ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ԶԵԿՈՒՑՈՒՄ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
![]() Գեներալ-լեյտենանտ Քոթանջյանին ընդունել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, և նրա ուղեկցությամբ հյուրերը ճանաչողական շրջայց են կատարել կրթահամալիրի Ավագ դպրոցում՝ ծանոթանալով հաստատության շենքային պայմաններին, իրականացվող կրթական ուրույն ծրագրերին և նորարարական մոտեցումներին: Շրջայցից հետո Ավագ դպրոցի «Սեբաստիա» դահլիճում, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի, կրթահամալիրի սաների ու դասախոսների մասնակցությամբ կազմակերպված հանդիպմանը, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը և փոխգնդապետ Տիգրան Քոչարյանը հանդես են եկել զեկուցում-դասախոսություններով՝ ներկայացնելով «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի համատեքստում: ![]() Փոխգնդապետ Տիգրան Քոչարյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ պաշտպանության ոլորտի օրենսդրության վերանայման նպատակը և բովանդակությունը, պաշտպանության ոլորտի օրենսդրական վերակարգավորումները՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցման պայմաններում, ինչպես նաև դրանց նորմատիվ իրավական ապահովման գործընթացը: Բանախոսի կողմից «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի ներկայացումն անցել է ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով, քանի որ ներկաներին հետաքրքրում էին երկու նոր ծրագրերի մանրամասները, ավելին՝ շատերն ունեին զորակոչային տարիքի հարազատներ, զավակներ և նրանց շահագրգռվածությունը ծրագրերին մանրամասնորեն ծանոթանալու և տեղեկացված լինելու հարցում զգալի էր: Հանդիպման վերջում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը իր խոսքում բարձր է գնահատել բանախոսների զեկուցումներն ու լսարանի հետ շփումները: Իր եզրափակիչ խոսքում պրոֆեսոր Քոթանջյանը հատուկ կերպով նշել է Աշոտ Բլեյանի հայրենանպաստ գործունեոթյունը 1988 թվականի աղետաբեր երկրաշարժի հետևանքների հաղթահարման Շտաբի ներքո և Ղարաբաղ կոմիտեին սատարման հարցում, ինչպես նաև նրա նվիրումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայացման և զարգացման գործում: Հյուրերը տպավորված էին կրթահամալիրի ղեկավարության կողմից կազմակերպված բարձր ընդունելությունից: Հատկանշական է, որ հանդիպումն անցել է ինտերակտիվ մթնոլորտում, կրթահամալիրի սաները հնարավորություն ունեին ոչ միայն ուղիղ և ազատ կերպով հյուրերին ուղղելու իրենց հուզող հարցերը, այլև քննարկելու դրանք նրանց հետ: Առլեն Շահվերդյան Լուսանկարների տրամադրումը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1301 reads | 05.02.2018
| |