաստատմանն ուղղված անվերջանալի պայքարում: Փիլիպոսի մայրը՝ Էվրիդիկեն, որն իր անսանձ բնավորության համար կրում էր «վայրենի Էվրիդիկե» մականունը, սերում էր Վերին Մակեդոնիայի Լինկեստիդա մարզի ազդեցիկ ազնվական տոհմից: Լինելով արքայորդի, Փիլիպոսը գահերեցությունը զիջում էր երկու ավագ եղբայրներին ու նրանց ուղղակի ժառանգներին: Սակայն Էվրիդիկեի ու նրա տարփածուի՝ գահին հավակնող անտոհմիկ փեսայի ոճրագործությունների շարանը տակնուվրա արեց գահաժառանգման կարգը, և թագը վաղաժամկետ բաժին հասավ Փիլիպոսի մանկահասակ եղբորորդուն: Որոշ ժամանակ Փիլիպոսը եղավ պատանի թագավորի խնամակալը, այնուհետև վռնդեց ապաշնորհ ազգականին ու ք.ա. 359թ. իր ձեռքը վերցրեց Մակեդոնիայի կառավարումը: Մակեդոնիան քաոսից դուրս բերելու համար Փիլիպոսը գործադրեց վիթխարի ռազմական ու դիվանագիտական ջանքեր: Նա կարողացավ կաշառքներով ու շռայլ խոստումներով գնել հարևանների չեզոքությունն ու այդպիսով ժամանակ շահել իր ուժերի համախմբման համար: Դրան հաջորդեցին ռազմական հաջողությունները, որոնց շնորհիվ Մակեդոնիան ոչ միայն կասեցրեց հարևանների ոտնձգությունները, այլև տիրացավ այդ երկրների բնական պաշարներին, որոնցից նշանակելի էին Թրակիայի երկաթի ու ոսկու հանքավայրերը: Եվ, ամենակարևորը՝ Մակեդոնիային հաջողվեց Թրակիայից դուրս գալ դեպի Էգեյան ծով և հաստատվել Բալկանյան հարուստ ափերում: Առևտրի ու տնտեսական կապերի աշխուժացման նպատակով Փիլիպոսը շրջանառության մեջ դրեց ոսկու բարձր պարունակությամբ փիլիպիկ մետաղադրամը: Իր երկրի հզորացման համար Փիլիպոսը միջոցներ չէր խնայում, նախընտրում էր հակառակորդին գերազանցել ոչ թե մարտադաշտում, այլ խորամանկությամբ: Փիլիպոսը բարձր էր գնահատում դավադիր գործարքների արդյունավետությունը և հաճախ էր կրկնում սիրած ասույթը. «Չկա այնպիսի անառիկ բերդ, որը չկարողանա նվաճել ոսկով բեռնված էշը»: Թագավորը խուսափում էր տաքարյուն, հապճեպ որոշումներից և իր առջև անլուծելի խնդիրներ չէր դնում: Նա աչքի էր ընկնում անձնական խիզախությամբ, մարտի դաշտում ստացել էր բազմաթիվ վերքեր ու կորցրել աչքը նետի հարվածից: Գրավոր աղբյուրների վկայությամբ, մարտի ամենաթեժ պահերին Փիլիպոսը երբեք գլուխը չէր կորցնում և ցուցադրում էր անսասան կորով: Սուր ու սթափ միտքը, մարդկանց ներքին մղումների և արատների իմացությունը նրա հաջողությունների գրավականն էին: Փիլիպոսի վայելուչ ու անկաշկանդ վարքի, զուսպ արիության դիմակի տակ, սակայն, թաքնված էին գիշատիչ ուխտադրժություն ու պաղ դաժանություն: Մակեդոնական վերնախավի ապրելաոճի կարևոր մասն էին խրախճանքներն ու շվայտ կյանքը: Փիլիպոսն արքունիքի վակխանալիաների մոլի մասնակիցն էր և սկզբնական շրջանում հայտնի էր ոչ այնքան իր