ՀՈՄՍԻ ՎԻՐԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱՄ ԲԱՇԱՐ ԱԼ-ԱՍԱԴԻ ՏՈՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ
![]() Հոմսի շրջանին պատկանող Թալբիսա քաղաքում էլ ալ-Ադհայի տոնի հենց առաջին օրը մի ողջ ընտանիք է դարձել վարչակարգի ուժերի ձեռնարկած ռմբակոծության զոհը. ակտիվիստները հաղորդում են նաև տասնյակ վիրավորների մասին, որոնք երեխաներ են՝ հիմնականում ծանր վնասվածքներ ստացած: قناة الجزيرة مباشر - Aljazeera Mubasher Channel-ն արձանագրել է, որ կառավարական ուժերի թիրախը տոնական այդ օրը գլխավորապես Հոմսն էր. հրետանակոծության է ենթարկվել Արևելյան ալ-Ղուտան: Վիրավորված բազմաթիվ երեխաներ տեղափոխվել են վարչակարգի վերահսկողության տակ գտնվող հիվանդանոցներ: Մյուս կողմից «Իսլամական պետության» զինյալները հայտարարել են Հյուսիսային Համահի շրջանում գտնվող Մորք քաղաքն իրենց գերակայությանը ենթարկելու մասին: Հայտարարությունն արվել է կառավարական ուժերի և ԴԱԵՇ-ի զինյալների միջև տեղի ունեցած արյունալի ընդհարումից անմիջապես հետո: Մինչ պատերազմ էր ընթանում Սիրիայի կառավարական ուժերի և ԴԱԵՇ-ի զինյալների միջև, սիրիական ընդդիմությունը ներկայացող Ազատ բանակը գրավում էր Դարայի շրջանում գտնվող Հարա քաղաքի ռազմական անվտանգության շենքը: Իսկ Հալեպից հյուսիս-արևելք ընկած մասում քրդական ուժերը շարունակում են ինքնապաշտպանական մարտերն ընդդեմ Իսլամական պետության ահաբեկչական խմբավորումների: Չնայած Միջազգային դաշինքի ուժերի կողմից ԴԱԵՇ-ի՝ Կոբանիում ամրացրած դիրքերը ռմբակոծելուն` ծայրահեղական ջիհադականներին հաջողվել է քուրդ պաշտպաններին հեռացնել քաղաքի կարևորագույն հենակետերից: Արդյունքում քրդաբնակ Կոբանիի արևմտյան, հարավային և արևելյան մասերն անցել են իսլամիստների ձեռքը: قناة الجزيرة مباشر - Aljazeera Mubasher Channel-ն չի շրջանցել նաև Սիրիայի կառավարության տարածած լուրը, թե նախագահ Բաշար Ալ-Ասադը հոկտեմբերի 4-ին այցելել է Դամասկոսի ալ-Նուման բն Բաշիրի մզկիթ՝ մասնակցելու ալ-Ադհայի տոնական աղոթքի հանդիսավոր արարողությանը: ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1511 reads | 08.10.2014
| |