ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՔԻԱԹ. ՎԻԿՏՈՐ ԿԼՅՈՒԵՎ
![]() - Լավ,- ասաց փոքրիկ գորտը, ով տեսնելով առվի վրայով այս ու այն կողմ ցատկոտող մորեխիկին, հավեսի ընկավ ու ինքն էլ սկսեց նույնն անել: Հետո` հայր ու մայր արագիլները բերեցին իրենց ձագուկին, հորդորելով` «Լաց մի լինիր, դու էլ խաղա այստեղ, իսկ մենք կաշխատենք շատ շուտ վերադառնալ»: Փոքրիկ արագիլը, տեսնելով առվի վրայով մի կողմից մյուսը ցատկող մորեխիկին ու գորտին, դադարեց հեկեկալ ու նույնն անելու անզուսպ ցանկություն ունեցավ: Առուն, սակայն, չափազանց նեղ էր նրա համար: - Ոչինչ,- մտածեց նա, - ես էլ կքայլեմ առվի մի կողմից դեպի մյուսը: Այսպես երեքով նրանք երկար ժամանակ խաղում էին: Ու մեկ էլ, խախտելով լռությունը, մորեխիկը դիմեց գորտին. - Կդառնա՞ս իմ ընկերը, ընդմիշտ` մինչև կյանքիս վերջ: - Կդառնամ, - վստահ պատասխանեց գորտը: - Ես էլ,- արձագանքեց արագիլը: Եվ նրանք ընկերներ դարձան: Փաթաթվեցին, համբուրվեցին ու խոստացան` էլ երբեք իրարից չբաժանվել: Մորեխիկն ու գորտը նորից սկսեցին թռչկոտել առվի վրայով, իսկ արագիլը անցավ իր «գործին»: Քիչ անց, նա կանգ առավ և մի ոտքը ծալելով (նա մտածելիս միշտ այդպես էր կանգնում) ընկավ մտքերի գիրկը: Հետո, փոքր-ինչ ուշքի գալով, նա դիմեց ընկերներին. - Ինձ թվում է, որ մենք մի շատ կարևոր բան մոռացել ենք...Հա, հազիվ մտաբերեցի, մենք մոռացել ենք իրար հետ ծանոթանալ: - Ասենք թե ծանոթացաք, հետո՞, - ծիծաղը հազիվ զսպելով ասաց ծառերի վրայից բարեկամների զրույցին ուշադիր հետևող պառավ ագռավը: Ընկերները զարմացած վեր նայեցին, ապա, փոքր-ինչ վարանումից հետո, սկսեցին հերթով իրար ներկայանալ: - Ես` գորտն եմ: - Իսկ ես` մորեխիկը: - Ես էլ` արագիլն եմ: Ու հանկարծ, երբ արդեն ծանոթացել էին, նրանք սկսեցին սարսափած մեկմեկու նայել: - Ուրեմն դու,- մտահոգ ասաց գորտը մորեխին,- նա ես, ում ես պետք է ուտե՞մ: Մայրիկս միշտ ասում է, որ ես շատ-շատ մորեխներ պիտի ուտեմ, որ շուտ մեծանամ, որ դուք շատ համեղ եք: Բայց ես մորեխ մինչ օրս չէի էլ տեսել: Ահա թե դու ինչպիսին ես: Մորեխին երկար զննելուց հետո, նա դիմեց արագիլին. - Ուրեմն, դու էլ նա ես, ով պետք է ի՞նձ ուտի: Մայրիկս ասում է, որ արագիլներից անպայման զգուշանալ է պետք...