ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՃԳՆԱԺԱՄ. Ո՞ՐՆ Է ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ
![]() ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հանրային կապերի փորձագետ, ԵՐԵՎԱՆ ![]() Եթե կտրվենք կրոնագիտական-աստվածաբանական մեկնաբանությունից, ժամանակակից պրագմատիկ ընկալմամբ «Աստված» հասկացությունը կարելի է հասկանալ որպես քաոսը կարգավորող տիեզերական ուժ՝ էներգիա: Իսկ էներգիան ինքնին պահանջում է ստորադաս՝ ավելի փոքր ուժերի համախմբում ավելի մեծ ուժի՝ որակապես նոր էներգիայի ստեղծման համար: «Ստիպված ենք լինում լրջագույն ջանքեր գործադրել մարդկանց հետ շփման հմտություններ կիրառելու համար:» - ասում է ամերիկյան «Բանականության խաղեր» ("A Beautiful Mind”) ֆիլմի գլխավոր հերոսը՝ հանրահայտ դերասան Ռասել Քրոուի մարմնավորած, իրական կերպար, մաթեմատիկոս Ջոն Նեշը: Ապագա Նոբելյան մրցանակակիր Նեշը մաթեմատիկոսին հատուկ ճշգրտությամբ է ձևակերպում իր խոսքը, չէ՞ որ նույն միտքը կարելի էր շատ ավելի պարզ արտահայտել, օրինակ ասելով՝ սարսափելի դժվար և ծանր գործ է մարդկանց հետ շփվելը: Սակայն նա նախընտրում է բացել փակագծերը և տալ «շփվելու» մաթեմատիկական ճշգրիտ և լիարժեք բանաձևը՝ «լրջագույն ջանքեր գործադրել մարդկանց հետ շփման հմտություններ կիրառելու համար»: Մեծանուն մաթեմատիկոսի կինեմատոգրաֆիական կերպարը չի սխալվում, որովհետև մարդկային վերբալ շփումը հոգեկան, հոգեբանական, սոցիալական բազմաթիվ շերտեր և ենթաշերտեր է պարունակում և պահանջում է հմտություններ, որոնք համախբվում են բանական մարդուն բնորոշ և ողջ կենդանական աշխարհից նրան տարբերող «գիտակցություն» կատեգորիայի ներքո: Վերբալ շփման՝ խոսքաստեղծ պրոցեսի կարգավորող ուժը գիտակցությունն է, վերջինիս բացակայությամբ խոսքը դատարկ է, անբովանդակ, աննպատակ և անթիրախ, ուստի և՝ անուժ: Ուրեմն՝ խոսքը գիտակցության արդյունք է: ![]() Հաղորդակցական յուրաքանչյուր գործողություն ծագում է ինչ-որ հաղորդակցական անհրաժեշտությունից: Ըստ այդմ, տարօրինակ է ընկալվում, երբ ինչ-որ մեկը խոսում է, երբ դրա անհրաժեշտությունը չկա կամ լռում է, երբ անհրաժեշտ է խոսել (եթե, իհարկե, առաջին կամ երկրորդ դեպքերը հատուկ մարտավարական նպատակ չեն հետապնդում): Զարմանում ենք, օրինակ, երբ հանրային գործընթացներում անհրաժեշտություն է լինում լսելու մեր հոգևորականների ծանրակշիռ՝ ոգևորող, ուղղորդող կամ սփոփող խոսքը, որը սակայն այդպես էլ չի հնչում, փոխարենը հնչում է այն ժամանակ կամ այնպիսի վայրերում, որտեղ այն իրոք դժվար պատկերացնելի է, ասենք՝ դղյակների կամ ճաշկերույթների օրհնության արարողության ժամանակ: ![]() «Ձկնային» կամ լռության մոդել ասելով՝ նկատի ունեմ լռություն պահպանելու կամ չխոսելու այն դեպքերը, որոնք պայմանավորված են մի շարք հանգամանքներով: Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է չխոսել, որովհետև խոսելը կարող է ոչ ցանկալի հետևանքներ ունենալ իր կամ խոսակցի համար (ինչ-որ բան թաքցնելու հաղորդակցական նպատակ), նա կարող է չխոսել, որովհետև չգիտի, որ պետք է խոսել կամ կարող է չխոսել, որովհետև չգիտի, թե ինչպես է պետք խոսել (վերջին երկու դեպքերում պատճառն առավելապես սոցիալական է՝ կապված անձի սեփական դերը չպատկերացնելու կամ կրթական ցենզի հետ): ![]() Հաղորդակցական «թութակային» կամ աղմուկի մոդելի պարագայում անձը, չունենալով սեփական ասելիք, սակայն կանգնելով ինչ-որ բան ասելու անհրաժեշտության առջև, օրինակ՝ լրագրողների հարցերին ի պատասխան, ստիպված է լինում կրկնել ուրիշների ասածները, կիրառել ծեծված խոսքային կաղապարներ և հնչեցնել հանրահայտ բաներ: Այլ կերպ, քան դատարկ աղմուկ նրա