Ունքյար-Իսքելեսի պայմանագիրը
Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո ռուսաց դիվանագիտության կարևորագույն հիմնախնդիրներից էր բարեկամական հարաբերությունների պահպանումը իր «թույլ հարևանի» հետ, որը հնարավորություն կընձեռեր Ռուսաստանին էլ ավելի ամրապնդել իր գերիշխող քաղաքական դիրքը Մերձավոր Արևելքում: Զորեղ սահմանակից տերությանը շուտով առիթ ներկայացավ օգնելու իր «թույլ հարևանին» և դրանով իսկ մի կողմից՝ փաստորեն փրկել սուլթանին պարտությունից, իսկ մյուս կողմից՝ հասնել իր քաղաքական ազդեցության առավել ուժեղացմանը Օսմանյան Թուրքիայում:
1832թ. զինված պայքար սկսվեց թուրքական սուլթանի և նրա վասալ Եգիպտոսի փաշա Մուհամեդ Ալու միջև, որը վերստին հանգեցրեց արևելյան հարցի սրմանը՝ ռազմաքաղաքական ու դիվանագիտական անկանխատեսելի բոլոր հետևանքներով: Եգիպտոսի փաշան պահանջում էր ընդարձակել իրեն ենթակա տարածքները և ճանաչել այդ տիրույթների նկատմամբ իր ժառանգական իրավունքները: Փաստորեն դրված էր Օսմանյան կայսրությունից անջատվելու և Եգիպտոսի անկախության հիմնախնդիրը, որի իրագործումը լուրջ հարված կհասցներ սուլթանին, կխարխլեր թուրքական բռնատիրական պետության հիմքերը: Այդ պայքարը գլխավորեցին Մուհամեդ Ալին և նրա որդին՝ Իբրահիմ փաշան:
Եգիպտական բանակը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ մի քանի անգամ պարտության մատնեց սուլթանի զորքերին, գրավեց Սիրիան, ներխուժեց Անատոլիա: Լուրջ վտանգ ստեղծվեց Կ.Պոլսին, հատկապես 1832թ. դեկտեմբերի 21-ին Կոնիայի հաղթական ճակատամարտից հետո: Այս ծանրագույն ճգնաժամի պայմաններում սուլթանական կառավարությունն օգնության խնդրանքով դիմեց արևմտյան տերություններին: Եվրոպական տերությունները կա՛մ հրաժարվեցին օգնել սուլթանին, կա՛մ էլ բավարարվեցին դատարկ խոստումներով, երկիմաստ ձևակերպումներով: Եթե Ֆրանսիան Մուհամեդ Ալու նկատմամբ չէր թաքցնում իր համակրանքը, ապա Անգլիայի ու Ավստրիայի անթաքույց անորոշ, խուսափողական պատասխանները բնականաբար, չէին կարող բավարարել սուլթանին: Կ.Պոլսի արքունիքում խիստ դժգոհ էին Անգլիայի ու Ավստրիայի կրավորական քաղաքական դիրքորոշումից: Ֆրանսիական դիվանագիտությունը Եգիպտոսը և Ասիան արդեն ուրվագծել էր իր քաղաքական ոլորտի մեջ, ուստի սուլթանին մերժելու հանգամանքը համարվում էր լիովին պատճառաբանված քաղաքականություն, դիտարկվում միանգամայն օրինաչափ դիվանագիտական մարտավարություն:
Անգլիայի արտաքին գործերի նախարար Պալմերստոնի նպատակն էր կանխել ռուս-թուրքական մերձեցումը, թույլ չտալ, որ սուլթանն օգնության խնդրանքով դիմի ռուսաց կայսրին: Պալմերստոնը ձգտում էր խորացնել արևելյան ճգնաժամը, էլ ավելի դժվարացնել սուլթանի վիճակը, ժամանակ շահել, ուստի և առաջարկեց նրան անհրաժեշտ օգնության համար դիմել Ավստրիային: Դրա համար էլ անգլիացի նշանավոր դիվանագետը չհետևեց Ֆրանսիային, այսինքն՝ չմերժեց սուլթանին, բայց ոչ էլ որոշակիորեն խոստացավ աջակցել նրան ապստամբած Մուհամեդ Ալու և նրա որդու՝ խռովարար Իբրահիմի դեմ պայքարում: Սակայն ռուսաց դիվանագիտությունը և անձամբ Նիկոլայ կայսրը ձախողելով Անգլիայի ու Ֆրանսիայի քաղաքական մարտավարությունը, ձեռք բերեցին փայլուն հաղթանակ: Կայսր-դիվանագետն այս հիմնախնդրում ցուցաբերեց մեծ հեռատեսություն ու ճկունություն, նա սթափ, ճիշտ գնահատեց ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը և ըստ այնմ էլ կատարեց Ռուսաստանի շահերին լիովին համապատասխանող համաչափ, խիստ հավասարակշռված գործողություններ:
Նիկոլայը գահ բարձրացավ դեկաբրիստների ապստամբությունը ճնշելուց հետո և կյանքից հեռացավ արևելյան ճգնաժամի արդյունք Ղրիմի պատերազմի ամենահերոսական ու ամենաողբերգական Սևաստոպոլի պաշտպանության օրերին:
Նիկոլայ կայսրին երկար ժամանակ ներկայացնում էին միակողմանիորեն՝ որպես սահմանափակ միջակություն ընդամենը վաշտի հրամանատարի մտահորիզոնով: Մարքսիստական ուսմունքի տեսանկյունից այդպիսի գնահատական է տվել, ելնելով հեղափոխության շահերից և նրա հեռանկարներից, Ֆրիդրիխ Էնգելսը, որը հետագայում դարձավ համընդհանուր խորհրդային ժամանակաշրջանի պատմադիվանագիտական գրականության համար: Իրականում սա ենթակայական գնահատական է, քանզի ռուսաց կայսրն իր ժամանակի համար բավականին կրթված, հետևողական, վճռական կամք ունեցող, պրագմատիկորեն մտածող ինքնակալ էր, փայլուն ռազմական ինժեներ: Նիկոլայը զինվորականին հատուկ ուղղամտությամբ իրեն համարում էր դիվիզիոնի գեներալ, որն