ՃԱՄՓԻ ԿԵՍԻՆ ՁԻԵՐԻՆ ՓՈԽՈՒ՞Մ ԵՆ. ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ
ՀՀ Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը 2020թ․ հունիսի 8-ին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի որոշ հարցերի՝ պատասխանելով «Գետանցին ձիերին չեն փոխում» թեզիսին։ Ներկայացնում ենք Սամվել Ֆարմանյանի հրապարակումն ամբողջությամբ․ ![]() Ա.) Ճամփի կեսին ձիերին չեն փոխում: Երկրում արտակարգ իրավիճակ է, մենք պատերազմի մեջ ենք անտեսանելի թշնամու դեմ, և սխալ կլինի համավարակի ու արտակարգ իրավիճակի պայմաններում գնալ վարչապետի փոփոխության: Բ.) Հա, չենք հերքում, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը, սակայն նա ընտրվել է միանգամայն օրինակարգ եղանակով, ուստի պիտի սպասել գալիք 2023 թ. հերթական ընտրություններին ու էդ ժամանակ էլ ժողովուրդը թող իր քվեարկությամբ որոշի` շարունակում է վստահել Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ: «Ձիերի» մասով, երևի անհնար է ավելի դիպուկ ու այլաբանորեն արտահայտվել, քան դա արել է հայ ժողովրդի ու արցախյան գոյամարտի մեծ բարեկամ, պատերազմական փառահեղ ճանապարհ անցած ռուս գեներալ Լեբեդը. «Да, коней на переправе не меняют, а ослов — можно и нужно менять» (18.10.1996): Հերթական ընտրություններին սպասելու մասին պնդումը, թերևս, հիմնավորված կլիներ, եթե չունենայինք այն գերվտանգավոր իրականությունը, ինչ կա այսօր` անդունդի եզրին կանգնած երկիր ու դժոխքի միջով անցնող ժողովուրդ (բնորոշումը` Նիկոլ Փաշինյանի), կոլապսի ենթարկված առողջապահական համակարգ ու սոցիալ-տնտեսական մոտալուտ աղետ, հանրության զանգվածային հիասթափություն և իշխանության կողմից հրահրված բարոյահոգեբանական երկրաշարժ, մեր աչքի առաջ կազմաքանդվող պետական ինստիտուտներ և մեր հավաքական իմունիտետի ակնհայտ նահանջ, ու էս ամեն ինչի հանրագումարում` արդեն իրական պատերազմի ու արտաքին ագրեսիայի ռեալ վտանգ: Անգամ մեր պետականության գլխին կուտակվող սև ու մութ ամպեր: Ուստի, առավել քան տրամաբանական է, որ «ձիերի» փոփոխությունը ոչ միայն ցանկալի է, այլ իրականում պարտադրված միակ հնարավոր լուծումը, որը թույլ կտա փորձել ձևը գտնել ու կանխել այն, ինչ մեզ սպասում է: Սա այն դեպքն է, երբ ժամանակը մեր դաշնակիցը չէ: Հակառակը` ժամանակը մեր ամենամեծ թշնամին է, քանի որ ուշացած ամեն մեկ օրը մեզ էլ ավելի է մոտեցնում, բժշկական բառերով ասած, անդառնալիության ճակատագրական կետին, որտեղից այն կողմ արդեն իրադարձությունները իրենք կթելադրեն դեպքերի հետագա ընթացքը` մեզ բոլորիս դնելով դիտորդի դերում, որտեղ այլևս ոչ մեկը օգտակար ոչինչ այլևս չի կարող անել` փրկելու Հայաստանը, փրկելու մեր ժողովրդին: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
8051 reads | 09.06.2020
| |