ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԼԻ (ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ)
![]() ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնային Ղարաբաղը վաղնջնական ադրբեջանական հող է: Ադրբեջանցիները այդ երկրամասում ապրել են դարերով, իսկ հայերը եկել են այդտեղ որպես հյուր… Պարզապես XIX դարում հայերի վերաբնակեցումը ուրիշ շրջաններից Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է դեմոգրաֆիական իրավիճակի փոփոխությանը և ԽԱՀՄ փլուզման պահին հայերն այնտեղ կազմել են մեծամասնություն:
Մենք աչք չենք տնկում ուրիշ երկրների տարածքների վրա: Չնայած նրան, որ այժմյան Հայաստանի Հանրապետությունը ստեղծված է ադրբեջանական պատմական տարածքների վրա,… ադրբեջանական ժողովրդի համբերությունը անսահման չէ: Մենք պետք է վերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Վերևում բերված ռասիստական զառանցանքը վերցրված է Ադրբեջանի նախագահ Ալիևի` 2010թ. հունիսի 24-ին կայացած զինվորական զորավարժությունների մասնակիցների առաջ արտասանած ճառից: ![]() Արցախում նոր թվարկությունից առաջ Տիգրան Մեծի կողմից կառուցված Տիգրանակերտ քաղաքը, որի պեղումներն արդեն մի քանի տարի է, ինչ մեծ հաջողությամբ իրականացվում են. IV դարում կառուցված Ամարասի վանքը ուր V դարի սկզբին հայկական գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը բացել է առաջին հայկական դպրոցը: Ամարասում է գտնվում Գրիգոր Լուսավորիչի թոռ` Գրիգորիսի գերեզմանը (338թ.), որը տարածել է քրիստոնեությունը Արցախում. V դարում Վաչաgան Բարեպաշտի կողմից ստեզծված Արցախ-Ուտիքի թագավորությունը Պարտավ (այժմ Բարդա) մայրաքաղաքով. Առանշահիկների իշխանական տոհմը, որը Պարսկաստանի կողմից ճանաչվել է որպես թագավորական. Խաչենի իշխանությունը, որի վերելքի տարիներին` 1216-1238 թթ. կառուցվել է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը` Գանձասարի վանքը, որի քարե պատերին հայերենով փորագրված է հայկական երկրամասի հերոսական պատմությունը. Հայկական ճարտարապետության այլ վեհաշուք կոթողները` Սուրբ Հակոբ, Դադիվանք, Երեք Մանկունք, Եղիշե Առաքյալ, Գտիչ, Քոլատուկ գյուղի շրջակայքի թավ անտառներում գտնվող Կոշիկ Անապատի վանքային վեհաշուք համալիրը և ուրիշներ: ![]() 1. Գյուլիստան – տարածվում է Գանձակից (Գյանջա) մինչև Թարթառ գետը (ընդգրկում է մոտավորապես նախկին Ադր. ԽԱՀ Խանլար–Գետաշեն և Շահումյանի շրջանները): 2. Ջրաբերդ – տարածվում է Թարթառ գետից մինչև Խաչեն գետը (ԼՂՀ Մարտակերտի շրջանի հյուսիսային և կենտրոնական մասերը): 3. Խաչեն - տարածվում է Խաչեն գետից մինչև Բալուջա գետը (ԼՂՀ Կենտրոնական մաս): 4. Վարանդա - տարածվում է այդ գետից մինչև Դիզափայտ լեռան շրջակայքը (ԼՂՀ Ասկերանի, Մարտունու, Շուշիի շրջանները): 5. Դիզակ - տարածվում է Դիզափայտից մինչև Արաքս գետը (ԼՂՀ Հադրութի, Կարյագինո-Ֆիզուլիի, Բերդաձորի, Կովսականի շրջաններ): Այդ հինգ հայկական մելիքությունները, լինելով անմիջական հարևաններ, կազմել են մի ամբողջականություն և գոյատևել են մինչև ռուսական տիրապետության հաստատումը՝ միացումը 1813թ. Ռուսաստանին: Խամսայի մելիքությունների բնակչությունը եղել է բաղկացած բացառապես հայերից: Ահա, օրինակ, ինչ է գրում Ռուսաստանին