ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ
Նանծինի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետ, կրոնագիտության մագիստրոս (2016-2019) (Նանծին, Չինաստան)։ 2011-2013 ավարտել է Աստվածաբանության ֆակուլտետի մագիստրատուրան (Երևանի Պետական Համալսարան)։ 2014-2015 թթ․ եղել է ասպիրանտ՝ Կրոնագիտություն մասնագիտացմամբ (ԵՊՀ)։


Չինաստանի հայկական համայնքի պատմությունից

Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո Չինաստանը առաջին երկրներից էր, որ ճանաչեց նորանկախ Հայաստանի անկախությունը (1991 թվականի դեկտեմբերի 27), որով և սկսվեց հայ-չինական հարաբերությունների նոր փուլը։ 21-րդ դարում հայ-չինական առևտրատնեսական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ, մեծ կարևորություն է տրվում նաև հայ-չինական հարաբերությունների ուսումնասիրմանը, որի բաղկացուցիչ մասերից մեկն է հայկական ներկայության ուսումնասիրումը Չինաստանում։ Ներկա դարաշրջանում Չինաստանում ապրող և աշխատող հայերի թիվը գնալով աճում է, որի շնորհիվ Չինաստանի փոքրաթիվ հայկական համայնքը համալրվում է նոր անդամներով։ Այնուամենայնիվ հայ գիտական բնագավառում շատ քիչ  ուսումնասիրված ոլորտ է Չինաստանի հայկական համայնքը։ Ուստի աշխատանքի առաջնահերթ նպատակն է հասարակության լայն շրջանակներին ներկայացնելու Չինաստանի հայկական համայնքի համառոտ պատմությունը և ներկա շրջանում համայնքի զբաղեցրած դիրքը։

Հոդվածը բովանդակային առումով կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին մասում համառոտ կերպով ներկայացվել է չինա-հայ առնչությունները, իսկ երկրորդ հատվածը նվիրված է Չինաստանի հայկական համայնքի ներկա իրավիճակին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Չինաստանի հայկական համայնքի ներկայիս պատմությանը՝ համայնքի կազմավորման օրվանից մինչև 2018 թվականը։ Աշխատանքում հատկապես հետաքրքիր է ներկա շրջանը, որտեղ փորձել եմ հանգամանալից կերպով ներկայացնել համայնքի ստեղծման պատմությունը, համայնքի կատարած աշխատանքները և նպատակները։ Չինաստանի հայկական համայնքը, լինելով նորաստեղծ և երիտասարդ կառույց, դեռ ենթակա է մի շարք զարգացումների և փոփոխությունների, որի արդյունավետ գործունեությունը մեծ նպաստ կարող է բերել ոչ միայն համայնքի անդամներին, այլև հայ-չինական կապերի ամրապնդմանը։
Հայ-չինական կապերն ունեն դարավոր պատմություն, և որպես այդպիսին սկզբնական շրջանում զուտ կրել են առևտրական բնույթ։ Չինաստանում հայերն առաջին անգամ հիշատակվում են 2-րդ դարում՝ որպես մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ։ Հայտնի «Մետաքսի ճանապարհով» կատարվող առևտրից անմասն չէր մնացել նաև Հայաստանը, որն իր Արտաշատ, Դվին, Անի և այլ քաղաքներով աշխուժորեն մասնակցում էր միջազգային առևտրին։ Որոշ կարծիքների համաձայն հայերն եղել են այն ասորի-նեստորական վաճառականների թվում, որոնք վեցերորդ դարից հետո հայտնվել էին Չինաստանում և փորձել են տարածել նեստորականությունը Չինաստանում։

Հայ-չինական կապերի մասին առաջին տեղեկությունները հայ պատմագրության մեջ կարդում ենք պատմահայր Մ․Խորենացու մոտ, ըստ որի՝ Մամիկոնյանների և Օրբելյանների հայ նախարարական տոհմերն ունեին չինական ծագում: Բացի Մովսես Խորենացուց՝ իրենց աշխատություններում Չինաստանի մասին են գրել հայ պատմիչներ Սեբեոսը, Փավստոս Բուզանդը, Կիլիկիայի թագավոր Հեթումը և Անանիա Շիրակացին։ Բացի այն, որ հայերը վաճառականությամբ են զբաղվել Չինաստանում, որոշ հետազոտողներ առաջ են քաշում այն տեսակետը, որ հայերը նաև համայնքներ են ունեցել Չինաստանում դեռևս Թան հարստության շրջանում (մ․թ․618-907 ) և զբաղվել են  խաղողագործությամբ և գինեգործությամբ:

Ինչևէ, հայկական փոքր գաղութներ հիմնվել են միայն մոնղոլական առաջին արշավանքներից՝ 13-րդ դարի սկզբից հետո, երբ Հայաստանից գերեվարված հազարավոր հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում: Այնուհետև հայերը թափանցել են երկրի խորքերը, բնակվել ծովափնյա քաղաքներում, հատկապես Կանտոնում (այժմ Գուանջոու), որտեղ մինչև 1307-ը կառուցել է եկեղեցի՝ հարակից շինություններով:

16-17-րդ դարերում սկսվում է հայ-չինական հարաբերությունների նոր շրջանը: Չինաստանի հետ աշխույժ առևտրական հարաբերություններ են սկսում պարսկահայ և հնդկահայ վաճառականները: Ակադեմիկոս Հ․Աճառյանը նշում է, որ 17-18-րդ դարերում հայերը, օգտվելով չինական իշխանությունների հովանավորությունից և բնակչության համակրանքից, բարձր դիրքի են հասնում երկրի տարբեր շրջաններում: Հայերն ունեին առևտրանավեր, խանութներ, պահեստներ, ինչպես նաև հիմնել են առևտրային տներ: Աճառյանը գրում է. «Չինաստանը միշտ իր դռները փակ է պահել օտարերկրացիների, մանավանդ քրիստոնյաների առջև: Սակայն հայը բացառություն էր և օգտվում էր բացարձակ ազատությունից: Հայ վաճառականն այնքան սովորական երեւույթ էր Չինաստանում, որ ճիզվիտ քարոզիչները, երկրում ազատ ելումուտ ունենալու նպատակով, հագնում էին հայ վաճառականի հագուստ»: Այս մասին այլ վկայության հանդիպում ենք Ալիշանի մոտ, ով նույնպես նշում է, որ 17-րդ դարի սկզբներին եվրոպացիները Չինաստան մուտք գործելիս ապահովության համար հագնում էին հայկական տարազ:

Բանասեր Հ. Քյուրդյանը մատնանշում է որոշակի փաստեր, ըստ որի հայ առևտրականները շարունակել են առևտուր անել Չինաստանում նաև վաղ միջնադարում և նրանց հաճախ ուղեկցել են հայ հոգևորականներ, ովքեր Չինաստան են գնացել քարոզչության նպատակով: Սակայն դեռ պարզ չէ, թե այս քարոզչությունը իրականացվել է  տեղաբնակների, թե Չինաստանում արդեն իսկ բնակվող հայերի համար։ Այն, որ հնարավոր է, որ հայ հոգևորականները ուղևորվել են Չինաստան այնտեղի հայ համայնքի հոգևոր կարիքները բավարարելու համար, կարող է հիմավորվել այն հանգամանքով, որ 1765թ, Սիմեոն կաթողիկոսի կազմած հայկական գաղթօջախների ցուցակում հիշվում  է «Չինու երկիրը», Կանտոնը, Մակավը՝ որպես Էջմիածնին ենթակա գաղթօջախներ։ Ուստի որպես հայ կաթողիկոսության գաղթօջախներ, հայ հոգևորականները կարող են ուղևորված լինել այնտեղ։
17-րդ դարի կեսին Կանտոնում բնակվում էր 30 հայ ընտանիք:  18-րդ դարում ոչ մեծ հայկական առևտրական տներ են եղել Շանհայում։

Չինաստանում հայ առևտրականները, սակայն գործում էին իրարից անկախ և անմիաբան; Այդ բացասական երևույթը նկատողության է արժանացել Մ․Թաղիադյանի կողմից, ով գրում է.  «Եթե չինաբնակ հայերը ամենեքին միաբանէին ի մի տուն և յընկերութիւն և զամենայն գործառութիւն սիրով և խորհրդով կատարէին, անշուշտ համարեմք, որ զկնի քանի ամաց հայկազեանց ընկերութիւն ի Չին զերևելի տեղին գտանի ի մէջ ամենայն վաճառականից Կանթոնոյ…»:

19-րդ դարում Հնդկաստանից և այլ երկրներից հայերի նոր հոսք եղավ դեպի Չինաստան, որով հին համայնքներն ավելի աշխուժացան։ Նրանք բնակվեցին Չինաստանի արևելքում՝ Մուկդեն, Խարբին, Չանչուն, Շանհայ և Դայրեն քաղաքներում: Ամենահայաշատ քաղաքը 1930-ական թթ. Խարբինն էր: Հայերի թիվը այստեղ հասնում էր 500-ի: Խարբինի համայնքը ուներ եկեղեցի, ներքին սահմանադրություն: Այստեղ 1930-ին հիմնվեց «Արծիվ» միությունը, Հայ երիտասարդական ակումբը և Հայ տիկնանց միությունը:  Մի քանի անգամ Էջմիածնից նվիրակներ են ժամանել Խարբին և փորձ է կատարվել քաղաքի և մյուս վայրերի հայ բնակչության համար ստեղծել թեմակալություն, որը ինչ-ինչ պատճառներով չի ստացվել և Խարբինը և հարակից հայաշատ քաղաքները կցվել են Աստրախանի թեմին:

20-րդ դարում ոչ պակաս հայաշատ քաղաք էր Շանհայը, որտեղ կար 200 հայ, որոնք ունեին հավաքատեղի՝ Հայոց տուն, առանձին դրամատուն: Շանհայաբնակ Հայկ Ասատրյանին էր պատկանում քաղաքի մարզադաշտը:  Շանհայի հայերը չեն ունեցել իրենց եկեղեցին, նրանց երբեմն այցելել են հայ եկեղեցու հովիվները՝ Խարբինից կամ Վլադիվոստոկից:

Չինաստանում բնակվող հայերի սոցիալական կազմը բավականին տարբեր է եղել. որոշ մասը զբաղվել է առևտրով, որոշ մասը եղել են բժիշկներ, ճարտարագետներ, փաստաբաններ, արհեստավորներ: Մեծ հեղինակություն են վայելել բժիշկները, օրինակ՝ Խարբինի առողջապահության գործը ղեկավարել է Ստեփան Մուղդեսյանը:  Անվանի չինահայերից է եղել Մակաո քաղաքում ծնված չինարենի ուսուցիչ Հովհաննես Ղազարյանը: Նա է առաջին անգամ անգլերենից չինարեն թարգմանել Մատթեոսի, Հովհաննեսի ավետարանները, որոնք հետագայում կցվելով Ջոշուա Մարշմանի կատարած մյուս թարգմանություններին, տպագրվում են 1813 թվականին։

Չինաստանի հայ գաղութը զգալիորեն տուժել է ճապոնական օկուպացիայի տարիներին (1931-1945): Ճապոնացիների հրամանով հայերը և ռուսները իրենց թևքերին կրում էին «Տ» տառը, որպես անհուսալի քաղաքացիների նշան: 1950-ական թթ. հայերի մեծ մասը գաղթել է Ավստրալիա, ԱՄՆ, Ֆիլիպիններ, որով և ազգային կյանքը անկում է ապրել:

21-րդ դարի սկզբին Չինաստանում բնակվող հայերի թվակազմում նկատվում է զգալի աճ, որը պայմանավորված է ինչպես Չինաստանի վարած տնտեսական քաղաքականությամբ, այնպես էլ ՀՀ տնտեսական ոչ բարենպաստ պայմաններով։ Հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ մինչ այդ հայկական միջավայրում խորհրդավոր և հեռավոր թվացող Չինաստանը կամաց-կամաց ճանաչելի է դառնում Հայաստանում ապրող հայությանը։ Չինաստանում ապրող և աշխատող հայերի թվաքանակի վերաբերյալ չկան պաշտոնական տվյալներ, սակայն մոտավոր տվյալներով 2003թ.-ին Չինաստանում բնակվում էր 50-60 հայ: Իսկ 2013-ին հայերի թիվը արդեն հասնում էր 500-ի։ Չնայած այն հանգամանքին, որ այս թվերը դեռևս ենթակա են քննության, սակայն, այնուամենայնիվ, դրանք ցույց են տալիս հայերի կտրուկ աճը 2003-2013թ.-ի ընթացքում։ Հայերի համամետաբար մեծ քանակ կենտրոնացած է Չինաստանի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Շանհայը, Պեկինը Գուանջոուն, Շենճենը, Նանծինը, ինչպես նաև Հոնկոնգը։ 2018 թվականին քիչ չեն նաև Չինաստանի տարբեր փոքր քաղաքներում աշխատող հայերը, որոնք հիմնականում զբաղվում են կամ անգլերեն դասավանդմամբ կամ առևտրով։