սխրանքներով, որքան այլասերվածությամբ ու գինեմոլությամբ: Ի վերջո, Փիլիպոսը իր անզսպելի կրքերի զոհը դարձավ: Սակայն հենց Փիլիպոսին հաջողվեց կառուցել միացյալ, հզոր ու հարստացած երկիր, և հեռու չէր պահը, երբ Մակեդոնիան հանդգնելու էր խառնվել Հունաստանի գործերին: Հին Մակեդոնիայի բանակը Պատանի Փիլիպոսը քաղաքական պատճառներով որոշ ժամանակ գտնվել էր հունական պոլիս Թեբեում որպես պատվավոր պատանդ: Հենց այնտեղ, հելլենական մշակույթի ազդեցությամբ ձևավորվեցին ապագա քաղաքական ու ռազմական գործչի աշխարհայացքը և նկրտումները: Բանակաշինության գործում Փիլիպոսը կատարեց արմատական բարեփոխումներ, ընդօրինակելով ու զարգացնելով ժամանակի առաջատար երկրների՝ Հունաստանի ու Պարսկաստանի ձեռքբերումները: Լինելով ք.ա. IV դարի փայլուն հույն ռազմագետ Էպամինոնդասի երկրպագուն, Փիլիպոսն օգտագործեց նրա մշակած սկզբունքներն ու նորամուծությունները և իր որդի Ալեքսանդրին թողեց անգնահատելի ժառանգություն՝ իր ժամանակի ուժեղագույն բանակը: Մակեդոնիայի յուրաքանչյուր մարզ պարտավոր էր բանակ ուղարկել սահմանված քանակով զինվոր, ընդհանուր թվով՝ 30000 հետևակային ու 3000 հեծյալ: Անվերջանալի հաղթարշավներում կուտակած ավարը կազմում էր զինված ուժերի նյութական հիմքը: Բանակի մի մասը՝ արքայական զորքը, կազմված էր ծանր հեծելազորից (հեթայրներից) և վահանակիր հետևակից (հիպասպիստներից), որոնք իրար համալրում ու պաշտպանում էին: Մյուս՝ աշխարհազորային մասը, բաղկացած էր տարբեր գնդերից, որոնց թվում էր հռչակավոր մակեդոնական փաղանգը: Այդպիսի բաժանումը հավասարակշռում էր բանակի կազմի երկու հիմնական սոցիալական խավերին՝ ազնվատոհմիկներին ու ռամիկներին: Փիլիպոսի կարևոր նորարարությունն այն էր, որ մինչ այդ հիմնականում սուրհանդակության և բեռնափոխադրման համար օգտագործվող նժույգներին նա դարձրեց կանոնավոր հարվածային զինուժ: Բանն այն էր, որ հունական ձիերը երկար ժամանակ զիջում էին ասիականներին, և միայն Փիլիպոսի անդադար ջանքերի շնորհիվ հաջողվեց ազնվացնել մակեդոնական նժույգների ցեղայնությունը: Ծանր հեծելազորի կորիզն էին հեթայրները՝ արքայի ազնվազարմ «բարեկամները»: Նրանցից կազմված հատուկ հեծելավաշտը կատարում էր թագավորի համհարզների ու թիկնապահների պարտականությունները, սեղանակցում նրա խնջույքներին ու միասին կիսում ռազմավարը: Հեթայրները հեծնում էին հյութալի մարգագետիններում բուծված հուժկու նժույգներ, զինված էին ինքնատիպ սուսերով ու նիզակներով, որոնք պիտանի էին ոչ միայն ձեռնամարտի, այլև նետելու համար, պաշտպանված էին վահաններով ու բրոնզե սաղավարտներով: Նրանք հմտորեն տիրապետում էին ձիավարությանը, և թշնամական հեծելազորը գրեթե երբեք չէր դիմակայում հեթայրների