Բայց ես արագիլ կյանքումս տեսած չկայի: - Ես էլ դեռ գորտ չէի տեսել: Գիտեի միայն, որ նրանք շատ համեղ են, հայրիկս է պատմել: Հետո նրանք երկուսով շրջվեցին լաց լինող մորեխիկի կողմը: - Ուրեմն, ստացվում է,- հեկեկալով ասաց մորեխիկը,- որ ինձ երկու անգա՞մ են ուտելու. առաջինն` ինձ անձամբ, իսկ հետո` էլի ինձ, բայց արդեն գորտի մե՞ջ,- ու նա սկսեց հոնգուր-հոնգուր արտասվել: - Երբ քեզ մի անգամ ուտում են, դա էլ արդեն բավական է, - իր հերթին հեկեկաց գորտը: Այստեղ արագիլն էլ չդիմացավ: - Կարծում եք հե՞շտ է սեփական ընկերներին կուլ տալը: Ի դեպ ոմանց` երկու անգամ: Նայելով հեծկլտացող եռյակին, պառավ ագռավը ծիծաղից մեռնում էր. - Լացեք- չլացեք,- քրքջալով ասաց նա,- ուզեք, թե չուզեք, միևնույն է, վաղ թե ուշ` դուք պետք է իրար ուտեք: Բնության օրենքն է այդպիսին: Եվ ինչքան շուտ, այնքան ավելի լավ: Եվ հետո, ականջներիդ օղ արեք, մյուս անգամ` համբուրվելուց առաջ ավելի լավ է սկզբից ծանոթանաք: - Ես չեմ ուզում ուտել իմ ընկերոջը,- արցունքների միջից ձայնեց գորտը: - Ես էլ, - նրան միացավ արագիլը: - Ախր ձեզ ոչ ոք չի էլ հարցնում, ուզո՞ւմ եք, թե՞ ոչ, մեկ է, դուք պետք է իրար ուտեք...Օրենքն է այդպիսին... Հեծկլտոցներն ավելի ուժգնացան: Քիչ անց, մորեխիկը, մի կերպ զսպելով իրեն, մոտեցավ գորտին ու արցունքների միջից ժպտալով ասաց. - Հարազատս, իմ անբաժան ընկեր, ես կյանքս քեզ համար չեմ խնայի, կեր ինձ, խնդրում եմ,- և նա կամացուկ պառկեց գետնին, կկոցեց աչքերն ու շշնջաց` «Բարի ախորժակ»: - Էլ ում ես սպասում, հը՞, շուտ կեր դրան,- ասաց անհամբերությունից ճոճվող ագռավը: Բայց գորտը չգիտեր էլ, թե մորեխ ինչպես են ուտում: Նա փակեց աչքերն ու բացեց բերանը: Չգիտես քանի րոպե այդպես նստելուց հետո, նա հանկարծ տեղից վեր թռավ. - Լսեք, միևնույն է, արագիլն ինձ պետք է ուտի, այնպես չէ՞: Կարծում եմ, որ նրա համար միևնույն է, իմ մեջ մորեխ կլինի՞, թե՞ ոչ,- ու այդ մտքից նա շատ ուրախացավ: Փոքրիկ գորտը ժպիտը դեմքին մոտեցավ արագիլին, բռնեց նրա ոտքն ու նայելով նրա շփոթված դեմքին,ասաց. - Սիրելի արագիլ, իմ անբաժան ընկեր, ես նույնպես կյանքս չեմ խնայի քեզ համար, որ այդպես է...կեր ինձ,- ու, կծկելով ձեռքերն ու ոտքերը, շշնջաց. "Բարի ախորժակ": Շփոթված արագիլը դիմեց պառավ ագռավին. - Իսկ գորտին ուտելը պարտադի՞ր է: - Պարտադիր է, - խստորեն պատասխանեց ագռավն ու ավելացրեց.