անսպասելիորեն դարձավ կայսր և որը դեսպանների շրջանում և Նեսսելրոդեի զեկուցումների ժամանակ իրեն զգում էր ինչպես մութ անտառում: Սակայն անվիճելի էր, որ ռուսաց կայսրն իր բնածին ընդունակություններով, քաղաքական գործընթացների նկատմամբ ցուցաբերված զգուշավորությամբ, տրամաբանությամբ և հատկապես խելքով զգալիորեն գերազանցում էր իր արտգործնախարարին: Ռուսաց կայսրը մայրցամաքում տեղի ունեցած պատմաքաղաքական առարկայական գործընթացների հետևանքով և հատկապես հեղափոխական շարժումների դեմ ծավալված վճռական պայքարի պատճառով դարձավ Եվրոպայի առանձին երկրների կառավարությունների ահեղ գերդատավորը: Եվրոպական միապետներն իրենց արքայատների անսասանությունը անվերապահորեն կապում էին ռուսաց կայսրի հզորության և նրա բանակի հետ:
Նիկոլայ-դիվանագետին բնորոշ էր զգուշովորությունը և հատկապես պետական բարձրաստիճան այրերին, դիվանագետներին ճանաչելու մեծ հմտությունը, որն օգնում էր ռուսաց կայսրին հեռակա կամ դեմ առ դեմ, անձնական հանդիպումներում ճիշտ կողմնորոշվելու համար, և այդ ամենը ամբողջովին հատկապես դրսևորվեց թուրք-եգիպտական փաստացի պատերազմի և Ունքյար Իսքելեսիի պայմանագրի կնքման գործընթացում:
Ռուսաց կայսրի անմիջական նախաձեռնությամբ, ի տարբերություն Անգլիայի, Ավստրիայի և հատկապես Ֆրանսիայի, նրա քաղաքական ու զինվորական ղեկավարությունը որոշեց իր օգնությունն առաջարկել թուրքական սուլթանին: Միայն Նիկոլայ I-ը փորձեց ներգործել խռովարար եգիպտական փաշայի վրա և որպես առաջին դիվանագիտական քայլ կարգադրեց ռուսաց հյուպատոսին թողնել Ալեքսանդրիան: Նա մեծ ուշադրությամբ հետևում էր արևելյան նոր ճգնաժամի զարգացմանը և այդ առնչությամբ Մուհամեդ Ալուն գնահատում իր համար ատելի Ֆրանսիայի «բարիկադների թագավոր» Լուի-Ֆիլիպի գործակալը և, բնականաբար, չէր հանդուրժի, որ նեղուցներն անցնեն Ֆրանսիայի հսկողության ներքո, որը կդառնար անխուսափելի, եթե Կ.Պոլիսը գրավվեր եգիպտական զորքերի կողմից: Հակամարտության սկզբում Նիկոլայ I-ը որոշեց կատարել միջնորդական առաքելություն սուլթանի և նրա վասալի միջև: Այդ նպատակով կայսրը Կ.Պոլիս ու Ալեքսանդրիա ուղարկեց գեներալ Մուրավյովին, որն արդեն կատարել էր պատասխանատու դիվանագիտական հանձնարարություններ Արևելքում: Կայսրը տալով համապատասխան հանձնարարականներ և հրահանգներ, ասում էր, որ Մուրավյովին անհրաժեշտ է վստահություն ներշնչել սուլթանին, վախ ու սպառնալիք՝ եգիպտական փաշային: Միաժամանակ սևծովյան նավատորմի հրամանատար ծովակալ Գրեյգին կարգադրվեց Թուրքիայի ափեր շարժվելու համար նախապատրաստել 5 գծանավ ու 4 ֆրեգատ: Մուրավյովը եղավ և՛ Կ.Պոլսում, և՛ Ալեքսանդրիայում, բայց նրան չհաջողվեց հաշտեցնել հակամարտող կողմերին: Ճիշտ է, ռուսաց կայսրի պաշտոնական ներկայացուցչի մասնկացությամբ Մուհամեդ Ալին նամակ գրեց իր որդուն՝ Իբրահիմին, եգիպտական բանակի հրամանատարին՝ կարգադրելով նրան կանգնեցնել շարժումը Կ.Պոլսի վրա: Սակայն երբ Մուրավյովը վերադարձավ կայսրության մայրաքաղաք, եգիպտական հեծելազորի առաջապահ ջոկատները գտնվում էին Կ.Պոլսից 200 կմ հեռավորության վրա: Հավանաբար, Իբրահիմը չէր նախապատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները, համոզված լինելով, որ հայրը չի պարտադրի կանգնեցնել հարձակումը, որ նամակը պարզապես դիվանագիտական մարտավարություն է ահեղ կայսրի ներկայացուցչին հանգստացնելու համար:
Սուլթան Մահմուդ II-ը իրատեսորեն պատկերացնելով վտանգը, շտապեց օգնություն խնդրել Մուրավյովից: Հատկանշական է, որ Օսմանյան Թուրքիային աջակցելու առաջարկությամբ մինչ այդ, արդեն հանդես էր եկել ռուս գեներալը, որը, սակայն, սուլթանի տատանումների պատճառով չէր արժանացել նրա հավանությանը: Ռուսաստանի վճռորոշ դիրքորոշումը կայսրից աջակցություն ստանալու վերաբերյալ, սուլթանի խնդրանքը անհանգստացրին Կ.Պոլսում արևմտյան տերությունների դեսպաններին, որոնք շտապեցին համոզել սուլթանին հրաժարվել այդ որոշումից, հավաստելով, թե իրենք ամենակարճ ժամկետում Եգիպտոսի կառավարչի հետ ունեցած հակամարտությունը կկարգավորեն խաղաղ ճանապարհով: Դեսպանների նման մարտավարությունն է՛լ ավելի սրեց արևելյան ճգնաժամը, քանզի սուլթանը սկսեց տատանվել և անգամ փորձեց փոխել իր դիրքորոշումը: Ավելին, նրանց ճնշման և ազդեցության ներքո սուլթանը ռուսաց դեսպանորդ Բուտենևին խնդրեց տեղեկացնել իր կայսրին, որ նա չանհանգստանա Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հարցում: Դեռևս 1833թ. հունվարին Բուտենևը արտգործնախարար Նեսսելրոդեին հղած զելուցագրում նշում էր, թե սուլթան Մահմուդ II-ի վիճակն այնքան ծանր էր, որ նա օգնություն էր աղերսում ռուսաց կայսրից: Այժմ Անգլիայի, Ֆրանսիայի դեսպանների ճնշման տակ, որոնք սկզբնական շրջանում չէին ընդառաջում սուլթանի խնդրանքներին, նա անսպասելիորեն փոխեց իր մտադրությունը և դիմեց ռուսաց դեսպանորդին Բոսֆորից ու Կ.