ՆԱԽԱԳԱՀ ՄԻՇԵԼ ԱՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ
ԱՀԱՐՈՆ ՇԽՐՏԸՄԵԱՆ ![]() Միշել Աունը Լիբանանի այն նախագահներից է, որ լիբանանահայությանը միջոցով հարազատորեն ճանաչում է հայ ժողովրդի պատմությունը, տառապանքները, Ցեղասպանությունը....: Հայ ժողովրդի հանդեպ հարգանքի բացահայտ արտահայտություն է նրա կուսակցությանը պատկանող հեռուստատեսության հայերեն ամենօրյա հաղորդումների սփռումը: Աունի գլխավորած խորհրդարանական խմբակցության անդամները մնայուն ներկայություն են համահայկական տոնակատարություններին, հիշատակի հանդիսություններին: Լիբանանի նախագահը Զվարթնոցի օդանավակայանից անմիջապես ուղղվեց Սուրբ Էջմիածին: Հայաստանի քաղաքական այրերին տեսնելուց առաջ Սուրբ Էջմիածնի հոգևոր պետին կատարած այցելությամբ Աունը արտահայտում էր քրիստոնեական կրոն և եկեղեցու հանդեպ հավատքը: Միշել Աունը դարձավ Ծիծեռնակաբերդի հուշարձանը այցելող Լիբանանի երկրորդ նախագահը: Նա ծաղկեպսակ զետեղեց Ցեղասպանության նահատակների հուշարձանի առջև: Այցելեց Ցեղասպանության թանգարան: Իսլամ-քրիստոնյա համակեցության հավատացող Աունի համար հայ և լիբանանցի ժողովուրդները ունեն հասարակությունների միևնույն թշնամին՝ թուրքը: Աունի այցելությունը Հայաստան արարողակարգային չէր երբեք: Բավական դիպուկ էին Երևանի մեջ Օսմանյան Թուրքիայի հասցեին նախագահ Աունի խոսքերը: Դատապարտելով հայ ժողովրդի դեմ կազմակերպված կոտորածը, բռնագաղթը, հայ ժողովրդին և նրա մշակույթը ոչնչացնելու՝ Օսմանյան Թուրքիայի նկրտումները՝ Լիբանանի նախագահը զուգահեռ կատարեց հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիայի և Սիրիայի ժողովրդի դեմ ցեղասպանի վայրագությունների միջև: ![]() Աունը միաժամանակ հաստատեց, որ, Հայոց ցեղասպանությունը դատապարտվելու պարագայում կանխված պիտի լինեին այլ ցեղասպանություններ: Նախագահ Աունը շեշտեց Հայաստանի և Լիբանանի միջև միջպետական հարաբերությունները սերտացնելու, տարբեր ոլորտներիու մեջ համագործակցությունը զարգացնելու իր ցանկությունը՝ այս բոլորի մեջ շեշտելով լիբանանահայության հանդեպ իր հարգանքը: Նախագահ Միշել Աունի քաղաքականության կարևոր հատկանիշերից մեկը շրջանային և միջազգային հարցերի հանդեպ նրա հստակատեսությունն է: Լիբանանը դարձավ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու Վաշինգտոնի որոշումը քննադատող արաբական առաջին պետությունը, երբ ուրիշները սեղանի տակ համաձայնագիր կկնքեին եբրայական պետության հետ: Բառախաղեր չունի Լիբանանի նախագահը, երբ խոսում է Իսրայելի մասին: Հստակ է նրա կեցվածքը Սիրիայի հակամարտության առնչությամբ: Այս ծիրի մեջ Լիբանանի և Հայաստանի նախագահներից գրեթե միևնույն տեսակետը հնչեց, երբ խոսեցին Սիրիայի պատերազմի և իսրայելապաղեստինյան հակամարտության զարգացումներուն մասին: ![]() Հարավային Լիբանանի որոշ տարածքներ մնում են իսրայելյան բռնատիրության տակ: Իսրայելյան օդուժը գրեթե ամեն օր կբռնաբարէ Լիբանանի օդային սահմանները: Իսրայելը ապօրինաբար պատեր է կառուցում Լիբանանի սահմանագծի վրա՝ յուրացնելով լիբանանյան տարածքներ: Նույն Իսրայելը կփորձէ ձեռք դնել Լիբանանի ծովային հարստությունների, Լիբանանին պատկանող նավթի վրա և Միացյալ Նահանգների պատվիրակին ուղարկում է Բեյրութ՝ միջնորդելու լիբանանյան կառավարության մոտ: Հայաստանը մնում է շրջափակված... քաղաքատնտեսական այս դրությունը ազատազուրկ ժողովուրդներին ինքնաբերաբար ստիպում է որոնել բնական դաշնակիցներ...: Լիբանանը և Հայաստանը երկու փոքր պետությունների հարուստ փորձի տիրապետող աշխատասեր ժողովուրդներ են: Անհրաժեշտ է օգտվել հեռանկար խոստացող այս ներուժից: Ամրապնդել համագործակցությունը, քաջալերել նախաձեռնությունները, քայլեր, որոնք հավասարապես փոխշահավետ պայմաններ պիտի ստեղծեն երկու պետությունների ժողովուրդներին: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1802 reads | 28.02.2018
| |