ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ Է ՔՆՆԱՐԿԵԼ
![]() Իրանի արտգործնախարարը գոհ է Հայաստանի վարած արտաքին քաղաքական կուրսից, շնորհակալություն հայտնելով նաև Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ մեր երկրի դիրքորոշումից: Հարևանները պետք է աջակցեն իրար և փորձեն համատեղ լուծել խնդիրները, շեշտում է Մուհամադ Ջաֆադ Զարիֆին՝ նշելով հայ-իրանական քաղաքական, տնտեսական ու միջմշակութային գործակցության հարուստ փորձը: «Իրանն ու Հայաստանը լավ հարևաններ են, և մենք վաղուց ենք ապացուցել, որ Իսլամն ու Քրիստոնեությունը կարող են կողք կողքի խաղաղ ապրել ու բարեկամություն անել, եթե կա փոխադարձ հարգանք: Հայերն ու իրանցիները գործակցում են տարբեր ոլորտներում, և մենք ցանկություն ունենք ընդլայնել այդ գործակցությունը»,-նշում է Զարիֆին: Հայաստանի իր գործընկերոջ հետ իրանցի պաշտոնյան քննարկել է արցախյան հակամարտության ներկա փուլը, ծանոթացել ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական քաղաքականությանը: Իրանը հետաքրքրված է այս կառույցի աշխատանքով և բացառված չէ համագործակցության հնարավորությունը: Իրանի արտգործնախարարի խոսքով, «Հայաստանի և Ռուսաստանի հետ Իրանն ունի ընդհանուր շահեր, և Եվրասիական միություն եկել է ավելացնելու դրանք: Մենք պատրաստակամ ենք գտնել գործակցության շահավետ ուղիներ, համոզված եմ, դրանք կլինեն: Հիմա մենք ուզում ենք կյանքի կոչել Իրան-Հայաստան երկաթուղին, որի շինարարությունը սկսելու համար այսօր էլ բանակցեցինք հայկական կողմի հետ: Ճիշտ է, կան որոշ ֆինանսական խնդիրներ, բայց հուսով եմ, դրանք շուտ կլուծվեն, և մենք կկառուցենք ռազմավարական երկաթուղին»: Մուհամադ Ջաֆադ Զարիֆին ոգևորված է հայկական հյուրասիրությունից և մեր երկրի սահմանը կհատի լավ տպավորություններով ու էլ ավելի լավ պայմանավորվածություններով: Դիվանագիտական առումով երկու հարևան երկրները, ասում է, գերազանց հարաբերություններ ունեն, միջազգային արենաներում ևս կողմերը միմյանց նկատմամբ իրականացնում են հավասարակշիռ և չվնասելու քաղաքական կուրս: Նաիրի Հոխիկյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2495 reads | 28.01.2015
| |