Ղարաբաղի միացման անմիջական ականատես Միրզա Յուսուֆը պարսկերեն գրված իր «Ճշմարիտ պատմություն» գրքում, որը նվիրված է Խամսայի Մելիքության պատմությանը` «Ղարաբաղի հինգ մահալները, որոնց բնակչությունը բացառապես քրիստոնյա է հայտնի են «Խամսա» անունով, քանի որ հինգ թիվը արաբերեն նշանակում է «խամսա»… Նրանցից առաջինը Դիզակն է, որը տարածվում է` արևմուտքից Հագարու գետից և լայնությամբ` Արաքս գետի երկայնքով»: ![]() Ստույգ հայտնի է, որ թուրքական քոչվոր ցեղերը ներթափանցել են ռեգիոն` հիմնականում դաշտային Ղարաբաղ, 18-րդ դարում պարսկական Նադիր շահի ջանքերով, որպեսզի թուլացվի Ղարաբաղի մելիքների հզորությունը: Քոչվորները զբաղվել են հիմնականում անասնապահությամբ և ավազակությամբ: Ուստի ապարդյուն ու ծիծաղելի են նեոբունյաթովների, ալիևների ջանքերը հիմնավորելու քոչվորների բնիկ լինելը, քանզի պատմությունը նույնքան ճշգրիտ գիտություն է, որքան մաթեմատիկան կամ ֆիզիկան: Ասել, որ այդ չեն հասկանում նեոթուրք-ադրբեջանցիները և նեոպանթուրքիստները, կլինի ախալ: Պարզապես նրանց անհրաժեշտ է հերթական անգամ խաբել իսկական պատմությանը քիչ ծանոթ միջազգային հանրությանը, ստեղծել «պատմական հիմք» դարավոր երազանքը` հայկական էթնոսը արմատախիլ անելու ու հայկական սեպի ոչնչացման միջոցով ստեզծել Բալկաններից մինչև Ալթայ ու Չինական պարիսպ տարածվող գերհզոր թուրքալեզու պետություն, իրականություն դարձնելու համար: Այդ նպատակով միանգամայն գիտակցաբար օգտագործում են սուտը, կեղծիքը, երկերեսությունը, կաշառելը, ռազմական միջամտությունը և այլն` քանզի նպատակին հասնելը արդարացնում է միջոցները: Ադրբեջանում հայատյացությունը բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի: Այսպես, դեռ 1999թ. փետրվարի 1-ին Հեյդար Ալիևը պահանջում էր` «Հարկավոր է ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մշտապես հետևողական ձևով ապացուցեն այն հողերի ադրբեջանական լինելը, որտեղ զետեղված է Հայաստանը: Մենք այդ պետք է անենք: Մենք պետք է ճամփա բացենք գալիք սերունդների համար… Այժմյան Հայաստանի տարածքը հանդիսանում է ադրբեջանական և այդ նշված է իմ կողմից ստորագրված հրամանագրում: Իրեվանի խանության պատմությունը հայտնի է: Դուք, պատմաբաններդ, պետք է հետևողականորեն այդ ապացուցեք»: Վերը բերվածի լույսի ներքո կարելի է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաճել է գլոբալ խնդրի` հայկական պետականության լրիվ ոչնչացում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Ստեղծված իրադրության գնահատականը մեր կողմից կտրվի ստորև, բայց սկզբում ազերի-թուրքերի և նրանց պետության մասին: ![]() Այսպես, 1926թ. մարդահամարի տվյալների մեջ չի նշված ադրբեջանցի ազգ, այլ նշված է «կովկասյան թաթարներ»: Կովկասյան թաթար-թուրքերի առաջնորդներ մուսավաթիստները Թուրքիայի թելադրանքով այդ անվանումով են կոչել 1918-1920 թթ.: Անդրկովկասում ձևավորված երեք պետականություններից մեկին` հեռահար նպատակով-հարմար պահի ներկայացնել տարածքային պահանջներ Իրանին` հյուսիս-արևմտյան մասը որի կոչվում է Ադրբեջան (Ատրպատական) և որտեղ ապրում են որոշակի քանակությամբ թուրքեր: Նորաստեղծ մուսավաթական պետությունը միանգամից սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել իր հարևաններին` Հայաստանին ու Վրաստանին. այդ պատճառով նա չընդունվեց Ազգերի Լիգա: Լեռնային Ղարաբաղը համարվում էր Հայաստանի Հանրապետության բաղկացուցիչ մասը: Այն հայտնվեց խորհրդայնացված Ադրբեջանի կազմում ՌԿՊ (բ) Կովկասյան բյուրոյի որոշման հիման վրա, ընդ որում Կովբյուրոն 1921թ. հուլիսի 4-ին և 5-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու իրարամերժ որոշումներ: Հուլիսի 4-ին Կովբյուրոյի Պլենումը, առանց արարողակարգային խախտումների ընդունել է որոշում Լեռնային Ղարաբաղը Սովետական Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Սակայն, 1921թ. հուլիսի 5-ին` առանց քննարկման և քվեարկության դնելու, Մոսկվայի ներկայացուցիչ Ստալինը Պլենումի վզին է փաթաթում նոր որոշում՝ ի օգուտ Ադրբեջանի: Կովբյուրոյի հուլիսի 5-ի որոշման մեջ մասնավորապես ասված է` ա. Մուսուլմանների և հայերի միջև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից ելնելով՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում՝ տալով նրան լայն մարզային ավտոնոմիա … բ. Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին որոշել ավտոնոմ մարզի սահմանները … գ. Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին որոշել Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ մարզի ծավալը … Հետագայում Արցախի հայերի համար առավել վտանգավոր և ճակատագրական եղան Կովբյուրոյի որոշման բ. և դ. կետերը: Օգտվելով նրանցից՝ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղից կտրեցին և ավտոնոմ մարզի մեջ չմտցրեցին Դաղքեսանի, Շամքորի, Խանլար-Գետաշենի, Շահումյանի շրջանները հյուսիս-արևմուտքում, Քելբաջարի, Լաչինի շրջանները արևմուտքում և բոլոր, այժմ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից ազատագրված տարածքները Մայր-Արաքսի երկայնքով, որը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի տարածքի առաջին լուրջ տրոհումը: ![]() Բայց խաղաղություն այդպես էլ չհաստատվեց: Կավբյուրոյի որոշումից անմիջապես հետո Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն իր 16 հուլիսի 1921թ. նիստում իր անհամաձայնությունն է արտահայտել «ընդունված» որոշմանը: Արդարության վերականգնման համար պայքարը շարունակվեց ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզվելը: ԼՂԻՄ ժողպատգամավորների Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի խաղաղ որոշմանը` «Միջնորդել Ադր. ԽԱՀ և ՀԽԱՀ Գերագույն Խորհուրդների առաջ ԼՂԻՄ-ը ԱԽՍՀ կազմից ՀԽՍՀ կազմ տեղափոխելու համար» Բաքուն պատասխանեց հատուկ կազմակերպված ջարդերով ու սպանություններով Սումգայիթում (27-29 փետրվարի 1988թ.), իսկ հետագայում՝ Կիրովաբադում (Գյանջա) (1989թ.), Բաքվում` (13-19 հունվարի 1990թ.) և հայաբնակ այլ վայրերում: Շնորհակալություն Մարինե Գրիգորյանին և Լարիսա Ալավերդյանին, որոնց ջանքերի շնորհիվ նկարահանվեցին փաստավավերագրական ֆիլմեր Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության վերաբերյալ: Գորբաչովյան Կենտրոնը միշտ «ուշանում» էր, կամ համարժեք ձևով չէր արձագանքում, որից առավել էին գազանանում վայրագները: Խորհրդային Բանակի և OMOH-ի ստորաբաժանումները 1991թ. ապրիլի 30-ին իրականացրին «Օղակ» գործողությունը, որի հետևանքով հայաթափվեցին Գետաշենը, Մարտունաշենը, ԼՂԻՄ Հադրութի շրջանի գյուղերի մեծ մասը: Կորցնելով ողջ ունեցվածքը, բարեկարգ բնակարանները՝ 550 հազար հայեր (միայն Բաքվից՝ 250 հազար) 1988-1990թ.