ՆՈՐ ԱՆՑԱԿԵՏ ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
![]() Թուրքագետ, ԵՓՐԱՏ ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ ![]() Աքթաշ/Կարծախ անցակետը երրորդն է շուրջ 270 կմ երկարությամբ ձգվող Թուրքիայի և Վրաստանի միջպետական սահմանին: Աքթաշի սահմանային անցակետը ներկայիս Թուրքիայի Արդահանի նահանգի Չըլդըր շրջանում է, իսկ Կարծախի սահմանային անցակետը՝ Վրաստանի Սամցխվե-Ջավախքի Ախալքալաք շրջանում: Թուրքիայի և Վրաստանի միջև մյուս երկու սահմանային անցակետերից մեկը՝ Սարփի անցակետը, Սև ծովի ափով կապում է Բաթումն ու Արդվինը, մյուսը՝ Թյուրքգյոզու/Վալե անցակետը, Ախալցխան և Արդահանը, ինչպես և նոր սահմանային անցակետը: Վերոնշյալ անցակետերից առավել ծանրաբեռնվածը սևծովյան Սարփի անցակետն է: Աքթաշ/Կարծախ անցակետը վրաց-թուրքական սահմանի ծայր հարավային հատվածում է՝ Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքից շուրջ 35 կմ հարավ-արևմուտք, իսկ ներկայիս Թուրքիայում գտնվող Արդահան քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք: Վրաստանի տարածքում անցակետի ամենամոտ բնակավայրը Կարծախ (Կարզախ) գյուղն է, որը բնակեցված է հայերով: Թուրքական կողմում անցակետին ամենամոտ բնակավայրը Քենարբել (Քանարբել) գյուղն է, որը նախկինում հայաբնակ է եղել: Անցակետի անմիջական հարևանությամբ է Ջավախքի ազգային պարկի մաս կազմող Խոզափին լիճը, իսկ անցակետից Արդահան տանող ճանապարհն անցնում է ավելի խոշոր Ծովակն լճի մոտակայքով: Թեև այս հատվածում սահմանային անցակետ կառուցելու և այն վերագործարկելու խոսակցությունները վերջին տասնամյակներին մշտապես օրակարգում էին, սակայն թուրք-վրացական անցակետի հիմնարկեքի արարողությունը կայացավ միայն 2013թ., ինչից հետո էլ սկսվեց լայնածավալ շինարարությունը: Մինչև Երկրորդ աշխարհամարտի տարիները, այստեղ ևս գործել է սահմանային անցակետ Թուրքիայի Հանրապետության և ԽՍՀՄ-ի միջև, սակայն պատերազմի տարիներին որոշում է կայացվել փակել այն, ինչից հետո ընդհուպ մինչև 2015թ. այն չի գործել: Թուրքական կողմը նոր անցակետի շինարարության համար ծախսել է շուրջ 60 մլն թուրքական լիրա (շուրջ $25 մլն): Անցակետին կից կառուցվել են նաև մաքսային նշանակության շինություններ: Շինության ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 76 հազ. մ2, որից 20 հազ. մ2 հատվածը փակ տարածքներն են: Անցակետն ունի երեք մուտքի և երեք ելքի ուղիներ: Այսպիսով, իր չափերով այն դառնում է Թուրքիայի երրորդ ամենախոշոր սահմանային անցակետը: Հնարավորություն ունենալով անձամբ անցնել Թուրքիայի և Վրաստանի միջև երեք սահմանային անցակետերով էլ՝ ակնհայտ է, որ նոր անցակետը և՛ ավելի հարմար է, և՛ ավելի խոշոր ու ժամանակակից՝ մյուս երկուսի համեմատ: Միևնույն ժամանակ, անձնական փորձից ելնելով՝ հնարավոր է պնդել, որ անցակետի հանդիսավոր բացմանը հաջորդած օրերին Աքթաշ/Կարծախում առկա էին որոշ տեխնիկական խնդիրներ, և ակնհայտ էր աշխատակազմի անփորձությունը: ![]() Հանդիսավոր արարողությանը ներկա գտնվողներից Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) ղեկավար Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն անցակետի բացման արարողության ժամանակ շեշտեց դրա կարևորությունը Թուրքիայի համար՝ դեպի Միջին Ասիա ցամաքային կապի տեսանկյունից: «Մի վայրում, որտեղ առևտուր կա, գումար կա, թե գումար էլ կա, հարստություն կա: Ասում էին, թե Չըլդըրից այն կողմ ճանապարհ չկա, սակայն արդեն կա: Դեպի Միջին Ասիա գնացող հարստության ճանապարհ կա: Երբ դուրս ես գալիս Աքթաշի անցակետից, ապա 3 ժամ տևողությամբ տարածքում 17 մլն բնակչությամբ $100 մլրդ արժեցող տնտեսություն կա (այստեղ Հիսարջըքլըօղլուն չմանրամասնեց, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը– Գ.Պ.)»,- բացման արարողությանը հայտարարեց Հիսարջըքլըօղլուն, որը նաև հավելեց, որ Թուրքիային պետք են նոր ավտոճանապարհներ և թունելներ դեպի սահմանային անցակետ, ինչի արդյունքում Ստամբուլի և Թբիլիսիի միջև հեռավորությունը կարող է կրճատվել 330 կմ-ով: Թուրքիայի մաքսային ծառայության և առևտրի նախարար Ջենափ Աշչըն ևս խոսեց Աքթաշ-Կարծախի միջոցով դեպի երրորդ երկրներ կարճացող ճանապարհի մասին՝ նշելով, որ նոր անցակետը հնարավորություն է տալիս կրճատել դեպի Ռուսաստան ավտոճանապարհը շուրջ 130 կմ-ով, իսկ դեպի Ադրբեջան ցամաքային կապը՝ 200 կմ-ով: Արդահանի նահանգապետն իր հերթին հայտարարեց, որ նոր անցակետի շնորհիվ կրճատվում է ցամաքային ճանապարհը դեպի Թբիլիսի և Ադրբեջան, ինչպես նաև հնարավորություն է տալիս, որպեսզի գերծանրաբեռնված Սարփի անցակետի համար (Սև ծովի ափամերձ հատվածում) այլընտրանք լինի: Վերջինս հավելեց, թե Աքթաշի անցակետի բացումը «60-ամյա երազանք էր», որն ի վերջո իրականացավ: Թուրքական կողմը հույս հայտնեց նաև, որ նոր անցակետի գործարկմամբ հնարավոր կլինի զարգացնել տեղանքում զբոսաշրջությունը: «Սահմանային անցակետերի միջոցով հնարավոր է լինում ավելի մերձենալ: Նոր անցակետը շատ կարևոր դարպասի է վերածվելու»,- իր խոսքում նշեց Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, որը նաև հավելեց, թե ներկա է եղել նաև սահմանային անցակետի հիմնարկեքի արարողությանը: Հատկանշական է, որ թուրք-վրացական նոր սահմանային անցակետի բացումը 2015թ. նոյեմբերի 1-ին նախանշված Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններից առաջ էր, և բացման հանդիսավոր արարողության ընթացքում ևս անդրադարձ եղավ ընտրական գործընթացներին՝ ստանալով նաև քաղաքական և նախընտրական քարոզչության երանգներ: Այս փաստը հաստատեցին ոչ միայն միջոցառմանը ներկա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները, այլ նաև քրդամետ, ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից (ԺԴԿ) Արդահանը ներկայացնող պատգամավոր Թաշքըն Աքթաշի հայտարարությունը, որում, ողջունելով նոր անցակետի բացումը և շեշտելով դրա կարևորությունը, միևնույն ժամանակ դժգոհություն էր հայտնում, որ իրենց կուսակցության անդամները հրավիրված չեն եղել միջոցառմանը, և նրանց մեկուսացնելու քաղաքականություն է իրականացվել: Ըստ ներկաների հայտարարությունների և թուրքական մամուլի անդրադարձների՝ սահմանային նոր անցակետի գործարկումը դիտվում է ոչ միայն պետական և միջազգային նշանակությամբ, այլև ընդգծվում է դրա կարևորությունը տեղի՝ Արդահանի և մոտակա շրջանների զարգացման համար, քանի որ այս հատվածը Թուրքիայի ամենաթույլ զարգացած տարածքներից է: Այսպիսով, նոր անցակետի բացումը նպատակ ունի նաև զարգացնել «Սերհաթ» (թուրք.