Պոլսի շրջանից դուրս բերել իր երկրի ցամաքային զորքերն ու նավատորմը: Ընդ որում, սուլթանը կամ «պարզամտորեն», կամ էլ «բարեհոգաբար», իսկ միգուցե «միամտորեն» ասաց, որ այդպիսին էր Կ.Պոլսում Ֆրանսիայի ներկայացուցչի ցանկությունը: Բուտենևը տատանվում էր. նա նույնիսկ պատրաստ էր կատարել օսմանյան տիրակալի խնդրանքը, բայց ավելի ուշ ստանալով Ավստրիայի դեսպանի աջակցությունը, փոխեց իր որոշումը:
Բուտենևը չափազանց զուսպ պատասխանեց, որ ռուսաց ռազմանավերն արդեն դուրս են եկել նավահանգստից, գտնվում են բաց ծովում և անհնարին է նրանց վերադարձնել Սևաստոպոլ: 1833թ. փետրվարի 20-ին ռուսական 9 ռազմանավեր անցան Բոսֆորը և խարիսխ գցեցին սուլթանի պալատից ոչ հեռու:
Մի քանի օր անց լուր ստացվեց, որ Զմյուռնիայում Մուհամեդ Ալու կողմնակիցները ապստամբություն են բարձրացրել, իսկ այնուհետև ավելի տագնապալի տեղեկություն. եգիպտական նավատորմը մոտենում է Դարդանելին: Ռազմաքաղաքական իրադրությունը գնալով սրվում էր, իսկ արևելյան ճգնաժամը՝ խորանում:
Ֆրանսիայի դեսպան ծովակալ Ռուսսենը Անգլիայի դեսպանի անմիջական պաշտպանությամբ սպառնալից տեղեկացրեց, որ եթե ռուսները գրավեն Կ.Պոլիսը, ապա իրենք անմիջապես կթողնեն մայրաքաղաքը: Սուլթանին դժվար չէր կռահել, որ հրաժարվելու դեպքում Անգլիան ու Ֆրանսիան կպաշտպանեն Մուհամեդ Ալուն: Սուլթանն առաջարկեց դեսպանին անհապաղ ստորագրել պաշտոնական փաստաթուղթ-պարտավորություն եգիպտական խռովարարների դեմ պայքարում իրեն պաշտպանելու մասին: Թեև Ռուսսենը ստորագրեց ռեյս-էֆենդու հետ նման պարտավորություն, բայց այն մնաց որպես սոսկ թղթի կտոր: Ֆրանսիայի դեսպանի նման դիվանագիտական մարտավարությունն այնքան պարզունակ էր, որ սուլթանն անմիջապես հասկացավ, ինչպես նրա, այնպես էլ Անգլիայի դեսպանի նպատակները: Սուլթանը համոզվեց, որ դեսպանները ցանկանում են ոչ թե օգնել իրեն, այլ պարզապես հեռացնել իրենց համար խիստ վտանգավոր ու անցանկալի ռուսաց ռազմանավերը Բոսֆորի ափերից և Կ.Պոլսի մատույցներից: Նա էլ իր հերթին փորձեց ճնշում գործադրել և ուղղակի վախեցնել դեսպաններին և հայտնեց, որ նորից կդիմի Բուտենևին, իսկ թուրքական նախարարները նրա անունից շտապեցին տեղեկացնել դեսպանին՝ ռուսաց նավատորմը մնալու է նեղուցներում: Անվիճելի է, որ սուլթանը վճռական այս քայլը կատարեց վերջին պահին, երբ սպառվել էին խռովարար փաշայի դեմ պայքարի հնարավոր մյուս բոլոր միջոցները: Այդ է վկայում անգլիական դեսպանի հարցը, թե ինչպե՞ս սուլթանն ընդհանրապես կարող էր այդպիսի պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ և օգնություն ընդունել ռուսաց կայսրից, որին դիվանի անդամներից մեկը տվեց պատկերավոր ու դիպուկ պատասխան: «Երբ մարդը խեղդվում է և իր առջև տեսնում է օձին, ապա նրանից էլ է կառչում, միայն թե ջրահեղձ չլինի»: Այս պատասխանը ոչ միայն պատկերավոր էր, այլ իրատես, որը լիովին բացահայտում էր անգլո-ֆրանսիական կառավարող շրջանների դիրքորոշումը: Եվ ծովակալ Լազարևի գլխավորած ռուսաց ռազմանավերը մնացին Բոսֆորում, իսկ ապրիլի 2-ին երևացին ռուսական նոր ռազմանավեր և ափ իջան ոչ պակաս, քան 14 հազար ռուս զինվոր: Այսպես ռուսաց ռազմանավերը խարիսխ գցեցին Կ.Պոլսի Բույուկ-դերե դիվանագիտական թաղամասի դիմաց, որից անգլո-ֆրանսիական դիվանագիտությունն էլ ավելի խուճապահ եղավ: Ինչ վերաբերում է Ավստրիային, ապա նրա քաղաքական դիրքորոշումը շարունակում էր հիմնականում մնալ ռուսանպաստ: Ավելին, ռուսաց դիվանագիտության բոլոր գործողությունները բոսֆորյան դեպքերի ժամանակ, իսկ այնուհետև ռուս-թուրքական պայմանագրի կնքման գործընթացում աջակցություն էր գտնում Ավստրիայի կողմից: Ավստրիայի կանցլեր Մետերնիխը «ծափահարում էր» ռուսաց դեսպանորդին, նրա ճկունության ու զսպվածության համար, ձգտելով դրանով իսկ ընդգծել իր լոյալությունն այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում Կ.