82-ԱՄՅԱ ՃԱՊՈՆՈՒՀԻՆ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՀԵՐՈՍԻՄԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ
![]() Կոնֆերանսին իր ողջույնի խոսքով հանդես եկավ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը. «Ես Ճապոնիա եմ եկել առաջին անգամ 1987 թվականին: Չնայած մեծ արհավիրքին, շատ տպավորիչ էր Հերոսիման: Ես դեսպան եմ դարձել երկու տարի առաջ և երկու անգամ հնարավորություն եմ ունեցել լինել Հիրոսիմայում: Շատ մեծ կարևորություն կա, որ բոլորն այդ ամենը գիտակցեն, այս ամենը փոխանցվի երիտասարդ սերնդին, որպեսզի նման արհավիրքներ երբևէ չկրկնվեն: Իմ խոսքը ուղղում եմ բոլոր երիտասարդներին, ովքեր ներկա են այս դահլիճում»,-ասաց դեսպանը, հավելելով, որ Հիրոսիմայի խաղաղության քարը մոտ ապագայում կտեղադրվի Հայաստանում: Հիրոսիմայի խաղաղության մշակութային կենտրոնից իր տխուր հիշողություններով կիսվեց Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման ողբերգությունը վերապրած 82-ամյա ճապոնուհի Կաջիմոտոն: Տիկին Կաջիմոտոն ծնվել է 1931 թվականին: Ռմբակոծության ժամանակ եղել է տասնչորս տարեկան: Ներկայացնենք ամբողջական պատմությունը ճապոնուհու շուրթերից. ![]() «Օգոստոսի 6-ին շոգ էր, արևը վառում էր և քանի որ չկար վտանգ, ութն անց տասնհինգ րոպեին ես գնացի աշխատանքի: Այդ օրը եղել եմ էպիկենտրոնից 2.3 կմ հեռավորության վրա գտնվող գործարանում, որտեղ պատրաստում էինք ինքնաթիռների համար մասեր... բոլորը աշխատում էին պետության հրամանով: Ես պատուհանից նկատեցի մի կապույտ լույս և հասկացա, որ դա ռումբ է: Ես, իհարկե սարսափեցի և անմիջապես հիշեցի ծնողներիս, երեք եղբայրներիս, տատիկիս, մտածելով, որ կմահանամ: Փակեցի աչքերս և ականջներս, քանի որ մեզ սովորեցրել են, որ ռումբի պայթյունից կարող են մարդու աչքերը դուրս գալ, ականջները խլանալ: Այնպիսի պայթյուն եղավ, ասեց երկիր մոլորակն ամբողջությամբ փուլ եկավ: Ես հայտնվեցի փլատակների տակ և կորցրի գիտակցությունս: Ամբողջը մութ էր և մթության մեջ ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում, սկսեցի շարժել մարմինս, աջ ուսս սկսեց ցավել, որից ես հասկացա, որ ողջ եմ: Ուսս վնասվել էր ապակուց: Որոշ ժամանակ անց նկատեցի ոտքեր, դա իմ ընկերոջ ոտքերն էին, և ես ընկել էի նրա վրա: Մեր ուսուցիչը ասել էր, որ գործարանում կրակ է օգտագործվում, և եթե փլվեց, ապա կարող է պայթյուն լինել և ես հասկացա, որ շատ արագ պետք է փախչել այդտեղից: Փորձում էի ինչ-որ կերպ դուրս գալ, օգնել իմ ընկերներին, սակայն շարժվելու դեպքում գլուխս ցավում էր, մեջքիս վրա ծանրություն էի զգում, իսկ աջ ուսս ավելի ու ավելի էր ցավում և ես մտածում էի, եթե հանկարծ հրդեհվի, ես, որ մասից կայրվեմ, ոտքերից, գլխից, ինչ կզգամ, ինչ ցավ և այդ մտքերից սարսափում էի: Այն ընկերս, որ օգնում էր, ասաց, որ այդտեղից լույս է տեսնում, կարող ենք փախչել: Մենք երկուսով ջանասիրաբար շարժվում էինք, որպեսզի արագ հեռանայինք, բայց նկատեցի, որ ընկերոջս մարմինը ընկավ ներքև, այսինքն` տեղ կար փախչելու, բայց իմ ոտքը դեռ շարունակում էր ցավել: Այդ պահին ինչ-որ մեկը ասաց` Հիրոսիման վերացել է: Փլատակներից դուրս եկած իմ ընկերները հինգ- վեց հոգի էին: Մարմինը սևացած, մաշկը կախված, արյունոտված, բոլորը կիսամարդ էին դարձել: Այն ընկերս, ով իմ տակն էր մնացել և գոռում էր, իր ձեռքն էր վնասված և մենք ոչինչ չունեինք նրան օգնելու համար, ինչպես նաև իմ ոտքն էր վնասվել և իմ տաբատից կտրեցինք և կապեցի ոտքս: Գործարաններում դեռ մնացել էին մարդիկ, ովքեր փլատակների տակ էին, մենք փորձում էինք օգնել, սակայն նրանք, թե’ նստած, և թե’ կանգնած լալիս էին, ասելով` ցավում է, ցավում է, սակայն մենք ոչնչով օգնել չէինք կարողանում: Մի տղա երեխա, իր պոկված ձեռքով մոտեցավ ինձ, ծնկի իջավ ու մահացավ : Ես երբեք չեմ մոռանա այդ տղայի դեմքը: Իսկ մի մայրիկ, ում ձեռքին կար նորածին երեխա, որն արդեն մահացած էր, կարծես կինը խելագարված էր և այսպիսի մարդիկ գալիս էին ու գալիս: Բոլոր մարդիկ, ովքեր փախած գալիս էին, ջուր էին խնդրում, սակայն մեզ սովորեցրել էին, որ երկար ժամանակ ջրազրկված մարդկանց ջուր չտալ, քանի որ այրոցից կարող էին մահանալ, և մենք չէինք տալիս, իհարկե, շատ վատ էր, իսկ այսօր Հիրոսիմայի շատ վայրերում ջուր կա: Մենք տեսանք, որ մեր կողքի տունը այրվում է և մենք բոլորով մեկ-մեկ տեղափոխեցինք վիրավորներին: Այդ ժամանակ ամբողջ քաղաքը դիակների մեջ էր և քայլելուց մենք փորձում էինք այնպես քայլել, որ չտրորեինք նրանց, սակայն մարդիկ կային, որոնց մարմինները մասնատված էին և երբեմն հնարավոր չէր լինում: Մարդիկ, որոնց աչքերն են դուրս եկել, գլուխը չկա, ոտքերը, այդ արյան հոտը, ահավոր էր: Ոչ մեկին չեմ ցանկանա տեսնել նման բան և ես էլ չեմ ցանկանա երբևէ այդ մահով մահանալ… ![]() Քրիստինա Միրզոյան ARAVOT.AM | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1628 reads | 20.07.2013
| |