ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր ![]() Հարցազրույցի ընթացքում նախագահ Ասադը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը համեմատել է օտարերկրյա գրոհայինների կողմից Սիրիայում կատարվող քաղաքացիների դաժան սպանությունների հետ. «Ահաբեկիչների դրսևորած վայրագության ու անմարդկայնության աստիճանը մեզ հիշեցնում է ավելի քան 500 տարի առաջ միջնադարյան Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունները: Առավել մոտ ժամանակաշրջանում դրանք մեզ հիշեցնում են օսմանցիների կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային ջարդերը, երբ Սիրիայում և Թուրքիայի տարածքում սպանվեցին մեկ ու կես միլիոն հայեր ու կես միլիոն ուղղափառ ասորիներ»: Զարմանալի չէ, որ երկու օր անց Ժնևում, Միավորված ազգերի կազմակերպությունում, Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին հանդես եկավ նման մի հայտարարությամբ. «Իսկ ի՞նչ կասեք Հայոց ցեղասպանության մասին, որտեղ 1.5 միլիոն մարդ է սպանվել»: Միակ այլ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյան, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եղել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Աբդ ալ-Քադեր Քադուրան, երբ հուզիչ գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշարձանի և թանգարանի հուշամատյանում, 2001 թվականի հուլիսի 16-ին, Երևանում. «Երբ այցելեցինք հուշարձանն ու թանգարանը Հայոց ցեղասպանության, որ զոհ գնաց հայ ժողովուրդը 1915 թվականին, մենք խորին հիացմունքով և հարգանքով կանգնեցինք այն հերոսների առջև, որոնք մահն ընդունել են խիզախությամբ ու հերոսությամբ: Նրանց զավակներն ու թոռները շարունակում են անմահացնել իրենց նախնիների խիզախությունն ու պայքարը... Մեծ հարգանքով մեր գլուխը խոնարհում ենք հայ ժողովրդի՝ մեր ընկերների նահատակների հիշատակի առջև, և ողջունում վճռականության ու հաղթանակի համար նրանց կարողությունը: Մենք կաշխատենք միասին, որպեսզի բոլոր մարդկանց ազատագրենք ճնշումներից և կեղեքումից»: Եթե Սիրիայի խորհրդարանի խոսնակի 2001 թվականի հայտարարությունը եղել է մի անկեղծ ու սրտառուչ ուղերձ, ապա նույնը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Ասադի խոսքերի մասին, որի գլխավոր նպատակն էր խստորեն դատապարտել թուրքական կառավարության թշնամական գործողություններն ընդդեմ սիրիական վարչակարգի: Հայտնի է, որ Թուրքիան մեծ դեր է խաղացել նախագահ Ասադին տապալելու միջազգային համատեղ ջանքերում՝ ուղարկելով զինամթերք և ապահովելով օտարերկրյա արմատական իսլամիստ գրոհայինների ներթափանցումը Սիրիա: ![]() Նախագահ Ասադը France Presse գործակալությանը տված իր վերջին հարցազրույցում նաև բողոքել է արևմտյան ղեկավարներից, որոնք չեն հասկանում ծավալվող զարգացումները Մերձավոր Արևելքում. «Նրանք միշտ շատ ուշ են գիտակցում շատ բաներ, երբեմն, միայն այն ժամանակ, երբ իրողությունն արդեն բոլորովին փոխվել է»: Անկեղծ ասած, կարելի է միևնույն քննադատությանը ենթարկել նախագահ Ասադին՝ Թուրքիայի ղեկավարության նենգությունն ու երկերեսանիությունը ի վնաս իրեն շատ ուշ գիտակցելու համար: Ցավոք, Սիրիայի նախագահը միակ պետական ղեկավարը չէ, որ չէր կարողացել ըմբռնել Թուրքիայի իշխանավորների դավադիր մտածելակերպը: Մերձավորարևելյան, եվրոպական և ամերիկյան բազմաթիվ ղեկավարներ միևնույն սխալն են գործում վստահելով Թուրքիայի կեղծ բարեկամությանը՝ նեղ դրության մեջ ընկնելով, երբ Թուրքիան չի հարգում իր խոստումները: Վերջին ամիսներին վարչապետ Էրդողանի բռնապետական քաղաքականության և ռազմատենչ հայտարարությունների պատճառով միջազգային հանրության աճող հիասթափությունից ակնհայտ է դառնում, որ ոչ ոք Թուրքիայի իրական դեմքն այնքան լավ չի ճանաչում, որքան հայերը, ասորիները, հույները և քրդերը, որոնք տառապել են անթիվ ու անհամար դաժանություններից, ջարդերից և անգամ ցեղասպանությունից թուրքական բռնապետական իշխանության տակ: Չնայած նախագահ Ասադի քաղաքական դրդապատճառներին՝ հայ ժողովուրդը պետք է ողջունի նրա ուշացած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանության ճանաչումից այսքան երկար ժամանակ անընդունելի պատճառներով ձեռնպահ մնալուց հետո, գոնե հիմա Սիրիայի նախագահը պաշտոնապես ասում է ճշմարտությունը անցյալի և ներկայիս թուրքական վայրագությունների մասին: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2394 reads | 30.01.2014
| |