ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆԸ՝ ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
![]() Վարդան Տողանյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում: 1974-1984թթ. սովորել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1984-1991թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետում: Համալսարանում ուսանելու ընթացքում 1986-1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1988-1990թթ. եղել է Հայկական ուսանողական միության հիմնադիրներից մեկը: 1996-1997թթ. Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1988-2001թթ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան: 1995թ. հոկտեմբերից մինչև 1996թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում որպես փորձնակ աշխատել է Ճապոնիայի Օսակա միջազգային ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնում: 2000թ. հուլիսից մինչև օգոստոս Նոր առաջնորդության ծրագրի շրջանակներում փորձնակություն է անցել Հարվարդի համալսարանում (Քեմբրիջ, ԱՄՆ): 1991-1992թթ. Վ. Տողանյանը աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 33 դպրոցում: 1992-1994թթ. եղել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ: 1994-1995թթ. եղել է Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար: 1996-1997թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար: Վ. Տողանյանը 1997-1998թթ. եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, իսկ 1998-2000թթ՝ դեսպանության խորհրդական: 2001թ. մինչ օրս հանդիսանում է «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2012թ. ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2012-2015թթ. եղել է «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2015թ. օգոստոս եղել է «Կինոտեխնիկա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2015թ. մայիս եղել է «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2016թ. մայիս հանդիսացել է «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2016թ. ապրիլից մինչ օրս «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Վ. Տողանյանը անդամակցում է Անկախ տնօրենների ասոցիացիային: Վ. Տողանյանն իր առաջին գիրքը՝ «Հայաստանը լրագրողների աչքերով», հրատարակել է 1999 թվականին, ինչպես նաև հանդիսանում է «Իշխանության օպտիմալ հոգեբանություն» գրքի համահեղինակ, որը լույս է տեսել 2008 թվականին: Վ. Տողանյանը հանդիսանում է նորանկախ պետությունների, տարածքային և միջազգային կոնֆլիկտների, ազգային տոլեռանտության խնդիրներին նվիրված ավելի քան 10 գիտական աշխատությունների և մենագրությունների հեղինակ: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ճապոներեն լեզուներին: Ամուսնացած է, ունի 4 երեխա: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1281 reads | 10.03.2017
| |