Զուգահեռներ հայ և հրեա ժողովուրդների միջև
Մենք՝ հայերս, թեև հրեաների մարգարեական ոգին չունենք, բայց ունենք միասնական կամք և վճռականություն, որոնք, ցավոք, ցուցաբերվում են արհավիրքային իրավիճակներում: Թեև վերջին տարիներին, ավա՜ղ, այդ բնութագրից էլ ենք զրկվել, ինչը և հանգեցրեց Հայոց եռամիասնության հիմքերի խարխլմանը և, ի վերջո, Արցախի շրջափակմանն ու կորստին… Այնուհանդերձ, յուրաքանչյուր անելանելի թվացող իրավիճակում կա գոնե մեկ փրկարար ելք: Եվ մենք այն պարտավոր ենք գտնել մեր բազմամյա և բնատուր տրամաբանության շնորհիվ՝ վերջին ճիգերով ընդդիմանալով ներքին և արտաքին մարտահրավերներին, պետականության կորստի, բնաջնջման և թուրքացման ակնառու վտանգներին, որոնց չեզոքացման համար պետք է կերտենք և ամրագրենք մե՛ր «Համաշխարհային հայկական կոնգրեսը». Արարատյան փրկարար գաղափարախոսությամբ՝ «Մեկ ազգ, մեկ եկեղեցի, մեկ բանակ» կարգախոսով: Հայ ժողովրդի հետագա հաջողությունները պետք է պայմանավորել մեր պատմության անփառունակ էջերից դասեր քաղելով, բայց նաև ոգեշնչվելով և առաջնորդվելով մեր անցյալի փառահեղ հաղթանակներով. թերևս Ջորավար Անդրանիկի հետևյալ տողերի համաձայն. «Զինվոր մըն եմ ես և չեմ գիտեր, թե ինչ պիտի ըլլա հայերու ճակատագիրը, ատիկա դիվանագետներեն կախում ունի, բայց կը կարծեմ, թե նոր արշալույս մը կը ծագի հայ երկնակամարին վրա: Իբրև քրիստոնյա, կը փափագիմ աղոթել Աստծուն կամավորներուս հետ, որպեսզի ձեզի շնորհե լիակատար հաղթանակ»: Եվ որպեսզի Հայոց պետականության զարթոնքի գործընթացն արդյունավետ լինի՝ արագ և արգասաբեր, հարկ է, որ պարբերաբար անդրադառնանք մեր պատմության էջերին. վաղ ժամանակներից մինչև մեր օրերը, բայց զուգահեռաբար համեմատելով դրանք մեր «ճակատագրին» նմանվող պետության պատմագրությանը, որն ակներևաբար Իսրայելի պատմությունն է: Ի վերջո, պետք է հասկանալ, թե ինչու՞ հալածանքների, ցեղասպանությունների և վտարանդիության գրեթե նույն ուղով անցած ազգերից մեկն այժմ «տիրում է» աշխարհին, իսկ մյուսը՝ խաղաղություն է մուրում: Մի՞թե հրեաների Յահվե՝ Եհովա Աստվածը մեր Աստվածը չէ, կամ մի՞թե դատապարտելի չեր նրանց արարքն Աստծո Օծյալի և Մեսիայի նկատմամբ, Ում նրանք չհավատացին և, անարգելով, խաչափայտին գամեցին, կամ գուցե նրանք առավել իմաստու՞ն են, որովհետև Աստծո ընտրյալ ժողովու՞րդ են համարվում, կամ միգուցե ավելի գիտու՞ն են, որովհետև դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ելքեր փնտրելու և դրանք կյանքի կոչելու Աստվածային բնատուր շնո՞րհք ունեն: Ո՞րն է ի վերջո նրանց առավելությունը հայերի նկատմամբ, որի արդյունքում, միայն XX դարում Նոբելյան մրցանակակիրների՝ 43% - ը, իսկ XXI դարում՝ 23% - ը հրեաներ են: ԵՎ արդյո՞ք այս թվային ցուցանիշները առավելություն վկայակոչող ցուցանիշներ են: Դե, եթե այդպես է, մենք էլ իրավասու