ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԱՐԴՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() Գրեթե երեք տասնամյակ աշխատելով Քըրքորյանի հետ որպես «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ և Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, կցանկանայի իմ անձնական հարգանքի տուրքը մատուցել այս գթասիրտ ամերիկահային և հրաշալի անձնավորությանը: Շատ լավ հիշում եմ իմ առաջին հանդիպումը Քըրքորյանի հետ: Այն տեղի ունեցավ 1980-ականների կեսերին Բեվեռլի Հիլսի ռեստորաններից մեկում, ունևոր հայերի մի փոքր խմբի հավաքույթի ժամանակ, որոնք աջակցում էին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի վերընտրությանը: Ես այնտեղ էի որպես «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր: Երբ մոտեցա նրան ներկայանալու համար, Քըրքորյանն անմիջապես ճանաչեց ինձ և ասաց, որ իմ շաբաթական խմբագրականների մշտական ընթերցողն է: Շատ զարմացա և ինձ շոյված զգացի… Քըրքորյանի հետ իմ հաջորդ հանդիպումը կայացավ Բեվեռլի Հիլսի նրա գրասենյակում 1989 թ. նոյեմբերի 1-ին՝ Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 11 ամիս անց: Մենք քննարկեցինք հնարավորությունը համախմբելու ԱՄՆ-ում գործող 7 խոշոր հայկական կազմակերպությունները, ներառյալ «Լինսի» հիմնադրամը՝ օդային ճանապարհով Հայաստան մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով: Քըրքորյանն առաջարկեց վճարել տրանսպորտային բոլոր ծախսերը և առատաձեռնորեն խոստացավ՝ ծածկել ոչ միայն այդ մեկ թռիչքի ծախսերը, այլև «հետագա բոլոր թռիչքների, քանի դեռ Հայաստանը օգնության կարիք ունի»: Մի քանի օրվա ընթացքում ծնվեց Միացյալ հայկական հիմնադրամը, որը հաջորդ 25 տարիների ընթացքում 158 թռիչքներով և 2250 ծովային արկղերով 700 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ մարդասիրական օգնություն ցուցաբերեց Հայաստանին և Արցախին: ![]() ![]() Երբ «Լինսի» հիմնադրամը 2011 թվականին փակեց իր դռները, անհիմն և կեղծ լուրեր սկսեցին շրջանառվել փակման հնարավոր պատճառների մասին: Փաստն այն է, որ պարոն Քըրքորյանը նախատեսել էր որոշակի տարիքի հասնելով՝ այլևս չզբաղվել ամենօրյա դիմումների տարափով, որոնք ստացվում էին ամբողջ աշխարհից ֆինանսավորման օգնության խնդրանքով, իսկ նրա հարստության հիմնական մասը բաժանել հետմահու: Կցանկանայի ավարտել՝ նշելով այս նշանավոր ամերիկահայի համակրանքներից և հակակրանքներից մի քանիսը. ![]() - Նա խիստ մտահոգվում էր Հայաստանի ժողովրդի թշվառ վիճակով և մշտապես անհանգստանում էր արտագաղթով: Նա ձգտում էր աշխատատեղեր ստեղծել, որպեսզի հայերը չլքեն իրենց Հայրենիքը: - Նա չէր սիրում լինել ուշադրության կենտրոնում և երբեք թույլ չէր տալիս իր անվամբ որևէ կառույց կամ հաստատություն կոչել: - Նա չափազանց հարուստ էր, բայց շատ համեստ կյանքով էր ապրում և խոսում էր մեղմ ու քաղաքավարի: Նա նախընտրում էր, որ մարդիկ իրեն դիմեն անունով՝ Քըրք, այլ ոչ թե պարոն Քըրքորյան: Վերջապես, ոչ ոք չէր հուշում Քըրքին գումար նվիրաբերել պատեհ առիթներով: Նա հաճախ իր կամքով մեծ նվիրատվություններ էր անում՝ առանց խնդրանքի: Հայ ժողովուրդը և համայն աշխարհը նրան երախտիքի մեծ տուրք ունեն հատուցելու: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1869 reads | 25.06.2015
| |