ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
![]() Երբ առաջին անգամ թյուրքական ցեղերը մտան Փոքր Ասիա և Անդրկովկաս, նրանք որպես միասնական ազգ ձևավորված չէին: Նրանք, սակայն, չտեղահանեցին տեղի հայ, հույն, քուրդ, իսկ Բալկաններում՝ սլավոն, ալբանացի բնակչությանը, այլ սկսեցին միախառնվել նրանց հետ: Արդյունքում տեղացիներից շատերը կրոնափոխվելով ընդունեցին իսլամ և դարձան «թուրք»: Այդ պրոցեսը շարունակվել է դարեր շարունակ, որի արդյունքում ներկայիս թուրքական ազգը իրենից ներկայացնում է էթնիկ ժողովուրդների մի ամբողջ բազմություն: «Թուրք» բառը մինչև 19-րդ դարի վերջը օսմանյան կայսրությունում համարվում էր նվաստացուցիչ տերմին: Այն բնորոշում էր Անատոլիայի հետամնաց քոչվորներին և գյուղացիությանը: Իսկ վերնախավը դավանում էր սուննի մահմեդականություն և իրեն անվանում էր օսմանցի, բայց ոչ երբեք թուրք: 19-րդ դարի վերջին օսմանյան վերնախավի համար պարզ դարձավ, որ այդ «թուրքերը» կողմնակից են տեղական իշխանությանը, և «թուրք» տերմինը ստացավ ավելի դրական իմաստ: Օսմանյան կայսրության ժամանակ այսպես կոչված millet համակարգը համայնքներին դասակարգում էր ըստ կրոնական և ոչ էթնիկ-ազգային պատկանելության, և թուրքեր սկսեցին կոչվել միայն նրանք, ովքեր դավանում էին սուննի մահմեդականություն և անգամ թրքախոս հրեաները, քրիստոնյաներն ու շիա մահմեդական ալեվիները չէին համարվում թուրք: Ներկայումս Թուրքիայի կենտրոնամետ քաղաքական գործիչները վերասահմանել են «թուրք» տերմինի իմաստը՝ հիմնվելով Աթաթուրքի հռչակած ազգային սկզբունքների վրա» սահմանադրության մեջ նշելով, որ թուրք համարվում է նա, ով հանդիսանում է Թուրքիայի քաղաքացի: Թուրքիայի ներկայիս սահմանադրության 66-րդ հոդվածը ասում է. «Յուրաքանչյուր ոք, ով քաղաքացիությամբ կապված է թուրքական պետության հետ, համարվում է թուրք» իսկ այնուհետև նշվում է, որ «Եթե ծնված երեխայի մայրը կամ հայրը թուրք է, ապա երեխան համարվում է թուրք»: Թուրքիայում «փոքրամասնություններ» հասկացությունը առաջին անգամ ճանաչվել է 1924 թվականի Լոզանի կոնֆերանսում: Այստեղ թուրքական իշխանությունները համաձայնվեցին փոքրամասնություն համարել միայն տեղի հայերին, հրեաներին և հույներին այն էլ միայն կրոնական տեսանկյունից` բացառելով էթնիկ ինքնության տեսանկյունը: Նույնիսկ քրդերը, որոնք այսօր կազմում են Թուրքիայի բնակչության 15 տոկոսը, պաշտոնապես չեն համարվում որևէ տեսակի փոքրամասնություն: Քրդերն իրենց գաղափարախոսությամբ ներկայումս լուրջ վտանգ են ներկայացնում Թուրքիայում միասեռ հասարակության գաղափարին: 1930-ական և 1940-ական թթ. ընթացքում թուրքական իշխանությունները նրանց համարում էին «Լեռնային թուրքեր», իսկ 1980-ականներից սկսած քրդերին անվանում են «Արևելյան թուրքեր», չնայած որ քրդերենը չի մտնում ալթայիկ լեզվաընտանիքի մեջ, ինչպես օրինակ, թուրքերենը: Ներկայումս թուրքեր են անվանվում նաև Թուրքիայի սևծովյան ափերին բնակվող լազերը, որոնց լեզուն’ լազին, ոչ հնդեվրոպական է, ոչ ալթայիկ: Ներկայիս Թուրքիայում կան մի շարք սահմանափակումներ՝ կապված ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ: 1923 թվականից