Երկու կայսրերի դիվանագիտական մենամարտը Տիլզիտում և Էրֆուրտում
Երկու կայսրերի՝ Ալեքսանդր I Ռոմանովի և Նապոլեոն I Բոնապարտի հանդիպումները Տիլզիտում և Էրֆուրտում միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության պատմության տեսանկյունից կարևորվում են այն առումով, որ այնտեղ նրանց ստանձնած պարտավորություններն ու ստորագրած համաձայնագրերը չսահմանափակվեցին միայն երկկողմանի միջպետական առնչություններով ու ռազմաքաղաքական ձեռքբերումներով, այլ ունեցան համաեվրոպական նշանակություն: Եվ օրինաչափ է, որ շուրջ 1 ամիս եվրոպական երկրների միապետների, վարչապետների, արտգործնախարարների, դիվանագետների, ողջ հասարակայնության ակնապիշ ուշադրությունը սևեռված էր Արևելյան Պրուսիայի գավառային, ոչնչով աչքի չընկնող, աննշմարելի, խաղաղ, անվրդով Տիլզիտ քաղաքին, որտեղ երկու կայսրերը դեմ առ դեմ քննարկեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող քաղաքական հարցեր: Նրանք երկու իրարամերժ անհատականություններ էին. մեկը՝ տաքարյուն, առարկություններ չհանդուրժող, իր հանճարի մեջ համոզված Նապոլեոնը, մյուսը՝ զգույշ, հավասարակշռված, ճկուն, խելացի ու խորաթափանց Ալեքսանդրը: Երկու տիրակալները օրեր շարունակ քննարկում էին համաեվրոպական հավասարակշռության պահպանման համար այնպիսի առանցքային հիմնախնդիրներ, ինչպիսիք էին Անգլիայի հանդեպ երկու պետությունների համաձայնեցված քաղաքականության կենսագործումը, Լեհաստանի, Պրուսիայի, գերմանական մյուս պետությունների, ինչպես նաև Շվեդիայի հետ առնչվող հիմնահարցեր: Երկու կայսրերի համագործակցությունից, մշակված ծրագրերից, համատեղ գործողություններից էր զգալիորեն կախված Եվրոպայի հետագա ճակատագիրը, քանզի նրանց ռազմաքաղաքական դաշինքին չէր կարող դիմակայել որևէ մի ուժ, իսկ տարաձայնության և հատկապես հակամարտության դեպքում մայրցամաքում ամենայն հավանականությամբ կվերսկսվեին ռազմական գործողությունները, որոնք կխախտեին միջազգային դիվանագիտության համար սուրբ սրբոց համարվող հավասարակշռությունը, կապակայունացվեր հենց նոր հաստատված, բայց դեռ չամրապնդված համընդհանուր խաղաղ անդորրը Եվրոպայում: Ընդհանրապես հազիվ թե Եվրոպայի ամենախորաթափանց քաղաքագետներից ու դիվանագետներից որևէ մեկն այդ ժամանակ կարողանար ենթադրել և պատկերացնել, առավել ևս կռահել ռազմաքաղաքական գործընթացների նման շարունակություն, որ Ռուսաստանը Ֆրանսիայի հետ կկնքի ոչ միայն հաշտություն, այլև կդառնա նրա դաշնակիցը, կմիանա Անգլիայի դեմ ուղղված ցամաքային շրջափակմանը: Հավանաբար ինքը՝ կայսրը որպես դիվանագետ նույնպես հեռու էր նման մտքից, թեև Տիլզիտում նա համոզում էր ու վստահեցնում Նապոլեոնին, որ Ֆրանսիայի հետ դաշինքի գաղափարը իր մեջ ծագել էր շատ վաղուց: Իհարկե, սա ավելի շուտ դիվանագիտություն էր, հակամարտությունները հարթելու միջոց, բանակցությունները հաջող ավարտելու հնարք, գեներալ-կայսրին սիրաշահելու ձգտում, քան անկեղծ ցանկություն: Այդ են աներկբայորեն վկայում ռուսաց կայսրի դիվանագիտական նախաձեռնությունները հակաֆրանսիական երրորդ և չորրորդ դաշինքի կազմավորման ժամանակ և հատկապե պատերազմները Նապոլեոնի դեմ: Իր հերթին Սրբազան սինոդի հրամանով բոլոր եկեղեցիների ամբիոններից Ֆրանսիայի կայսրը ենթարկվեց բանադրանքի, որպես ուղղափառության հավատքի հալածիչ: Ռուսներին կոչ էր արվում պաշտպանել Աստծո փառքը և լինել ռուսաստանյան կայսրությանը հավատարիմ զավակներ: Դրանից շատ չանցած, Ալեքսանդրն արդեն այդ նույն հալածչին սկսեց ամեն կերպ ցուցադրել իր անկեղծ բարեկամությունը: Փաստորեն Ալեքսանդրը նույնպես ղեկավարվեց միջազգային դիվանագիտության համար բնորոշ գրված կամ չգրված, բայց շարունակաբար գործող սկզբունքով՝ «չկան մշտական թշնամիներ և հավերժ բարեկամներ, կան մնայուն շահեր», մի քաղաքականություն, որ կենսագործվել էր նաև պալատական հեղաշրջման զոհ դարձած Պավել I-ը՝ Ալեքսանդրի հայրը: Հատկանշական է, որ ռուսաց կայսրը դեռևս 1807թ. հունիսի 1-ին կտրականապես մերժել էր Ֆրանսիայի հետ զինադադար կնքելու առաջարկը, այնուհետև համակերպվել ոչ միայն զինադադարի, այլև հաշտություն կնքելու մտքի հետ:
Երկու կայսրերն առաջին անգամ հանդիպեցին 1807թ. հունիսի 13-ին, ամառային արևոտ մի առավոտ Նեման գետի վրա: Երկուսն էլ երիտասարդ էին և գտնվում էին իրենց ուժերի ծաղկման ու եռանդուն գործունեության տարիքում: Նապոլեոնը դեռ չէր բոլորել իր 40-ամյակը, իսկ Ալեքսանդրը՝ հազիվ 30 տարեկան էր: Սակայն եթե Ֆրանսիայի կայսրն արդեն անցել էր քաղաքական ու դիվանագիտական հակասական ու բարդ բովով ու հատկապես կյանքը վտանգելով, ռազմական տաղանդով ու հաղթանակներով հարկադրել էր Եվրոպային ճանաչել իր հանճարը և հաշտվել նվաճումների հետ, ապա Ալեքսանդրի համար վերջապես հասավ պատմական վճռական պահը երևալու և փայլելու դիվանագիտության ասպարեզում: Ռազմաքաղաքական իրադարձությունների մրրիկը ներգրավեց կայսրին դիվանագիտական լաբիրինթոսի մեջ, առարկայորեն պարտադրեց նրան առաջին անգամ բանակցություններ վարել անձամբ, ընդունել այն միակ ճիշտ ու պատասխանատու որոշումները, որոնք կարող էին լիովին ապահովել Ռուսաստանի շահերը:
«Լինում են հանգամանքներ,-ասում էր կայսրը Կուրակինին,- երբ անհրաժեշտ է, անտեսելով բոլոր օրենքները, մտածել առավելապես ինքնապահպանման մասին, ղեկավարվել միայն պետության բարօրությամբ»:
Տիլզիտում ռուսաց ինքնակալ միապետն էր ի վիճակի ոչ միայն պաշտպանել իր երկրի անվտանգությունը, այլև խոչընդոտել Նապոլեոնի հետագա զավթողական գործողությունները:Դեռևս տիլզիտյան հանդիպումից շատ առաջ Ալեքսանդրը Լոբանով-Ռոստովսկու միջոցով տեղեկացրել էր Նապոլեոնին, թե միայն երկու հզորագույն կայսրությունների միջև հաստատված դաշինքի շնորհիվ կարելի է ապահովել երջանկություն ու խաղաղություն աշխարհում, որ ինքը՝ կայսրը, կարող է հեշտ պայմանավորվել, եթե միայն իրենք հնարավորություն ունենան երկուսով՝ առանց միջնորդների սկսել բանակցություններ: Եվ կայսր-դիվանագետը հիմնականում կարողացավ հաջողությամբ լուծել իր առջև դրված քաղաքական գլխավոր խնդիրները: Եթե ռազմական արվեստում ռուսաց միապետը չկարողացավ փայլել և այդ ոլորտում ակնհայտորեն զիջեց իր ահեղ մրցակցին, ապա դիվանագիտության ոլորտում ուժերը գրեթե համազոր էին, և օրինաչափ է, որ Ալեքսանդրը պատմության մեջ մտավ որպես 19-րդ դարի առաջին քառորդի նշանավոր պետական գործիչ, քաղաքագետ ու դիվանագետ, որի տաղանդը ցայտուն կերպով դրսևորվեց սկզբում Տիլզիտում, ապա՝ Էրֆուրտում: Երկու կայսրերի պատմական առաջին հանդիպման ժամանակ Նապոլեոնն առաջարկեց Ալեքսանդրին տեղափոխվել Տիլզիտ և այդ նպատակով քաղաքի մի մասը հայտարարեց չեզոք, իսկ ռուսաց միապետը տվեց իր համաձայնությունը: Նապոլեոնն իր շտաբով ու գվարդիայով տեղավորվել էր Նեման գետի ձախ ափին, իսկ աջ ափին՝ Ալեքսանդրը իր շքախմբով ու պահակախմբով: Երկու կայսրերի հանրահայտ հանդիպումը նկարագրել է այդ պատմական դեպքերի ականատես 1812թ. Հայրենական պատերազմի ակտիվ մասնակից պարտիզան-գեներալ ու բանաստեղծ Դավիդովը, իսկ ֆրանսիական հեղինակներից արժեքավոր են Նապոլեոնի քարտուղար Մենեվալի հիշողությունները: Երկու կայսրերի հանդիպումը կայացավ ժամանակակիցների երևակայությունն ապշեցնող անսովոր իրադրության մեջ: Նեման գետի մեջտեղում Ֆրանսիայի կայսրի կարգադրությամբ տեղակայվեց երկու լաստանավ, որի վրա սպիտակ կտավով երեսպատված քառանկյուն տաղավար՝ Ալեքսանդրի ու Նապոլեոնի անունների սկզբնատառերի ծաղկագրերով զարդարված վերնաճակատներով: Դրանցից յուրաքանչյուրը չափազանց գեղեցիկ էր, մեկը մյուսից ավելի մեծածավալ: Վերնաճակատներից մեկի վրա Տիլզիտի կողմից երևում էր վեհասքանչ «N» տառը, իսկ մյուսի վրա՝ վիթխարի «A» տպատառը: Այսպես է նկարագրում երկու կայսրերի հանդիպումը Դավիդովը: Նեման գետի երկու ափերից միաժամանակ շարժվեցին երկու գետային բեռնանավեր: Մեկի վրա Նապոլեոնն էր, իսկ մյուսի վրա՝ Ալեքսանդրը: Ֆրանսիայի կայսրի բեռնանավը մոտեցավ գետի տաղավարին փոքր-ինչ վաղ, և կայսրը շտապեց դիմավորել ցարին: Նապոլեոնի առաջ, որը, ի դեպ, ավանդական զինվորական համազգեստով էր, հայտնի եռեզր գլխարկով, կանգնած էր կապուտաչյա գեղեցիկ երեսնամյա ռուսաց կայսրը, նուրբ և հաճելի շարժուձևով, հագնված Պրեոբրաժենսկի գնդի ձևով՝ սև համազգեստով ու կարմիր դարձածալերով: Օձիքի յուրաքանչյուր կողմի վրա երկու փոքրիկ ոսկե կոճկառներ էին ասեղնագործած, ուսկապը կախված էր աջ թևին: Տաբատը սպիտակ որմզդեղնի էր, կոշիկները կարճաճիտք էին, բոլորագլխարկը լայն էր, նրա ծայրերին էր փետրացցունքը, և սև փետրափունջը ծածանվում էր նրա կատարին: Ձեռնոցները սպիտակ որմզդեղնի էին, սուսերը ազդրին, սպայագոտին՝ մեջքի շուրջը և ուսի վրայով Անդրեևյան ժապավենը: Այսպես է ներկայացված ռուսաց կայսրը Դավիդովի հիշողություններում:
Երկու կայսրերը, տեսնելով միմյանց, հուզվեցին և ենթարկվելով անսպասելի պոռթկման, գրկախառնվեցին: Սկսվեց զրույց, որի ընթացքում յուրաքանչյուրը ցանկանում էր դուր գալ մյուսին: Ալեքսանդրի հմայքի գաղտնիքը նրա կիրթ շարժումների, մեղմ ու սահուն, բարեհամբույր և բարյացակամ զրույց վարելու ձևի մեջ էր, մանավանդ որ կայսրի ֆրանսերենի իմացությունը, փաստորեն, անթերի էր, թերևս՝ կատարյալ: Նապոլեոնը հիացած էր նրա պահվածքով, նուրբ, միայն բարձր ու ազնվազարմ ազնվականությանը բնորոշ շարժուձևով:
Երկու կայսրերի միջև զրույցը տևեց շուրջ երկու ժամ, որի շնորհիվ հաստատվեց փոխադարձ հարգանք ու համակրանք: Այն ընթացավ դեմ առ դեմ, ուստի և ժամանակակիցներն այդ զրույցի մասին կարող էին միայն անել զանազան կռահումներ ու դատողություններ, սակայն պարզ էր, որ Նապոլեոնն իրեն անպատրաստ էր համարում մեծ պատերազմի Ռուսաստանի դեմ, անծայրածիր երկիր ներխուժելու համար, ուստի և ցանկանում էր կնքել հաշտություն: Նապոլեոնը նույն երեկոյան գրեց իր կնոջը՝ կայսրուհի Ժոզեֆինային. «Ես հենց նոր հանդիպում ունեցա կայսր Ալեքսանդրի հետ: Ես սաստիկ գոհ եմ նրանից: Դա երիտասարդ, չափազանց բարի և գեղեցիկ կայսր է, նա շատ ավելի խելացի է, քան մտածում են»:
Թեև Նապոլեոնը հիացած էր Ալեքսանդրով, այսուհանդերձ, որպես բազմափորձ պետական գործիչ, նա արագ հասկացավ, որ իր դիմաց կանգնած է խելացի, նուրբ, խորամանկ մի քաղաքագետ, հզոր կայսր:
Նապոլեոնի հետ հանդիպումը հսկայական ներգործություն ունեցավ Ալեքսանդրի վրա: Նրան հիացրեց Ֆրանսիայի կայսրի խելքը և տաղանդը: Եվ այսպես, 12 օր շարունակ տեղի էին ունենում ամենօրյա հանդիպումներ, համատեղ ճոխ ճաշկերույթներ, հանդիսավոր ձիարշավներ, երեկոյան թեյախմություններ, որոնցից հետո նրանք մինչև ուշ գիշեր առանց վկաների, նույնիսկ առանց քարտուղարների վիճում են իրենց կայսրությունների ու Եվրոպայի հետագա ճակատագրի մասին: Տիլզիտյան դիվանագիտական մենամարտի ընթացքում համառ, հաշվենկատ Ալեքսանդրը ներկայացավ որպես անհամեմատ ավելի ուժեղ հակառակորդ, քան սկզբնապես թվում էր Նապոլեոնին, որը համոզված էր, թե իրեն կհաջողվի հեշտ ու արագ իր կամքը և ծրագիրը պարտադրել նրան: Ալեքսանդրի ճիշտ մարտավարությունը ու ճկուն դիվանագիտությունը հնարավորություն ընձեռեցին նրան բանակցություններում պահպանել իրավահավասար գործընկերոջ կարգավիճակ ու կնքել կողմերին ընդհանուր առմամբ բավարարող փոխզիջումային տարբերակով համաձայնագրեր:
Երկու կայսրերի պատմական հանդիպումը սկսվեց Նապոլեոնի՝ «մենք ինչի՞ համար ենք պայքարում» նշանավոր արտահայտությամբ, թեև նախապես հստակ գիտեր, որ իր իսկ հարցադրման պատասխանը գաղտնիք չէր ո՛չ իրեն և ո՛չ էլ իր զրուցակցի համար: Պայքարում էին Եվրոպայում քաղաքական գերիշխանություն հաստատելու, տարածքային հիմնահարցեր լուծելու և մայրցամաքում հավասարակշռություն պահպանելու համար: Եվ միանգամայն օրինաչափ է, որ բազմօրյա բանակցությունների ընթացքում կայսրերի ուշադրության կիզակետում էին եվրոպական ազդեցության ոլորտների բաժանելու և տարածքային վերաձևման հիմնախնդիրները: Այս առումով առանցքային նշանակություն էին ստանում Արևելյան Եվրոպայի հետ առնչվող հարցերը, հատկապես Պրուսիայի ճակատագիրը: Պրուսիայի վերաբերյալ կայսրերի տեսակետները և մտահղացումները ծայրահեղ իրարամերժ էին ու խիստ հակասական: Ալեքսանդրին թեև տարածքային և մարդկային մեծ կորուստների գնով, խիստ կրճատված սահմաններում, դժվարությամբ հաջողվեց պաշտպանել Պրուսիայի գոյությունը որպես ինքնուրույն պետություն:
Պրուսիայի ճակատագիրը քննարկելիս վերստին դրսևորվեց ռուսաց կայսրի դիվանագիտական հմտությունը, ճկունությունը, հետևողականությունը, փոխադարձ զիջումների գնալու և համաձայնագրեր կնքելու կարողությունը: Նապոլեոնը, չթաքցնելով Ֆրիդրիխ Վիլհելմ III-ի նկատմամբ իր ունեցած թշնամանքը և պատժելու մտադրությունը, ծրագրում էր ոչնչացնել այդ պետության ինքնուրույնությունը և առաջարկում նրա նախկին տարածքները բաժանել Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջև: Պրուսիայի տարածքների բաժանմամբ, առավել ևս նրա ինքնուրույնության վերացմամբ Նապոլեոնն կզրկեր Ռուսաստանին հնարավոր դաշնակցից, որով կվերանար սպառնալիքը Ֆրանսիայի նկատմամբ: Անշուշտ, Ալեքսանդրին դժվար չէր կռահել Նապոլեոնի նպատակները: Հետևաբար նա, հավատարիմ մնալով իր դաշնակցին՝ Ֆրիդրիխ III-ին, միաժամանակ ձգտում էր պահպանել հավասարակշռությունը Եվրոպայում, որը կապահովվեր, եթե պահպանվեր Պրուսիայի ինքնուրույնությունը որպես Ֆրանսիային հակակշիռ ներուժ ունեցող տերություն: Ալեքսանդրին հաջողվեց չափազանց ծանր գնով պահպանել Պրուսիայի ինքնուրույնությունը. նա հարկադրված էր ճանաչել Ռուսաստանի արևմտյան սահմաններում Ֆրանսիայի քաղաքական հովանավորության ներքո ինքնուրույն լեհական պետության գոյությունը, որն ավելի շատ հայտնի է Վարշավայի դքսություն անվամբ, իսկ Ռուսաստանին տրվեց Բելոստոկի մարզը: Լեհական հարցը նույնպես դարձավ յուրատեսակ կռվախնձոր երկու կայսրերի համար, քանզի Լեհաստանն ուներ ռազմավարական կարևոր նշանակություն: Նախ՝ նապոլեոնյան պատերազմների ժամանակ ռազմական գործողությունների թատերաբեմ էին դարձել նաև լեհական տարածքները: Երկրորդ՝ դա ստեղծեց ոչ միայն ռազմական, այլև քաղաքական բարդություն Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջպետական հարաբերություններում: Երրորդ՝ Նապոլեոնը որպես հմուտ դիվանագետ փորձեց տիլզիտյան հանդիպման ընթացքում լեհական խաղաքարտով Ալեքսանդրից ստանալ լուրջ զիջումներ: Հատկանշական է, որ դեռևս մինչև Տիլզիտը Նապոլեոնը ձգտելով ամրապնդել իր քաղաքական դիրքերը Լեհաստանում և այնտեղից դուրս մղել Ավստրիային, Պրուսիային ու անգամ Ռուսաստանին, անսքող խաղում էր լեհերի ազգային զգացմունքների վրա, ձևավորում լեհական գնդեր, հանդես գալիս ոչինչ չպարտավորեցնող ակնարկներով Լեհաստանի վերականգնման հնարավորության վերաբերյալ: Անսքող չարաշահումը տալիս էր որոշ արդյունքներ՝ լեհական շլյախտայի վերնախավի մի մասը, հիմք ընդունելով կայսրի այս ակնարկները, կողմնորոշվում էր դեպի Ֆրանսիան: Իրականում Նապոլեոնի համար լեհական լեգեոնները սոսկ թնդանոթի միս էին, իսկ Լեհաստանը՝ հենակետ Ռուսաստանի վրա հարձակվելու համար: Նապոլեոնի վտանգավոր նպատակները լեհական շլյախտայի վերնախավի մի հատվածի ակնկալիքները Ֆրանսիայի նկատմամբ խիստ անհանգստացնում էին ռուսաց արքունիքին, հրատապ դարձնում անհապաղ պատասխան ռազմական գործողությունների դիմելու անհրաժեշտությունը:
Ալեքսանդրի և Նապոլեոնի միջև Տիլզիտում քննարկված հիմնահարցերը իրենց արտացոլումը գտան հունիսի 25-ին Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների ստորագրած երկու կարևորագույն պաշտոնական փաստաթղթերում, որոնք հետո վավերացվեցին երկու կայսրերի կողմից: Առաջին փաստաթուղթը՝ ռուս-ֆրանսիական հաշտության ու բարեկամության մասին պայմանագիրը բացի գաղտնի հոդվածներից հրապարակվեց, իսկ երկրորդը՝ ռուս-ֆրանսիական պայմանագիրը հարձակողական ու պաշտպանական դաշինքի մասին, կողմերը պարտավորվեցին պահել հույժ գաղտնի, որը, սակայն, խախտվեց Ֆրանսիայի կողմից: Հաշտության պայմանագիրը և երկու կայսրերի միջև դաշնությունը առարկայորեն արտացոլում էր ուժերի հարաբերակցությունը, վավերագրում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձությունները: Ահա ինչու այդ փաստաթղթերում առկա էին ինչպես Ռուսաստանի շահերին համապատասխանող հոդվածներ, այնպես էլ կետեր, որոնք ցանկալի չէին ռուսաց կայսրին ու դժկամությամբ էին ընդունվում նրա կողմից: Ալեքսանդրը Տիլզիտում Նապոլեոնին վերջապես ճանաչեց «ֆրանսիացիների կայսր»: Հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածի համաձայն՝ Արևմտյան Եվրոպայում ճանաչվեցին տարածքային ու քաղաքական բոլոր փոփոխությունները, որոնք կատարվել էին նապոլեոնյան Ֆրանսիայի նվաճողական պատերազմների հետևանքով: Սակայն Ռուսաստանը տարածքային կորուստներ չունեցավ, դեռ ավելին, 10-րդ հոդվածի համաձայն՝ կայսրությանն անցավ Բելոստոկի մարզը, իսկ 4-րդ հոդվածով՝ պահպանվեց Պրուսիայի ինքնուրույնությունը: Ալեքսանդր I-ը հարկադրված էր ճանաչել Նապոլեոնի եղբայրներ Իոսիֆի, Լյուդովիկի, Ժերոմի թագավորությունը՝ համապատասխանաբար Նեապոլում, Հոլանդիայում, Վեստֆալիայում: Երկու կայսրերն ուրվագծեցին ազդեցության ոլորտները՝ Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպան ճանաչվեց Ֆրանսիայի ազդեցության գոտի, իսկ Արևելյանը՝ Ռուսաստանի ազդեցության ոլորտ: Նապոլեոնը ճանաչեց Ռուսաստանի իրավունքը՝ ընդարձակել իր հյուսիսային սահմանները Շվեդիայի կազմում գտնվող Ֆինլանդիայի հաշվին: Ֆրանսիային անցան Իոննական կղզիները և Կատտարոյի ծովախորշը: Վերջապես Ռեչ Պոսպոլիտայի երկրորդ և երրորդ բաժանումներից հետո Պրուսիային անցած տարածքից ստեղծվեց Վարշավայի դքսությունը, որի գլուխ Ֆրանսիայի կայսրի ցանկությամբ նշանակվեց Սաքսոնիայի կուրֆյուրստը: Նապոլեոնի քաղաքական հովանավորության ներքո Վարշավայի դքսության կազմավորումը լիովին հակասում էր Ռուսաստանի ազգային-պետական շահերին, սպառնալիք ստեղծում նրա անվտանգությանը, քանզի այն յուրատեսակ մի ատրճանակ էր, որից կարելի էր կրակել Ռուսաստանի վրա և պատուհան՝ կայսրության տարածք ներխուժելու համար:
Ալեքսանդրը ստեղծված պայմաններում փաստորեն ոչ միայն ընդունեց Եվրոպայում միջպետական հարաբերությունների նոր համակարգ կազմավորելու անհրաժեշտությունը, այլև Նապոլեոնի հետ պայմանագրեր ստորագրելով, միջազգային-իրավական տեսանկյունից վերջակետ դրեց մայրցամաքում քաղաքական նոր կարգավիճակի ձևավորման գործընթացին:
Երկու միապետները մեծ տեղ հատկացրին Օսմանյան կայսրության հիմնախնդրին, որն անշեղորեն գնալով դեպի մայրամուտ, այնուամենայնիվ, դեռևս պահպանել էր իր հիմնական ներուժը: Տիլզիտյան բանակցությունների ժամանակ արդեն ընթանում էր ռուս-թուրքական պատերազմը: Ալեքսանդրը պարտավորվում էր անհապաղ զինադադար կնքել Թուրքիայի հետ, իսկ հաշտության 14-րդ հոդվածով Նապոլեոնը ճանաչվում էր միջնորդ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վիճելի հարցերի կարգավորման ժամանակ: Եթե Թուրքիան չընդուներ Ֆրանսիայի միջնորդությունը կամ 3 ամիս հետո հաշտություն չկնքեր Ռուսաստանի հետ, ապա Ռուսաստանը և Ֆրանսիան պետք է նրա դեմ գործեին համատեղ ուժերով ու պայմանավորվեին եվրոպական Թուրքիան, բացառությամբ Կ.Պոլսի ու Ռումելիայի, թուրքկան լծից ազատագրելու մասին: Բայց այս ամենն անորոշ ապագային էր վերաբերում և, բնականաբար, հեռու էր իրատեսությունից: Նապոլեոնն այն ժամանակ, հավանաբար, չէր զլանում խոստումներ շռայլել, սակայն առանց որոշակի պարտավորության: Ավելին, Ֆրանսիայի կայսրը մի կողմից՝ Տիլզիտում հնարավոր էր համարում բաժանել Թուրքիայի եվրոպական տիրույթները, իսկ մյուս կողմից՝ իր ներկայացուցիչ, գեներալ Սեբաստիանիի միջոցով խոստումներ էր տալիս Սելիմ III սուլթանին՝ փաստորեն հրահրելով նրան շարունակելու պատերազմը ռուսների հետ: Նապոլեոնը դրանով խորացնում էր Ռուսաստանի պատերազմը Թուրքիայի, ապա և Իրանի դեմ, որպեսզի շեղի ռուսաց կայսրի ուշադրությունը Եվրոպայի հիմնախնդիրներից:
Հանրագումարի բերելով և ամբողջության մեջ գնահատելով հաշտության պայմանագիրը՝ կարելի է առանց վարանելու եզրակացնել, որ Ֆրիդլանդում պարտված Ռուսաստանը Տիլզիտում ստացավ հաղթող Ֆրանսիայից ոչ պակաս առավելություններ: Պարտված ռուսաց կայսրը և հաղթած ֆրանսիացի միապետը միմյանց ընդառաջելով փոխադարձաբար կատարեցին գրեթե հավասարազոր զիջումներ:
Ալեքսանդրի ու Նապոլեոնի միջև կնքված դաշնակցային գաղտնի պայմանագիրն ըստ էության իր սուր ծայրով ուղղված էր Ֆրանսիայի գլխավոր հակառակորդ և ավանդական մրցակից, Ռուսաստանի նախկին դաշնակից Անգլիայի դեմ, որը, անշուշտ, դարձավ ֆրանսիական դիվանագիտության մեծ հաղթանակը: Պայմանագիրը Ռուսաստանին պարտավորեցնում էր եվրոպական յուրաքանչյուր տերության դեմ գործել համատեղ ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում: Թեև պայմանագրում Անգլիան չէր հիշատակված, այնուհանդերձ, երկու կայսրերի համար գաղտնիք չէր, որ այն գերազանցապես տարածվում էր հենց ծովային առյուծի վրա: Հետևաբար Անգլիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու պարտավորությունը կրում էր ոչ թե որոշակի, այլ ընդհանուր բնույթ, ձևակերպումը, թերևս, ծայրահեղ աղոտ էր և հնարավորություն էր ընձեռում ռուսաց դիվանագիտությանը հմտորեն օգտագործել այդ սողանցքը և դրանով իսկ խուսափել Անգլիայի դեմ պայքարի մեջ մտնելու անցանկալի պարտավորությունից: Իսկ ֆրանսիական դիվանագիտությունը Ռուսաստանի ստանձնած պարտավորությունը բնականաբար տարածում էր նաև այդ տերության վրա՝ հիմք ընդունելով Անգլիայի՝ եվրոպական երկիր լինելու մասին հանրահայտ փաստը և ճշմարտությունը:
Պայմանագրի չորրորդ հոդվածով ռուսաց կայսրը պարտավորվում էր Անգլիային առաջարկել իր միջնորդությունն և հաստատել խաղաղություն Անգլիայի ու Ֆրանսիայի միջև: Եթե Անգլիան համաձայնվի հաշտություն կնքել, ընդունի, որ ծովերում բոլոր տերությունների դրոշները պետք է օգտվեն կատարյալ ու միանման ազատությունից և վերադարձվեն Ֆրանսիային ու նրա դաշնակիցներին 1805 թվականից կատարված նվաճումները, ապա Նապոլեոնը նրան կվերադարձնի Հաննովերը: Անգլիան Ռուսաստանի միջնորդությունը պետք է ընդուներ մինչև 1807թ. նոյեմբերի 1-ը, իսկ հրաժարվելու դեպքում Ռուսաստանը 1807թ. դեկտեմբերի 1-ից պետք է միանար դեռևս 1806թ. նոյեմբերի 21-ին Նապոլեոնի Բեռլինի դեկրետով հռչակված ցամաքային շրջափակմանը: Ավելին, Ռուսաստանը պետք է Անգլիայի հետ խզեր բոլոր տեսակի հարաբերությունները ու Ֆրանսիայի հետ միասին հարկադրեր Դանիային, Շվեդիային, Պորտուգալիային՝ որպեսզի նրանք ծովային առյուծին հայտարարեն պատերազմ:
Այս հիմնախնդրում էլ հաղթանակն ուղեկցեց ֆրանսիական դիվանագիտությանը և անձամբ Նապոլեոնին: Ցամաքային շրջափակմանը միանալու հեռանկարը դրական ոչինչ չէր խոստանում Ռուսաստանին, ռուս-անգլիական ավանդական տնտեսական կապերի խզումը ծանր էր անդրադառնալու երկրի ֆինանսների և ընդհանրապես ողջ տնտեսության վրա: Ցամաքային շրջափակումը հարվածում էր Ռուսաստանի ազնվականության, վաճառականների շահերին, քանզի ռուս-անգլիական առևտրատնտեսական կապերը հաստատվել էին դարերի ընթացքում: Ֆրանսիայի համեմատությամբ Ռուսաստանի առնչություններն Անգլիայի հետ այս ոլորտում ավելի սերտ էին և փոխշահավետ: Եվ միանգամայն տրամաբանական է, որ ռուսաց կայսրը դժկամությամբ էր միանում Նապոլեոնի կենսագործած տնտեսական այդ քաղաքականությանը, իսկ հետագայում ուղղակի չէր ցանկանում լիովին կիրառել ցամաքային շրջափակման պայմանները, որոնք ոչ միայն սրեցին հակամարտությունները Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջև, այլև մյուս առարկայական գործոնների հետ պատճառ դարձան դաշինքի լիակատար խզման համար: Այնուհանդերձ, այս հոդվածի մեջ էլ ռուսաց դիվանագիտությունը կարողացավ գտնել սողանցքներ, որոնք հնարավորություն էին ընձեռում Ռուսաստանին խուսափելու ստանձնած պարտավորությունը կատարելուց: Այդ հոդվածում ոչինչ չէր ասված չեզոք առևտրի իրականացման եղանակի մասին, չէր սահմանափակում չեզոք առևտրի հնարավորությունը, և հետևաբար ուրիշի դրոշի ներքո Ռուսաստանը կարող էր շրջանցել ցամաքային շրջափակումը: Այդպիսով, ռուսաց դիվանագիտությունը և անձամբ Ալեքսանդրը կարող էին «Տիլզիտյան համակարգի» շրջանակներում պայքարել այդ պայմանագրերում տեղ գտած այն կետերի դեմ, որոնք սահմանափակում էին նրա, որպես սուվերեն պետության, իրավունքները կամ շրջանցել այն հոդվածները, որոնք այս կամ այն չափով ընդունելի չէին Ռուսաստանի համար:
Տիլզիտի հաշտության և դաշնակցային պայմանագրերը Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջև նշանակում էին միջազգային մասշտաբով ուժերի տեղաբաշխման կտրուկ շրջադարձ, արմատական փոփոխություն պայմանավորվող երկու երկրների արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունների ոլորտներում: Տիլզիտյան համաձայնագրերով Ռուսաստանը դարձավ իր ոչ հեռավոր թշնամու՝ Ֆրանսիայի բարեկամը և իր նախկին դաշնակից Անգլիայի թշնամին: 1807թ. հունիսի 27-ին բանակցությունները Տիլզիտում ավարտվեցին: Վաղ առավոտյան կայսրերը շքանշաններ փոխանակեցին: Անդրեյ Պերվոզվաննու շքանշան շնորհվեց Մյուրատին, մարշալ Բերտյեին, արտգործնախարար Թալեյրանին: Պատվավոր լեգեոնի շքանշան ստացան մեծ իշխան, ռուսաց կայսրի եղբայր Կոնստանտին Պավլովիչը, Ռուսաստանի արտգործնախարար Բուդբերգը, իշխաններ Կուրակինը և Լոբանով-Ռոստովսկին:
Տիլզիտյան համաձայնագրերը գնահատել որպես «ստորացուցիչ» և «անամոթ» հաշտություն, առավել ևս համեմատել դրանք Բրեստի հաշտության հետ, ինչպես կատարեց Լենինը, հեռու է պատմական ճշմարտությունից: Ծանր, անպատվաբեր, ստորացուցիչ էր Բրեստի հաշտությունը, որը ստորագրեց Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ, քանզի բոլշևիկյան կառավարությունը հաշտություն կնքեց և խաղաղ դադար ստացավ հսկայական տարածքներ զիջելու գնով, մինչդեռ Տիլզիտում Ռուսաստանը ոչ միայն տարածքային կորուստներ չունեցավ, այլև ստացավ Բելոստոկի մարզը, իսկ Նապոլեոնյան Ֆրանսիան դարձավ Ռուսաստանի դաշնակիցը, որին ձգտում էր Նապոլեոն Բոնապարտը: Տիլզիտյան համաձայնագրերի հաջողությունը նաև այն էր, որ դաշինքը նապոլեոնյան հզոր կայսրության հետ հիմնականում ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Եվրոպայում: Իշխան Կուրակինը կայսրի մորը՝ Մարիա Ֆյոդորովնային գրած նամակում մեկնաբանելով Ալեքսանդրի տեսակետը կնքված պայմանագրերի վերաբերյալ, նշում է, որ «Ռուսաստանը այս պատերազմից դուրս է գալիս անսպասելի փառքով ու երջանիկ: Այն պետությունը, որի հետ նա պայքարում էր, փնտրում է նրա բարեհաճությունը այն ժամանակ, երբ իր կողմն էր ուժերի ակնհայտ առավելությունը»: Երկու կայսրերի կողմից պայմանագրերի վավերացումից հետո ռուս-ֆրանսիական առնչություններում հաստատված «Տիլզիտյան համակարգը» կարճ ժամկետով հիմնականում լիցքաթափեց լարված իրադրությունը մեծ տերությունների համար հակամարտությունների հանգուցակետ դարձած Կենտրոնական Եվրոպայում: Ալեքսանդր I-ը պայմանագրեր կնքելով Նապոլեոնի հետ, իր արտաքին քաղաքականության մեջ հետապնդում էր ոչ այնքան ռազմավարական, որքան մարտավարական նպատակներ, ժամանակ շահելու միտում, քանզի հասկանում էր, որ դրանք ինչ-որ չափով սահմանափակում են միջազգային գործընթացներում ռուսաց դիվանագիտության ինքնուրույնությունը, գիտակցում էր, որ իր երկիրը որոշ առումով հայտնվում է Նապոլեոնի զավթողական քաղաքականությանը նպաստող ոլորտում: Այսուհանդերձ, ռուսաց կայսր-դիվանագետը, ցուցաբերելով կամք, վճռականություն, հաստատակամություն, կարողացավ հաղթահարել հասարակության վրդովմունքը, որի համար ինքնին հասկանալի էին ռուսաց զենքի հաղթարշավները և անհասկանալի ու անընդունելի պարտությունները, իր վրա վերցրեց ողջ պատասխանատվությունը նման ժողովրդականություն չվայելող քայլի համար, որպիսին էր Տիլզիտի հաշտությունը: Դրա համար էլ կայսրին նույնիսկ անվանում էին Նապոլեոնի կամակատար, որը, իհարկե, ենթակայական, անհիմն գնահատական էր, քանզի ոչ մի առնչություն չուներ իրականության հետ, որովհետև Ալեքսանդրը Տիլզիտում ճանաչեց ու զիջեց Նապոլեոնին այն ամենը, ինչ արդեն նվաճել էր Ֆրանսիան արյունահեղ պատերազմներում: Այդ մասին կայսրը գրում էր Մարիա Ֆյոդորովնային՝ հիմնավորելով Տիլզիտի պայմանագրերի՝ տվյալ պահի համար դրանց անխուսափելիությունը և հեռանկարի տեսանկյունից ժամանակավոր բնույթը:
Ալեքսանդր I կայսր-դիվանագետը հավատո՞ւմ էր արդյոք իր իսկ կողմից վավերացված պայմանագրերին, համոզվա՞ծ էր, արդյոք, նա «Տիլզիտյան համակարգի» կայունության մեջ: Դժվար է միանշանակ պատասխանել այս բարդ հիմնահարցին, այսուհանդերձ, կարելի է ուղղակի և անուղղակի փաստերի, դիվանագիտական գործընթացների համադրմամբ եզրակացնել, որ Ալեքսանդրը չէր կարող «Տիլզիտյան համակարգը» համարել ամուր և երկարատև, որն ապացուցվեց երկու կայսրերի Էրֆուրտի հանդիպման նախապատրաստման, առավել ևս նրանց նոր պաշտոնական բանակցությունների ժամանակ:
Երկու կայսրերի երկրորդ հանդիպմանը, որը կայացավ գերմանական փոքրիկ Էրֆուրտ քաղաքում, նախորդեցին կարևորագույն ռազմաքաղաքական իրադարձություններ: Այդ կարճ ժամանակահատվածը նշանավորվեց դիվանագիտական բարդ խաղերով, ընդ որում, թե՛ Ալեքսանդրի և թե՛ Նապոլեոնի անմիջական ակտիվ մասնակցությամբ:
Նապոլեոն Բոնապարտը, օգտվելով «Տիլզիտյան համակարգից», շարունակեց իր զավթողական գործողությունները և 1807թ. ֆրանսիական զորքերը ներխուժեցին Իսպանիա: Նրանք սկզբում փորձեցին ծնկի բերել Անգլիայի դաշնակից Պորտուգալիային, այնուհետև՝ տապալել իսպանական Բուրբոններին ու գահին նստեցնել իրենց սիրելի կայսրի եղբորը՝ Ժոզեֆ Բոնապարտին: Նապոլեոնի քաղաքականությունը Իսպանիայում ձախողվեց, իսկ նրա բանակների ակնհայտ անհաջողությունները սասանեցին իր զորքի անպարտելիության մասին լայնորեն տարածված ու ճշմարտամոտ տեսակետը: Այս ձախողումները և անհաջողություններն Իսպանիայում, ազատագրական, համաժողովրդական պայքարի ուժեղացումը Պրուսիայում էլ ավելի էին արժեքավորում, հրատապ դարձնում, կարևորում Ռուսաստանի հետ դաշինքը, որը քաջ գիտակցում էր Ֆրանսիայի կայսրը: Ձգտելով ոչ միայն պահպանել «Տիլզիտյան համակարգը», այլև ապացուցել Եվրոպային, թե Ռուսաստանը և Ֆրանսիան դաշնակիցներ են, Նապոլեոնը սկսեց ակտիվ նախաձեռնություն ցուցաբերել երկու կայսրերի նոր հանդիպում կազմակերպելու համար: Նապոլեոն Բոնապարտի դիվանագիտական մարտավարությունը բոլորից լավ էր հասկանում ռուսաց կայսրը: Նա մոտ ապագայում անխուսափելի էր համարում քաղաքական ճգնաժամը Ֆրանսիայում: Ալեքսանդրի դիվանագիտական մարտավարությունը որոշակի էր ու հստակ՝ մի կողմից՝ պահպանել դաշինքը Ֆրանսիայի հետ, որը վերստին պահանջում էր նրանից դրսևորել ուժեղ կամք, արքունիքին ու հատկապես մորը համոզելու ոչ միայն դաշինքի, այլ Ֆրանսիայի կայսրի հետ նոր հանդիպման անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից՝ հեռու պահել Ավստրիային Նապոլեոնի դեմ պատերազմը վերսկսելու մտադրությունից, որը, նրա կարծիքով, վաղաժամ էր ու կանխավ դատապարտված անհաջողության: Ալեքսանդրը չէր տարակուսում, որ իր նոր հանդիպումը Նապոլեոնի հետ կհարկադրի Ավստրիայի կայսրին ավելի սթափ ու իրատես գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը, ստեղծված ուժերի հարաբերակցությունը Եվրոպայում: Ռուսաստանին անհրաժեշտ էր փրկել Ավստրիային և՛ որպես պետություն, և՛ որպես ապագա դաշնակից իր ներկա դաշնակցի՝ Ֆրանսիայի դեմ հետագա անխուսափելի պայքարում:
Երկու կայսրերի նոր հանդիպման մեջ թեև, փաստորեն շահագրգռված էին թե՛ Ալեքսանդրը, թե՛ Նապոլեոնը, այնուամենայնիվ, ձգտումը հավասարաչափ չէր: Ակնհայտ էր, որ ռուսաց ցարը ի տարբերություն Ֆրանսիայի տիրակալի, ոչ միայն չէր շտապում, այլև զանազան պատեհ ու անպատեհ պատրվակներով հետաձգում էր իրենց հանդիպումը: Ալեքսանդրի դիվանագիտական նման մարտավարության նպատակն էր մի կողմից՝ ընդգծել, թե որքան մեծ է ու վճռորոշ Ռուսաստանի դերը, իսկ մյուս կողմից՝ նոր հանդիպման ժամանակ հակադրել Նապոլեոնին՝ ընդունելու Ռուսաստանի ներկայացված բոլոր պահանջները:
Էրֆուրտյան հանդիպումը սկսվեց 1808թ. սեպտեմբերի 28-ին և ավարտվեց հոկտեմբերի 14-ին: Նապոլեոնը գործադրեց իր զինանոցում եղած անսպառ հնարավորությունները, որպեսզի ընդգծի սեփական հզորությունը, ինչպես նաև Եվրոպային ապացուցի երկու կայսրերի դաշինքի կայունությունը: Էրֆուրտում ևս պաշտոնական հանդիպումները և բանակցություններն ուղեկցվում էին կայսերական գվարդիայի փայլուն զորահանդեսներով, պարահանդեսներով, թատերական ներկայացումներով՝ Փարիզից հատուկ հրավիրված դերասանների մասնակցությամբ, և այս բոլոր հանդիսությունները, ճոխությունը, ցուցադրական «սրտակից» վերաբերմունքը միմյանց նկատմամբ վերստին ուղղված էր ընդգծելու Ռուսաստանի ու Ֆրանսիայի բարեկամությունը և շահերի ընդհանրությունը:
Էրֆուրտյան կոնվենցիան հիմնականում հաստատեց ու նորոգեց Տիլզիտում կնքված դաշինքը՝ որոշ փոփոխված երանգներով ու մասնակի զիջումներով, որոնք պայմանավորված էին տեղի ունեցած քաղաքական գործընթացներով: Եթե Տիլզիտում Ալեքսանդրը փրկեց Պրուսիային, ապա Էրֆուրտում կայսր-դիվանագետի գլխավոր նպատակներից էր պահպանել Ավստրիան: Մինչդեռ Նապոլեոնը համոզում էր Ալեքսանդրին ավստրո-ֆրանսիական հնարավոր պատերազմի դեպքում հանդես գալ Ավստրիայի դեմ, պարտավորվել աջակցել Ֆրանսիային: Ալեքսանդրը հմտորեն խուսափում էր նման պարտավորություն ստանձնելուց: Նա ցանկանում էր այս հիմնախնդրում կատարել միջնորդի դեր ու կանխել օրեցօր սրվող հակամարտությունը, որը կարող է վերածվել պատերազմի՝ իր մեջ ներքաշել Եվրոպայի մյուս տերություններին: Ալեքսանդրը ստանալով Վիեննայի հավաստիացումը, թե նա առաջինը գործողություններ չի ծավալի Ֆրանսիայի դեմ, հրաժարվեց ստանձնել հակաավստրիական որևէ պարտավորություն: Էրֆուրտում Ալեքսանդր I-ը ընդգծված հարգանքով ընդունեց Ավստրիայի ներկայացուցիչ բարոն Վինցենտին՝ զրույցի ժամանակ ընդգծելով, որ ոչ ոք իրավունք չունի միջամտելու մյուս տիրակալի ներքին գործերին, որ Ավստրիան չունի ավելի լավ ու հավատարիմ բարեկամ, քան ինքը և հենց ինքը պատվի խնդիր է համարում պաշտպանել Ավստրիային՝ ամեն տեսակի հարձակումից: Եթե Տիլզիտում դժվար հարցերից մեկը Պրուսիան էր, ապա Էրֆուրտում՝ Ավստրիան, որը սրում էր հարաբերությունները երկու կայսրերի միջև: Ավելին, բանակցությունների ժամանակ Ֆրանսիայի կայսրը զայրույթի մոլուցքով բռնված, ոտքի տակ նետելով գլխարկը, սկսեց տրորել ոտքերով: Այդժամ գունատված Ալեքսանդրն իր զրուցակցին ասաց. «Դուք կտրուկ եք, իսկ ես հաստատակամ… խորհենք, այլապես ես կմեկնեմ»:
Չստանալով Ավստրիայի հարցում աջակցություն՝ Ֆրանսիայի կայսրն իր հերթին կտրականապես հրաժարվեց մինչև ռազմատուգանքի լրիվ վճարումը զորքերը դուրս բերել Պրուսիյայից, չպարտավորվեց հրաժարվել Վարշավայի դքսության տարածքներն ընդլայնելուց: Սակայն Ալեքսանդրին հաջողվեց ստանալ Նապոլեոնի համաձայնությունը Ֆինլանդիայի միացմամբ ընդլայնելու կայսրության սահմանները, որը նշանակում էր անխուսափելի պատերազմ Շվեդիայի դեմ: Ալեքսանդրը դրանով ցանկանում էր վերստին սիրաշահել Տիլզիտի հաշտությունից դժգոհ ազնվականության համակրանքը, վերականգնել հասարակության լայն շրջաններում խարխլված իր հեղինակությունը: Բայց առկա էին Ֆինլանդիան միակցելու ավելի լուրջ պատճառներ: Ալեքսանդրը ոչ առանց հիմքի մտահոգված էր, որ կայսրության մայրաքաղաք Պետերբուրգի մատույցներում կարող էր ստեղծվել Վարշավայի դքսության նման մեկ այկ պետական կազմավորում: Ռուս-շվեդական պատերազմը ձեռնտու էր Նապոլեոնին, ուստի և փոքր չէր Ֆրանսիայի կայսրի դերը հակամարտությունների բորբոքման գործում: Նա ցանկանում էր թուլացնել Շվեդիայի դիրքերը, քանզի նրան համարում էր իր գլխավոր հակառակորդ Անգլիայի դաշնակիցը: Ռուս-շվեդական պատերազմը կբացառեր Ֆրանսիայի դեմ երկու տերությունների համատեղ գործողությունների հնարավորությունը, կշեղեր Ռուսաստանի ուշադրությունը Եվրոպայի կենտրոնից ու Մերձավոր Արևելքից և վերջապես անհնարին կդարձներ Շվեդիայի, Անգլիայի ու Ռուսաստանի դաշինքը, մանավանդ որ Շվեդիան, ոգևորվելով Անգլիայի շռայլ, բայց ըստ էության, դատարկ խոստումներից, նույնպես նախապատրաստվում էր պատերազմի Ռուսաստանի դեմ:
Էրֆուրտում Ալեքսանդր I-ին սեփական նախաձեռնությամբ այցելեց հանրահայտ Շառլ-Մորիս Թալեյրանը, որը երկու կայսրերի հանդիպման ժամանակ հանդես էր գալիս Նապոլեոնի կոնսուլտանտ-խորհրդականի դերում: Այս այցը և հատկապես զրույցի բովանդակությունը անշուշտ, կարելի է համարել աննախադեպ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմության մեջ: Հետևաբար նախկին եպիսկոպոսի, գաղտնի դիվանագիտության անգերազանցելի վարպետի, ճկուն, բայց անսկզբունքային քաղաքագետի հանդիպումը ռուսաց կայսրի հետ նույնպես կարևոր իրադարձություններից մեկն էր Էրֆուրտում կայացած բազում բանակցությունների գործընթացում: Առաջին հայացքից այս չնախատեսված ու գաղտնի հանդիպումը կայացավ իշխանուհի Թուրն-Թաքսիսի հյուրասենյակում: Նապոլեոնի խորհրդականը զարմանալի է, բայց փաստ, Ալեքսանդրին խորհուրդ էր տալիս կանխել իր կայսրի հնարավոր բոլոր ոտնձգություններն ու նկրտումները, քանզի Ֆրանսիայի միապետի դիրքերը կայուն և ամուր չեն Եվրոպայում: Թալեյրանի փաստացի դավաճանությունից, համագործակցելու մասին գաղտնի առաջարկից ռուսաց կայսրը հասկացավ, որ նա արդեն կանխատեսում է Նապոլեոնի քաղաքականության մոտակա անխուսափելի ճգնաժամը: Նապոլեոնի կողմից ցամաքային շրջափակման հռչակումից հետո Թալեյրանը համոզվեց Ռուսաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների խզման անխուսափելիության մեջ, ուստի և խորհուրդ տվեց կայսրին չստորագրել այն պայմանագիրը, որը կպարտավորեցներ Ռուսաստանի մասնակցությունը Ֆրանսիայի կողմից Ավստրիայի դեմ նախապատրաստվող պատերազմին: Սակայն որքան էլ խորաթափանց լիներ նշանավոր դիվանագետը, այսուհանդերձ, դեռևս ակնհայտ էր նապոլեոնյան Ֆրանսիայի ռազմաքաղաքական հզորությունը և վերընթացը, որ կայսրությունը դեռ չէր հասել իր զարգացման գագաթնակետին: Նապոլեոնյան Ֆրանսիայի խոր ճգնաժամը և մայրամուտը սկսվեց միայն 1812թ. հայրենական պատերազմում Ռուսաստանից կրած խորտակիչ պարտությունից հետո: Այս առումով միանգամայն իրատես էր Թալեյրանը, երբ գաղտնի բանակցությունների ժամանակ դիմելով կայսրին, անընդհատ կրկնում էր, թե «Դուք պետք է փրկեք Եվրոպան»: Թալեյրանի այս վարքագծի մեջ ածանցյալ դեր չխաղաց և նյութական նկատառումը, քանզի հետագայում նա դարձավ կայսերական կառավարության վարձկան լրաբերը և Փարիզի ռուսաց ներկայացուցչության երիտասարդ խորհրդական Կառլ Նեսսելրոդեից (Ռուսաստանի ապագա արտգործնախարարից) ստանում էր տասնյակ հազար ֆրանկ Նապոլեոնի նոր դժվարությունների մասին Ալեքսանդրին հաճելի տեղեկություններ հաղորդելու համար: Բայց Թալեյրանի փաստացի դավաճանությունը բացատրել միայն դրամական «փոխհատուցման» ձգտմամբ, նյութական նկատառումներով, կլիներ ոչ իրատես, աչառու, պարզապես միակողմանի մոտեցում, ենթակայական գնահատական: Իսկական պատճառը գուցե այն էր, որ Թալեյրանը անձնական հակակրանք էր տածում իր տիրակալի նկատմամբ և ծառայում էր նրան անհավատարիմ հավատարմության սկզբունքով:
Էրֆուրտի հանդիպման ընթացքում դիվանագիտության նման նուրբ արվեստը, որ կարծես ըստ Օտտո ֆոն Բիսմարկի, կոչված էր անհնարինը դարձնել հնարավոր, չկարողացավ հաղթահարել Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջև եղած միջպետական սուր հակասությունները:
Էրֆուրտում Ալեքսանդրին ու Նապոլեոնին որպես դիվանագետների չհաջողվեց նոր բանակցություններով հաղթահարել «Տիլզիտյան համակարգի» խոցելի կողմերը: Ավելին, Տիլզիտ-էրֆուրտյան համակարգը շուտով մտավ քաղաքական հոգեվարքի մեջ, որը քաջ գիտակցվում էր Վիեննայի արքունիքում, հասկանում էր նաև Փարիզում Ավստրիայի դեսպան Մետերնիխը: Վիեննայում համոզված էին, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի դաշինքը այնքան էլ ամուր չէ, ինչպես երկու կայսրերը փորձում էին ներկայացնել Եվրոպայի տերությունների մայրաքաղաքներին, ուստի և եզրակացրին, որ Ավստրիային չէր սպառնում պատերազմ երկու ճակատով: Անգլիայի աջակցությունը ստանալով՝ ավստրիական դիվանագիտությունը կազմավորեց հակաֆրանսիական 5-րդ դաշնությունը: Ավստրիան 1809թ. ապրիլին ռազմական գործողություններ սկսեց Դանուբի հյուսիսում, սակայն այս անգամ էլ ավստրիական բանակին սպասում էր անհաջողություն, վիճակված էր ծանր պարտություն, նա չկարողացավ նույնիսկ պաշտպանել իր մայրաքաղաքը: 1809թ. հուլիսի 6-7-ը Վիեննայից ոչ հեռու Վագրամի մոտ տեղի ունեցավ վճռական ճակատամարտ, որից հետո պարտված Ֆրանց I-ը ստիպված էր բանակցություններ սկսել հաշտություն կնքելու վերաբերյալ: Ռուսաստանը որպես Ֆրանսիայի դաշնակից մասնակցեց պատերազմին, որը, սակայն, փաստորեն կրեց զուտ ձևական բնույթ, քանզի Ալեքսանդրը, հրաժարվելով ռազմական գործողություններին մասնակցելուց, կարգադրեց ռուս-ավստրիական սահմանի մոտ ուղարկել «դիտային զորամիավորումը», այսինքն՝ ըստ էության պահպանեց չեզոքություն: Նապոլեոն Բոնապարտը զայրույթի մոլուցքի մեջ էր իր դաշնակցի նման դիրքորոշումից ու վարքագծից: Նրա կարծիքով Ալեքսանդր I-ը խախտում էր ստանձնած պարտավորությունը: Ի պատասխան դրան՝ Նապոլեոնը փորձեց պատժել Ալեքսանդրին ոչ բարեկամական քայլի համար և Վիեննայի Շյոնբրունի պալատում Ավստրիայի հետ հաշտության պայմանագիրը կնքելիս ոչ միայն Ֆրանց I-ին զրկեց Ադրիատիկ ծովից, այլև ամբողջ Արևմտյան Գալիցիան միակցեց Վարշավայի դքսությանը՝ Ռուսաստանին զիջելով միայն Տերնոպոլի մարզը: Ֆրանսիայի տիրակալը մի կողմից՝ իր դժգոհությունն էր արտահայտում «կրտսեր եղբայր կայսրից», իսկ մյուս կողմից՝ սեպ խրում ռուս-ավստրիական առնչություններում՝ հույս ունենալով երկար ժամանակով խորտակել Ֆրանսիայի դեմ Ռուսաստանի ու Ավստրիայի միջև հնարավոր վտանգավոր դաշինքը: Ֆրանս-ավստրիական հերթական բախումը, Շյոնբրունի անկայուն հաշտության պայմանագիրը վկայեցին, որ Ալեքսանդրի էրֆուրտյան միջնորդական առաքելությունը լիովին ձախողվեց, քանզի չհաջողվեց կանխել պատերազմը այդ երկրների միջև, կայուն խաղաղություն հաստատել Եվրոպայում:
Շյոնբրունի պայմանագրի կնքման նախօրյակին ավստրիական կայսրության արտգործնախարար նշանակվեց կոմս Կլեմենս Մետերնիխը՝ Վիեննայի նախկին դեսպանը Փարիզում, որի հետ Էրֆուրտից վերադառնալուց հետո գաղտնի կապեր հաստատեց Բենեվենտի իշխանը՝ հանրաճանաչ Շառլ-Մորիս Թալեյրանը: Մետերնիխ պետական գործչին և դիվանագետին բնորոշ էր շատ մեծ սառնասրտությունը, հսկայական ինքնատիրապետումը և հավասարակշռությունը, գաղտնամտությունը, խորամանկությունը և նենգությունը, հնարամտությունը և ճարտարությունը, վերջապես ստելու բացառիկ ձեռնահասությունը: Դառնալով արտգործնախարար ու գրավելով Վիեննայի արքունիքում ղեկավար դիրք այն ժամանակ, երբ ավստրիական կայսրությունը կրել էր հերթական պարտությունը, նա իր առջև դրեց գերծանր, գերդժվար, բայց չափազանց կարևոր խնդիր՝ ինչ գնով էլ լինի, փրկել Հաբսբուրգների արքայատունը Բուրբոնների ճակատագրից: Արժանին հատուցելով Մետերնիխին՝ անհրաժեշտ է նշել, որ նա իսկապես մինչև 1813թ. գործի դնելով անձնական զինանոցում ունեցած հարուստ հնարքները, արեց ամեն ինչ, որպեսզի սիրաշահի, ապա մոլորության մեջ գցի անողոք տիրակալին, այնուհետև նրան հավատացնի Ֆրանսիայի հետ համագործակցելու Ավստրիայի անկեղծ շահագրգռվածությունը: Մետերնիխը նույնպես ղեկավարվելով մաքիավելյան «նպատակը արդարացնում է միջոցները» գործելաձևով, 1810թ. Ֆրանց I-ի դուստր Մարիա-Լուիզային անձամբ ուղեկցեց Փարիզ Նապոլեոնի մոտ, հուսալով, որ այդ ամուսնությամբ (ըստ էության զոհաբերությամբ) իրեն կհաջողվի սիրաշահել կայսրին, փրկել Ավստրիան Բոնապարտի նոր զավթողական գործողություններից: Հատկանշական է, որ Նապոլեոն Բոնապարտը նախապես խնդրել էր Ալեքսանդրի կրտսեր քրոջ՝ Աննա Պավլովնայի ձեռքը, բայց ռուսաց կայսրը հրաժարվեց խնամիանալ նրա հետ, որից հետո Ֆրանսիայի կայսրն ամուսնացավ Մարիա-Լուիզայի հետ:
Ռուս-ֆրանսիական հարաբերությունները խիստ վատացան ու բարդացան, երբ Նապոլեոնը գրչի մի շարժումով, առանց դրա էության մեջ թափանցելու և հետևանքների մասին մտածելու, իր կայսրությանը միացրեց գերմանական մի քանի քաղաքներ և իշխանություններ, ներառյալ Օլդենբուրգի դքսությունը: Ռուսաց կայսրը սկզբում բողոք հայտնեց Նապոլեոնին, իսկ այնուհետև այդ մասին տեղեկացրեց եվրոպական բոլոր կառավարություններին: Ընդ որում, բոլորին պարզ էր, որ Ալեքսանդրի դժկամության գլխավոր պատճառը ոչ այնքան այն է, թե օլդենբուրգյան դուքսը թագավորի քեռին էր, որքան ռուսաց միապետի դժգոհությունը տիլզիտյան ու էրֆուրտյան իր դաշնակցի նվաճողական գործողություններից: Ինչպես և սպասվում էր՝ Նապոլեոնը մերժեց ռուսաց կայսրի բողոք-վերջնագիրը: Ալեքսանդր I-ը Տիլզիտում և Էրֆուրտում ստանալով Նապոլեոնի փաստացի համաձայնությունը, կարողացավ Շվեդիայի դեմ հաղթական պատերազմով ամրապնդել կայսրության հյուսիսային սահմանների, հատկապես մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի անվտանգությունը:
Ռուս-շվեդական պատերազմն անցավ Ռուսաստանի բացարձակ առավելությամբ, ռուսաց բանակը գեներալ Բուկսդևդենի գլխավորությամբ, որին փոխարինեց գեներալ Կնորինգը, անցնելով ֆիննական սահմանը, կարճ ժամկետում գրավեց Հելսինկի, Սվեաբորգ, Աբո քաղաքները, Գոտլանդ կղզին, Ալանդական կղզիները, ամբողջ Ֆինլանդիան, որից հետո պարտված Շվեդիային մնում էր խնդրել զինադադար, մանավանդ որ ռուսները գրավել էին մայրաքաղաք Ստոկհոլմից ընդամենը 100 կմ հեռավորության վրա գտնվող Գրիսելհամը: Ռուսական զորքերը շարունակեցին հարձակումը, անցան Բոտնիկական ծոցը, գրավեցին Ումեո քաղաքը: Սակայն ռուսաց կայսրը դժգոհ մնաց զինադադարից և պատերազմական գործողությունները վերսկսվեցին: Կնորինգին փոխարինեց Բարկլայ դը Տոլին: Այդ ընթացքում Շվեդիայում գահընկեց արվեց Գուստավ IV-ը, իսկ թագավոր դարձավ դուքս Կառլը՝ Կառլ XIII անունով: Նա արդեն շտապեց հաշտություն խնդրել և 1809թ. սեպտեմբերի 5-ին Ֆրիդրիխսհամում կնքված պայմանագրով ռուս-շվեդական պատերազմն ավարտվեց Ռուսաստանի կատարյալ հաղթանակով: Շվեդիան ճանաչեց Ֆինլանդիայի ու Ալանդական կղզիների միացումը Ռուսաստանին, Շվեդիան պարտավորվեց հաշտություն կնքել Նապոլեոնյան Ֆրանսիայի հետ ու միանալ ցամաքային կամ տնտեսական շրջափակմանը, Ֆինլանդիայում ապրող շվեդներն իրավունք ստացան փոխադրվել Շվեդիա, իսկ Շվեդիայում ապրող ֆինները՝ փոխադրվել Ֆինլանդիա:
1809թ. մարտի 1-ին, երբ դեռ շարունակվում էր ռուս-շվեդական պատերազմը, Ալեքսանդր I-ը Բորգոյում հանդիսավորությամբ բացեց ֆիննական սեյմը և պաշտոնապես հրապարակեց հռչակագիրը, որով Ֆինլանդիան ինքնավար իրավունքով մտավ ռուսաց կայսրության կազմի մեջ ֆիննական մեծ իշխանություն անվամբ: Սեյմը մնաց որպես երկրի գերագույն իշխանություն, պահպանվեց երկրի բանակը, դրամական միավորը: Ալեքսանդր I-ը որպես հեռատես քաղաքագետ, լավ էր հասկանում Ֆինլանդիայի առանձնահատուկ նշանակությունը Ռուսաստանի ռազմաքաղաքական ու դիվանագիտության համակարգում: Եվ օրինաչափ է, որ Ֆինլանդիայի նկատմամբ ռուսաց կայսրության կենսագործած նման քաղաքականությունը, որը միջազգային դիվանագիտության մեջ ստացել է «հատուկ հարաբերություններ» անունը, ժառանգեց խորհրդային դիվանագիտությունը, ապա յուրացվեցին հետսոցիալիստական Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները մշակողների ու իրագործողների կողմից:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
169 reads | 09.04.2023
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com