գրոհին: Սկզբնական շրջանում հեթայրները հաշվվում էին 1800 միավոր, այնուհետև նրանց թիվը հասավ 2500-ի: «Բարեկամներից» բացի, մակեդոնական հեծելազորը համալրված էր ենթակա ու դաշնակից պետությունների զորագնդերով: Թեսալիան մատակարարում էր հայտնի թեսալիական ծանր հեծելազոր, որը գրոհում էր յուրօրինակ շեղանկյունաձև դասավորումով: Թրակիացիք ու իլլիրիացիք ներկայանում էին թեթևազեն հեծյալներով, որոնք իրենց արագաշարժ և դիմացկուն կարճահասակ երիվարներով անփոխարինելի էին դարաններից հանկարծակի գրոհելու և թշնամուն հետապնդելու համար: Այդ ժամանակների նժույգը հանդերձավորված չէր ասպանդակով, թամբով, պայտով, այնպես որ հեծելարվեստը արտակարգ հմտություն էր պահանջում: Թագավորի անձնական պահակազորում ծառայող մակեդոնական ազնվազարմ պատանիները կազմում էին դրանիկների գունդը: Ծանր հետևակի բռունցքն էր մակեդոնական փաղանգը, որն ավանդական հունական փաղանգի կատարելագործումն էր: Զորաշարքի առաջնային օղակը կոչվում էր սինտաղմ և սովորաբար բաղկացած էր 16 տողանից, ամեն մեկում՝ 16 զինվոր: Այսպես կոչված փոքր փաղանգը միավորում էր 16 սինտաղմ, իսկ մեծ փաղանգը բաղկացած էր ավելի քան 16000 զինվորից: Վերադասավորումները կատարվում էին ըստ սինտաղմների: Փաղանգայինները պաշտպանված էին սաղավարտով, փոքր ու թեթև վահանով և զինված էին 3-6 մետրանոց սարիսով (նիզակով): Առաջին գծի զինվորների նիզակներն ավելի կարճ էին, հետևի շարքերն իրենց զենքը դնում էին առջևինների ուսերին: Փաղանգայինը բռնում էր սարիսը երկու ձեռքով, վահանը գոտիով ամրացնում մարմնին, և մարտադաշտում ահեղաբար ցցվում էր սարիսների անտառը: Զորաշարքը նախատեսված էր թշնամու ճակատը ճեղքելու համար և գրոհի ժամանակ իր ահարկու դանդաղ դոփյունով սոսկալի հոգեբանական ազդեցություն էր գործում: Փաղանգը, այնուհանդերձ, խոցելի էր թևերից ու թիկունքից, որոնք հարկ էր լինում պաշտպանել թեթևազեն հետևակի կամ հեծելազորի մասերով: Կտրտված տեղանքում փաղանգը կորցնում էր ամրակուռությունը և դառնում անզոր: Կիրառվում էր փաղանգի ու ծանր հեծելազորի զուգակցումը՝ մուրճի ու զնդանի եղանակով: Հակառակորդը քշվում էր փաղանգին ընդառաջ, այնուհետև հեծելազորը արագ գրոհով զարկում էր ծուղակում հայտնված թշնամուն: Այդ հնարքը հաջողությամբ կիրառվեց Քերոնեայի ու Գավգամելայի ճակատամարտերում: Հատկապես նշանակալի եղավ փաղանգի դերը Ալեքսանդրի վերջին խոշոր ճակատամարտում՝ Հյուդասպ գետի ափին, երբ նա ճակատ առ ճակատ դուրս եկավ հնդկական մարտական փղերի դեմ: Մակեդոնական զորքի ընտրանի հետևակն էին հիպասպիստները, որոնց սպառազինությունը կազմված էր վահանից, քաթանե զրահից, սաղավարտից, նիզակից ու սուսերից: Հիպասպիստը հավասարապես մարտունակ էր թե՛ ձեռնամարտում, թե՛ մարտաշարքում: Ալեքսանդրը բացառիկ խիզախություն ցուցադրած հիպասպիստներին պարգևատրում էր արծաթապատ վահանով: Հետևազորի կարևոր մասն էին պելտաստները կամ «վազողները», որոնք առավելագույնս իրենց դրսևորեցին Գավգամելայի ճակատամարտում: Հատուկ դիրք զբաղեցնելով հեծելազորի պաշտպանության ներքո, պելտաստների խնդիրն էր արագ մոտենալ ու նպատակակետ հարված հասցնել թիրախին: Պելտաստի զենքերը՝ վահանը, նիզակը, պարսատիկն ու տեգը, հնարավորինս թեթևացրած էին: Փիլիպոսին հմուտ նիզակահարներ ու տեգահարներ էին տալիս հարևան ագրիանացիները, իսկ նետաձիգներ՝ Կրետե կղզին: Մակեդոնական բանակում ընդգրկված էին նաև Հունաստանի ուժերը: Հունական հանրահայտ ծանրազեն հետևակայինները՝ հոպլիտները, զինված էին վահանով ու նիզակով, զրահապատ սաղավարտով ու սռնապաններով: Ե՛վ Փիլիպոսը, և՛ հետագայում Ալեքսանդրը չափազանց լուրջ էին վերաբերվում բանակի տեխնիկական զինվածությանը: Սիցիլիացի ինժեներներից փոխառված գյուտերը կիրառվում էին բազմատեսակ պաշարողական մեքենաներում և հարմարանքներում: Փիլիպոսն առաջինն էր Հելլադայում, ով սկսեց քաղաքները գրավել գրոհով, այլ ոչ թե պաշարելով: Բաբանների, քարանետ զենքերի, հսկայական «հելեպոլիս» աշտարակների, գրոհային սանդուղքների տեղադրման ու խնամքի համար հատկացված էին մասնագիտացված ջոկատներ: Բարձր էին գնահատվում կամրջանավեր կառուցողները, շինարարները, տեղագրիչները: Հայր և որդի Մակեդոնացիները մեծ ուշադրություն էին դարձնում բանակի մատակարար ծառայությունների անխափան աշխատանքին: Նրանց օրոք ռազմական գործը սկսում է արվեստից դառնալ գիտություն, որի մասին վկայում են բանակի կառուցվածքը, խնամքով սարքավորված թիկունքային բազաները, կանոնավոր կապը տարբեր զորամասերի միջև, ռազմական միջոցառումների անցկացման կարգուկանոնը: Առաջնային նշանակություն էր տրվում հետախուզությանը, որը կատարում էր հակառակորդի շարքերում դավաճանների ու կողմնակիցների հավաքագրում, կազմակերպում լրտեսություն և այլ գաղտնի գործողություններ ու բանսարկություններ: Մակեդոնիայի զինված ուժերի մասն էր նաև նավատորմը, որը, սակայն, զիջում էր և՛ հունականին, և՛ պարսկականին: Հատուկ ուշադրություն էր դարձվում զինավարժությունների կանոնավոր անցկացմանը և ստորաբաժանումների ներդաշնակ համագործակցմանը: Զինվորները կատարելագործում էին իրենց հմտությունները ինչպես ռազմադաշտում, այնպես էլ կարճատև զինադադարների ժամանակ: Նույնիսկ աշխարհազոր ստորաբաժանումներն աչքի էին ընկնում իրենց բարձր պատրաստունակությամբ: Բազմաթիվ ռազմարշավներում տոկունացան ու կոփվեցին Փիլիպոսի մարտընկերները, որոնցից առավել նշանավորն ու վաստակաշատն էին զորավարներ Անտիպատրոսն ու Պարմենիոնը: Այդպիսով, Փիլիպոսի ստեղծած բանակը նախադեպը չունեցող մի կառույց էր, որը ամեն պահ ու ամեն պայմաններում պատրաստ էր մարտի ելնել թշնամու դեմ: Քաղաքական իրադրությունը Պարսկաստանում, Հունաստանում և Մակեդոնիայում ք.