ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԺԱՆ-ՖՐԱՆՍՈՒԱ ՇԱՐՊԱՆՏԻԵԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
![]() Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի ազգային տոնի խորհրդին, ինչպես նաև հայ -ֆրանսիական տնտեսական հարբերություններին և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին: Ֆրանսիայի ազգային տոնի պատմական խորհուրդը Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, մանրամասն ներկայացնելով, թե ավանդաբար ինչպիսի տոնակատարություններ են տեղի ունենում Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ, միաժամանակ պատմական ակնարկ կատարեց տոնի խորհրդի առումով: Դեսպանի մեկնաբանությամբ հուլիսի 14-ը Ֆրանսիայի ազգային տոնի օր ընտրելը բացառապես պայմանավորված չէ 1789թ. հուլիսի 14-ին Բաստիլ ամրոցի գրավման հետ: «Ազգային տոնը իր մեջ մարմնավորում է երկու հիմնական հասկացություն՝ Բաստիլի գրավումը, որը խորհրդանշում է միապետական կարգերի տապալումը և 1790 թ.հուլիսի 14-ին համադաշնության հիմնադրումը, որն իր հերթին խորհրդանշում է մեկ գաղափարի ու ծրագրի շուրջ միավորված Ֆրանսիա», -ասում է դեսպանը: Մակրոնի հաղթանակը միասնական Եվրոպայի հաղթանակն էր: Դեսպան Շարպանտիեն Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու իրողությունը պայմանավորում է նաև Մակրոնի ընդգծված եվրոպամետ դիրքորոշմամբ: «Պարոն Մակրոնի եվրոպամետ ելույթում, որը վճռորոշ դերակատարություն ունեցավ նրա հաղթանակի մեջ, միաժամանակ նշված էին այն խնդիրները, որոնց հետ այսօր առճակատվում է Եվրամիությունը»,- ասում է դեսպանը՝ միաժամանակ նշելով, որ այդպիսի խնդիրներից է կառավարող բարձր օղակների և սովորական քաղաքացիների միջև առաջացած անջրպետը: Դեսպանը գտնում է, որ այս և մի շարք այլ համաեվրոպական մարտահրավերներ հաղթահարելու և եվրոպացիների սպասումներն արդարացնելու համար, պետք է ամեն ինչ անել՝ չմոռանալով ընդգծել, որ համաեվրոպական խնդիրները պետք է հաղթահարվեն Գերմանիայի հետ համատեղ: Դեսպանը գտնում է, որ պետք է այնպիսի Եվրոպա կերտել, որ ղեկավարողների ու ղեկավարվողների միջև անջրպետ չլինի, որտեղ կառավարողները շատ մոտ են կանգնած կառավարվողներին: ![]() Հայաստանում ֆրանսիայի դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր կողմից ավելի վաղ հնչեցված այն կարծիքը, որ չնայած բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունները, հատկապես առևտրաշրջանառությունը հեռու է գոհացնող լինելուց: Իսկ ահա Հայաստանում ֆրանսիական ներդրումների առումով դեսպանն իրավիճակը բարվոք է համարում: Ֆրանսիական խոշոր ընկերությունները սկսել են հետաքրքրվել Հայաստանով: Թվարկվեցին մի շարք ֆրանսիական խոշոր բրենդային ընկերություններ, որոնք հաջողությամբ գործունեություն են ծավալում Հայաստանում: Այս առումով դեսպանը նույնիսկ դրական դինամիկա է նկատում: «Ֆրանսիական ընկերություններին մինչ այս պահը այդքան չէր հետաքրքրում հայկական շուկան, բայց փոփոխություններ նկատվում են, դրանք լինելու են»,- նկատեց դեսպանը: Դեսպանի կարծիքով Հայաստանի նկատմամբ տնտեսական հետաքրքրությունների աճը պայմանավորված է իրանական և ԵԱՏՄ ընդհանուր շուկա մուտք գործելու լավ հնարավորություններով և այդ հետաքրքրությունների գործնական արտահայտության կոնկրետ օրինակներ ներկայացրեց: «Ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկը» Տաշիր ընկերության հետ համատեղ բացեց հետազոտական լաբորատորիա, որը հետագայում միտում ունի ընդլայնվելու: Սա էներգետիկայի ոլորտում, իսկ առողջապահական ոլորտում ֆրանսիական երկու դեղագործական ընկերություններ՝ «Սանոֆին» և «Սերվիեն», արդեն հաստատվել են Հայաստանում»,-ասաց Ֆրանսիայի դեսպանը: Դեսպան Շարպանտիեն համոզված է, որ Ֆրանսիայից ու Եվրոպայից նոր ներդրողների համար կարևոր ցուցիչ է Հայաստանում արդեն իսկ գործունեություն ծավալած ընկերությունների արձագանքը և նրանց կարծիքը, թե ինչքան հարմարավետ են իրենք զգում Հայաստանում: Արցախ. կանոնավոր բանակցություններ և բարձր մակարդակի հանդիպումներ Օրեր առաջ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կոնտեքստում անդրադառնալով Արցախայան հակամարտության բանակցային գործընթացին՝ դեսպան Շարպանտիեն նշեց, որ Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ և հնարավորինս կանոնավոր բանակցային գործընթացի կողմնակից է: «Պետք չէ միայն սահմանափակվել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումներով: Այս հանդիպումից թվում է, թե կարող է դրական առաջընթաց ապահովել՝ ենթադրելով ապագայում ավելի բարձր մակարդակի՝ երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումը: Հիմա պարզապես պետք է ակտիվորեն աշխատել այն ուղղությամբ, որ այս հանդիպմանը հաջորդեն այլ հանդիպումներ»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: Մեդիա կենտրոն | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1211 reads | 14.07.2017
| |