ՄԱՀ ԿԱՄ ԱՅԼ ԵՐԿԻՐ. ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԸ ԳԵՐԱԴԱՍԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
![]() Զվարթնոց օդանավակայանում Հակոբին դիմավորելու են եկել ոչ միայն հարազատները, այլև ընկերները, ճանաչող ու անծանոթ մարդիկ, որոնք մեկ տարուց ավելի սպասում էին գերեվարված զինծառայողի վերադարձին: Ոգևորությանը հաջորդում են հարցերը. Ի՞նչ պայմաններում է գերի ընկեր, ինչպե՞ս են ադրբեջանցիները վարվել, ինչո՞ւ որոշեց ոչ թե վերադառնալ, այլ սկզբում գնալ երրորդ երկիր: Հակոբ Ինջիղուլյանը խուսափում է մանրամասներ պատմել Ադրբեջանում իր ապրած օրերի մասին: 2013-ի օգոստոսի 7-ի գիշերը ծառայության ժամանակ գերի ընկնելուց հետո Հակոբը ենթարկվել է խոշտանգումների, ծեծել են, հետո ստիպել հագնել ադրբեջանական բանակի համազգեստ և տեսախցիկի առաջ հայտարարել Հայաստան չվերադառնալու մտադրության մասին: Ընտանիքի հետ նամակագրական կապը եղել է Կարմիր խաչի շնորհիվ, բայց մինչև միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչներին հանդիպելը, ադրբեջանցիները բառ-բառ ասել են, թե ինչ պետք է Հակոբը պատմի: Երրորդ երկիր տեղափոխվելու միտքը ևս սպառնալիքի արդյունք է եղել: Մահ կամ այլ երկիր. Ադրբեջանի պահանջն է եղել: Հակոբը պատմում է, որ նույնիսկ սպառնացել են հաշվեհարդար տեսնել, եթե որոշի երրորդ երկրից վերադառնալ Հայաստան: Հայրենիքում, սակայն, այլևս չկա վախ, ընդհակառակը, բուժզննումից հետո կգնա բանակ՝ ավարտին հասցնելու զինծառայությունը: Հայաստանը պաշտոնապես երաշխավորել է Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդումը բացառելու մասին: 23-ամյա շարքային զինծառայողը պատահաբար է հայտնվել թշնամու հսկողության տակ գտնվող տարածքում, գերության մեջ էլ չի բացահայտել իր տիրապետած գաղտնի տեղեկությունները: Հայրենիքում բուժզննում անցնելուց և անհրաժեշտության դեպքում առողջությունը վերականգնելուց հետո կվերադառնա բնականոն կյանքի: Նաիրի Հոխիկյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1559 reads | 03.10.2014
| |