ենք հպարտանալով հիշատակելու հայ իմաստասերներից Դավիթ Անհաղթին, Պարույր Հայկազնին, Անանիա Շիրակացուն և հետագայում համաշխարհային համբավ ունեցող մեր անվանի գիտնականներին, շինարարներին, բժիշկներին, արվեստագետներին ու մարզիկներին: Բավական է նշել, որ աշխարհում գյուտարարության հեղինակային իրավունքների շուրջ 11% - ը պատկանում է հայերին, դե իսկ համաշխարհային գիտության զարգացման հարցում էլ հայերի անմնացորդ նվիրումն անշուշտ անառարկելի է և գերազանց օրինակ, հավաստիացում և ապացույց հայկական գենի աստվածային առանձնահատկության իրողությանը: Թերահավատների համար կարելի է ուղղակի ներկայացնել մեր հանճարեղ մտքի կրողներին և հայի անունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձրած գիտնականներին՝ «Աշխարհի 20 լավագույն հայերը» շարքից. 1. Աբրահամ Ալիխանով – Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում հայտնաբերել է մեծ էներգիայի պրոտոնների հոսքը։ Եղբոր՝ Արտեմի հետ, եղել են առաջին միջուկային ռեակտորների հեղինակները, պրոտոնային արագացուցիչների գլխավոր կոնստրուկտորներն ու կառուցողները: 2. Պավել Աղաջանով – ԽՍՀՄ ինժեներատեխնիկական զորքերի գեներալ – լեյտենանտ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ տիեզերական կապի խոշորագույն մասնագետ: 3. Բագրատ Իոննիսյան – Աշխարհում ամենախոշոր՝ 6 մ տրամագծով հեռադիտակի հեղինակը: 4. Անդրանիկ Իոսիֆյան – Ինժեներ – էլեկտրատեխնիկ, ՀՀ ԳԱ ակադեմիկոս, անկոնտակտ սելսինի, էլեկտրամեքենայական ուժեղացուցչի, կոսմիկական արբանյակների, օդերևութաբանական և ավտոմատ սարքերի հեղինակ: 5. Իվան Կնունյանց – Քիմիական գիտությունների դոկտոր, ջրածնային ռումբի կաղապարման գլխավոր կոնստրուկտոր, ֆտորօրգանական միացությունների բնագավառի զարգացման համահեղինակ: 6. Տիգրան Մելքումով – Ավիացիոն շարժիչաշինության ինստիտուտի տնօրեն, հանրահայտ «Դ – 11» դիզելային շարժիչի հեղինակ: 7. Արտեմ Միկոյան – ԽՍՀՄ ինժեներատեխնիկական զորքերի գեներալ – գնդապետ, ակադեմիկոս, «ՄԻԳ - 1», «ՄԻԳ – 9», «ՄԻԳ - 15» կործանիչների հեղինակ: 8. Գուրգեն Մուսինյանց – Ավիացիայի և աէրոդինամիկայի տասնյակ նորարարությունների հեղինակ: 9. Ֆադեյ Սարգսյան – ԽՍՀՄ նորագույն ռադիոլոկացիոն և ավտոմատացման համակարգերի հեղինակ, գլխավոր կոնստրուկտոր: 10. Նորայր Միսակյան – Տիեզերական կենսաբանության հիմնադիր: 11. Սամվել Քոչարյանց – Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ամենագաղտնի մարդը, ԽՍՀՄ ատոմային, ջրածնային զենքերի, հրթիռամիջուկային վահանակի գլխավոր կոնստրուկտոր: 12. Ալեքսանդր Քեմուրջյան – Տեխնիկական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ հատուկ ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, գլխավոր խորհրդական, արտամթնոլորտային տրանսպորտային մեքենաշինության ճյուղի