ա. IV դարի կեսերին Ք.ա. IV դարի երկրորդ կեսը հարուստ էր աշխարհաքաղաքական խոշոր անցուդարձերով, ինչը պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով: Չնայած արտաքին փայլին ու պերճանքին, ակնհայտ էր, որ Աքեմենյան Պարսկաստանը հետզհետե մտնում է իր անկման փուլը: Երկրի կառավարելիության ռեսուրսները սպառված էին: Համատարած պատեհապաշտությունը, այլասերվածությունն ու ընչաքաղցությունը՝ քաղաքական տարուբերումների հենքի վրա, խարխլում էին պետականության բարոյական հիմքերը: Անցյալում էին մնացել Արքայից արքաների սխրանքներն ու նվաճումները, ամենուրեք ծագում էին խռովություններ, դժգոհություն, կենտրոնախույս նկրտումներ և արյունահեղ հաշվեհարդարներ: Արքունիքը մտահոգված էր գոնե եղածի պահպանմամբ: Տեղի ունեցող խմորումները վաղուց արդեն գտնվում էին հույների ուշադրության կենտրոնում, և փոքրասիական հողեր ու ստրուկներ զավթելու ցանկությունը, ինչպես նաև պարսիկներից վրեժխնդիր լինելու տենչը դառնում են նրանց հրատապ խնդիրը: Սակայն հունական աշխարհը նույնպես գալարվում էր ճգնաժամի ճանկերում: Վաղեմի թշնամի Պարսկաստանը ջանք չէր խնայում պոլիսների միջև եղած հակասությունները խորացնելու և հակառակորդի ճամբարում իր համախոհների թիվը ավելացնելու համար: Նա շարունակ թշնամացնում էր հույներին միմյանց հետ՝ իր ոսկին գցելով կշեռքի այս կամ այն նժարը: Հունական աշխարհը, մտահոգված պարսկական սպառնալիքով, ահազանգում էր երկրի անկայուն ու խոցելի վիճակի մասին: Միասնական համահելլենական դաշնության անհրաժեշտությունը գիտակցում էին բոլոր սթափ ուժերը: Ք.ա. IV դարի կեսերին Հունաստանում հաստատվեց նոր քաղաքական ձևաչափ: Երբեմնի ամենաազդեցիկ պոլիսները՝ օլիգարխիական Սպարտան և ժողովրդավարական Աթենքը, այլևս ի վիճակի չէին ստանձնել ուժերը համախմբողի դերը: Գերիշխանությունը հետզհետե անցնում էր վերելք ապրող հյուսիսային մարզեր Թեսալիային ու Քաղկիդիկեին, ինչպես նաև Միջին Հունաստանի Փոկիսին, Բեովտիային, Էվբեային: Այդպիսի անցումնային վիճակը հիանալի հնարավորություն էր տալիս Փիլիպոսին, որը, գրավելով Աթենքի իշխանության տակ գտնվող հյուսիսային խոշոր քաղաքներ Ամփիպոլիսն ու Պոտիդեան, սպասում էր հաջորդ հարմար առիթին՝ Հունաստանի գործերին խառնվելու համար: Մակեդոնիայի թագավորի համոզմամբ, Հելլադայի բարօրության համար անհրաժեշտ էր այնպիսի անձնավորություն, որը, անտեսելով կործանարար գժտություններն ու փոխադարձ անվստահությունը, կստանձներ համահելլենական