ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ
![]() Ուսումնասիրությունն իրականացվում է 4-րդ անգամ` սկսած 2014-ից: Այն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում և Երևանում Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից: 2017-ին ուսումնասիրությունն իրականացվել է մայիսին, 18 տարեկանից բարձր անձանց շրջանում և ստացված տվյալները համեմատվել են նախորդ 3 տարիներին իրականացված ուսումնասիրության արդյունքների հետ։ Այս թեմայով «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի (APR Group) նախագահ Ռուբեն Սագսյանը: ![]() Արթուր Սաքունցը ասում է, որ չորս տարիների ընթացքում, բացառությամբ 2016-ի, տեղի է ունեցել ԵՄ-ի կողմնակիցների թվի աճ, միևնույն ժամանակ ԵԱՏՄ կողմնակիցների թվի նվազում, օրինակ՝ 2014-ին ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը կազմել է 38 տոկոս, իսկ 2015-ին՝ 36 տոկոս։ Ռուբեն Սարգսյանն ասում է, որ պատճառը ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա տրամադրելու փաստն է եղել: «Այս տարի այդ քննարկումներն այդքան բուռն չեն, դրա համար ԵԱՏՄ-ի ավելի շատ կողմնակիցներ կան այս տարի, քան նախորդ տարի»,- մանրամասնեց Սարգսյանը: Ռուբեն Սարգսյանը ընդգծեց նաև, որ հարցման համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունը ասոցացվում է Ռուսաստանի հետ և նրանք, ովքեր դեմ են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը, ՌԴ-ին չեն համարում Հայաստանի համար բարեկամական երկիր: ՌԴ-ին որպես ոչ բարեկամ երկիր է դիտարկել հարցվածների 46,8 տոկոսը, որոնք էլ նախապատվություն են տալիս ԵՄ-ին անդամակցելուն: «Եթե դիտարկում ենք բարեկամ և թշնամի պետությունների նկատմամբ ընկալումները, ապա դրական տրամադրվածությունը հիմնականում ԵՄ անդամ երկրների, քան ԵՏՄ անդամ երկրների նկատմամբ է»,-նկատեց Արթուր Սաքունցը։ Հարցման տվյալներով՝ գրեթե բոլոր մարզերում ԵՄ կողմնակիցների թիվն աճում է: Ամենից շատ Եվրամիության անդամակցությանը կողմ են Երևանում, ապա՝ Տավուշում, Շիրակում: Իսկ ԵԱՏՄ կողմնակիցների մեծամասնությունը Լոռու մարզում, այնուհետեև Վայոց ձորի մարզում, որտեղ նախորդ տարիների համեմատ ԵԱՏՄ կողմնակիցների թիվն աճել է: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ԵՄ-ի կողմնակիցները հիմնականում 18-45 տարեկան մարդիկ են, մեծամասնությունը՝ իգական սեռի, բնակվում են հիմնականում մարզերի քաղաքային բնակավայրերում և նրանց ամսական եկամուտը անցնում է 150 հազար դրամի շեմը: Իսկ Եվրասիական տնտեսական միության կողմնակիցները 45 տարեկանից բարձր մարդիկ են, հիմնականում՝ արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր բնակվում են գյուղերում և նրանց ամսական եկամուտը հասնում է մինչև 150 հազար դրամի: «2014-2017թթ դինամիկան գրեթե նույնն է եղել, անփոփոխ է՝ կանայք ավելի շատ են կողմնակից եղել ԵՄ-ին, իսկ տղամարդիկ՝ ԵԱՏՄ-ին, նույնը՝ տարիքային խմբերին է վերաբերում, 45 տարեկան և ավելի անձինք ԵԱՏՄ-ին են կողմ, ավելի ցածր՝ ԵՄ-ին»,- ասաց Սարգսյանը: Բնակչության կողմնորոշումների վրա, որպես կանոն, ազդեցություն են ունեցել զանգվածային լրատվության միջոցները: Հարցումը պարզել է, որ տեղեկատվություն ստանալու աղբյուրներից օգտվողներից ամենաշատը Եվրասիական միությանն են կողմ հեռուստատեսություն դիտողները, իսկ ԵՄ-ին կողմ են տպագիր և էլեկտրոնային մամուլի ընթերցողները: «Հեռուստատեսություն նայողների 28 տոկոսը Եվրամիության կողմնակից է, 35.2 տոկոսը՝ ԵԱՏՄ, ռադիոյի պարագայում հավասարաչափ է բաշխված՝ 23-ական տոկոս: Նրանք, ովքեր տպագիր մամուլ են կարդում, նրանց 50 տոկոսը Եվրամիության կողմնակից է, իսկ ԵԱՏՄ կողմնակիցներ տպագիր մամուլի ընթերցողների շարքում չկան: Ինտերնետային մամուլի ընթերցողի 37.5 տոկոսը ԵՄ կողմնակից է, 22.8 տոկոսը՝ ԵԱՏՄ-ի»,- հավելեց Սարգսյանը: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1120 reads | 28.09.2017
| |