հիմնադիր, լուսնագնացի հեղինակ: 13. Արա Ավագյան – Տեխնիկական գիտությունների դոկտոր, ԱՄՆ – ի տիեզերանավերի կցման գլխավոր կոնստրուկտոր: 14. Ջեյմս Բաղյան – Առաջին հայ կրկնակի տիեզերագնացը ՆԱՍՍԱ – ի «Կոլումբիա ծրագրով»: 15. Ջոն Բոզաջյան – ԱՄՆ – ի լուսնային տիեզերանավի գլխավոր կոնստրուկտոր: 16. Հերրի Դաղլյան – Աշխարհահռչակ գիտնական, Ֆերմիի խմբում «Մանհեթթն» ծրագրի իրականացնողներից, ԱՄՆ – ում առաջին ատոմային ռումբի պատրաստման հեղինակներից մեկն էր, ով հիմնարկն ու ծրագիրը փրկելու համար ռեակցիոն գոտուց անզեն ձեռքով հեռացնում է տրոհված ուրանի կտորը և մի քանի շաբաթից մահանում: 17. Հենրի Կարապետյան – ԱՄՆ – ում կիրառական մաթեմատիկայի դոկտոր, ատոմային ռռւմբի տեսաբան, ատոմային հումքի հեղինակ: 18. Վլադիմիր Կարապետով – ԱՄՆ – ում Կիրառական էլեկտրատեխնիկայի հիմնադիր: 19. Ջոն Հայլաջյան – ԱՄՆ – ում լուսնային ավտոմոբիլի մի շարք տեխնիկական հանգույցների հեղինակ, ամերիկյան լուսնագնացի գլխավոր կոնստրուկտոր: 20. Ռոբերտ – Վարդան Մեղրաբյան – ԱՄՆ – ում տեխնիկական գիտությունների դոկտոր, հրթիռների միջուկային շարժիչների տեսաբան, գլխավոր կոնստրուկտոր: Դե ինչ, տպավորի՞չ էր: Բայց, այնուհանդերձ, մտահոգիչ է մնում մի կարևորագույն հարց, թե ո՞րն է պատճառը, որ այսչափ բանիմաց մտքի տեր ազգը գրեթե բոլոր դարերում էլ բազմիցս հայտնվել է ողորմելի վիճակում՝ անընդհատ գտնվելով կործանման եզրին: ԵՎ ինչու՞ Աստված չի թողնում, որ աշխարհի հնագույն և առաջին ազգերից մեկը, որի բնօրրանն է Աստվածաշնչյան Արարատի երկիրը կամ Հայաստանը, իսպառ վերանա: Գուցե ինչ – որ արժանիքների համա՞ր՝ համարելով իր ժողովուրդը, ինչպես Իսրայե՞լը: Վերոնշյալ հարցադրումների ճշմարիտ պատասխաններն անշուշտ կարելի է գտնել հայ և հրեա ժողովուրդների պատմությունների ուսումնասիրությունների և համեմատությունների արդյունքում: Ներկայումս Իսրայելը դասվում է հզորագույն պետությունների շարքում՝ առաջատար դիրքեր զբաղեցնելով համաշխարհային տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում. հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում: Իսրայելը միջուկային ծրագրի հարցերով սկսել էր զբաղվել դեռ 1952 թ. – ից՝ Իսրայելի ատոմային էներգետիկայի կոմիտեի հրահանգով: Իսրայելի ատոմագետները մասնակցում են ֆրանսիական միջուկային զենքի ստեղծման աշխատանքներին, և 1960 – ական թթ. – ին Նեգևում կառուցվում է միջուկային հետազոտությունների կենտրոնը, որի աշխատանքներն ընթանում էին ծանր ջրածնային ռեակտորի կառուցման ուղղությամբ: Հաջորդ միջուկային կենտրոնը կառուցվում է ամերիկյան մասնագետների կողմից՝ «Ատոմ խաղաղության համար» ծրագրի շրջանակում: Հետագա տարիներին Իսրայելի ատոմային օբյեկտների մի մասը չի ենթարկվում ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողությանը, քանի որ Իսրայելը չի միանում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: 1981 թ. – ից Իսրայելի ռազմական հետախուզությունը՝ Ամանը, 5 մլն դոլար է հատկացնում տիեզերական սարքավորումների և կրող հրթիռների ստեղծման համար: 1983 թ. – ին վարչապետ Բեգինի հրամանագրով հաստատվում է Իսրայելի տիեզերական ծրագիրը, կազմավորվում Իսրայելի տիեզերական գործակալությունը, որի ղեկն ստանձնում է ֆիզիկոս Յուվալ Նեեմանը: 1988 թ. – ի սեպտեմբերի 19 – ին Իսրայելը, օգտագործելով իր « Շավիթ» եռաստիճան կրող հրթիռը, արձակում է առաջին արբանյակը՝ «Օֆեկ - 1» - ը, այնուհետև՝ մի քանի հետախուզական արբանյակներ՝ «Օֆեկ – 3; 5; 7; 9» - ը: Եթե վերոնշյալին հավելենք նաև այն իրողությունը, որ ԱՄՆ – ի և Ռուսաստանի դաշնության խորհրդարաններում հրեաներն ունեն պատկառելի թվով ներկայացուցիչներ, ապա պարզորոշ կդառնա Իսրայելի դիվանագիտական արվեստի ողջ հմայքը, որի կիրառմամբ էլ իսրայելն իր թելադրողի դերն է պարտադրում տարածաշրջանում, ինչու՞ չէ՝ նաև ամբողջ աշխարհում, այն դեպքում և պայմաններում, երբ ընդհամենը 20 հազ. քառ. կմ պետական տարածքից քիչ ավելին ունեցող Իսրայելը չունի որևէ անկախ կյանքի ճանապարհ արտաքին աշխարհի հետ՝ արաբական երկրներով շրջապատված լինելու պատճառով: Անշուշտ, հայ և հրեա ժողովուրդներն ունեն պատմական էջերի որոշակի նմանություններ, բայց նաև ակնառու տարբերություններ: Նմանությունները թերևս երկու ազգերի մաքառումները, վտարանդիություններն ու ցեղասպանություններն են, որոնք պայմանավորվում են Աստծո հանդեպ նրանց ունեցած դարավոր անհավատարմություններով: Հայերի նման հրեաներն էլ հազարամյակների ընթացքում տևական ինքնիշխանություն չեն ունեցել: Ըստ Աստվածաշնչի՝ շուրջ չորս հարյուր տարի գտնվել են Եգիպտոսի տիրապետության տակ, այնուհետև՝ Ասորեստանի, Բաբելոնի, Պարսից, Հռոմեական, Արաբական խալիֆների, սելջուկների, խաչակիրների, եգիպտական մամլուքների, օսմանցիների և այլոց տիրապետությունների ներքո՝ շարունակաբար պատերազմելով ու նվաճվելով նաև շրջակա ժողովուրդների կողմից: Այնուհանդերձ, Հայաստանի նման Իսրայելն էլ է ունեցել փառահեղ հաղթանակներ՝ Եգիպտոսից դեպի Աստծո կողմից շնորհվելիք Ավետյաց երկիր Սինայի անապատում քառասուն տարի դեգերումներից հետո, երբ Իսրայելի առաջնորդ և Աստծո մարգարե Մովսեսի իրավահաջորդ Եսուն 600 000 – ի չափ հրեաներին առաջնորդում է Քանանի երկիր՝ Հորդանանի այս ու այն կողմում ոչնչացնելով երեսունմեկ թագավորությունների, որոնց շարքում կային երկայնահասակ՝ մինչև չորս մետր հասակ ունեցող ազգեր: «Հայկական հարցին» համանման հրեաներն էլ ունեին սիոնիզմ կոչվող արդարացի հիմնախնդիրը՝ հրեաների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի հեռանկարով, որն էլ բախվում է հիտլերյան նացիզմի ցեղասպան քաղաքականությանը, ինչպես հայերի ցեղասպանությունը