ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ՍԻՐԻԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
![]() Ինչո՞ւ հենց հիմա, XXI լուսավոր ու առաջադեմ այս դարում, երբ մարդկությունը հասել է զարգացման անհավատալի բարձունքների, վայելում է գլոբալիզացիայի ընձեռած հնարավորությունները, երբ բոլոր պետությունները` մեծ թե փոքր, խոսում են բարձր արժեքների մասին և հավատացնում, թե վերադառնում են հնամենի ու բարի ‹‹Հավասարություն, եղբայրություն, ազատություն›› բաղձալի և անրջային հավատամքին: Ուրեմն որտե՞ղ է թաղված սիրիական ճգնաժամի ‹‹հոտած գլուխը››: ‹‹Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը››,-ասում է ժողովուրդը: Եվ հիմա հիշում են Խորհրդային Միությունը: Ոչ, չեն ափսոսում: Ինչպես մենք, այնպես էլ օտարները` չհաշված Ֆիդելին: Ոչինչ հավերժ չէ այս արևի տակ, այդ թվում նաև հզոր կայսրությունները: Սակայն ‹‹Մեկ վեցերորդը›› փլուզվելով՝ իր տակ թաղեց համաշխարհային երկբևեռ աշխարհաքաղաքական համակարգը, և ամենավտանգավորը` խախտեց միջազգային հավասարակշռությունը, պետություններին կանգնեցնելով լարախաղացի պարանին, որի վրայով քայլելը վտանգաշատ է: Այդ իսկ պատճառով մարդկությունը ![]() Երբ երկրագունդը դարձավ մեկբևեռանի, առաջինը հայտ ներկայացրեց քեռի Սեմը` ամենահզոր երկրի իրավունքով, և Բժեզինսկու բերանով ազդարարեց աշխարհի քարտեզի վերաձևավորման մասին: Հետևանքը`Բալկաններ, Իրաք, Լիբիա… Իսկ Ռուսաստա՞նը: Ելցինի շրջանի միջազգային մարգինալացումից քաղաքական շփոթությունից, հասարակական կյանքի խառնափնթորությունից սթափվելով` պուտինյան Ռուսաստանն սկսեց աշխարհի հետ խոսել, թեկուզ թուլացած, սակայն մեծ տերության լեզվով, որ չի կարելի իրեն անտեսել և անհնար է շրջանցել համաշխարհային գործերը որոշելիս: ![]() Սիրիան հայտնվել է ուժեղների հակամարտության կիզակետում: Երբ մեծերը կռվում են, փոքրերն ընկնում են ոտքի տակ: Ուրեմն սիրիական ճգնաժամի առաջին բաղադրիչը գերտերությունների շահերի բախումն է տարածաշրջանում: Չմոռանանք ‹‹Արաբական գարունը››: Սխալ է այն տեսակետը, թե սիրիական ճգնաժամը կապված չէ Եգիպտոսում սկիզբ առած գործընթացի հետ: Այն, ինչ կատարվում է ողջ տարածաշրջանում, համակարգված քաղաքական, տնտեսական ու ռազմական խորը մտածված և ծրագրավորված օպերացիա է, որի ալֆան եթե սկիզբ է առնում Կահիրեում, օմեգան վերջանում է Թեհրանում: Աշխարհի խոշոր մայրաքաղաքների դիվանագիտական ու հետախուզական կենտրոններում մշակված ծրագրերի հիմքում ընկած են նավթի, էներգիայի աղբյուրների և դրանց տեղափոխման ուղիների խնդիրները: Այնպես որ, անողոք պայքարը շարունակվելու է: Չնայած Սիրիան հարուստ չէ նավթով և գազով, սակայն ‹‹պատահաբար›› գտնվում է դրանց վերաբաշխման քառուղիներում: Սա` մյուս բաղադրիչը: ![]() Իսլամիստական ծայրահեղականները հաջորդ, թերևս, ամենավտանգավոր բաղադրիչն են սիրիական ճգնաժամում: Մնացյալը սիրիական ոդիսականում ածանցյալ է: Լիբանանում գործող իրանական ‹‹Հըզբոլլահ›› շիա ռազմական միավորումը, որն առանց թաքցնելու հանդես է գալիս Իսրայելի ֆիզիկական գոյության դեմ և փաստորեն կռվում է Ասադի կողքին, վտանգավոր թիրախ է Սիրիայի համար: Թել Ավիվի անցյալ շաբաթվա ավիառմբակոծումներն ուղղված էին հենց ‹‹Հըզբոլլահի›› դեմ: Ոչ մի երաշխավորություն չկա, որ դրանք չեն կրկնվի և պատճառ չեն դառնա տարածաշրջանային լայնամասշտաբ ռազմական բախումների: ‹‹Հըզբոլլահի›› ներկայությունը Սիրիայում նրա ճգնաժամի բաղադրիչներից է: Սիրիայի քաղաքացիական պատերազմում (կասկածել պետք չէ, որ եղածը պատերազմ է) ամեն մեկն իր մեղքի բաժինն ունի: Մյուս կողմից, լայնամասշտաբ տեղեկատվական հոսանքի առկայությունն իր հերթին դժվարացնում է օբյեկտիվ գնահատել իրադրությունը: DIPLOMAT.AM կայքը փորձում է դա անել: ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ արտակարգ և լիազոր դեսպան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2130 reads | 13.05.2013
| |