Պոլսում ռուսաց կայսրի և սուլթանի ներկայացուցիչների միջև: Մետերնիխը նման հրահանգներ էր տվել իր դեսպաններին՝ ավստրիական կայսրությունը Եվրոպայի մյուս տերությունների համեմատությամբ ավելի շատ էր շահագրգռված Բալկաններում պաշտպանել քաղաքական ստատուս քվոն, որն էլ ենթակայական ու առարկայական գործոններ էր ստեղծում ռուսաց դիվանագիտության համար ձեռք բերելու հեղինակավոր և ազդեցիկ դաշնակից: Ռուսաց կայսրը ուժեղացնելով իր ռազմաքաղաքական ազդեցությունը Կ.Պոլիս, սուլթանին կից որպես արտակարգ և լիազոր դեսպան ուղարկեց Օռլովին: Հետևաբար օսմանյան պետության մայրաքաղաքում էին գտնվում ռուսաց դեսպանորդ Բուտենևը, փոխծովակալ Լազարևը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մուրավյովը: Վերջինս թողել է մանրամասն և հետաքրքիր հիշողություններ: Նա նկարագրում է, թե ինչպես Օռլովին փայլուն կերպով հաջողվեց ներդաշնակել և կոորդինացնել Ռուսաստանի պաշտոնական երեք ներկայացուցիչների գործառույթները:
Ռուսաց կայսրի հստակ գործողությունները այլընտրանքի առաջ կանգնեցրին Անգլիային ու Ֆրանսիային: Նրանք պետք է կամ խռովարար փաշայից փրկեին սուլթանին, կամ էլ հաշտվեին Կ.Պոլիսը սուլթանի համաձայնությամբ ռուսներին հանձնելու մտքի հետ, որը, իհարկե, անհավանական էր, թերևս՝ բացառված: Իր հիշողություններում Մուրավյովը մանրամասնորեն նկարագրում է անգլո-ֆրանսիական դիվանագիտության համատեղ գործողությունների մասին և նշում, որ ֆրանսիական նավատորմը եկավ Զմյուռնիա, իսկ Անգլիայից դրան միանալու համար շարժվեց 8 գծանավ: Մուրավյովը Եվրոպայի երկու հզոր տերությունների ծայրահեղ գործողությունները համարում է միանգամայն օրինաչափ, որովհետև սուլթանի վստահության աճը Ռուսաստանի նկատմամբ առաջացրել էր հասկանալի անհանգստություն, քանզի «մենք մեր ազդեցությունը տարածում էինք, առանց արյունահեղության և առանց հաղթանակի տիրանում էինք նեղուցներին»: Անգլիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները բանակցություններ սկսեցին Մուհամեդ Ալու հետ և պահանջեցին նրանից ենթարկվել սուլթանին՝ մերժման դեպքում սպառնալով ռազմանավեր ուղարկել, որը ինչպես և սպասվում էր, առաջացրեց փաշայի զարմանքն ու դժգոհությունը: Ի վերջո, ճգնաժամը հաղթահարվեց. եգիպտական զորքերը վերադարձան Եգիպտոս, Կ.Պոլիսը փրկվեց: Սակայն բոլորի, առանձնապես սուլթանի համար հասկանալի էր, որ ահեղ վասալ փաշան վախեցավ ոչ այնքան անգլո-ֆրանսիական միացյալ ռազմախմբից, որքան ռուսական ռազմածովային և ցամաքային ուժերից, որոնք կանգնած էին Բոսֆորի փոքրասիական ափերին: Սուլթանը ցնծության մեջ էր: Նրան առավելագույնս հիացրեց կոմս Օռլովի հայտարարությունը, թե Օսմանյան կայսրության փրկիչները մտադրված են թողնել բարեկամական Թուրքիայի ափերը և վերադառնալ Սևաստոպոլ: Օռլովը հերթական անգամ հաջողությամբ կատարեց իր դիվանագիտական առաքելությունը վերստին արժանանալով կայսրի կատարյալ բարեհաճությանը՝ ապացուցելով, որ ինքը ոչ միայն փայլուն դիվանագետ է, այլև արևելքին քաջատեղյակ նշանավոր գործիչ: Եվ օրինաչափ է, որ Նիկոլայ I-ը արևելյան հերթական ճգնաժամի հաղթահարման նպատակով նորից դիմեց Օռլովի ծառայությանը: Նրա բնավորության հաստատակամությունը և վճռականությունն, արտաքին շիտակության, բարյացակամության և մատչելիության հետ մեկտեղ հնարավորություն ընձեռեցին շահելու դիվանի անդամների և անձամբ սուլթանի հարգանքը:
Օռլովը անդրադառնալով իր դիվանագիտական մարտավարությանը, նշում էր, որ Բարձր դռան հետ հարաբերություններում հարկադրված էր մի ձեռքով փաղաքշել, բարեհաճություն ցույց տալ, մյուսը՝ սեղմել բռունցքի մեջ, որի շնորհիվ ինքը կարողացավ ապահովել երջանիկ հաջողություն: Դիվանագիտական տաղանդը և անձնական հմայքը հերթական անգամ օգնեցին Օռլովին՝ կատարելու ռուսաց արքունիքի և անձամբ կայսրի կարևորագույն քաղաքական հանձնարարությունը: Հետևաբար միանգամայն օրինաչափ է, որ ռուսաց պատմադիվանագիտական գրականությունը Ունքյար Իսքելեսիի պայմանագրի կնքումը սերտորեն առնչում է Օռլով-դիվանագետի փայլուն գործունեության հետ: Օռլովի հիմնական նպատակն էր կնքել ռուս-թուրքական դաշնակցային պայմանագիր, որը մշակվել էր Պետերբուրգում և արժանացել էր կայսրի հավանությանը: «Երբեք ոչ մի բանակցություն Կ.Պոլսում չի վարվել առավել գաղտնիությամբ, ոչ էլ ավարտվել ավելի մեծ արագությամբ»,- վկայում էր ռուս դիվանագետ Բրունովը:
Սուլթան Մահմուդ II-ին կայսրի հղած նամակում մատնանշվում էր, որ Բոսֆորում ռուսաց ռազմանավերի երկու ամիս գտնվելուց հետո հասել է ժամանակը մտածելու «կայուն և պատվավոր» համաձայնագիր կնքելու մասին: Ռուսաց կայսրը ցանկություն ուներ այս ծրագիրը դարձնել իրականություն: Հետագայում Նեսսելրոդեն հավաստում էր, որ պայմանագիրը Ռուսաստանին առաջարկել է Թուրքիան, իսկ սուլթանին ուղարկված կայսրի նամակը չէր հակասում այս տարբերակին: Սակայն այդչափ արագ ու ռուսաց դիվանագիտության համար ակնհայտ նպաստավոր պայմանագրի կնքումը հարկադրեց եվրոպական տերությունների դիվանագետներին կասկածել սուլթանի բարի կամք դրսևորելու մեջ: Նրանց կարծիքով այն կնքվել է ռուսաց ահեղ հրանոթների փողաբերանների ներքո, որոնց սպառնալիքի տակ սուլթանը ոչ առանց հիմքի պարտադրված էր ընդունել Ռուսաստանի պահանջները: Այս առումով հիշարժան է Անգլիայի արտգործնախարար Պալմերստոնի դիրքորոշումը, որը խիստ դժգոհ էր Ավստրիայի կանցլեր Մետերնիխից, քանզի վերջինս նույնպես պնդում էր, թե պայմանագիրը առաջարկել է Ռուսաստանին Բարձր դուռը, մինչդեռ անգլիացի դիվանագետի կարծիքով, տեղի է ունեցել ուղիղ հակառակը: Նկատի ունենալով Անգլիայի ու Ֆրանսիայի դիրքորոշումը, Բարձր դուռը այդ տերությունների դեսպաններին հղած հայտագրում հիմնավորում էր ցանկացած պետության, հատկապես բարեկամական տերության հետ իր ցանկությամբ ազատորեն պայմանագիր կնքելու իրավունքը: Ռուսաց դիվանագիտությունը նպատակ ունենալով անգլո-ֆրանսիական դեսպաններին ապացուցել դաշնակցային պայմանագրի կնքման կամավորությունը, սուլթանի պաշտոնական համաձայնությունը ստանալուց հետո որոշեց իր նավախումբը դուրս բերել Բոսֆորի ափերից:
Ունքյար-Իսքելեսիի (նշանակում է «թագավորական նավակայան») պայմանագիրը կնքվեց 1833թ. հուլիսի 8-ին, որը բացառիկ իրադարձություն էր ռուս-թուրքական ռազմաքաղաքական ու միջպետական դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ: Երկու կողմերը պարտավորվում են «փոխադարձաբար հասցնել էական օգնություն և ամենագործուն օգնություն» (հոդված 1): Երկրորդ հոդվածը հաստատում է Ադրիանապոլսի հաշտության պայմանների և նախորդ տարիներին կնքված ռուս-թուրքական բոլոր համաձայնագրերի անխախտությունը: Երրորդ հոդվածով Ռուսաստանը պարտավորվում էր իր ցամաքային ու ծովային ուժերով անհրաժեշտ օգնություն ցույց տալ Թուրքիային: Թուրքիան ազատվում էր Ռուսաստանին օգնելու պարտավորությունից, բայց դրա փոխարեն պայմանագրի հատուկ գաղտնի հոդվածի համաձայն՝ պարտավորվում էր փակել բոլոր օտարերկրյա ռազմանավերի անցումը Դարդանելի նեղուցով: Դա կազմում էր պայմանագրի հիմնական կետը և գլխավոր բովանդակությունը: «Երեկ ստորագրվեց պաշտպանական պայմանագիր այն ձևով, ինչպես ինձ կարգադրվել էր Պետերբուրգից: Ինձ վիճակվեց պայքարել թուրքերի հիմարության և հատկապես օտարերկրյա խարդավանքների դեմ»,- գրում էր Օռլովը պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո: Արևմտյան տերությունները չէին թաքցնում իրենց դժգոհությունը և թշնամանքը, իսկ Լոնդոնի «Թայմսը» պայմանագրին տվեց «անամոթ» անվանումը:
Ֆրանսիայի թագավորի ու Անգլիայի արտգործնախարարի համար պայմանագրի կնքումը կատարյալ անակնկալ էր, որոնք չէին թաքցնում իրենց խիստ բացասական վերաբերմունքը: Անգլիան ու Ֆրանսիան բողոքի հայտագիր ներկայացրին Թուրքիային, բայց սուլթանը հիմք ընդունելով ստորագրված փաստաթղթի խաղաղ բնույթը, անհիմն էր համարում այդ տերությունների ներկայացուցիչների բողոքը: Ավելին, սուլթանն իր անկեղծ շնորհակալությունը հայտնեց ռուսաց կայսրին Օսմանյան կայսրությանն ամենածանր ժամանակ հույժ կարևոր օգնության համար: Անգլիան ու Ֆրանսիան ինքնին հասկանալի է, չբավարարվեցին սոսկ բողոքի հայտարարագրեր ներկայացնելով: Այդ տերությունների կառավարող շրջանները ռուս-թուրքական պայմանագրին պատասխանեցին մի շարք թշնամական գործողություններով, որոնք էլ ավելի էին սրում քաղաքական ճգնաժամը: Անգլո-ֆրանսիական ռազմախումբը ցուցադրաբար պարեկում էր Դարդանելի նեղուցի մոտակայքում, իսկ Պետերբուրգում Անգլիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները պաշտոնապես տեղեկացրին, որ իրենք չեն կարող ճանաչել Ունքյար-Իսքելեսիի պայմանագիրը և կգործեն այնպես, ինչպես այն ժամանակ, երբ գոյություն չուներ հիշատակված պայմանագիրը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մերժելով այդ չհիմնավորված հայտագրերը, ոչ առանց հեգնանքի ընդգծում էր, որ նա կպահպանի Թուրքիայի հետ կնքված պայմանագրի կետերն այնպես, «եթե գոյություն չունենային անգլիական ու ֆրանսիական գործերի հավատարմատարների հայտագրերը»:
Դարդանելի նեղուցի փակումը ոչ սևծովյան տերությունների ռազմանավերի համար զգալիորեն ապահովում էր Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգությունը, իսկ սևծովյան նեղուցների համատեղ պաշտպանությունը նրան հնարավորություն էր տալիս փակել թշնամու ռազմանավերի մուտքը նույնիսկ պատերազմի ժամանակ:
Ունքյար-Իսքելեսիի պայմանագրի կնքումը, որի ժամկետը 8 տարի էր, անշուշտ, ռուսաց դիվանագիտության անվիճելի հաղթանակն էր, որի նշանակությունը կարևորվում էր այն հանգամանքով, որ ձեռք բերվեց առանց որևէ կրակոցի, ուժի ու բռնության գործադրման: Այս ամենը վկայում էր Ռուսաստանի հզորության ու քաղաքական ազդեցության ուժեղացման մասին Մերձավոր Արևելքում: Իհարկե, այս պայմանագիրը չէր սահմանափակում օսմանյան տերության ինքնիշխանությունը:
Կ.Պոլսում դիվանագիտական հաջող առաքելության համար կոմս Օռլովը ստացավ գեներալի աստիճան ու արժանացավ կայսրի ընդունելությանը գվարդիական զորքերի զորահավաքի ժամանակ Կրասնոյե Սելոյում: Հատկանշական է, որ սուլթան Մահմուդ II-ը Օռլովին նվիրեց շողակներով զարդարված իր դիմանկարը: Եվրոպական տերությունները Ունքյար Իսքելեսիի պայմանագիրն ընդունեցին նախանձախնդիր կասկածամտությամբ: 1833թ. «մեծ վախը» հարկադրեց Անգլիային գործի դնել իր դիվանագիտական հարուստ զինոնոցը, որպեսզի Ռուսաստանին դուրս մղի Հարավարևելյան Եվրոպայից կամ գոնե զգալիորեն թուլացնի նրա քաղաքական ազդեցությունը և գերիշխանությունը նեղուցներում: Անգլիայի կառավարությունն այս պայմանագիրը գնահատեց որպես բրիտանական դիվանագիտության պարտություն Թուրքիայում: Ավելին, Անգլիան փորձեց պայմանագիրը հայտարարել «գոյություն չունեցող»: Սակայն Ռուսաստանն այս կարևոր հիմնախնդրում գրավեց ամուր և կայուն դիրքորոշում ու իր պաշտոնական պատասխանի մեջ առաջարկեց անգլիական կառավարության դիվանագիտական այս յուրատեսակ բողոք-ցույցը համարել «գոյություն չունեցող»: Ի տարբերություն Անգլիայի ու Ֆրանսիայի՝ Պրուսիան և Ավստրիան նպատակահարմար չգտան պաշտոնապես բողոք ներկայացնել ռուս-թուրքական դաշինքի դեմ: Միայն Մետերնիխը բավարարվեց թունոտ արտահայտությամբ, նշելով, թե սուլթանական կառավարությունն այսուհետև դադարում է Բարձր դուռ լինելուց և դառնում է Բարձր դռնապան, այսինքն՝ ռուսաց կայսրի մոտ ծառայող բարապան: Հասկանալի է, որ Մետերնիխի նման բառախաղը նվազագույն չափով էր արտահայտում Ավստրիայի կանցլերի խանդավառությունը և ուրախ տրամադրությունը:
Ունքյար Իսքելեսիի պայմանագիրը Նիկոլայ-դիվանագետի երկրորդ հաղթանակն էր Պալմերստոնի նկատմամբ: Առաջին հաղթանակն անգլիացի ահեղ հակառակորդի դեմ կայսրը ձեռք էր բերել 1832թ., երբ Պալմերստոնը փորձեց Պետերբուրգում Անգլիայի դեսպան նշանակել 1827թ. մահացած վարչապետ Ջորջ Կաննինգի եղբոր որդուն՝ երիտասարդ դիվանագետ Չարլզ Ստրետֆորդ Կաննինգին: Սակայն Նիկոլայ I-ը, պարզելով նրա բացահայտ հակառուսական տրամադրությունները, ձախողեց Պալմերստոնի դիվանագիտական ծրագրերը: Սակայն Ռուսաստանի քաղաքական գերիշխանությունը Մերձավոր Արևելքում և Բոսֆորի ափերին կարճատև եղավ, իսկ հաստատված «անդորրը» ուներ թույլ և խարխուլ հիմքեր: Համեմատաբար խաղաղ «անդորրը» Մերձավոր Արևելքում խախտվեց սուլթանի ու եգիպտական փաշայի միջև ծագած նոր հակամարտության պատճառով, որը վերստին գրավեց եգիպտական մեծ տերությունների ուշադրությունը:
Թուրքական սուլթանը հեռացրեց Եգիպտոսի կառավարիչ, իր վասալ Մուհամեդ Ալուն պաշտոնից և փորձեց վերագրավել փաշայի փաստական գերիշխանության տակ գտնվող Կիլիկիան ու Սիրիան: Սակայն Մուհամեդ Ալին ոչ միայն հրաժարվեց ենթարկվել սուլթանի հրամանին, այլ իր տրամադրության ներքո ունեցած զինված ուժերն ուղղեց Թուրքիայի դեմ: Երկու շաբաթ անց թուրքական նավատորմը և զորքերը ջախջախվեցին, սուլթանի ռազմանավերը հանձնվեցին փաշային, իսկ սուլթանը մահացավ՝ գահը թողնելով իր 16-ամյա որդուն՝ Աբդուլ-Մեջիդին: Եգիպտոսի փաշային այս անգամ էլ, ընդ որում, ավելի մեծ եռանդով պաշտպանեց Ֆրանսիան: Մերձավորարևելյան նոր ճգնաժամի հենց սկզբից ռուսաց դիվանագիտությունը մերժեց հակամարտությանը եվրոպական տերությունների կողմից համատեղ միջամտելու բոլոր առաջարկները: Դրանով ռուսաց կայսրը վերջին անգամ ձախողեց այս հիմնահարցի շուրջ միջազգային խորհրդաժողով հրավիրելու եվրոպական տերությունների մտադրությունները: Սակայն սուլթանի ծանր պարտությունը, ապա մահը, ռազմաքաղաքական հետագա գործընթացները ռուսաց դիվանագիտությանը հարկադրեցին ստեղծված իրադրությունը գնահատել իրատեսորեն և վտանգավոր ու տագնապալի միջադեպն արագ հաղթելու նպատակով փոխել իր մարտավարությունը: Եգիպտացիների կատարյալ հաղթանակը և հատկապես Ֆրանսիայի դիրքերի հաստատումը Միջերկրական ծովի արևելյան շրջանում ոչ միայն չէր գոհացնում ռուսաց կայսրին, այլև անհանգստացնում էր Պալմերստոնին, քանզի Մուհամեդ Ալու փորձերը ընդլայնելու իր տարածքները չէին մտնում Անգլիայի ծրագրերի մեջ: Ռուսաց դիվանագիտությունը և անձամբ կայսրը շտապեցին օգտվել անգլո-ֆրանսիական տարաձայնություններից, որպեսզի կանխեն Ֆրանսիայի հնարավոր գերիշխանության հաստատումը Կ.