«ԱՆԻԶՈՏՐՈՊ ՍԱԼԵՐԻ ԵՎ ԹԱՂԱՆԹՆԵՐԻ ԱՍԻՄՊՏՈՏԻԿ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԱՆԳԼԵՐԵՆ
![]() Մինչև վերջին տասնամյակները այդ խնդիրները լուծվել են վարկածների մեթոդով: Ձողերի ու հեծանների համար ընդունվել է Բեռնուլի-Էյլերի հարթ կտրվածքների վարկածը, սալերի և թաղանթների համար` Կիրխհոֆ-Լյավի չդեֆորմացվող նորմալների վարկածը (դասական տեսության վարկածներ): Հայտնի են նաև ավելի քիչ սխալի հանգեցնող վարկածներով ճշգրտված տեսությունները (Ռայսներ, Ս.Համբարձումյան, Տիմոշենկո): Անհրաժեշտություն էր առաջացել ի հայտ բերել բոլոր այդ տեսությունների կիրառելիության շրջակները, ինչպես նաև գտնել կիրառությունների համար հույժ կարևոր խնդիրների այնպիսի դասերի լուծումներ, որոնց համար վերոհիշյալ վարկածները կիրառելի չեն: Լենսեր Աղալովյանի մենագրությունը նվիրված է այդ հույժ կարևոր հարցերի ուսումնասիրությանը: Ցույց է տրված, որ դասական և ճշգրտված տեսությունները, որոնք դիտարկում են միայն մեկ դասի խնդիրներ, համապատասխանում են ասիմպտոտիկ ներկայացման մեկ-երկու մոտավորություններին: Այնուհանդերձ, այդ տեսություններով ստացվող արդյունքները բավարար են լայն շրջանակի կիրառությունների համար: Լենսեր Աղալովյանի կողմից մաթեմատիկորեն ապացուցված է, որ դասական ու ճշգրտված տեսությունների վարկածները կիրառելի չեն նոր դասի եզրային խնդիրների լուծման համար: Խնդիրների այդ դասերը հիմնականն են սեյսմակայուն կառույցների հիմքերի և հիմնատակերի հաշվարկներում, իսկ դինամիկ խնդիրներում` շերտավոր միջավայրում սեյսմիկ ալիքների տարածման, կառուցվածքների վրա նրանց ազդեցության ուսումնասիրության հարցերում: Նրա կողմից գտնված է դասականից սկզբունքորեն տարբերվող ասիմպտոտիկա, որը թույլ է տվել լուծել այդ դասի խնդիրները: Նշված են այն դեպքերը, երբ հնարավոր է ստանալ մաթեմատիկորեն ճշգրիտ լուծումներ: Լենսեր Աղալովյանի կողմից մշակված մոտեցումը կարող է հիմք հանդիսանալ նոր տիպի կարևոր կիրառական խնդիրներ լուծելու համար, մասնավորապես ուսումնասիրել բարակ մարմինների և ֆիզիկական բազմաբնույթ դաշտերի փոխազդեցության հույժ կարևոր հարցերը: Մենագրության ռուսերեն տարբերակը հրատարակվել է “Наука, физ.мат.лит., Москва” հրատարակչության կողմից և արժանացել մասնագետների ամենաբարձր գնահատականին: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1665 reads | 19.05.2015
| |