թ. դարձան փախստականներ: ![]() Այսպիսով, ԽԱՀՄ փլուզման հետևանքով, ԽԱՀՄ դեռևս գործող օրենքներին և միջազգային իրավական նորմերին համապատասխան, ձևավորվեցին երկու անկախ պետություններ` Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Այսօր խոսել Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության մասին` հասկանալով նրա կազմում ԼՂՀ-ն, անհեթեթություն է, քանզի ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի և նորաստողծ ԱՀ-ի կազմում: Նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) անմիջապես ձեռնարկեց քայլեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ուղղությամբ: ![]() Չստացվեց … Հայերի աննախադեպ հերոսական ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել թշնամուն և հետագայում դուրս շպրտել նրան Արցախի տարածքի մեծ մասից: Թշնամուն չօգնեց իշխանափոխությունը և նոր նախագահ Հեյդար Ալիևի` իր զինվորներին ոգևորելու համար, ավտոմատից արձակած կրակահերթը ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղությամբ (նրա հայտնի լուսանկարը տարածվեց լրատվական բոլոր միջոցների կողմից): Սկսվեց ազերի-թուրքերի և նրանց պետության զավթողական քաղաքականության լիակատար տապալումը: Այսօրվա Ադրբեջանը ընդմիշտ պարտք է Ռուսաստանին, որի միջնորդությունը հարգելով՝ հայկական կողմը դադարեցրեց թշնամու հետագա հետապնդումը: Ստեղծված այժմյա իրավիճակը հետևանք է մինչև ատամները զինված Ադրբեջանի նախահարձակ լինելուն, որի արդյունքում, մի քանի հազար քաջարի հայ որդիների կյանքի գնով, ագրեսորը ստացավ արժանի պատիժ: Թվում էր, թե թշնամին կհամոզվեր Արցախի հայերի ձգտման արդարացիությանը` ապրելու իր բազմադարյան հայրենիքում ազատ ու անկախ, կհամակերպվեր իր իսկ մեղքով ստեղծված իրավիճակին և կձգտեր ստեղծել բարիդրացիական հարաբերություններ ԼՂՀ-ի և Հայաստանի հետ: Սակայն գործնականում ստացվեց, որ Բիշքեկյան արձանագրությունը լոկ փրկեց Ադրբեջանին աղետից, իսկ հետագայում միջնորդների թողտվության շնորհիվ ձգտել ռևանշի՝ դնելով առավել գլոբալ (պանթուրկական) խնդիր` վերադարձնել ոչ միայն Ղարաբաղը, այլ Թուրքիայի հետ տանդեմ կազմած ոչնչացնել Հայկական պետությունը: ![]() Օգտվելով հայկական կողմի անթույատրելի իներտությունից՝ թշնամին առ այսօր արցունքներ է թափում «Խոջալուի», «միլիոն փախստականների» վերաբերյալ՝ վարպետորեն թաքցնելով իր գայլի ժանիքները, ձգտելով ներկայանալ հանրությանը զոհի կարգավիճակով: Այս ամենին զուգահեռ անպատկառ ձևով խեղաթյուրում է իրողություններն ու տարածաշրջանի պատմությունը, ստեղծելով ռևանշի համար բարենպաստ միջազգային միջավայր: Վաղուց է անհրաժեշտ տալ պատճառաբանված գնահատականներ «Խոջալու», «Միլիոն ազերի –թուրք փախստականներ» հորինվածքներին, «վաստակաշատ» բունյաթովյան պատմաբան-կեղծարարներին: Գտնվելով Ստեփանակերտին մոտ՝ Խոջալուն 1989թ. դարձել է ադրբեջանական OMOH-ի հենակետ, որը խորհրդային բանակի ստորաբաժանումների հետ միասին ակտիվորեն իրականացրել է պատժիչ գործողություններ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Խոջալուն