Պոլսում ու մեկուսացնեն Ֆրանսիային միջազգային ասպարեզում: Լոնդոնում Ռուսաստանի նոր դեսպան Բրունովը խորհուրդ էր տալիս Նիկոլայ I-ին Ֆրանսիային մեկուսացնելու նպատակով էլ ավելի մերձենալ Անգլիայի հետ, հնարավորություն ստեղծել կնքելու ամուր և կայուն համաձայնագիր: Փոխելով իր մարտավարությունը՝ ռուսաց դիվանագիտությունը որոշեց ոչ միայն մասնակցել, այլև նպաստել դիվանագիտական բարձր հավաքին, ցանկանալով այն անցկացնել ոչ թե Վիեննայում, այլ Լոնդոնում:
Բայց ռուսաց դիվանագիտությունը չընդունեց Օսմանյան կայսրության անկախության երաշխիքներն ապահովող նախապես մշակված նախագիծը, քանզի Թուրքիայի ինքնուրույնության պահպանման պատրվակի մեջ Նեսսելրոդեն իրավացիորեն տեսավ Ռուսաստանի դեմ ուղղված անգլո-ֆրանս-ավստրիական եռյակ նոր խմբավորման ձևավորման վտանգ, որը կարող էր հաստատվել հրավիրվող դիվանագիտական խորհրդաժողովում: Ռուսաց դիվանագիտությունը հեշտությամբ կռահեց Պալմերստոնի և նրա քաղաքական համախոհների հեռահար նպատակները՝ Թուրքիային ենթարկել Անգլիայի ազդեցությանը, թուլացնել Ռուսաստանի քաղաքական գերիշխանությունը Օսմանյան կայսրությունում: Բայց Նիկոլայ I-ը, Նեսսելրոդեն, եվրոպական տերությունների մայրաքաղաքներում ռուսաց դեսպանները համոզված էին, որ ստեղծված ռազաքաղաքական իրադրության մեջ անիրատես են դիվանագիտական բոլոր հնարավոր գործառույթները թարմացնելու և վերահաստատելու Ունքյար-Իսքելեսիի պայմանագիրը: Չէր հապաղում հատկապես անգլիական դիվանագիտությունը, որը Պալմերստոնի գլխավորությամբ հետևողականորեն պայքարում էր վերանայել Ունքյար-Իսքելեսիի պայմանագիրը, մանավանդ որ 1841թ. լրանում էր ռուս-թուրքական դաշնության 8-ամյա ժամկետը: Պալմերստոնը համոզված էր, որ Թուրքիան նույնպես մեծ ցանկություն չուներ պահպանել իր հզոր հովանավորողի և դաշնակցի արտոնյալ քաղաքական դիրքը Կ.Պոլսում, քանզի արդեն վերացվել էր Մուհամեդ Ալուց սպառնացող վտանգը, իսկ Ռուսաստանի գերակայությունը նեղուցներում լրջորեն բարդացնում էր Օսմանյան կայսրության միջպետական հարաբերությունները արևմտյան տերությունների հետ: Սուլթանական դիվանագիտության այս անթաքույց քաղաքական վարքագծին քաջատեղյակ Նեսսելրոդեն, զեկուցելով կայսրին, մատնանշում էր, թե անհնարին է, որ Թուրքիան հանդգնի ծովային տերությունների սպառնալիքների ազդեցության ներքո վերահաստատել պայմանագիրը: Ունքյար Իսքելեսիի պայմանագրի վերանայումը անխուսափելի դարձավ հատկապես Օսմանյան կայսրության քաղաքականության պատճառով, որովհետև Թուրքիայի ազատ գործողությունները կաշկանդող փաստաթղթի վերացման մեջ ուժերի նոր հարաբերակցության պայմաններում առաջին հերթին շահագրգռված էր անձամբ սուլթանը, որն այս հիմնախնդրում կարող էր լիովին ստանալ Եվրոպայի թե՛ քաղաքական, թե՛ ռազմական զորեղ աջակցությունը: Հետևաբար Օսմանյան կայսրության և եվրոպական տերությունների շահերը լիովին համընկնում էին, ինչը անհնարին դարձրեց Ունքյար-Իսքելեսիի պայմանագրի պահպանումը: Ռուս-թուրքական միջպետական հարաբերությունների պատմության մեջ դաշնակցային նման համաձայնագրեր կնքվել են երեք անգամ (առաջին երկուսը կնքվել են 1799 և 1805թթ.), որոնց ընդհանուր ժամկետը կազմում էր 15-16 տարի: Մնացած բոլոր պատմափուլերում սուլթանն ըստ էության իր հայեցողությամբ էր տնօրինում Բոսֆորը և Դարդանելը և բնականաբար, գերադասում էր փակել նեղուցները օտարերկրյա ռազմանավերի առջև, թեև առանձին դեպքերում նա թույլատրում էր Ռուսաստանի հակառակորդներին ու թշնամիներին նրա համար անցանկալի օտար ռազմանավերի անցումը Սև ծովով: Հետևաբար Ունքյար-Իսքելեսիի պայմանագրի վերանայումը համարելով անխուսափելի, ռուսաց դիվանագիտությանը, այնուամենայնիվ, մնում էր պայքարել ապահովելու համար Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգությունը՝ լիովին չկորցնել իր քաղաքական ազդեցությունը Թուրքիայում:
Մերձավոր Արևելքում հաստատված ուժերի նոր հարաբերակցությունը հարկադրեց Նիկոլայ I-ին ընդունել Պալմերստոնի մտահղացումը ռուս-թուրքական դաշնակցային պայմանագիրը սևծովյան նեղուցների կարգավիճակի մասին ընդլայնել և այն վերածել տերությունների բազմակողմ համաձայնագրի, որը ինքնին արդեն նշանակում էր ռուսաց դիվանագիտության պարտություն ու քաղաքական ազդեցության նկատելի թուլացում Մերձավոր Արևելքում: Պալմերստոնի քաղաքական ծրագրով նախատեսվում էր Օսմանյան կայսրության անձեռնմխելիությունը երաշխավորել ոչ թե միայն Ռուսաստանի, այլ Եվրոպայի տերությունների համատեղ ուժերով: Ունքյար-Իսքելեսիի պայմանագրի շրջանակների ընդլայնումը նախահիմքեր էր ստեղծում ռուս-թուրքական դաշնակցային համաձայնագիրը չեղյալ դարձնելու համար: Այդպիսի բարենպաստ ռազմաքաղաքական իրադրություն ստեղծվեց Մուհամեդ Ալու նոր արշավանքի ժամանակ, որից էլ շտապեց օգտվել անգլիացի դիվանագետը: Դիվանագիտական նախապատրաստական աշխատանքից հետո 1840-1841թթ. ստորագրվեց լոնդոնյան երկու համաձայնագիր: 1840թ. հուլիսին ստորագրվեց Լոնդոնի առաջին կոնվենցիան, որի համաձայն՝ 4 տերությունները՝ Անգլիան, Ավստրիան, Պրուսիան և Ռուսաստանը երաշխավորեցին Օսմանյան կայսրության ամբողջականությունը և պարտավորվեցին աջակցել սուլթանին համատեղ ռազմական ուժերով, եթե նոր հավակնություններ ներկայացվեն Եգիպտոսի փաշայի կողմից: Ընդ որում, հստակ ընդգծվում էր, որ սևծովյան նեղուցների փակումը օտարերկրյա ռազմանավերի համար կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Բարձր դուռը կխուսափի պատերազմից: Այս համաձայնագիրն ինչ-որ չափով սահմանափակում էր օտար ռազմանավերի հնարավոր մուտքը նեղուցներ՝ դրա մեջ էր ռուսաց դիվանագիտության առավել իրատեսական, թեև ոչ կատարյալ այլընտրանքը: Նիկոլայ I-ը կարող էր բավարարվել այնքանով, որքանով Լուի-Ֆիլիպի՝ Ֆրանսիայի թագավորի դիվանագիտությունը պարտվեց և նույնիսկ կանգնեց քաղաքական հնարավոր մեկուսացման վտանգի առաջ: Իսկապես, Ֆրանսիայի կառավարող շրջանները դժգոհ էին, որ լոնդոնյան կոնվենցիան կնքվեց առանց իրենց դիվանագետների մասնակցության: Փարիզի թերթերը դատապարտում էին Պալմերստոնի ուխտադրժությունը: Ֆրանսիայի վարչապետ Թյերը Անգլիայի դեսպանին հայտարարեց. «Ես միշտ կողմնակից եմ եղել Ֆրանսիայի ու Անգլիայի դաշինքին, ինչո՞ւ, ուրեմն, դուք փշրեցիք այդ միությունը»:
Սակայն անգլո-ֆրանսիական տարաձայնությունները բնավ էլ այդքան խոր չէին, ինչպես կարծում էր ռուսաց կայսրը: Պալմերստոնը չէր ցանկանում խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, որը սպառնում էր պատերազմով, և իզուր էր Նիկոլայ I-ը խոստանում Պալմերստոնին ռազմական օգնություն անգլո-ֆրանսիական զինված պայքարի դեպքում, քանզի Անգլիան հեռու էր Ֆրանսիայի դեմ պատերազմելու մտադրությունից: Իսկապես, Լոնդոնի առաջին կոնվենցիայի ստորագրումից 1 տարի անց Պալմերստոնը հայտարարեց, որ այն պետք է վերանայվի բազմակողմանի նոր պայմանագրով և ունենա ավելի ընդհանուր և մշտական բնույթ: Ընդ որում, Պալմերստոնին հաջողվեց համոզել ռուսաց կայսրին, որ անհնարին է նոր պայմանագիր կնքել առանց Ֆրանսիայի մասնակցության: Նիկոլայ I-ը այս հիմնախնդրում ևս ստիպված եղավ ընդառաջել Անգլիային: Դա Պալմերստոնի հաղթանակն էր Նիկոլայ I-ի հետ ունեցած դիվանագիտական հեռակա և անուղղակի մենամարտում:
1841թ. հուլիսի 13-ին ռուսաց կայսրի համաձայնությամբ կնքվեց մի կողմից Օսմանյան կայսրության ու մյուս կողմից՝ Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջև պայմանագիր Բոսֆոր և Դարդանելի նեղուցների մասին, որի համաձայն՝ որոշվեց փակել նեղուցները բոլոր երկրների ռազմանավերի համար, եթե Թուրքիան չի գտնվում պատերազմի մեջ և, ըստ էության, կրկնում էր Լոնդոնի առաջին կոնվենցիան:
19-րդ դարի 30-ական թվականներին ռուսաց դիվանագիտության լուրջ և ակնառու հաջողություններին հաջորդեցին ոչ պակաս չափով նկատելի սայթաքումները, որոնք պայմանավորված էին առարկայական գործոններով և արտացոլում միջազգային ասպարեզում հաստատված քաղաքական ուժերի նոր հարաբերակցությունը: Թեև եվրոպական դիվանագիտությանը համատեղ ուժերով հաջողվեց հաղթահարել արևելյան ճգնաժամի հերթական փուլը, բայց վերստին ժամանակավորապես, քանզի հաղթահարել առկա սուր հակասությունները վեր էին նրա ուժերից: Ուստի անխուսափելի էին քաղաքական նոր բախումները և ճգնաժամերը ու դրանց արդյունքը՝ համաեվրոպական պատերազմը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
170 reads | 10.04.2023
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com