ԱՄԵՆՔԸ ԳՈՀ ԵՆ, ՄԵԿԸ` ԶԱՅՐԱՑԱԾ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան Այն, ինչի համար տարիներ շարունակ պայքարում էին աշխարհի լավագույն դիվանագիտական ուղեղները, կատարվեց: ‹‹Լեռը հսկա ծնեց››:
Մի քանի ժամ առաջ Ժնևում իր աշխատանքն ավարտեց ‹‹Վեցյակի›› (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի արտգործնախարարների խորհրդակցությունը, որը հանգուցալուծեց համաշխարհային քաղաքականության խոշորագույն խնդիրներից մեկը. համաձայնության եկավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Առանց չափազանցության կարելի է ասել, որ դա վերջին 10 տարիների ընթացքում միջազգային քաղաքականության ամենամեծ նվաճումներից է: ![]() Կողմերին հաջողվեց համոզել Իրանին չտեղադրել նոր սարքավորումներ ուրանի հարստացման hամար և դադարեցնել ծանր ջրի ռեակտորի շինարարությունը, որը կարող է ստեղծել պլուտոնային զենք: Պարզ ասած` Իրանը փաստորեն հրաժարվում է միջուկային զենք ստեղծելու պլաններից առայժմ վեց ամիս ժամկետով: Պայմանավորվածությունն իրավունք է վերապահում Իրանին շարունակել խաղաղ ատոմի հետ կապված բոլոր աշխատանքները` Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում, որի անդամ-երկիրն է նա հանդիսանում: Սրանք են ընդհանուր գծերով ‹‹Վեցյակի›› պայմանները, որոնց հետ համաձայնել է Իրանը: Իսկ ի՞նչ է նա ստանալու դրա դիմաց: Շատ բան: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելուց հետո Իրանի ակտիվները սառեցված են ամերիկյան բանկերում: Ինչպես հայտարարեց Բարաք Օբաման, դրանց անգամ մասնակի ապասառեցումը, Թեհրանին կբերի 8 մլրդ. դոլարի տնտեսական օգուտ: Բացի այդ` միջազգային հասարակությունը կվերացնի իրանական նավթի արտահանման սահմանափակումը, ոսկու և թանկարժեք մետաղների առևտրի արգելափակումը, կիրականացնի օտար ներդրումներ Իրանի ավտոմոբիլային, տրանսպորտային, նավթատեխնիկական արդյունաբերության և այլ բնագավառներում: Կվերացվեն հումանիտար, կրթական և գիտական համագործակցության արգելքները: ![]() Պետական այրերը չեն թաքցնում իրենց ուրախությունը: Գոհ են բոլորը, բացի Իսրայելից, որտեղ համաձայնությունն առաջացրել է քաղաքական փոթորիկ: ‹‹Դա ոչ թե պատմական ձեռքբերում է, այլ պատմական սխալ››, ‹‹Արևմուտքի դիվանագիտության պարտություն››, ‹‹Իրանի դիվանգիտության հաղթանակ››,- այս կերպ են Թել Ավիվը և պրեմիեր Նեթանյահուն գնահատում կատարվածը: Իսրայելը մտավախությունն ունի, որ Իրանը կվերադառնա ատոմային ռումբի արտադրման ծրագրին, որի հետևանքով ‹‹երկրագունդը կդառնա ամենավտանգավոր տեղը››: Եվ պահանջում է, որ Իրանն ընդհանրապես հրաժարվի միջուկային խաղաղ ծրագրից ու ոչնչացնի եղած տեխնոլոգիան: Իրոք, Իրանը, ինչպես նաև տասնյակ այլ երկրներ իրենց ունեցած տեխնոլոգիաների օգնությամբ կարող են ստեղծել միջուկային զենք. դրա համար պետք է անել ընդամենը մեկ քայլ: Ճշմարտություն կա նաև Իսրայելի այն ասածների մեջ, որ ժնևյան որոշումները կանաչ լույս կվառեն տարածաշրջանային այն երկրների ճանապարհին, որոնք ունեն նման տեխնոլոգիաներ և ներուժ, հետևաբար կարող են ստեղծել միջուկային զենք: Այդ երկրների թվում է Թուրքիան: Սակայն խնդիրը ոչ թե զենքի արտադրության մեջ է, այլ հսկողության և դրա չտարածման: Այնպես որ, երբ Իսրայելը հանդես է գալիս Իրանի` անգամ խաղաղ միջուկային ծրագրի դեմ, չգիտես ինչու մոռանում է, որ ինքը տիրապետում է զանգվածային ոչնչացման զենքին և ցայսօր չի ստորագրում դրա չտարածման միջազգային պայմանագիրը: Իսկ ի՞նչ կբերի Ժնևի համաձայնությունը Հայաստանին. ա/ անպայմանորեն կթուլացնի միջազգային լարվածությունը ողջ աշխարում, Մեծ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, բ/ ԱՄՆ-Իրան հակամարտությունը միշտ հղի է եղել ռազմական բախման սպառնալիքով, որի վերացումը կամ գոնե նվազումը, ուղղակիորեն առնչվում է Հայաստանի պետական անվտանգության և ազգային շահերի հետ: գ/ ամերկա-իրանական հարաբերությունների կարգավորումը կարող է արմատական փոփոխություն մտցնել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրության մեջ, որը կրկին համընկնում է մեր ռազմավարական շահերի հետ: РУССКАЯ ВЕРСИЯ | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 2511 reads | 25.11.2013
| |


Մի քանի ժամ առաջ Ժնևում իր աշխատանքն ավարտեց ‹‹Վեցյակի›› (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի արտգործնախարարների խորհրդակցությունը, որը հանգուցալուծեց համաշխարհային քաղաքականության խոշորագույն խնդիրներից մեկը. համաձայնության եկավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: 

Իրոք, Իրանը, ինչպես նաև տասնյակ այլ երկրներ իրենց ունեցած տեխնոլոգիաների օգնությամբ կարող են ստեղծել միջուկային զենք. դրա համար պետք է անել ընդամենը մեկ քայլ:
ա/ անպայմանորեն կթուլացնի միջազգային լարվածությունը ողջ աշխարում, Մեծ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, 