՝ Serhat) գոտին, որն ընդգրկում է ՀՀ-ին անմիջապես սահմանակից Կարսի, Արդահանի ու Իգդիրի նահանգները և Թուրքիայի ամենահետամնաց հատվածներից է: Արդահանում չեն թաքցնում նաև այն, որ նոր անցակետը հնարավորություն կտա աշխուժացնել առևտուրը և զարգացնել զբոսաշրջությունը: Անցակետի պաշտոնական բացումից մի քանի օր անց թույլատրվեց նաև բեռնափոխադրումները բեռնատարների համար: Անցակետը մինչ 2016թ. ապրիլ գործում է 08:00-21:00-ին, իսկ արդեն ապրիլից սկսում է գործել շուրջօրյա 24 ժամ գրաֆիկով: Նոր սահմանային անցակետի գործարկման հետ շարունակվում է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու՝ Ախալքալաքի կայարանի կառուցումը, որը տեղակայված է հայաբնակ քաղաքից հարավ՝ Կարծախ-Ախալքալաք ավտոճանապարհի հարևանությամբ: Միևնույն ժամանակ, երկաթուղին անցնում է սահմանային անցակետի մոտակայքով, որտեղ ևս շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս ամենի արդյունքում Ախալքալաքը վերածվում է կարևոր տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի, ինչը կարող է ակտիվացնել տնտեսությունն այս հատվածում: Այնուամենայնիվ, նման զարգացման հետ մեկտեղ ի հայտ են գալիս թուրքական և ադրբեջանական ազդեցությունների աճի վտանգ, ինչը, կարծում ենք, առանձին հետազոտության թեմա է: Թեև սահմանային անցակետի բացման արարողության ժամանակ Թուրքիան և Վրաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն առանձին չանդրադարձան նոր անցակետի՝ Հայաստան-Թուրքիա բեռնա- և ուղևորափոխադրումների համար նշանակությանը, սակայն ակնհայտ է, որ Աքթաշ/Կարծախը մեծագույն կարևորություն է ներկայացնում նաև Հայաստանի համար: Հայաստանի հետ բեռնափոխադրումների համար նոր անցակետի կարևորության մասին, սակայն, հանդիսավոր բացմանը խոսեց ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) անդամ, Թուրքիայի մաքսային ծառայության և առևտրի նախկին նախարար Էնսար Օղյութը, որը նշեց, թե «նոր սահմանային անցակետը կարող են օգտագործել Հայաստանի հետ առևտրի ակտիվացման համար»: «Հայ հարուստ գործարարները, արևելյան անցակետի փակ լինելու (նկատի ունի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային փակ անցակետերը- Գ.Պ.) պատճառով, կարող են այս անցակետն օգտագործել առևտրի համար, ինչը կբերի նաև Չըլդըրի բարգավաճմանն ու Արդահանի զարգացմանը»,- հայտարարեց Թուրքիայի մաքսային ծառայության և առևտրի նախկին նախարարը: Հայաստանյան կողմի համար նոր անցակետի գործարկումը կարևորվում է նրանով, որ ավտոճանապարհային հաղորդակցության տեսանկյունից Հայաստանի և Թուրքիայի միջև հեռավորությունն ու ժամանակը բավական կրճատվում են: Հայ-վրացական սահմանի Բավրայի սահմանային անցակետից ներկայիս Թուրքիայի Կարս քաղաք հասնելու համար ճանապարհն անցակետի միջոցով կրճատվում է շուրջ 125 կմ-ով և մի քանի ժամով՝ հաշվի առնելով տեղանքի բարդությունները, որտեղով անցնում է Ախալցխան ու Կարսը կապող ճանապարհը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանների պայմաններում երկու երկրների միջև ակտիվ առևտուր և բեռնափոխադրումներ են իրականացվում, իհարկե, սա ավելի շատ միակողմանի բնույթ է կրում՝ թուրքական արտադրության ապրանքներ՝ հայաստանյան շուկայի համար և/կամ հայաստանցի աշխատողներ՝ Թուրքիայի աշխատանքի շուկայում: Հայաստանն ու Թուրքիան ցամաքային ճանապարհով կապելու տարանցիկ երկրի դերն էլ կատարում է Վրաստանը: Վրաստանի տարածքն էլ երկուստեք օգտագործվում է ոչ միայն ցամաքային բեռնափոխադրումների, այլ նաև ուղևորափոխադրումների համար: Ուղևորափոխադրումներից օգտվելու նպատակն աշխատանքն է կամ մանր առևտուրը, սակայն քիչ չէ նաև այն հայերի թիվը, ովքեր