ՎԱՆԴԱԼԻԶՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
![]() Հայոց ցեղասպանության մասին ցուցադրության նմուշները Գերմանիայի Աախեն քաղաքում ենթարկվել են վանդալիզմի: Գերմանահայկական ընկերակցությունը (Deutsch-Armenische Gesellschaft) տեղեկացնում է, որ հունվարի 29-ին անհայտ անձինք հարձակվել են միության ցուցահանդեսի նմուշների վրա՝ ավերելով դրանց որոշ օրինակներ: Խոսքը Աախեն քաղաքի Ժողովրդական ուսումնարանում ընթացող «1915-2015. հայկական ճարտարապետությունն ու Ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսի մասին է, որն ուսումնարանում անցկացվող «Հայրենիք» շարքի մի մասն է: Դեպքի կապակցությամբ Միությունը ոստիկանությունում համապատասխան հաղորդագրություն է տվել: Ընկերակցության տարածած մամուլի հաղորդագրությունում կազմակերպության նախագահ Րաֆֆի Կանթյանը ներկայացնում է, որ հիշյալ ցուցադրությունը հաջողությամբ եւ առանց միջադեպերի անցկացվել է Գերմանիայի տարբեր քաղաքներում. «Աախենի ժողովրդական ուսումնարանում տեղի ունենցած վանդալիզմը ոչ միայն Գերմանահայկական ընկերակցության, այլեւ ուսումնարանի համար էր բացառիկ»: Ուշագրավ է, որ հանցագործները ցուցահանդեսի հենց այն նմուշն են ավերել (նմուշը պատռել են դանակով), որտեղ պատկերած էր հարավարեւելյան Անատոլիայի Ուրֆայի հայկական եկեղեցին: Հենց այստեղ 1895 թվականի ձմռանը 3000 հայ կենդանի այրվել է, ինչի կապակցությամբ առաջին անգամ կիրառվել է հոլոքոստ եզրույթը: Գերմանահայկական ընկերակցության համար դեռ ընդունելի է այն, որ Աախենում գործող երկու խմբավորումներ ցուցադրության դեմ բողոքի գրություն էին տարածել՝ ներկայացնելով պաշտոնական Թուրքիայի տեսակետն ու միությանը մեղադրելով միակողմանիության մեջ: «Սակայն անհայտ անձանց վանդալիզմը լիովին անընդունելի է. այն արջի ծառայություն է մատուցում այդ խմբավորումների նպատակներին»,-ասված է հաղորդագրությունում: Գերմանահայկական ընկերակցությունը, այսպիսով, խստորեն դատապարտում է այս արարքը՝ համոզմամբ, որ բռնությունը ոչ թե խնդիրներ է լուծում, այլ նոր խնդիրներ է ծնում: Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել է նաեւ Aachener Zeitung տեղական օրաթերթը փետրվարի 13-ի իր համարում՝ «Վանդալիզմը դեպք է Ազգային անվտանգության մարմինների համար» վերտառությամբ: Մամուլի հաղորդագրություն է տարածել նաեւ Աախենի ժողովրդական ուսումնարանը: Լուսանկարը՝ Գերմանահայկական ընկերակցության | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1461 reads | 18.02.2016
| |