- մեզ շրջապատող միջավայրն է դա պահանջում: Արագիլն էլ չգիտեր, թե գորտ ինչպես են ուտում: Նա խորը հոգոց հանեց, բացեց կտուցն ու սարսափից անմիջապես աչքերը պինդ-պինդ փակեց: Այդպես` փակ աչքերով նրանք նստել ու վախից երկար ժամանակ չէին շարժվում: Վերջապես մորեխիկի ձայնը խախտեց լռությունը. - Հետաքրքիր է, ինձ արդեն կերե՞լ են... - Դժվար թե,- խոսեց աչքերը փակ գորտը,- կերվածներն ընդհանրապես չեն խոսում: - Այդ դեպքում, դու էլ այնքան նման չես կերվածի, ձայնդ ինչ-որ շատ մոտիկից է գալիս,- նկատեց մորեխիկը: - Իսկ արագիլին երևի կերել են, նրա ձայնը վաղուց է, ինչ չի լսվում: Նրանք բացեցին աչքերն ու նայեցին արագիլի կողմը: Նա խոնարհել էր աչքերն ու ճոճվում էր մի ոտքի վրա (ուրեմն` մտածմունքի մեջ էր): Վերջապես արագիլն էլ խոսեց. - Շատ հետաքրքիր է, թե ո՞վ է այդ Բնությունը: - Բնությունը, - ասաց բարեկամների անվճռականությունից անասելի հոգնած ագռավը, - դա այն ամենն է` ինչ մեզ շրջապատում է, - ու թևերը թափահարելով ավելացրեց. - Դե, եթե այստեղ դեռ ոչ ոք ոչ մեկին չի ուտում, ես գնամ այնտեղ` որտեղ դրա գիտակցումը կա: Դե, երևի մենք էլ չհանդիպենք, բայց ասածս հիշեք, մեկ է, վաղ թե ուշ` դուք իրար կուտեք: Ու թևին տալով` ավելացրեց. - Բնության օրենքն է այդպիսին... Արագիլն իրեն թափ տվեց ու բացեց աչքերը: Հետո, երեքն էլ սկսեցին իրենց շուրջը նայել: Շրջապատում ուրիշ կենդանու չհանդիպելով, նրանք մոտեցան հաստաբուն կաղնուն: - Ասացեք խնդրեմ, հարգարժան Ծառ,- դիմեց արագիլը կաղնուն,- Դուք մեզ շրջապատո՞ւմ եք: - Դե, ինչ-որ չափով, այո, իսկ ի՞նչ է պատահել: - Եթե Դուք ինչ-որ չափով մեզ շրջապատում եք, ուրեմն Դո՞ւք եք Բնությունը: - Դե..., ասենք թե այո: - Ուրեմն այդ Դո՞ւք եք ինձ ստիպում ուտել իմ ընկերներին` գորտին ու մորեխիկին, այն էլ` մորեխիկին երկու անգամ: - Ինչե՞ր ես ասում, փոքրիկ, ես տանել չեմ կարողանում, երբ իրար ուտում են: Բացի այդ, եթե որոշ չափով ես շրջապատում եմ ձեզ, դուք էլ ձեր հերթին եք ինձ շրջապատում: Ուրեմն` դուք էլ այնքան բնություն եք, որքան` ես: Արագիլը նորից սկսեց ճոճվել: - Այ քեզ բան, պարզվում է, որ հենց մենք ենք Բնությունը, որ մենք ինքներս կարող ենք որոշել` ուտե՞լ իրար, թե՞ ոչ: Լսո՞ւմ ես գորտ, Բնությունը դու ես, մորեխիկը, ես, կաղնին,- թռչկոտում էր արագիլն ու գրկում ընկերներին: Հանկարծ, ասես մի բան մտաբերելով, նա կանգ առավ.
- Բա ագռա՞վն ով է... - Հիմար է նա, - վստահորեն պատասխանեց կաղնին: - Ճիշտ որ,- համաձայնեցին նրանք, և ուրախ-ուրախ վազեցին դեպի մարգագետին: Նորից խաղում էին նրանք, համբուրվում, գրկում իրար, խոստանում դառնալ` երեք անբաժան ընկեր, երեք փոքրիկ, կենդանի Բնություն... Փոխադրությունը` Արթուր Ազարյանի | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2304 reads | 28.03.2013
| |