սկսած ազգային փոքրամասնությունները Թուրքիայում համարվում են վտանգ՝ ուղղված Թուրքիայի թե տարածքային ամբողջականությանը, թե ազգային անվտանգությանը: Այդ փաստը փոքրամասնությունների մոտ առաջացնում է մի շարք բարդություններ իրենց հիմնական իրավունքներում, այդ թվում կրթական իրավունքի պաշտպանության հարցում: Դա հանգեցնում է նրան, որ Թուրքիայում ապրող այլազգիները հաճախ թաքցնում են իրենց ազգային պատկանելությունը և, նույնիսկ, դավանած կրոնը: Այդ երևույթը հատկապես սուր է արտահայտված Թուրքիայի արևելյան նահանգներում, որտեղ գերակշռում են քրդերն ու զազա-ալեվիները: Այդ նահանգներում բնակչությունը ապրում է մշտական վախի մթնոլորտում: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Թուրքիայում բնակչության թուրքացման քաղաքականությունը իսկապես առաջնային է թուրքական իշխանությունների համար թուրքական պետության պահպանման և գոյատևման հարցում: Այդ քաղաքականությունը Թուրքիայում սկսվում է դեռևս դպրոցներից, որտեղ երեխաները, ուսուցչին ողջունելիս, կրկնում են Աթաթուրքի խոսքերը. «Ես թուրք եմ և թուրքական պետության համար չեմ խնայի կյանքս»: Թուրքիայում խտրականություն կա նաև ազգային փոքրամասնությունների կրոնական հարցերի հետ կապված: Մասնավորապես. 1. Թուրքական իմամները պետությունից ստանում են աշխատավարձ, մինչդեռ ալեվիների, հայերի, հույների կրոնական առաջնորդները չեն վարձատրվում: 2. Իմամները կարող են կատարելագործել իրենց կրոնական գիտելիքները Թուրքիայի տարածքում գտնվող սուննի մահմեդական կրոնական դպրոցներում: Մինչդեռ փոքրամասնությունները իրավունք չունեն իրենց կրոնական դպրոցները բացել: Նման խտրական քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ներկայումս Թուրքիայում արագորեն նվազում է այլազգիների քանակը: Չնայած այդ ամենին՝ կապված Եվրամիությանը ինտեգրվելու Թուրքիայի ձգտումների հետ՝ վերջին ժամանակներում թուրքական իշխանությունները մի շարք օրենքներ են ընդունել՝ կապված ազգային փոքրամասնությունների լեզվի հետ: Մասնավորապես քրդերին թույլ է տրվել թուրքերենին զուգահեռ օգտագործելու նաև քրդերենը, որը մինչ այդ արգելված էր օգտագործել հասարակական լայն շրջանակներում, ինչպես նաև տեղի արաբներին թույլ տրվեց օգտագործել արաբերենը: Ավելին, քրդերենը սահմանափակ ձևով թույլ տրվեց ուսուցանել մի շարք քրդական համայնքներում, թույլ տրվեց հեռարձակել հեռուստաալիք քրդերեն լեզվով: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ներկայիս թուրքական իշխանությունները փորձում են ապահովել թուրքական պետության միասնությունը՝ այն կառուցելով բացառապես թուրք ազգության գաղափարի հիման վրա: Եվ չնայած ներկայումս Թուրքիան ապրում է ազգային զարթոնք , այսինքն՝ Թուրքիայում ապրող մարդիկ փորձում են ինքնաճանաչվել (քրդերը նույնիսկ ազգային անկախ պետության գաղափար ունեն), այնուհանդերձ, թուրքական իշխանություններին հաջողվում է, թեկուզ խտրականություն չդնելով միջոցների մեջ, իրականացնել Թուրքիայում ապրող բնակչության թուրքացման քաղաքականությունը: Մուշեղ Խուդավերդյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2717 reads | 11.06.2015
| |