առաջնորդի դերը: Եվ այդ դերում Փիլիպոսը տեսնում էր միայն իրեն՝ Մակեդոնիայի թագավորին: Շուտով ներկայացավ Հունաստան ներխուժելու առիթը: Դա երկու հարևան մարզեր Փոկիսի ու Բեովտիայի ընդհարումն էր համահունական կրոնական կենտրոն Դելփիքի պատճառով: Փոկիսցիները զայրացած էին, որ իրենց տարածքում գտնվող Դելփիքը վարում էր ինքնուրույն քաղաքականություն և ցուցադրում անջատողաական միտումներ: Նրանք ներխուժեցին Դելփիքում գտնվող Ապոլլոնի սրբավայրը և թալանեցին գանձատունը: Այդ արարքի համար Բեովտիայի գլխավոր քաղաք Թեբեն «Սրբազան պատերազմ» հայտարարեց Փոկիսին: Թեբեի հետ դաշնային պայմանագրերով կապված Թեսալիան, այնուհետև՝ Մակեդոնիան, նույնպես դարձան պատերազմի մասնակիցներ: Ռազմական բախումը տեղի ունեցավ ք.ա. 353թ. Կրոկուսի դաշտում, որտեղ Փիլիպոսը ջախջախեց Փոկիսի միացյալ զորքը: Իսկ 6 տարի անց նա գրավեց Փոկիսը, պատժեց բնակիչներին և վերադարձրեց Դելփիքի թալանված գանձերը: Երախտապարտ քաղաքացիները Փիլիպոսին շնորհեցին «Սրբավայրի պաշտպան» պատվավոր կոչումը: Փիլիպոսի ամրապնդված դիրքը երկյուղ առաջացրեց որոշ պոլիսներում, և այնտեղ սկսեց ձևավորվել հակամակեդոնական շարժում: Հատկապես ազդեցիկ էր աթենացի հայտնի հռետոր ու քաղաքական գործիչ, Մակեդոնիայի կատաղի թշնամի Դեմոսթենեսը: Փիլիպոսի դեմ հնչող նրա հայտնի «փիլիպիկները»՝ հրապարակային ցասկոտ ու մերկացնող ելույթները, մեծ դեր խաղացին հանրային կարծիքի ձևավորման գործում: Հակամակեդոնական ուժերը ստանում էին նաև Պարսկաստանի աջակցությունը: Սակայն Փիլիպոսը նաև վայելում էր շատերի համակրանքը: Քաղաքացիների մի ստվար զանգված, հիասթափվելով ժողովրդավարական խառնաշփոթից, հիանում էր եռանդուն մակեդոնացի միապետով և հույսեր կապում նրա ծրագրերի հետ: Փիլիպոսի ամենաազդեցիկ աջակիցներից էր Աթենքի հայտնի քաղաքական գործիչ Իսոկրատեսը: Եվ Փիլիպոսը շարունակում է իր հաղթական երթը: «Սրբազան պատերազմի» ավարտի մոտ նա զավթում և ավերում է Քաղկիդիկե թերակղզու խոշոր քաղաք Օլյունթոսը և բնակիչներին վաճառում ստրկության: Այնուհետև պատրաստվում է ներխուժել Բոսֆոր նեղուցի ու Մարմարա ծովի մերձափնյա հունական հարուստ Բյուզանդիոն (հետագայում՝ Կ.Պոլիս, այժմ՝ Ստամբուլ) ու Պերինթոս քաղաքները: Այդ քաղաքները հունական աշխարհի տնտեսական ցանցերի, հատկապես Սևծովյան ավազանի ցորենի մատակարարման կարևոր օղակներն էին: Արշավանքի համար Փիլիպոսը լրացուցիչ նավեր կառուցեց, բայց ստիպված եղավ նահանջել: Դեմոսթենեսի ջանքերով ոտքի ելավ Աթենքը, իսկ Փոքր Ասիայի պարսիկ կուսակալները դեպի Բյուզանդիոն ուղարկեցին բազմաքանակ օգնական ուժեր: Փիլիպոսի նահանջը բուռն ցնծությամբ ընդունվեց հակամակեդոնական ճամբարում: Ակնհայտորեն Մակեդոնիայի համար մոտենում էր այն պահը, երբ այլևս անհնար էր դիվանագիտական միջոցներով դիմադրել հույների չմարող թշնամանքին: Ք.