թուրքերի կողմից: ԵՎ ինչպես հայերի ցեղասպանության նկատմամբ էին անտարբեր գերտերություններ Անգլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան և ամբողջ աշխարը, այնպես էլ հրեաների ցեղասպանության ընթացքում էին նրանք խուլ ու համր: Հայոց ցեղասպանության ընդհանուր զոհերի թիվը շուրջ մեկ և կես միլիոն էր, հրեաներինը՝ վեց միլիոն: Պատմական էջերից հայ և հրեա ժողովուրդների նմանություններից թերևս այսքանը բավարար է ընդհանուր պատկերացման համար: Հայ և հրեա ժողովուրդների կենսական ուղիների տարբերությունների կամ հակադրությունների համար արդյունավետ կլինի դիտարկել նրանց ազգային գոյաբանական մոտեցումների համեմատությունները՝ հարցադրումների եղանակով: ԵՎ այսպես, հրեաների ժամանակակից վերադարձն իրականացվեց 1881 թ. – ից մինչև 2006 թ. – ը: Հրեաները հիմնեցին «Քաղաքական սիոնիստական շարժումը», որի շրջանակներում 1896 թ. – ին Թեոդոր Հերցլը հրատարակեց «Հրեական պետություն» գիրքը, որտեղ ներկայացնում էր իր տեսիլքն ապագա հրեական պետության մասին, որն էլ աստիճանաբար իրականություն դարձավ և 1948 թ․ ի ին ստեղծվեց հրեական պետությունը։ Իսկ հայերի մոտ ի՞նչ մակարդակի վրա էր Արարատյան գաղափարախոսությունը: Այն ընդհամենը խոսակցական, տարերային և ոչ սկզբունքային հիմքերի վրա էր և շարունակվում է մնալ այդպիսին նաև մեր օրերում: Հիշեցնենք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսրայել վերադարձած հրեաների թիվը գերազանցում էր երեք միլիոնը, իսկ դեպի Խորհրդային Հայաստան վերադարձած հայերի թիվը մի քանի տասնյակ հազար էր, որոնցից շատերը հուսախափության տրամադրություններից ելնելով, նորից արտագաղթեցին: Այո՛, ցավալիորեն հայերը շարունակում են ապրել գաղթականի հոգեբանությամբ: Հատկանշական է և ուշագրավ նաև մեր անփոփոխ մնացող թվաքանակի հիմնախնդիրը շուրջ հիսուն տարի հնչեցվող վիճակագրությամբ՝ 10 միլիոն հայ ամբողջ աշխարհում, 3 միլիոնը՝ Հայաստանում: Ո՞րն է պատճառը: Իհարկե՝ ներգաղթը խթանող սոցիալական հստակ ծրագրի բացակայությունը: Ի վերջո, «Հրեական հարց» – ն արդիական դարձավ ամբողջ աշխարհում և վճռվեց Իսրայելի օգտին: Իսրայելը կազմավորումից ի վեր արագորեն վերաճեց հզոր պետության, որի հետ սկսեցին փոխշահավետ հարաբերություններ հաստատել գերտերությունները: Հրեաների վրեժխնդրությունը նացիստական Գերմանիայի նկատմամբ պայմանավորվեց Նյուրնբերգյան դատավարությամբ: Գերմանիան ներեղություն խնդրեց Իսրայելից և փոխհատուցեց նրան: 1952 թ. – ի սեպտեմբերի 10 – ին ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ Արևմտյան Գերմանիան Իսրայելին պետք է վճարեր 3 մլրդ մարկի չափ գումար 14 տարվա ընթացքում, որն ավարտվեց 1965 թ. – ին: Այդ գումարները որպես ներդրումային միջոցներ ուղղվեցին իսրայելական տնտեսության զարգացմանը: Իսկ ի՞նչ վճռական քայլեր