ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ
![]() Սեպտեմբերի 19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ Շուշիում պաշտոնապես բացվեց Եզնիկ Մոզյանի անվան նորակառույց արհեստագործական ուսումնարանը: Կրթօջախը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ /ֆրանսահայ Եզնիկ Մոզյանի կտակի համաձայն/ եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ: Ուսումնարանը շինարարական արհեստների մասնագիտական ուսուցման միակ կրթօջախն է Արցախում: Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Ֆրանիսիայից Արցախ ժամանած շուրջ 100 հոգուց կազմված պատվիրակությունը, այդ թվում` Եզնիկ Մոզյանի ընտանիքի անդամները, խորհրդարանի անդամներ, նահանգների եւ քաղաքային իշխանությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր, հայկական միությունների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ: ![]() Եռահարկ կրթօջախը զբաղեցնում է շուրջ 4050 քմ մակերես: Ուսումնարանը կառուցվել է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով` հատուկ մասնագիտական հանձնաժողովի խորհրդատվությամբ: Ուսումնարանի նախագծի հեղինակն է ճարտարապետ Ալեն Դարոնյանը: Ծրագրի իրականացման գործում առանցքային է եղել ծրագրի համակարգող, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի անդամ եւ Եզնիկ Մոզյան արհեստագործական դպրոցի հիմնարկի փոխնախագահ Ռոբերտ Այդաբիրյանի դերը: «Մեր մորեղբոր` Եզնիկ Մոզյանի երազած արհեստագործական դպրոցի բացումը ամենամեծ հատուցումն է տարիների մեր անխոնջ ջանքերի: Դպրոցն իր հիմնադրման առաջին իսկ տարին ընդունել է 70 աշակերտ: Եզնիկ Մոզյան հաստատությունն իր հովանավորների եւ երիտասարդ տնօրինության օժանդակությամբ կպատրաստի արհեստավարժ եւ որակյալ մասնագետներ` ում շնորհիվ եւ մասնակցությամբ քաղաքներն ու գյուղերը կշարժվեն դեպի կայուն ապագա: Նոր տեխնոլոգիաների գործածումը, նորարական մոտեցումների կիրառումը եւ ընդհանուր դրական միջավայրն իրենց անդրադարձը կունենան բնակչության ամենատարբեր շերտերի վրա»,-ասում է Ռոբերտ Այդաբիրյանը: Հանդիսության ավարտին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը Ռոբերտ եւ Հերմինե Այդաբիրյաններին շնորհեց Շուշիի Պատվավոր քաղաքացու վկայագիր: ![]() Կրթօջախն արդեն ունի իր ուսանողները, ովքեր ուսանելու են եկել Արցախի ամենատարբեր համայնքներից: Ուսումնարանի սաներն այստեղ կստանան եռամյա կրթություն: Հանրակրթական ուսմանը զուգահեռ նրանք կաշխատեն շինարարական ձեռնարկություններում եւ ձեռք կբերեն փականագործի, մետաղագործի, տանիքագործի, թիթեղագործի, զոդողի, ամրագործի, պատշարի, ներկարարի, սալիկապատող-հարդարողի, էլեկտրիկի, սանտեխնիկի, ջերմատեխնիկի մասնագիտություններ: Գործնական պարապմունքների վարպետ մանկավարժները վերապատրաստվել են Ֆրանսիայում: Երկարաժամկետ համագործակցությունը ֆրանսիական նմանօրինակ հաստատության հետ հնարավորություն կտա ուսումնարանում ապահովել եվրոպական չափանիշներին համարժեք մասնագիտական կրթություն: ![]() «Հայաստան» համահայկական հիմնադրամ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1778 reads | 23.09.2015
| |