ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ
2016թ. մարտի 6-ին Չինաստանի Հայկական համայնքում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում Մհեր Սահակյանն ընտրվեց Համայնքի նախագահ: Մհեր Սահակյանը գիտական հետազոտություն է կատարում Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Նա ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության բաժնի շրջանավարտ է: Գերազանցության դիպլոմով ավարտել է ԳԱԱ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Սովորել է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում, Իրանի Իմամ Խոմեյնու համալսարանում, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնում: Ծառայել է ՀՀ Զինված ուժերի Հատուկ նշանակության գնդում, պարգևատրվել է «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով, պատվոգրով: Հիմնադրել է Չինաստանի Հայկական ուսանողական միությունը, մինչև 2016թ. զբաղեցրել է Չինաստանի Հայկական համայնքի արտաքին կապերի գծով փոխնախագահի պաշտոնը:

2015թ. ապրիլին ղեկավարել է Նանջինգում անցկացված Ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումների կազմակերպչական կոմիտեն: Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության վերաբերյալ գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է: Diplomat.am նախագծում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ։

Իր խոսքում Մհեր Սահակյանը կոչ է արել Չինաստանի Հայկական համայնքին շարունակել ամրապնդել համայնքի միասնականությունը, հանդես գալ նախաձեռնություններով, ակտիվորեն մասնակցել համայնքի կյանքին, օգնել միմյանց, պահպանել Հայոց լեզուն և ազգային գաղափարները:

Մհեր Սահակյանը շնորհակալություն է հայտնել Համայնքի առաջին նախագահ Հենրի Արսլանյանին՝ նշելով. «Հենրի Արսլանյանը անմնացորդ նվիրվածությամբ է կատարել իր ազգանվեր առաքելությունը։ Նա հիմնադրեց Համայնքի Գործադիր կոմիտեն և առաջինն էր, ով արձագանքում էր համայնքի առջև ծառացած մարտահրավերներին։ Չինաստանի Հայկական համայնքում Հենրին ձևավորեց ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտը, որը պետք է պահպանել»:

Չինաստանի Հայկական համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկանշական է Չինաստանում բնակվող հայերին միավորելը, Հեռավոր արևելքում հայապահպանությանը նպաստելը, չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար հատկացված կրթաթոշակը, Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ «Գուլբենկյան» հիմնադրամի հետ կատարվող ուսումնասիրությունները, Չինաստանում Հայկական ուսանողական միության գործունեությունը, Հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովը և այլն:

Diplomat.am նախագիծը շնորհավորում է Մհեր Սահակյանին՝ արժանի պաշտոնի ստանձնման համար և տաղանդավոր գործընկերոջը մաղթում հաջողություններ Չինաստանի Հայկական համայնքին վերաբերող բոլոր հարցերի լուծման գործում։

Չինաստանի Հայկական համայնքով հետաքրքրվողները կարող են այցելել http://www.chinahay.com/
Հետադարձ կապ՝ contact@chinahay.com
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2571 reads | 14.03.2016
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com