ձեռնարկեցին «Հայ դատը» և նրան հարող կուսակցություններն ու կազմակերպությունները, բացի ամենամյա բողոքի ցույցերից և մի շարք երկրների կողմից հայերի նկատմամբ ագրեսիաներն ու ցեղասպանությունները դատապարտող հայտարարույունների և բանաձևերի ջատագովները դառնալուց, որոնք մեծ հաշվով չեն անհանգստացնում մեր թուրք «հարևաններին», ավելին՝ նրանք հեգնանքով ու զավեշտով են վերաբերվում նման նախաձեռնություններին: Չէ՞ որ ԱՄՆ – ի և Բրիտանիայի նման հովանավորներ ունեն: Իսկ ինչու՞ մենք չունենք, որովհետև քարերի երկի՞ր ենք և ոչ թե նավթի կամ գազի՞, թե մեր աշխարհասփյուռ հայության կապիտալային հոսքերն են ոչ նպատակային, որի արդյունքում էլ միջազգային հանրության ուշադրությունը չի բևեռվում Հայաստանի և Արցախի գոյաբանական հիմնախնդիրների վրա, ինչպես հարկն է, և մենք ի վերջո չենք ունենում մեր «Հայկական Նյուրնբերգ» – ը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Վերջին տասնամյակում աշխարհասփյուռ հայության 100 մլրդ – ը գերազանցող ակտիվներից ո՞ր մասն է ուղղվել վերոհիշյալ նպատակների իրականացմանը: Ավա՜ղ, ունենք միայն հարցադրումներ, բայց ո՜չ հուսադրող պատասխաններ՝ Հայաստան – Սփյուռք – Արցախ կուռ և ջերմագին եռամիասնության բացակայության պատճառով: Անկախությունից անմիջապես հետո՝ 1952 թ. – ից, Իսրայելը ներգրավվեց միջուկային ծրագրերում՝ չստորագրելով անգամ միջուկային զենքի չտարածման մասին միջազգային պայմանագիրը: 1981 թ. – ից Իսրայելի ռազմական հետախուզությունը 5 մլն դոլար հատկացրեց տիեզերական սարքավորումների և կրող հրթիռների ստեղծման համար: 1983 թ. – ին էլ վարչապետ Բեգինի հրամանագրով հաստատվեց Իսրայելի տիեզերական ծրագիրը, կազմավորվեց Իսրայելի տիեզերական գործակալությունը, իսկ 1988 թ. – ից էլ Իսրայելն ունեցավ իր հետախուզական արբանյակները: Ի՞նչ արեցին Հայաստանի երրորդ հանրապետության իշխանությունները 1991 թ. – ից ի վեր Հայաստանի և Արցախի ռազմավարական և անվտանգային հիմնահարցերի վճռման համար: Խորհրդային զինանոցի մնացորդները գոնե մասնակիորեն փոխարինվեցի՞ն բարձր տեխնոլոգիաների ռազմական համակարգերով: Ամրապնդվեցի՞ն մեր ազատագրված տարածքները և, ավելին, բնակեցվեցի՞ն դրանք, ինչպես Իսրայելն իրականացրեց Արևելյան Երուսաղեմի մատույցներում, Գազայի հատվածում և Գոլանի բարձունքներում: Բնական է և օրինաչափ, որ նման անհեռատես մոտեցումն էլ պիտի մի օր պատուհասեր հայ ժողովրդին և խաթարեր նրա անդորրը, ինչն էլ իրականացվեց վերջին իշխանությունների կողմից՝ ազգային միասնության պառակտման, հոգևոր արժեքների անարգման ու բանակի հետևողական կազմաքանդման միջոցով, որոնք կազմում էին Թուրքիայի կողմից թուրանական պետություն հիմնելու «Ալթայ» ծրագրի բաղկացուցիչ մասերը… | |
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ | |
200 reads | 07.12.2023
| |