Ի տարբերություն հայկական մյուս համայնքների, որտեղ հայկական եկեղեցին ունի թեմեր, և որոնք իրենց հերթին միավորող օղակ են հանդիսանում տեղի հայ բնակչության  համար, հայ եկեղեցին Չինաստանում չունի որևէ ներկայություն։ Ավելին՝ Չինաստանի հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանի խոսքերով չինահայ համայնքը անկախ և երիտասարդ կառույց է, որը չունի որևէ կրոնական և քաղաքական պատկանելիություն։ Չինաստանի հայկական համայնքի պաշտոնական անվանումը Չինահայ է, որն առաջին անգամ ստեղծվեց և գործածության մեջ դրվեց 2006 թվականին։ Շենճեն քաղաքում բնակվող մի խումբ հայեր ֆրանսահայ Միհրան Փափազյանի առաջնորդությամբ ստեղծեցին «Չինահայ» սոցիալական օնլայն հարթակը, որն առաջին և միակ նման նախաձեռնությունն էր Չինաստանում ապրող հայերին միավորելու համար։ Չինահայ սոցցանցի ստեղծմամբ դրվեցին Չինահայ համայնքի զարգացման հիմքերը։ Սակայն «Չինահայը»՝ որպես գործադիր մարմին, իր կենտրոնով կազմավորվում է ավելի ուշ։ Չինահայի համար բեկումնալից և կարևոր էր 2013 թ.-ը։ 2013թ.-ի նոյեմբերի 9-ին բացվեց Ջեք և Ջուլյա Մաքսյանների անվան մշակութային կենտրոնը Հոնկոնգում, որին լայնորեն անդրադարձավ նաև հայկական մամուլը։ Նույն թվականին Հենրի Արսլանյանի գլխավորությամբ ստեղծվեց չինահայ համայնքի ղեկավար մարմինը և իրավաբանական կազմակերպությունը։ Համայնքի առաջին նախագահ ընտրվեց Հենրի Արսլանյանը՝ երկու տարով։ Համայնքի գործադիր մարմինը բաղկացած է 12-ից 13 անդամներից, որոնք ներկայացնում են Չինաստանի տարբեր քաղաքների հայերի շահերը։ Գործադիր մարմինը ունենում է ամենամսյա և տարեկան ժողովներ, որտեղ քննարկվում են համայնքի անելիքները, ձեռքբերումները և այլն։ Չինահայ համայնքն ունի նաև Խորհրդականների խորհուրդ, որի թվում են Հենրի Արսլանյանը, Մհեր Սահակյանը,  Արմեն Արսլանյանը, Ջոն Փրիջյանը , Միհրան Փափազյանը և ուրիշներ (ընդհանուր 13 հոգի):

Չինահայ համայնքին ավելի ուժ և կշիռ հաղորդելու համար 2014 թվականին Հոնկոնգում  պաշտոնապես գրանցվեց նաև «Հոնկոնգի և Չինաստանի հայկական համայնք» կազմակերպությունը։  Այս կարևորագույն իրողություններին անմիջապես հաջորդում է մի շարք մշակութային ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը չինահայ համայնքի կողմից։ Այսպես, օրինակ՝ Չինաստանում բնակվող հայերի համար իսկապես մեծ ձեռքբերում կարելի է համարել Չինաստանի հայկական համայնքի կողմից հրատարակվող «Չինահայ» լրագիրը, որի խմբագիրն էր Անահիտ Պարզյանը։ Լրագիրը լույս էր տեսնում երկու լեզվով՝ անգլերեն և հայերեն, որը  հնարավորություն էր տալիս ոչ միայն Չինաստանում, այլև Հայաստանում բնակվող հայությանը տեղեկանալու Չինաստանի նորաստեղծ հայկական համայնքում կատարվող իրադարձություններին։

Չինահայ կապերի մերձեցման համար նշանակալից էր 2014թ. սեպտեմբեր ամսից Չինաստան ԿԳՆ-ի աջակցությամբ Պեկինի օտար լեզուների համալսարանում (ՊՕԼՀ) հայերեն լեզվի դասավանդման մեկնարկը, որի կատարումը վստահվեց Չինաստանի հայկական ուսանողական միության գործադիր կոմիտեի անդամ Մերի Կնյազյանին: Բացի դրանից՝ Դալիանի օտար լեզուների համալսարանում 2015թ.-ին բացվեց հայագիտական կենտրոն։

