ՄԵՐՕՐՅԱ «ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԸ»
![]() Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի մագիստրոս ![]() Արտերկիր ձգտողները, «քաղցր» կյանքի հույսեր տածելով, կարծում են, թե այդ պատրանքը իրականություն կդառնա հայրենիքի սահմանը հատելուց հետո: Սակայն լինենք Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս, միևնույն է, բարեկեցիկ կյանքը ինքնըստինքյան չի ստեղծվում: Երկրային «դրախտի» դռները բացվում են նրանց համար, ովքեր իրական դժվարություններից զերծ մնալու փորձերի փոխարեն հաղթահարում են դրանք և չեն խուսափում աշխատանքից: Հակառակ դանթեական դժոխքի` դրախտ մտնելու համար պետք է զինվել հույսով և համբերությամբ: Սակայն եթե եվրոպական զարգացած երկրներում երիտասարդությունը համոզված է, որ համապատասխան կրթություն ստանալու դեպքում կարող է այդ կրթությանը համարժեք աշխատանք գտնել, ապա Հայաստանում կրթությունն ամենևին էլ բարձր հաջողությունների երաշխիք չէ: Ուսման բնագավառում կրթաթոշակի և սոցիալական անապահովության տեսքով դժվարություններն ու անհարթությունները նոր թափ են ստանում ավարտելուց հետո, երբ երիտասարդները բախվում են ակտուալ դարձած խնդրին` գործազրկությանը և առաջին իսկ հնարավորության դեպքում լքում հայրենիքը` այլ երկրում ցանկալի աշխատանքը գտնելու հույսով: Հայ ազգի համար կրթությունը միշտ էլ շատ մեծ տեղ է գրավել` նույնիսկ Եղեռնի տարիներին հայերը գաղթելիս չէին մոռանում իրենց գրքերի մասին: Իսկ այսօր «Նոյի ագռավների» պես լքում են հայրենիքը: ![]() Ավտորիտար կիսաֆեոդալական հարաբերություններով երկրում չի կարող լինել պատշաճ դաշտ ինքնահաստատվելու և ինքնադրսևորվելու համար: Մենաշնորհները խեղդում են մեր երկիրը: Այսօր ցանկացած պաշտոնյա իր իսկ հայրենիքը դիտարկում է որպես շահագործման օբյեկտ, անցնում օրենքի սահմանները՝ գերադասելով սեփական շահը: ՀՀ կրթական համակարգը անսասան թվացող մեխանիզմ է, որի ժանգոտ տարրերը վաղուց կորցրել են համաչափ զարգացման ունակությունը: Իրական կրթությունը պետք է լինի անկախ՝ ըստ արժանվույն վարձատրվող կոմպետենտ մանկավարժներով: Ամեն կերպ պետք է փորձել դուրս գալ ստեղծված դրությունից, անել ամեն բան, որպեսզի հայ երիտասարդները հույսերը կորցրած չլքեն երկիրը: Ինչու՞ մեր երկրում երիտասարդների գիտելիքները չեն գնահատվում և վարձատրվում այնպես ինչպես արտերկրում: Արտերկրում ուսանելը հիանալի հնարավորություն է երիտասարդի մտահորիզոնը զարգացնելու, տեսլականը ձևավորելու, առավելագույնը վերցնելու համար: Սակայն ի՞նչ է այն մեզ տալիս, երբ նրանք միևնույն է ապագան հայրենիքում չեն տեսնում: Այժմ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը ապրում է կենցաղային կարիքներով, հոգևոր կյանքը սահմանափակելով անհեթեթ սերիալներով և մի շարք դատարկամիտ հաղորդումներով: Ամեն կերպ պետք է փորձել նպաստել լայն խավերի տեղեկացվածությանը, վերականգնել արժեհամակարգը: Մարդկային արժեքները փոխարինվել են ինչ-որ կիսակրիմինալ հարաբերություններով և անբարոյականությամբ: Այնինչ ամենաբարձր հոգևոր արժեքը իսկական արվեստն է: Սակայն, այժմյան երիտասարդության այն մասը, որը ցանկություն ունի կատարելագործվել արվեստի բնագավառում, իր ապագան կրկին տեսնում է հայրենիքից դուրս: Սոցիալական օգնության ծրագրերը չեն ապահովագրում ապագան: Ճիշտ է, լուսավոր ապագան գուցեև սարերի հետևում չէ, բայց այն դեռ չի երևում: Բոլոր տեսակի բարեփոխումներն էլ հնարավոր են: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1520 reads | 24.02.2014
| |