ԿԻՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԼԵԴԻ ԱՍՏՈՐ` ԱՌԱՋԻՆ ԿԻՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ
ՎԱԼԵՐԻԱ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ Քաղաքագետ, Երևան ‹‹Կինը քաղաքականության մեջ›› բառակապակցությունն առաջացնում է շատերի բացասական հակազդեցությունը, քանի որ գոյություն ունի կարծրատիպ` ըստ որի կնոջ տեղը խոհանոցն է: Ցավոք այդ կարծրատիպը դեռևս կենսունակ է, չնայած նկատվում է կանանց աշխուժություն կյանքի տարբեր բնագավառներում, այդ թվում քաղաքականության մեջ: Պե՞տք են, արդյոք, կանայք քաղաքականությանը: Պատասխանը թերևս թաքնված է կին գրող Օլիմպիա դը Գուժի խոսքերում.‹‹Եթե կինն իրավունք ունի բարձրանալու կառափնարան, նա պետք է իրավունք ունենա բարձրանալու նաև ամբիոն››: Եթե մենք ընդունում ենք սեռերի հավասարության կարևորագույն սկզբունքը, հարկ է ստեղծել պայմաններ և հավասար հնարավորություններ, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանաց համար: Կարծում եմ այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Ընդ որում բազմաթիվ են փաստարկներն այն բանի օգտին, որ կանայք պետք է ակտիվորեն մասնակցեն քաղաքական որոշումների կայացմանը: Կան մի շարք փաստարկներ: Առաջին` քաղաքականության մեջ կանայք ավելի են ուշադրություն դարձնում այն ասպեկտներին, որոնք տղամարդկանց կարծիքով առաջնային չեն (սոցիալական խնդիրներ, առողջապահություն, բնապահպանություն): Երկրորդ` գաղտնիք չէ, որ քաղաքական աշխարհում տղամարդիկ իրենց հարաբերությունները կառուցում են ‹‹հարձակում-պաշտպանություն›› սկզբունքի շրջանակներում, իսկ երբ կանայք են հայտնվում այնտեղ, ավելանում են երկխոսության և համագործակցության հնարավորությունները: Երրորդ` կանայք ունեն մի շարք բնական հատկանիշներ, որոնք նպաստում են քաղաքական գործընթացներին. դիտողականություն, դյուրությամբ հաղորդակցվելու, ունկնդրելու ու փոխզիջելու ունակություն, և ամենակարևորը` ճիշտ կողմնորոշվածություն դեպի նպատակը: Պատմությանը հայտնի են կանաց կողմից քաղաքական բարձունքներ նվաճելու բազմաթիվ դեպքեր: Դրանց մեջ հատուկ տեղ է գրավում Նէնսի Աստորը, որը ճանապարհ հարթեց կանանց համար դեպի բրիտանական պառալամենտ` դառնալով ամենավառ կին քաղաքական գործիչներից մեկը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: Ծագումով` ամերիկուհի, ոգով` բրիտանուհի, այդ խելացի, նպատակամղված, ինքնավստահ կինը դարձավ բրիտանական պառլամենտի առաջին կին պատգամավորը: Համայն աշխարհի կանայք մինչև օրս հիացած են Նէնսի Աստորի սրամտությամբ ու հանդգնությամբ, որը չընկրկեց անգամ Ուիստոն Չերչիլի առաջ` երես առ երես հայտնելով իր անհամաձանությունը նրա քաղաքականության հետ: Հայտնի են նրա սուր խոսքերի ‹‹փոխհարձգությունը›› բրիտանական պրեմիերի հետ: Նրանց ընտանիքների միջև եղել է ջերմ բարեկամական հարաբերություններ: Սակայն Չերչիլի համակրանքը հանդուգն ամերիկուհու նկատմամբ նկատելիորեն սառեց, երբ վերջինս դարձավ պառլամենտի անդամ: Մի անգամ Աստորը բարկացած նետեց Մալբորոյի հերցոգի հայտնի ժառանգի հասցեին. ‹‹Եթե ես ձեր կինը լիենի, թույն կլցնեի ձեր սուրճի մեջ››: ‹‹Իսկ եթե ես լինեի ձեր ամուսինը, կխմեի այն››,- վայրկենաբար հակադարձեց Չերչիլը: ‹‹Եթե ես իմանայի, թե որքան դժվար է լինել պառլամենտի տղամարդկանց ակումբի առաջին կինը, երբեք չէի մտնի այնտեղ››,- հետագայում