ասածն ընկալվել չի կարող: Գիտնականները պարզել են, որ կապուցին կապիկները կերակուր հայթայթելու նպատակով ունակ են հատուկ ձայնային ազդանշաններով շեղել իրենց ցեղակիցներին, որպեսզի յուրացնեն վերջիններիս կերակուրը: Այդ է պատճառը, որ հաղորդակցական հաջորդ մոդելը պայմանականորեն անվանում եմ «կապուցինային» կամ շեղման մոդել, և ինչպես արդեն հասկանալի է, այն միտված է խոսակցին կամ հանրությանը շեղելու նպատակով կեղծ, իրական հիմքից զուրկ, սուտ բաներ ասելուն՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Հայտնի է, որ մեղուները յուրահատուկ շարժումներով, որ կոչվում են «մեղվապար», ունակ են ճշգրիտ տեղեկատվություն հայտնել իրենց ցեղակիցներին նեկտարի գտնվելու վայրի հեռավորության և ուղղության մասին: Ուստի այն հաղորդակցական մոդելը, որ պայմանականորեն անվանում եմ «մեղվային» կամ ճշգրիտ ուղերձի մոդել, նպատակ ունի տալ ճշգրիտ, համակողմանիորեն ստույգ տեղեկատվություն խոսակցին կամ հանրությանը: Ի՞նչ է ստացվում վերը շարադրվածից: Մի կողմից՝ ստացվում է, որ խոսքը գիտակցական պրոցես է, որը ծնում է պատասխանատվություն: Մյուս կողմից՝ խոսքի գիտակցականությունն ու խոսքով պատասխանատվություն ստանձնելու առանձնահատկությունը կարող են տարբեր աստիճաններով դրսևորվել կամ ընդհանրապես չդրսևորվել վերոնշյալ հաղորդակցական չորս՝ անպատասխանատու «ձկնային» և «թութակային», խորամանկ «կապուցինային» ու գիտակից և ճշգրիտ «մեղվային» մոդելներում: Ընթերցողներին կառաջարկեի թվարկված հաղորդակցական մոդելներում գտնել այն մեկը կամ գուցե մի քանիսը, որ իրենք կիրառում են իրենց շփումներում: Ինքնավերլուծության պրոցեսը, իհարկե չափավորության սահմաններում, գիտակցության յուրահատուկ մարզում է: Ինչ վերաբերում է մեր հանրային դեմքերի խոսքին, ապա ընթերցողը համամիտ կլինի այն դիտարկման հետ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները և հոգևորականները առավելապես ճանաչելի են առաջին երեք հաղորդակցական մոդելներում՝ «ձկնային», «թութակային» և «կապուցինային» կամ դրանց համակցված դրսևորումներում: Լինի նախընտրական ելույթ, նախագահի մակարդակով անցկացվող կառավարության նիստ, օրինագծի քննարկում ԱԺ-ում, պատգամավորի բանավեճ լրագրողների հետ, թե ամանորյա նախագահական կամ կաթողիկոսական ուղերձ, միևնույնն է, ասելիքը արժանահավատ չէ հանրության համար, այն խիստ ձևական է, թերարժեք, ասվում է սոսկ ասվելու համար, չունի հստակ բովանդակություն և թիրախավորում, որովհետև գիտակից չէ կամ չի համընկնում հանրության գիտակցության հետ և չի ենթադրում պատասխանատվություն: Թեմատիկ օրինակները բազմաթիվ են՝ թափանցիկ ընտրություններ, օլիգոպոլիաների վերացում, կոռուպցիայի դեմ պայքար, տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացում, Եվրոասոցիացման պայմանագիր, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցություն, ռուս-հայկական «գազային պայմանագրերի» կնքմանը հաջորդած օրերին բացահայտված երեք հարյուր միլիոնանոց պարտք և այլն, և այլն: ![]() Արդի տեխնոլոգիական դարում ոչ ոք ժամանակ չունի ավելորդ հարցեր տալու, անհիմն պատասխաններ կամ ուղղակի անհիմն ասելիք լսելու համար: Ներկայիս հաղորդակցական ճգնաժամի լուծումը պարզ և հստակ «մեղվային» մոդելի կիրառումն է: Վաղուց պաթետիկ հռետորաբանության կարգավորումները փոխելու ժամանակն է: Սակայն դեռևս կա՞ արդյոք, մի կողմից՝ վստահության և պաշտոնական խոսքին հավատալու պաշար հանրության շրջանում և մյուս կողմից՝ բավականաչափ մտավոր պաշար իշխանության շրջանում այդ ամենը գիտակցելու համար: Սա է հարցը: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2596 reads | 12.01.2014
| |