«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԸ» ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱԳԱՂԻ ՎԵՐՋԻՆ ՄԵ՞ԽՆ Է
![]() ՎԱԼԵՐԻԱ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ Միջազգային
հարաբերությունների մասնագետ
Օրերս Թուրքիայում բռնկված լուրջ իրադարձությունները հիշեցնում են խուզարկուական պատմություն՝ դրան հատուկ ամբողջ կրքով ու դրամատիզմով: Հետևենք դեպքերի հերթականությանը: Դեռևս անցյալ տարվա վերջին Թուրքիայում կոռուպցիոն սկանդալ բռնկվեց «մեծ կաշառք» գործողության շրջանակներում, որի ժամանակ ոստիկանությունը ձերբակալեց մոտ 80 բարձրաստիճան պաշտոնյայի, խոշոր գործարաների, երկրի վարչապետի մերձավորների, նախարարների զավակների: Էրդողանն այդ երևույթին գնահատական տալով՝ այն անվանեց «միջազգային խմբերի», «մութ ուժերի» խարդավանք՝ նկատի ունենալով առաջին հերթին ԱՄՆ-ը և Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած «Հիզմեթ» շարժումը: Դրան ի պատասխան՝ զտումներ սկսվեցին իրավապահպան մարմիններում, իրենց պաշտոններից զրկվեցին գլխավոր դատախազը, նրա տեղակալը, մի քանի հարյուր ոստիկան: Եվ ահա մարտի 30-ին կայանալիք՝ տեղական մարմինների ընտրությունների նախաշեմին, որտեղ խաղադրույք են դրել նաև վարչապետն ու նրա կուսակցությունը, սկսեցին մեջտեղ գալ վարկաբեկող ձայնագրություններ, որոնք ի զորու են կոտրել Էրդողանի հանդեպ ժողովրդի վստահությունը: «YouTube» տեսապորտալում հայտնված ձայնագրությունները 11-րոպեանոց հեռախոսային խոսակցություններ են Էրդողանի և նրա որդի Բիլալի մեջև՝ թվագրված 2013թ. դեկտեմբերի սկզբով, որտեղ Թուրքիայի վարչապետը որդուն խորհուրդ է տալիս տնից մեկ մլրդ դոլարի գումար հանել: Էրդողանի վարչակազմը այդ ձայնագրությունը անվանել է կեղծիք, «անբարոյական մոնտաժ», քաղաքական գործչին վարկաբեկելու փորձ, նաև խոստացել է հետաքննություն անցկացնել և բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչել: Այդ ընթացքում փետրվարի 27-ին համացանցում նոր ձայնագրություն հայտնվեց, ենթադրաբար՝ հեռախոսազրույց Թուրքիայի վարչապետի և նրա որդի Բիլալի միջև: Այս անգամ խոսքը տեղական գործարար Սիտկի Այանից խոշոր չափերի կաշառք ստանալու մասին է, որին կառավարությունն ազատել է Իրանից եկող նոր նավթամուղ կառուցելու հարկերից: Գործարարը, որպիսի ակնկալիքներ ունեն ձայնագրության զրուցակիցները, մտադիր է եղել ԱՄՆ 10 մլն դոլար առաջարկել: Ձայնագրության մեջ Էրդողանը որդուն խորհուրդ է տալիս այդ գումարից հրաժարվել և ավելին պահանջել: Տվյալ ձայնագրությունը դեռևս ոչ ոք պաշտոնապես չի հաստատել, ոչ էլ հերքել են: Արժե նշել, որ այդօրինակ անվանարկող նյութի առկայությունը մի կողմից հաստատում է շրջապատող միջավայրի և քաղաքաշինության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարի խոսքերի իսկությունը, թե վերը նշված հետաքննության ծրագրերում եղած փոփոխությունների մեծ մասը կատարվել է Էրդողանի գիտությամբ: Մյուս կողմից չարժե մոռանալ, որ այդ նյութը հայտնվել է հենց ընտրությունների նախօրեին՝ նախընտրական արշավի ժամանակահատվածում: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ նախ՝ Թուրքիայում աշխուժորեն շարունակվում է կառավարող կուսակցության և Էրդողանի դեմ արշավը, որն աչքի է ընկնում կազմակերպվածության բարձր մակարդակով: Երկրորդ՝ տվյալ գործողությունը սոսկ ձևականորեն է առնչվում տեղական մարմինների ընտրություններին, քանի որ դրանց ելքը կառավարության կազմի վերափոխում չի ենթադրում: Երրորդ՝ ամբողջ արշավն ուղղված է անձամբ Էրդողանի դեմ: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցություն շրջանակներում նույնիսկ խոսք կա, թե վարչապետ Էրդողանի իշխանությունը զրկվել է օրինականությունից: Թուրքիայի 11 քաղաքում միաժամանակ ցույցեր են տեղի ունեցել՝ պահանջելով կառավարության ղեկավարի հրաժարականը: Ավելին՝ հակաէրդողանական արշավ է ընթանում ոչ միայն Թուրքիայում, այլև թուրքական ուրիշ պետություններում, մասնավորապես Ադրբեջանում: Հարցադրումն այն մասին,թե ով է ղեկավարում Թուրքիայում առկա քաղաքական ճգնաժամը, շարունակում է բաց մնալ և բծախնդիր վերլուծություն է պահանջում: Միայն մեկ բան է պարզ՝ Թուրքիան իր նորագույն պատմության բեկումնային պահ է ապրում՝ որոշակիացվում է այն տեղը, որը նա կզբաղեցնի կամ որը համաշխարհային արենայում նրան հատկացրել են որոշակի արտաքին ուժերը: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1646 reads | 28.02.2014
| |