Խոսելով չինահայ համայնքի գոյության մասին՝ պետք է նշել, որ չինահայերը, ովքեր մեծամասամբ այնտեղ սովորող հայ ուսանողներն են կամ Չինաստանում ժամանակավորապես աշխատող հայերը (մշտապես հաստատված հայերը կազմում են ոչ այնքան մեծ հատվածը), սփռված լինելով Չինաստանի տարբեր քաղաքներում, միմյանց միջև կապը պահպանում են չինական օնլայն սոցիալական ցանցերից մեկի՝ վեչատի (անգլ․-wechat, չինարեն- 微信 վեյսին) գոյության շնորհիվ։ Չինաստանը լինելով մեծ երկիր, որտեղ սոցիալական այնպիսի ցանցերը, ինչպիսիք են ֆեյսբուք (facebook), վհատցապ (what’s up), վայբեր (viber), արգելված են երկրի օրենքով, վեչատ սոցիալական ցանցի օգտագործումն գործնականորեն ապահովում է հայերի կապը միմյանց հետ։ Ուստիև, չինահայ համայնքի կողմից մեծ ուշադրություն է դարձրվում օնլայն հարթակին․ բացի այն, որ վեչատ սոցիալական հարթակում ստեղծվել են տարբեր տեսակի խմբեր՝ ընդհանուր խմբեր, այս կամ այն քաղաքում բնակվող հայերի համար խմբեր, որտեղ քննարկվում են միմյանց հուզող հարցերը, չինահայ համայնքի կողմից ևս իրականացվել են մի շարք օնլայն միջոցառումներ, որոնցից կարելի է նշել  Մհեր Սահակյանի հեղինակած «Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների I-ին առցանց գիտաժողովը» (այն կրեց շարունակական բնույթ և տեղի ունեցավ համապատասխանաբար 2014-ից և 2017 թթ․), շախմատի առցանց առաջնությունը (2017թ․ մարտի 12-ից-24): Կարևոր է նաև հայերենի առցանց դասընթացի հնարավորությունը, որը կազմակերպում է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ քոլեջը Հոնկոնգի հայկական կենտրոնում։

Ինչպես իրենց հարցազրույցներում նշել են համայնքի նախագահներ Հենրի Արսլանյանը և Մհեր Սահակյանը, չինահայ համայնքի առաջնահերթ նպատակներից մեկը հանդիսանում է հայկական մշակույթի պատշաճ ներկայացումը չինացի հանրությանը, որի համար Չինաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվել են ցուցահանդեսներ և երաժշտական միջոցառումներ։ Որպես այսպիսիք կարելի է նշել նկարիչ Սևադա Գրիգորյանի «Դեպի լույս» անունը կրող անհատական ցուցահանդեսը (Նանծին, 2016), 2016 թ. Մայիսի 13-ին Հայկական դասական երաժշտության համերգը Թիանջին քաղաքում՝ «Հայաստանի գաղտնիքներ» նախագծի ղեկավար ու Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի ներկայացուցիչ Միքայել Հայրապետյանի ներկայացմամբ։ Չինահայ համայնքի անդամներն ակտիվորեն մասնակցում են նաև Չինաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված տեղական և միջազգային մրցույթներին և փառատոններին։