ա. 338թ. Բեովտիա մարզի Քերոնեա քաղաքի մոտ տեղի ունեցավ Փիլիպոսի ամենախոշոր ճակատամարտը: Այն ավարտվեց մակեդոնացիների համոզիչ հաղթանակով և փառք բերեց ոչ միայն Փիլիպոսին, այլև 18-ամյա Ալեքսանդրին, որի ղեկավարած ծանր հեծելազորի հաջող գրոհը վճռորոշ դարձրեց կռվի ելքը: Քերոնեայի ճակատամարտը ազդարարեց հունական պոլիսների պարտությունը: Սպարտայից բացի, բոլոր պոլիսները հերթով ընդունեցին Մակեդոնիայի գերիշխանությունը: Վերջապես իրականանում էր ողջ հելլենական աշխարհը միավորելու Փիլիպոսի երազանքը: Նա ժամանակ չկորցրեց մեղավորներին պատժելու համար: Ընդունելով Մակեդոնիայի ու Հունաստանի միացյալ ուժերի գերագույն հրամանատարությունը, Փիլիպոսը պատրաստվում է արշավանքի Պարսկաստանի դեմ: Ի կատարումն այդ ծրագրի, ք.ա. 337թ. նրա նախաձեռնությամբ Կորինթոսում տեղի ունեցավ պոլիսների վեհաժողով, որը ստեղծեց Կորնթոսյան համահելլենական դաշինքը և վավերացրեց Փիլիպոսի ստանձնած պարտավորությունները: Դաշինքի հռչակած նպատակները հետևյալն էին. նախ՝ ազատագրել Էգեյան ծովի փոքրասիական ափին գտնվող հունական գաղութները, այնուհետև՝ Պարսկաստանի հետ սահմանը տեղափոխել դեպի արևելք, Կիլիկիայից դեպի Սև ծով տանող գծով: Այդ խնդիրները լուծելու համար Ատալոսի ու Պարմենիոնի ղեկավարած 10 հազարանոց բանակը կտրեց Հելեսպոնտոս նեղուցը և մտավ Փոքր Ասիա: Սակայն արշավանքն ընդհատվեց Փիլիպոսի մահվան պատճառով: Փիլիպոսի ընտանիքը Իր բուռն կյանքի ընթացքում Փիլիպոսն ամուսնացել էր մի քանի անգամ, և յուրաքանչյուր ամուսնությունը պայմանավորված էր քաղաքական նկատառումներով: Հարևան երկրների ազնվազարմ տոհմերի հետ հաստատվող ազգակցական կապերը նպաստում էին Մակեդոնիայի հզորացմանը: Հատկապես ճակատագրական եղան նրա չորրորդ ու յոթերորդ ամուսնությունները: Հարևան Էպեյրոս (այժմյան Ալբանիա) թագավորության արքայադուստր Օլիմպիադան՝ Փիլիպոսի չորրորդ կինը, դարձավ նրա որդի Ալեքսանդրի մայրը: Փիլիպոսն ու Օլիմպիադան, այդ երկու վառ անհատականությունները, սկզբում կրքոտ և բուռն սիրում էին միմյանց, սակայն տարիների ընթացքում այդ սերը վերածվեց սուր հակակրանքի: Փիլիպոսն աստիճանաբար սառչում էր կնոջից, իսկ խանդոտ, տռփալից, գաղտնածեսերի մոլի երկրպագու Օլիմպիադան թունոտ ատելությամբ էր համակվում ամուսնու և նրա մերձավորների հանդեպ: Թագուհու երկաթե կամքն ու վրեժխնդրության տենչը, ինչպես նաև Ալեքսանդրի վրա ունեցած մեծ ազդեցությունը վճռորոշ դեր խաղացին հետագա քաղաքական իրադարձություններում: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
168 reads | 07.04.2023
| |