դարձել է արդեն հենակետ ադրբեջանական բանակի համար, որտեղից անընդհատ հրետանային հարձակումների էին ենթարկվում Ստեփանակերտը և հարևան հայկական գյուղերը: Հույժ անհրաժեշտություն էր Խոջալուի ազատագրումը, որը իրագործեցին ԼՂՀ-ի ինքնապաշտպանական բանակի ստորաբաժանումները 1992թ. փետրվարի 25-26-ին՝ նախօրոք թողնելով միջանցք խաղաղ բնակչության հեռանալու համար: ![]() Ուշագրավ է, որ ադրբեջանցի լրագրողը՝ Չինգիզ Մուստաֆաևը, որը հաստատել է Մութալիբովի կարծիքը, սպանվեց: Կարևոր է նշել նաև ԼՂՀ-ի ինքնապաշտպանական բանակի Հրամանատար Սամվել Բաբայանի (այժմ գեներալ-լեյտենանտ) բազմիցս հնչեցրած պարզաբանումը` բոլոր հակահարձակողական գործողություններում-Օմարից մինչև Արաքս, ինքնապաշտպանական ուժերը թողել են միջանցքներ խաղաղ բնակչության հեռացման համար: Այն, որ միայն Խոջալուի դեպքում է հակառակորդը վայնասուն բարձրացրել, հաստատում է Մութալիբովի իրավացիությունը: Խոջալուից երկու ամիս հետո Մութալիբովը հեռացվեց, և իշխանության եկավ Ադրբեջանի Ազգային ճակատը, որն անմիջապես սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ ԼՂՀ-ի դեմ: Շուրջ տասը տարի առաջ Հայաստանի ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում իմ կողմից հրապարակվեց շատ կարևոր փաստաթուղթ` Ադրբեջանի բնակչության թիվը առ 1 հունվարի 1991թ., մասնավորապես, ԼՂՀ-ին կից այդ չարաբաստիկ յոթ շրջանների, ըստ «Численность населения Союзных республик по городским поселениям и районам на 1 января 1991г. Москва, Информационно-издательский центр Госкомстата СССР. 1991г. վիճակագրական ժողովածուի տվյալների: ![]() Աղյուսակում բերված առաջին հինգ շրջանների բնակչության թիվը, որոնք հեռացել են բնակչության վայրերից (44,9+48,5+29,0+33,0+49,8=205,2 հազ.մարդ) հավասար է 205,2 հազ. մարդ; Աղդամի շրջանից ((135,9-39,2)x0,35+39,2=96,7x0,35+39,2=33,845+39,2=73,045հազ.) հավասար է 73,045 հազ. մարդ; Ֆիզուլիի շրջանից ((91,7-23,3)x0,25+23,3=68,4x0,25+23,3=68,4x0,25+23,3=17,1+23,3= =40,4 հազ.) հավասար է 40,4 հազ. մարդ. Այսպիսով` վերը նշված յոթ շրջաններից տեղափոխվել են Ադրբեջանի այլ վայրեր 318,645 հազ.մարդ : ԼՂԻՄ-ում այդ ժամանակ ապրում էր մոտ 43 հազ ազերի-թուրքեր: Տեղափոխվածների (բայց ոչ փախստականների) ընդհանուր թիվը կլինի` 318,645+43=361,645-362,0 հազ.մարդ, որն ակնհայտորեն միլիոնից շատ հեռու է: Հայաստանից հեռացել են 166 հազ. ազերի-թուրքեր, որոնց փախստական չի կարելի համարել, քանի որ նրանք բոլորը Հայաստանի իշխանությունների աջակցությամբ տեղափոխել են իրենց ողջ ունեցվածքը և շահավետ ձևով փոխանակել են իրենց բնակարանները և տները: Ավելին, նրանց մի մասը, որը բնակվում էր Սպիտակի երկրաշարժի գոտում ստացան լրացուցիչ նյութական և ֆինանսական օգնություն (անգամ մեկնելուց հետո): Ուշագրավ է, որ ադրբեջանցիները հեռացել են երկրաշարժի գոտուց երկրաշարժից մի քանի օր առաջ, որը հիմք է տվել որոշ վերլուծաբանների` համարելու, որ Սպիտակի 1988թ. երկրաշարժը արհեստածին է:
![]() Վերադառնալով պատմության կեղծարարներին, գտնում եմ, որ հայ պատմաբանները պետք լինեն աչալուրջ և արժանահիշատակ Բագրատ Ուլուբաբյանի ավանդույթով մշտական արժանի հակահարված կտան հայոց պատմության նորաթուխ կեղծարարներին: Ամփոփելով վերը շարադրվածը կարելի է հաստատագրել` 1. Արցախ-Ղարաբաղի հայերը բնիկներ են ի սկզբանե