2015 թվականին չինահայ համայնքը կազմակերպեց միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին, որի առթիվ Չինաստանի տարբեր քաղաքներում՝ Նանծին, Շանհայ, Գուանչժոու, Պեկին, Հոնկոնգ, կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ։ Հիմնական շեշտադրությունը դրված էր Նանծին քաղաքի վրա, որտեղ կազմակերպվեց այցելություն Նանծինի ցեղասպանության թանգարան, և «Վերածնունդ» կոչվող մշակութային միջոցառումների շարքը։ Կազմակերպչական կոմիտեն ղեկավարում էր Մհեր Սահակյանը, անդամներ՝ Վաչե Պետրոսյան, Ռամելա Ուզունյան, Հակոբ Ապիկյան, Մագի Մելքոնյան, Հենրի Արսլանյան, Անահիտ Պարզյան։ Այդ միջոցառումների մասին համայնքի նախկին նախագահ Մհեր Սահակյանը   նշում է․ «Տարբեր քաղաքներում բնակվող հայերով հավաքվեցինք Նանծինում, այցելեցինք Նանծինի Ցեղասպանության թանգարան, հարգանքի տուրք մատուցեցինք հայ, չինացի ու մյուս ազգերի անմեղ զոհերի հիշատակին: Որպեսզի Հայաստանը ներկայացնեինք նաև որպես լուսավոր, զարգացող երկիր ու համակրանք առաջացնեինք չինացի ու արտասահմանցի հարյուրավոր մասնակիցների մոտ, որոշեցինք կազմակերպել «Վերածնունդ» կոչվող մշակութային միջոցառումները»: «Վերածնունդ» միջոցառումների կազմում էին նկարիչ Սևադա Գրիգորյանի ցուցահանդեսը և Թիանջինում բնակվող հայտնի դաշնակահար Միքայել Հայրապետյանի համերգը, որի ավարտից հետո կազմակերպվեց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրություն։

Չինահայ համայնքի իրականացրած ծրագրերից մեկը չինացի ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու ծրագրն էր, որն իրականացավ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) հետ համագործակցությամբ։ 2016  մեկ չինացի ուսանող հնարավորություն ստացավ կրթաթոշակ ստանալ ՀԱՀ ուսանելու համար։

Չինահայ համայնքում գործում է նաև Չինահայ ուսանողական միությունը, որը ստեղծվել է Մհեր Սահակյանի կողմից 2014թ․-ին, որի նպատակներից է միավորել Չինաստանում սովորող հայ ուսանողներին, կազմակերպել զանազան միջոցառումներ, նպաստել հայկական մշակույթի ներկայացմանը չինացի հանրությանը։ Չինահայ ուսանողական միության կազմակերպած ուշագրավ ծրագրերից է հայկական պարերի դասընթացների և «Մի նկարի պատմություն» լուսանկարների մրցույթը (2018 ապրիլի 12-16), որի նպատակն էր ընդգծելու հայ-չինական բարեկամությունը Չինաստանում ապրող հայերի աչքով։ Նմանատիպ միջոցառումներն անշուշտ մեծ կարևորություն ունեն չինահայ համայնքում միմյանց նկատմամբ ճանաչելիության և վստահության աճի համար, ինչու՞ չէ, նաև հայկական մշակույթի պահպանման համար, քանի որ Չինաստանում ապրում են նաև թվով քիչ, սակայն չինահայ խառն ամուսնությունից ստեղծված ընտանիքներ։

Չինաստանում բնակվող հայերի միավորման համար մեծ նպաստ են բերում նաև Պեկինում Հայաստանի դեպանատունը, որի Սուրբ Ծննդյան, Զատիկի, Նոր տարվա, ցեղասպանության և նման կարևորագույն օրերի առթիվ կազմակերպած միջոցառումներին հրավիրվում են չինահայերը, ինչպես նաև Չինահայի մաս կազմող Վաչե Պետրոսյանի գլխավորած հայկական ակումբը Շանհայում, որտեղ ևս տարեկան կազմակերպվում են որոշակի երեկույթներ։ Բացի այդ՝ Չինաստանի բոլոր հայաշատ քաղաքներում, հայերը կազմակերպում են տարատեսակ հանդիպում-երեկոներ, իսկ Չինաստանում սովորող ուսանողները՝ հայկական մշակույթին նվիրված տաղավարներ իրենց համալսարանի ներսում՝ միջմշակութային օրերի առթիվ։

Ինչ վերաբերում է Չինաստանում ապրող հայերի կրոնական պահանջմունքները բավարարելուն, ապա անհրաժեշտության դեպքում չինահայերը այցելում են տեղի կաթոլիկ և ավետարանական եկեղեցիները, և կամ ժամանակ առ ժամանակ Չինահայում պատարագ է մատուցվում Չինաստան այցելած հայ հոգևորականների կողմից, ինչպես օրինակ դա եղավ 2014 թվականին:

Որպես վերջաբան՝ որևէ համայնքի գոյության ամենակարևոր կողմերից մեկն այն է, որ տվյալ համայնքում ապրող հայը պետք է գիտակցի և տեսնի, որ ինքը կազմում է տվյալ համայնքի անդամ, ավելին պետք է տեղյակ լինի նման համայնքի գոյության մասին։ Այն, որ Չինաստանում ապրող հայերի որոշ մասը տեղյակ չէ, որ իրենք համարվում են չինահայ համայնքի մասը, և կամ Չինաստանում ընդհանրապես գոյություն ունի նման համայնք՝ իր ղեկավար մարմիններով, և որ իրենք կարող են դառնալ Չինահայի անդամը, անկասկած պետք է հաշվի առնվի, երբ խոսվում է չինահայ համայնքի մասին։ Յուրաքանչյուր համայնքի զարգացման և պահպանման կարևորագույն գործոններից մեկը  «ինքնաճանաչման» առկայությունն է, որը և ուղղորդում է դրա ճանաչումը մայր հայրենիքի և մյուս սփյուռքահայ համայնքների կողմից։

Մյուս կողմից էլ պարտադիր չէ, որ Չինաստանում բնակվող ամեն հայ ցանկանում է իրեն տեսնել տվյալ համայնքի ներսում, և կարելի է ասել նաև հակառակը՝ բնակվել Չինաստանում դեռ չի նշանակում լինել Չինահայի անդամ։ Ինչևէ, ամեն դեպքում կարծում եմ, որ այն հարցի պատասխանը, թե ով է Չինահայը, դեռ լիարժեքորեն չի կարող տրվել։

Ուստի, կարծում եմ, ներկա իրավիճակում մինչ խոսելը Չինահայ համայնքի հետագա զարգացման մասին, նախ և առաջ անհրաժեշտ է գործի դնել գաղափարական հզոր զենքը և Չինաստանում հայտնվող ամեն հայի մեջ սերմանել այն գիտակցումը, որ Չինաստանում ևս գոյություն ունի չինահայ համայնք, որը ոչ թե անուն է, այլ գործող և կենդանի ուժ։ Ավելին ցույց տալ, որ Չինաստանում բնակվող հայը կարող է դառնալ տվյալ համայնքի անդամ՝ իր գործունեությամբ նպաստ բերելով Չինահայի բարգավաճմանը, հայ-չինական բարեկամության ամրապնդմանը։ Նմանապես Չինահայ-ն էլ պատրաստ է օժանդակելու իր հայրենակիցներին, ինչպես Չինաստանում, այնպես էլ մայր հայրենիքում, ինչպես օրինակ դա եղավ 2016թ․, երբ դրամահավաք կազմակերպվեց Արցախին օժանդակելու համար, և այլն։

Աղբյուրներ
Աբրահամյան Ա․ Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, Գիրք Բ, Երևան, 1967, Հայերը Չինաստանում։
<Ազգասեր Արարատեան>, Կալկաթա, 1850,  հ. 2։
Ալիշան Ղ. Սիսական, Վենետիկ, 1983:
 <Երևակ>, Կ․Պոլիս, 1860:
Երևանցի Ս․ Ջամփռ,  Վաղարշապատ, 1873։
Խաչիկյան Լ․Ս․, Փափազյան Հ․Դ․ <Հովհաննես Տեր Դավթյան Ջուղայեցու հաշվետումարը>, Երևան, 1984։
Խորենացւոյ Մ․ Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1913, գիրք Բ, գլ. ՁԱ, էջ 221-223:
Համառոտ Չինաստանի մասին, ՀՀ-ում չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, Երևան, 2009:
Մարտիրոսյան Հ․Հ․ <Հայաստանը մետաքսի ճանապարհի խաչուղիներում>, Երևան, 1985։
Մարտիրոսյան Պ․  Չինաստան, Հայ Սփյուռք Հանրագիտարան, Երևան, 2003։
Քյուրտյան Յ․ Հնդկաստանում մետաքսի վաճառականությունը և հայերը, էջ 139
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՆՐԻ ԱՐՍԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13827
Wells H. The Outline of History, London, 1895.
Mahler J.G. The Westerner among the Figurins of of the Tang dynasty in China, Roma, Toronto, 1959.
Maule A.G. Christian; in India before the year 1550․
ՉինաՀայի պաշտոնական կայքէջ՝ http://www.chinahay.com/about/what-is-chinahay/
http://www.armedia.am/?action=ForeignWorld&what=show&id=38902417&lang=arm
https://chinastan.org/2014/10/24/armeninaninchina/
http://hayernaysor.am/archives/220917
http://www.newworldencyclopedia.org/entry/Nanjing_Massacre
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2305 reads | 02.03.2019
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com