ՉԵՂՅԱԼ ԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ. ԲՀԿ
![]() «Սիրելի՛ հայենակիցներ, Ինչպես ես բազմիցս ասել եմ, մեր բոլորի, և անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում: Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ: Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»: Նույն թեմայով հայտարարություն է արել նաև ԲՀԿ քաղաքական խորհուրդը. «Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը` անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար: Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից եւ բախումներից` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը: Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ հասարակության շահերը պաշտպանելու համար»: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1401 reads | 18.02.2015
| |