Հայկական «Չինաստան-Եվրասիա» խորհուրդը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Շանհայի համագործակցության կազմակերպության ԲԲՀԿ-ի հետ
![]() Համագործակցության Փոխըմբռնման Հուշագիրը ստորագրեցին «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր-ղեկավար, ք․գ․թ․ Մհեր Սահակյանը և ՇՀԿ, ԲԲՀԿ փոխնախագահ, Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողով Համաչինական կոմիտեի անդամ տիկին Ցուի Լին։ Մհեր Սահակյանը նշեց, որ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և ՇՀԿ չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի» միջև բանակցությունները սկսվել են դեռևս ամիսներ առաջ, իսկ փաստացի համագործակցությունը սկսվեց այն բանից հետո, երբ հունիս ամսին ՇՀԿ «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեն» պայմանավորվելով «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հետ՝ Հայաստան ուղարկեց բժշկական պաշտպանիչ հագուստներ Covid-19 ի դեմ պայքարի համար։ Մհեր Սահակյանը շնորհակալություն հայտնեց չին գործընկերների օժանդակության համար և հույս հայտնեց, որ կնքված Փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա խորացնել համագործակցությունը և օժանդակել Հայ-չինական բարեկամական կապերի ամրապնդմանը։ Փոխնախագահ Ցուի Լին ընդգծեց ժողովրդական դիվանագիտության կարևորությունը, որը հնարավորություն կտա խորացնել ՇՀԿ-ի հետ գործակցող երկրների փոխըմբռնումը, կազմակերպել քաղաքացիների միջև շփումներ և փոխայցելություններ։ Նա նշեց, որ մյուս տարի լրանում է ՇՀԿ-ի հիմնադրման 20 ամյակը, Չինաստանը ցանկանում է առաջ տանել Շանհայի համագործակցության ոգին, որի շնորհիվ հնարավոր կլինի միավորել մարդկանց և համատեղ աշխատանքի շնորհիվ հաղթահարել COVID-19 համաճարակը։ Ըստ նրա ներկայումս հնարավոր է օգտագործել արհեստական բանականությունը, հեռակոնֆերանսները, 5G-ն և այլ տեխնոլոգիաներ՝ բազմակողմանի փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու համար: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2587 reads | 11.08.2020
| |