ԱՐԴՅՈՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԸ ԿՀԱՍՆԻ՞ ԵՎՐՈՊԱ
![]() թուրքագետ, քաղաքական վերլուծաբան ![]() Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը խոստանում է առաջիկա 5 տարում 17 մլրդ դոլարի ներդնում անել Թուրքիայի էներգետիկ հատվածում: Ադրբեջանը նախատեսում է վաճառել Ադրբեջանի պետական նավթային ընկերության բաժնետոմսերի 29 տոկոսը BP, «Statoil» կամ «Total» նավթային կազմակերպություններին: Այժմ Ադրբեջանի պետական նավթային կազմակերպության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ադրբեջանին, իսկ 20 տոկոսը՝ Թուրքիային: Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չեզոք դիրք կգրավի Ադրբեջանից կամ կասպիական ավազանից դեպի Եվրոպա ձգվող բոլոր էներգետիկ նախագծերում, քանի որ դրանք կարող են առաջացնել դժվարլուծելի աշխարհաքաղաքական հակասություններ: Այս տեղեկությունները ապացուցում են, որ Եվրոպան ցանկանում է ադրբեջանական էներգետիկ պաշարները Ադրբեջանի ֆինանսական միջոցներով հասցնել եվրոպական սահման` շրջանցելով Ռուսաստանը: Եվրոպական կազմակերպությունները չեն ցանկանում խոշոր ներդրումներ կատարել մինչև Եվրոպա հասնող էներգակիրների վրա, քանի որ կարծիք կա, որ ադրբեջանական նավթը կարող է վերջանալ: Իսկ փոքր չափերի ներդրումները կատարվում են այն հույսով, որ այդ էներգակիրներին կարող են միանալ նաև թուրքմենական էներգետիկ պաշարները: Անգամ «Nabucco-West»-ի աշխատանքների կեսը տրվում է ադրբեջանական կողմին, որը ձգվելու է միայն եվրոպական հատվածում: Այսինքն, եթե Ադրբեջանն ուզում է իր նավթն արտահանել Եվրոպա, պետք է կառուցի էներգակիրներ մինչև Եվրոպայի սահման և Եվրոպայի տարածքում պետք է կատարի աշխատանքների կեսը: Այս նախագծերում շատ է շահագրգռված Թուրքիան, որը տարանցիկ ճանապարհ լինելով, կարող է խոշոր եկամուտներ ունենալ և հնարավորություն ստանալ հետագայում ճնշումներ գործադրելու եվրոպական երկրների վրա: Սակայն Թուրքիան ևս չի ցանկանում խոշոր ներդրումներ կատարել այդ նախագծերի վրա և ձգտում է այն կատարել Ադրբեջանի ֆինանսական միջոցներով: Այդ պատճառով Ադրբեջանը պարտավորվում է 5 տարում 17 մլրդ դոլլարի ներդրում կատարել այդ ոլորտում: Ինչպես եվրոպական երկրները, այնպես էլ Թուրքիան ունեն երկու մտավախություն. Ադրբեջանի նավթի անբավարար քանակը և Ռուսաստանի միջամտությունը այս նախագծերին: Պարզ է, որ սա հակասում է Ռուսաստանի շահերին, և նա կարող է խոչընդոտել այս նախագծերի կատարմանը: Նախ՝ Ռուսաստանը կարող է լուրջ քայլեր ձեռնարկել թույլ չտալու թուրքմենական նավթի միացումը նախագծերին և ստիպել կամ համոզել վրացական իշխանություններին հրաժարվել մասնակցությունից: Հավանաբար հենց այս մտավախություններն ունի ԱՄՆ-ը, որ չի ցանկանում մասնակցություն ունենալ նախագծերին և չեզոք դիրք է գրավում: Իսկ Ադրբեջանն այս նախագծերում փորձում է ներգրավել մասնավոր կազմակերպությունների, ինչպիսիք են «BP», «Statoil» կամ «Total» ընկերությունները` վաճառելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության բաժնետոմսերի 29 տոկոսը և թեթևացնելու համար իր ֆինանսական պարտականությունները: Սակայն թեթևացնելով ֆինանսական բեռը Ադրբեջանը չի ցանկանում կորցնել այդ կազմակերպությունը գլխավորելու իրավունքը և պահում է 51տոկոսը: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2163 reads | 17.04.2013
| |