ԿԱՆԳՈՒՆ ԱՍԱԴԸ՝ ՔԱՐՈՒՔԱՆԴ ՈՒ ՄԱՍՆԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՅՈՒՄ
![]() ԻՐԱՆԻ «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ![]() Մեկը մյուսին հաջորդելով՝ Մոսկվա այցելեցին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Անգլիայի վարչապետ Քամերոնը, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ու վերջապես՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը տեսակցեց ՌԴ արտգործնախարար Լավրովին՝ Սոչիում: Մինչ այդ՝ արդեն Լավրով-Քերրի համատեղ մամլուլի ասուլիսում նրանք հայտարարեցին նույն Սիրիական հակամարտության կարգավորման համար նախատեսվող «Ժնև-2» նիստի մասին, որն իբր պետք է կայանա 2013-ի հուլիսին: Այսպիսով՝ ակնբախ են դառնում հակամարտության կարգավորմանը միջամուխ՝ ռուսական ծանրակշիռ ազդեցության գործոնները, երբ հատկապես Դամասկոսի արվարձաններում տեղակայված զինապահեստների դեմ իսրայելական կործանիչների հարձակմանն ի պատասխան՝ Ռուսաստանն ամբողջովին արդարացված համարեց մեկ կողմից՝ Սիրիային նոր «S-300» հակաօդային պաշտպանության համակարգերով օժտելը, իսկ մյուս կողմից՝ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի զինյալ խմբերի աջակցելը, Ասադի իշխանությանը թե՛ «ապստամբ ուժերի» դեմ բախումներում, եւ թե՛ Գոլանի բարձունքներում իսրայելական ուժերին հավանական մարտահրավեր ուղղելու առումներով: Այս գործընթացներից վերջին շաբաթներում առանձնապես լուսանցքայնացած Թուրքիան, ի դեմս Էրդողանի, թեկուզ ծանրագույն գնով (Ռեյհանլիի սահմանակից գյուղաքաղաքի արյունալի պայթյունները, որոնք Թուրքիայի իշխանության դեմ Անկարայում եւ ապա՝ Ստամբուլում բողոքի ցույցերով են ուղեկցվել), վաշինգտոնյան այց նախաձեռնեց, որտեղ Էրդողան-Օբամա միասնական բանաձեւումով՝ Սիրիական հակամարտության կարգավորումը նախատեսելի է «անցումային իշխանության ձեւավորում՝ ընդդիմադիրների մասնակցությամբ եւ առանց Ասադի» տարբերակով... ![]() Ռուսաստանի պատասխան քայլն էլ չուշացավ՝ «Ժնև-2» համաժողովին Իրանի անհրաժեշտ ներկայության բարձրաձայնումով: Այսինքն՝ Ռուսաստանը պատգամում է, որ երբեւե չի հանդուրժելու «Սիրիայից հետո՝ Իրան» այսպես ասած՝ Արեւմուտք-Իսրայելի փայփայած «ճանապարհային քարտեզի» ուրվագիծը: Ահա թե ինչու, նույնինքն Բաշար Ասադը, ամենայն ինքնավստահությամբ (թեկուզ երկրի քարուքանդ եւ քուրդերի ու ապստամբ ուժերի առկայությամբ դե ֆակտո մասնատված վիճակում), մերժում է «ընդդիմադիրներ»-ի հետ երկխոսությունն ու դեռ ավելին՝ համոզված է, որ գալիք՝ 2014 թվականի նախագահական ընտրություններին վերընտրվելու է ձայների ավելի քան 75%-ի գերակշռությամբ... Ու այսպես՝ թվում է, թե «արաբական գարուն»-ի սիրիական երկամյա պատնեշը դեռ երկար է դիմագրավելու Արեւմուտքի, Իսրայելի, Սուննի-Սալաֆիական ճամբարի (Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Կատար) եւ համաշխարհային տեռորիզմի (Ալ Ղայիդա, Թալիբան, չեչեն-ադրբեջանական) ինչքան էլ զավեշտալի, բայց համատեղ գրոհները, որոնք, սակայն, օրեցօր ավելիով են անկանխատեսելի ու միաժամանակ խոցելի դարձնում ողջ տարածաշրջանի առանց այն էլ փխրուն ապագայի անվտանգությունը: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1895 reads | 23.05.2013
| |