իր երեխաներին խոստովանել է լեդի Աստորը››: Այդուհանդերձ, անսասան Նէնսին, մարդկանց առաջ երբեք թուլություն չցուցաբերեց, որի պատճառով հասարակության մեջ այն կարծիքն էր ձևավորվել, թե բրիտանական քաղաքական աշխարհում նա իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում: Տղամարդ-պառլամենտականներին դա բնականաբար դուր չէր գալիս, որի պատճառով էլ քննարկումները պառլամենտում նրա մասնակցությամբ ընդունում էին թեժ բնույթ: Աստորի յուրաքանչյուր խոսքն առաջացնում էր մեծամասնության սուր քննադատությունը: Ավելին, տղամարդիկ դահլիճում ցուցադրաբար նրան հատկացնում էին ամենաանհարմար տեղը, և Աստորը ստիպված էր լինում բառացիորեն թռչել նրանց ոտքերի վրայով: Սակայն նա համբերատար տանում էր բոլոր փորձությունները: Նրա ջանքերն իզուր չանցան: Արդեն տաս տարի անց պառլամենտում հայտնվեցին ևս 15 կին-դեպուտատներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, լեդի Աստորի քաղաքական կարիերան սկսեց մարել: Պատերազմի սկզբում նա իր հակակրանք էր արտահայտել Ֆրանսիայի և համակրանք` Գերմանիայի նկատմամբ: Չնայած, պատրանքները դեպի Գերմանիան շատ արագ ցրվեցին: Բոլոր դեպքերում պատերազմի ավարտից հետո նա այլևս չմասնակցեց պառլամենտական ընտրություններին: Թվում էր, թե հավակնոտ լեդի Աստորի համար անկարելի ոչինչ չկար: Նա հեշտությամբ էր հասնում հաջողության այնտեղ, որտեղ տղամարդիկ անզոր էին դա անել: Նա գործով ապացուցեց, որ կանայք կարող են տղամարդկացից ոչ պակաս հաջողության հասնել քաղաքականության մեջ: Սակայն Աստորի ամենաաչքի ընկնող հատկանիշը` նրա նուրբ հումորի զգացողությունն է եղել, որը միշտ օգնության է հասել նրան: Շնորհիվ այդ հատկանիշի նա նույնիսկ իր բարձր պաշտոնին նայել է ինքնահումորով: ‹‹Իմ ինքնավստահությունը, էներգիան և համառությունն իմ մեջ զզվանք է առաջացնում: Ես պատկանում եմ այն կանաց թվին, որոնցից ես հեռու կփախչեի››,- այսպես է իրեն բնորոշել Նէնսի Աստորը: Մի առիթով նա հարցրել է.‹‹Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան այն աշխարհը, որը կառավարում են տղամարդիկ››,- և ինքն էլ պատասխանել է. ‹‹Միայն ա՛յն աշխարհը, որը կանայք են ղեկավարում››: | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 5219 reads | 16.01.2014
| |


‹‹Կինը քաղաքականության մեջ›› բառակապակցությունն առաջացնում է շատերի բացասական հակազդեցությունը, քանի որ գոյություն ունի կարծրատիպ` ըստ որի կնոջ տեղը խոհանոցն է: Ցավոք այդ կարծրատիպը դեռևս կենսունակ է, չնայած նկատվում է կանանց աշխուժություն կյանքի տարբեր բնագավառներում, այդ թվում քաղաքականության մեջ:
Երրորդ` կանայք ունեն մի շարք բնական հատկանիշներ, որոնք նպաստում են քաղաքական գործընթացներին. դիտողականություն, դյուրությամբ հաղորդակցվելու, ունկնդրելու ու փոխզիջելու ունակություն, և ամենակարևորը` ճիշտ կողմնորոշվածություն դեպի նպատակը:
Տղամարդ-պառլամենտականներին դա բնականաբար դուր չէր գալիս, որի պատճառով էլ քննարկումները պառլամենտում նրա մասնակցությամբ ընդունում էին թեժ բնույթ: Աստորի յուրաքանչյուր խոսքն առաջացնում էր մեծամասնության սուր քննադատությունը: Ավելին, տղամարդիկ դահլիճում ցուցադրաբար նրան հատկացնում էին ամենաանհարմար տեղը, և Աստորը ստիպված էր լինում բառացիորեն թռչել նրանց ոտքերի վրայով: Սակայն նա համբերատար տանում էր բոլոր փորձությունները: 

