ԻՍԼԱՄԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՔԵՐԸ
Jul. 8th, 2012 at 5:42 PM

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՔԵՐԸ ՂՈՒՐԱՆ, ՍՈՒՆՆԱ, ԻՋՄԱ ԵՎ ԿԻՅԱՍ

Իսլամում իրավական որոշումները կայացվում են Շարիաթի (Իսլամական կրոնական, էթիկական և իրավական կանոնների շարք) սկզբունքով, որն էլ բխում է իսլամական իրավունքի արմատների (Ուսուլ ալ-ֆիկհ) հիմք հանդիսացող Իսլամի հետևյալ սուրբ գրքերից
1) Ղուրան – Համարվում է Ալլահի խոսքը
2) Սուննա - Մուհամմեդի գործողություններին և ասույթներին վերբերող իրադարձությունների (հադիսների) ժողովածու, որոնք կարող ենք արտացոլված չլինել Ղուրանում,
3) Իջմա - Ղուրանի դրույթների հստակեցումը խոշոր իսլամագետների մեկնաբանությամբ,
4) Կիյաս -  դատողություններ նախկինում ընդունված որոշումների և դեպքերի համանմանության սկզբունքով։



Ղուրան
Ղուրանը հանդիսանում է Ալլահի խոսքը և ապացուցման կարիք չունի։ Ղուրանի գլուխները՝ թվով 114 Սուրահները և վերջիններիս տողերը՝ այաթները իրենց մեջ պարունակում են իսլամական իրավունքի բոլոր բաղադրիչները՝ սկսած ծիսակարգերից, վերջացրած իրավական նորմերով։ Այսուհանդերձ, Ղուրանի որոշ դրույթներ ունեն հավելյալ մեկնաբանության կարիք, որոնք էլ արտացոլված են իսլամական մյուս սրբազան գրություններում՝ Սուննայուն, Իջմայում և նաև Կիյասում։ Այն համարվում է մուսուլման հավատացյալների ամենօրյա ընթերցանության գիրքը և ընդունվում է որպես Ալլահին մերձենալու հիմնական միջոց։

Սուննա
Սուննան այն է, ինչ բխում է Մուհամմադ մարգարեից։ Սուննան հաստատում է Ղուրանի տողերը՝ այաթները, մեկնաբանում է դրանք և առանձին բացառություններ Ղուրանից, ինչպես նաև սահմանում է դրույթներ, որոնք նշված չեն Ղուրանում։ Այն Ղուրանից հետո Մուսուլմանական իրավունքի երկրորդ աղբյուրն է։ Սուննան փոխանցվել է բանավոր՝ Մուհամմադ մարգարեի զինակիցների կողմից։ Սուննան շատ սերտ կապված է Ղուրանի հետ և լրացնում է այն։

Իջմա
Իջման հանդիսանում է մուսուլման իրավագետների կողմից համընդհանուր կարծիք տարբեր խնդիրների լուծման վերաբերյալ։ Իջմայի պատմությունը սկիզբ է առնում Մուհհամադի առաջին զինակիցներից, երբ նրանք Մուհհամադի մահից հետո նմանատիպ ճանապարհով լուծում էին ծագած խնդիրները։ Հետագայում իջման կիրառելի դարձավ բոլոր մուսուլման իրավագետների համար, ովքեր խնդիրներ լուծելիս հաշվի էին նստում նախնիների գործողությունների և ուսումնասիրությունների հետ։ Իջմայի կիրառումը իսլամում սահմանափակվում է միայն իրավական ոլորտում։ Սակայն դավանաբանական հարցերն իջմայի միջոցով չեն լուծվում։

Կիյաս
Կիյասը կրոնական դատողություն է՝ կայացված մուսուլման աստվածաբանների կողմից` Ղուրանում և Սուննայում շարադրված նույնանման որոշումների հետ համանմանության սկզբունքով: Այս իրավական մեթոդի ընդունումը կապված է այն հանգամանքի հետ, որ առանձին խնդիրների վերաբերյալ կոնկրետ ցուցումներ չկան Ղուրանում և Սուննայում:       Կիյասի մեթոդը ընդունվել է իսլամի հիմնական սուննիական իրավական դպրոցների կողմից` որպես Ղուրանից, Սուննայից և Իջմայից հետո իսլամական իրավունքի չորրորդ աղբյուր: Սակայն նման իրավիճակներում համանմանություն կարելի  է կազմել  միայն այն պարագայում, երբ կոնկրետ հանգամանքները չեն դիտարկվում Ղուրանում կամ Սուննայում և երբ հեղինակավոր մուսուլման աստվածաբանները չունեն միաձայն կարծիք դիտարկվող հարցի շուրջ: Ի տարբերություն իջթիհադի` առաջին երեք իրավական և հոգևոր աղբյուրների, կիյասի հիման վրա ընդունված որոշումը չի հանդիսանում պարտադիր իրագործելի, այլ կրում է զուտ պարզաբանական բնույթ: Հատկանշական է, որ Կիյասը լիովին մերժվում է շիաների կողմից:
 
 
 





 
ԻՍԼԱՄՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
223 reads | 26.11.2023
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com