2. ԼՂՀ Ինքնապաշտպանական Բանակի ազատագրած տարածքները պատմական Հայրենիքի մի մասն են: 3. ԽԱՀՄ փլուզումից հետո նախկին Ադր. ԽՍՀ զբաղեցրած տարածքի վրա ԽՍՀՄ դեռևս գործող օրենքներին և Միջազգային իրավական նորմերին համապատասխան ձևավորվել են երկու անկախ պետություններ` Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): 4. ԼՂՀ-ի վրա Ադրբեջանական Հանրապետության հարձակման և ԼՂՀ Ինքնապաշտպանական Բանակի հակահարվածի արդյունքում ստեղծվել է ներկա ստատուս քվոն: 5. Ադրբեջանական Հանրապետության և Թուրքիայի միջև գոյություն ունեցող 160 կմ. բացվածքով հայկական սեպը երաշխիք է հայկական պետության գոյատևման և անհաղթահարելի խոչընդոտ պանթուրքիզմի նպատակների իրականացման համար: 6. Եվրոմիության դռները ծեծող Թուրքիան պետք է հրաժարվի երկակի խաղից` ձգտումը դառնալ Եվրոմիության անդամ, հայերին բնաջնջելու միջոցով ստեղծել Կովկասի և Միջին Ասիայի թուրքալեզու երկրներից նոր գերհզոր պետություն: Կապված Թուրքիայի այդ երազանքի հետ, արդեն շրջվում է զվարճապատում, որ Չինաստանը շտապ կարգով վերանորոգում ու պաշտպանական հզոր միջոցներով հագեցնում է Չինական պարիսպը: Լիովին լուրջ ձևով իմաստուն ու հեռատես Իրանը ամրացնում է իր սահմանը Ադրբեջանական Հանրապետության հետ: Ռուսաստանը կարծես չի մոռացել Թուրքիայի կողմից "Համաշխարհային պրոլետարական հեղափոխության "տարածումը” Միջին Ասիայում և Ռուսաստանի շահերին դավաճանած "հեղափոխություն տարածող” Էնվեր Փաշայի ձեռքերով Բուխարայի բասմաչական Էմիրայության ստեղծումը: Թուրքիան ևս չպետք է մոռանա հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Էնվեր Փաշայի ճակատագիրը, որը սպանվեց Կարմիր Բանակի սպա, ազգությամբ հայ Հակոբ Մելքումովի կողմից` Միջին Ասիայի բասմաչների հետ մարտի ժամանակ: Անդրկովկասում կստեղծվի խաղաղություն ու ժողովուրդների բարեկեցիկ կյանք, եթե ռեգիոնի պետությունները (ճանաչված և չճանացված) վարվեն այնպես, ինչպես Եվրոպական պետությունները Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո–թողնել անփոփոխ առկա ստեղծված սահմանները (չնայած կային ավելի լուրջ հակասություններ, քան հակասություններն, օրինակ, ԼՂՀ-ի և Ադրբեջանական Հանրապետության միջև); հրաժարվել ուժ կիրառելուց; ձգտել բարձրացնել սեփական ժողովուրդների բարեկեցությունը միասնական տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ծրագրերի միջոցով: Ժողովուրդների բարեկեցությունը վեր է ամեն ինչից– որպես հետևանք` սահմանների գոյության ձևականություն: Կհասկանա՞ն արդյոք Թուրքիան և Ադրբեջանը այս տարրական ճշմարտությունը ապագան և նրանցն է, ոչ–նրանց սպասվում են տարածաշրջանային լուրջ խնդիրներ: Որպես վերջաբան նպատակահարմար է բերել Նապոլեոն Բոնապարտի հետևյալ դիտարկումը` "Հայրենիքը կործանելու համար բավական է անգամ մեկ սրիկայի առկայությունը,–պատմության մեջ եղել են ոչ քիչ օրինակներ”: Հուսանք, որ Հայաստանը չի ծնի այդպիսինին, իսկ ահա հարևան երկիրը կարծես ծնել է` ի դեմս Իլհամի: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
4093 reads | 20.02.2014
| |