ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԻՆՍՏԻՏՈՒՏ
![]() Այցի նպատակն էր ծանոթանալու Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Բաշ-Ապարանի հերոս, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի անունը կրող Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) գործունեությանը, որն այժմ մտնում է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կազմի մեջ՝ որպես դրա հետազոտական բաղադրիչ: ԱՌՀԻ-ի ստեղծումը պաշտպանական ոլորտում Հայաստան – Սփյուռք արդյունավետ համագործակցության առաջին քայլերից մեկն էր: ՀՀ-ում ազգային անվտանգության ռազմավարական խնդիրներով զբաղվող հաստատություն ունենալու գաղափարը Կանայանների ընտանիքի մոտ ծնվել էր վաղուց: Զորավար Կանայանի անվան հետազոտական ինստիտուտը դարձավ նրա հիշատակն հավերժացնող կենդանի հուշակոթող: Ինստիտուտի ստեղծման նպատակով, Կանայանների ընտանիքի նախաձեռնությամբ, 1998 – 2000 թթ. ԱՄՆ-ի և Կանադայի հայաշատ համայնքներում կազմակերպվել էր դրամահավաք, որի կազմակերպիչների թվում է եղել այն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Հ. Քոթանջյանը: ![]() 2016 թ. հունվարի 28-ին տեղի ունեցավ ԱՌՀԻ-ի կերպափոխմամբ ստեղծված ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ ԱՌՀԻ-ին, ՊԱՀՀ-ի կրթական բաղադրիչի՝ Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի հետ միասին, շարունակում է իր գործունեությունը՝ որպես Համալսարանի հետազոտական բաղադրիչ: Ըստ էության՝ ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ին՝ որպես ՀՀ պետական ուղեղային կենտրոն, արդեն 10 տարուց ավելի է, ինչ պաշտպանական – անվտանգային ոլորտում կատարում է ռազմավարական վերլուծություններ և պետության ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացնում համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ: 2018 թ. մարտին ԱՌՀԻ-ին իրականացրել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման գործընթացը, որի մեթոդաբանությունը հենվում էր պրոֆեսոր Հ. Քոթանջյանի և ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իսրայելի, Գերմանիայի, Չինաստանի գլխամասային գիտական կենտրոններում անցկացված ստաժավորումների ընթացքում ձեռք բերված և մշտապես նորացվող գիտելիքի վրա: Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Քոթանջյանը հյուրերին ծանոթացրել է ՊԱՀՀ-ի գործունեությանը, իսկ ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ – Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել ԱՌՀԻ-ի ձեռքբերումներից: Հյուրերը տպավորված էին այցով, նրանք գոհունակությամբ և բարձր են գնահատել ՊԱՀՀ-ի և, մասնավորապես՝ ԱՌՀԻ-ի հայրենանվեր գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի անվտանգության, Հայաստան – Սփյուռք կապի ամրապնդման: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2150 reads | 25.05.2018
| |