ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՈՒՂԵՂՆԵՐԸ
![]() Բալթյան ֆեդերալ համալսարանի դասախոսական կազմի և ուսանողության հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քիմիկակենսաբանական ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վանագը (նա աշխատում էր Բոստոնում և վերջերս էր վերադարձել հայրենիք) նշեց, որ ճանաչում է մի քանի տասնյակ գիտնականների, որոնք պատրաստ են վերադառնալ: Նրա խոսքով, արտասահմանում մնալու պատճառը Ռուսաստանի ցածր աշխատավարձներն են: «Եթե նրանք վերադառնում են այնպես, ինչպես ես վերադարձա, կստանան սովորական աշխատավարձ, որը շատ քիչ է: Եթե գոյություն ունենար ինչ-որ հատուկ ծրագիր, որը թույլ տար հայրենադարձող գիտնականներին վճարել ամսական թեկուզ 60 հազար ռուբլի, ապա լավ խթան կլիներ վերադարձի համար», - ասել է ինստիտուտի տնօրենը: Իր հերթին նախագահն ընդգծեց, որ այդպիսի ծրագիր գոյություն ունի: Բայց, նրա խոսքերով, դա կարող է բավարար չլինել: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի այսպես կոչված սփյուռքի մեր մարդիկ, որոնք, ինչպես դուք, մեկնել են, նորից վերադառնան… Միայն նրանք պետք է վերադառնան, ովքեր այստեղ ևս կարող են աշխատել նույն արդյունավետությամբ, ինչպես այնտեղ: Իսկ հենց այնպես, առանց ընտրության, վերցնել և նրանց վճարել ավելին, քան մեր սովորական և իրենց լավ դրսևորած գիտնականներն են ստանում, արդար չի լինի» ,– նշել է Պուտինը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում գոյություն ունի գրանտային աջակցության համակարգ, որն աշխատում է բավական արդյունավետ: «Դրանք գրանտներ ու մեգագրանտներ են, որոնք ստանում են մարդիկ, ովքեր ապացուցում են, որ ի վիճակի են լավ արդյունքների հասնել: Նման գրանտներ ստացել է 77 գիտնական» ,–ավելացրել է ՌԴ նախագահը: Diplomat.am | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1324 reads | 12.05.2013
| |