ՄԵՔԵՆԱՆ ՏԵՂՈՒՄ Է. ԿԱՄ ԻՆՉՊԵՍ Ի ՀԱՅՏ ԵԿԱՆ ՏԱՔՍԻՆԵՐԸ
![]() Առաջին տաքսիները Ֆրանսիայում ի հայտ են եկել 17-րդ դարում, երբ Սովաժ անունով մի ֆրանսիացի Սուրբ Ֆիակր մատուռի մերձակայքում տեղակայում է երկտեղանի ձիակառքեր՝ իրականացնելով քաղաքացիների տեղափոխումը մի վայրից դեպի մյուսը: Կառքերը զարդարված էին Սրբի պատկերով, և այդ պատճառով տրանսպորտի այս տեսակը կոչվեց «ֆիակր»: Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց զարգացավ նաև այս բիզնեսը: 1896թ. ձիերին փոխարինեց բենզինային շարժիչը, իսկ «ֆիակր» կոչվող տաքսիները սկսեցին տեղափոխել ոչ միայն քաղաքաբնակներին, այլև արվարձանաբնակներին: Գումարի չափը ճշտվում էր ուղևորության ընթացքում: Երբ 1905թ. տաքսիներում տեղադրվեցին հատուկ հաշվիչ մեքենաներ, հեշտացավ խնդիրը նաև այս առումով. ուղևորը վճարում էր՝ ըստ տաքսոմետրի արձանագրած գումարի չափի: ![]() Ժամանակի ընթացքում մեծացավ պահանջարկը տրասպորտի այս տեսակի նկատմամբ, որի արդյունքում արտադրվեցին նոր հատուկ մեքենաներ: Դրանցից առաջինը Renault ընկերության տաքսին էր, որն իր տեսքով նման էր «ֆիակր»-ին, պարզապես ուղևորի հատվածը փակ կառք էր հիշեցնում, իսկ վարորդի հատվածը բաց էր: Որպեսզի վարորդները չտուժեին եղանակային վատ պայմանների պատճառով, վերջիններիս համար ստեղծվեց երկար կաշվե թիկնոցն իր համապատասխան գլխարկով: Զինվորական ֆուրաժկա. սա էր այն հայտնի ատրիբուտը, որը հետագայում դարձավ տաքսու վարորդների այցեքարտը: Անգլիայում տաքսիներ կարելի էր գտնել դեռևս 1639-ից՝ ի տարբերություն Ֆրանսիայի: Այստեղ վարորդները պետք է ունենային հատուկ լիցենզիա, որպեսզի իրենց քառանիվ «հեկնի» (hackney carriage) կառքերով կարողանային մարդկանց տեղափոխել: Հետագայում՝ 1840-50-ական թվականներին, ծանրաքարշ կառքերը փոխարինվեցին բաց երկանիվ կաբրիոլետներով, որտեղից էլ առաջացավ «քեբ» (cab - թարգմանաբար խուց) անվանումը: ![]() Իսկ Մոսկվայում տաքսիներն ի հայտ եկան 1907թ., ինչի մասին անմիջապես գրեց «Մոսկվայի ձայնը» հայտնի պարբերականը: Եթե հեղափոխությունից հետո, իբրև տաքսի, ծառայում էին Renault և Fiat մակնիշի մեքենաները, որոնց ուղևորափոխադրման արժեքը բավական թանկ էր, ապա 1934թ. թողարկվեցին տեղական արտադրության «լեխկովիկ» մեքենաները, որոնք ավելի մատչելի էին հասարակության լայն շերտերի համար: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտադրվեց «Պոբեդա» մակնիշի մեքենան: 1948թ. մեքենայի տանիքին տեղադրվեց շախմատանման վանդակավոր գծատախտակը, իսկ վառվող կանաչ լույսն ազդարարում էր, որ տաքսին ազատ է: Մարգարիտ Առաքելյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
3705 reads | 11.09.2013
| |