ցանկանում են այցելել Արևմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանները: Վերջիններիս համար ոչ միայն զգալի կրճատվում է ճանապարհը, այլ նաև հնարավոր է լինում խուսափել Ախալքալաքից Ախալցխա ոչ դյուրին ճանապարհից, ինչպես նաև թուրքական հատվածի՝ Արդահանի բարձրլեռնային տարածքներով անցնող ճանապարհից: Իհարկե, սա չի նշանակում, թե Թուրքիա-Վրաստան սահմանի մյուս երկու անցակետերը կորցնում են Հայաստանի համար իրենց նշանակությունը: Հաշվի առնելով սևծովյան մայրուղու հարմարավետությունը խոշոր բեռնատարների համար, ինչպես նաև Թուրքիայի արդյունաբերական քաղաքների տեղաբաշխումը, կարելի է սպասել, որ Թուրքիայից Հայաստան բեռնափոխադրումների զգալի մասը, այնուամենայնիվ, կշարունակվի հենց Սարփի անցակետով, որը Սև ծովի ափին է: Վերադառնալով նոր անցակետի թեմային՝ պետք է նշել, որ Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքից ոչ հեռու բացված անցակետը ստանում է տարածաշրջանային նշանակություն, քանի որ այն նախևառաջ սպասարկում է Վրաստանին, և հատկապես մեր հյուսիսային հարևանի հարավարևմտյան շրջանների համար ավելի հարմար ուղի է առաջարկում: Նոր անցակետից, ինչպես նշեցինք, որոշակիորեն օգտվելու են Հայաստանի քաղաքացիները, իսկ աշխարհագրական դիրքն ու առավել կարճ հեռավորությունն Ադրբեջանից թույլ կտա նաև այս երկրին օգտվել նոր անցակետից: Բացի այդ, Ախալցխա-Արդահան անցակետից կարող են օգտվել Իրանից բեռներ (հիմնականում վառելիք) տեղափոխող բեռնատարները, որոնց պարագայում Թուրքիան տարանցիկ երկիր է, իսկ Վրաստանը՝ կամ վերջնակետ, կամ կրկին տարանցիկ երկիր: Թուրքիայում սա համարում են ևս մեկ պատուհան՝ ցամաքային կապով Ռուսաստան հասնելու համար, իսկ ռուսաստանյան կողմը Թուրքիայի կարևորագույն առևտրային գործընկերներից է: Բացի աշխարհագրորեն ավելի մոտ պետություններից, Թուրքիան ցանկանում է նաև նոր անցակետն օգտագործել Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետություններ հասնելու համար: Այսպիսով, Թուրքիան ռազմավարական տեսանկյունից կարևոր դարպաս է բացում դեպի Կովկաս, ինչի արդյունքում նախատեսում է աշխուժացնել առևտուրն ու մեծացնել բեռնափոխադրումներն ինչպես ավելի մոտ տարածաշրջաններ (Հարավային Կովկաս, Ռուսաստան), այնպես էլ Միջին Ասիա, հատկապես, թյուրքալեզու հանրապետություններ: Վերադառնալով Թուրքիայի տարածքով իրանական բեռնափոխադրումների թեմային՝ պետք է փաստել, որ այս տեսանկյունից Հայաստանում կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին իրանական մեքենաների համար թուրքական տարանցիկ ճանապարհներին այլընտրանք կարող է դառնալ: Հաշվի առնելով Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա վերջին բացասական միտումները՝ կապված Թուրքիայի օդուժի կողմից ռուսաստանյան Սու-24 գրոհիչի խոցմանը հաջորդած դեպքերի հետ, Հյուսիս-Հարավ մայրուղին կարող է զգալի ավելացնել իր կարևորությունը ռուս-իրանական բեռնափոխադրումների տեսանկյունից: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Հյուսիս-Հարավ մայրուղին ժամանակային առումով որոշակիորեն հետ է մնում, սակայն այս նախագծի կենսագործումն ու դրա ճիշտ կիրառումը կարող են բարձրացնել Հայաստանի՝ տարանցիկ երկրի դերը և այս առումով մրցակցություն ստեղծել Հայաստանի հետ սահմանը փակած Թուրքիայի հետ: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2163 reads | 01.05.2016
| |