ԶՎԱՐԹ ՍՈՒՋՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՝ ՎԵՐՍՏԱՆԱԼՈՒ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ Հայերը հազարավոր միջոցառումներ են կազմակերպում ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար: Այդ իրադարձությունների նպատակն է աշխարհին հիշեցնել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ. իրականացված զանգվածային վայրագությունների մասին, այն ակնկալիքով, որ միջազգային հանրությունը կստիպի Թուրքիայի կառավարությանը առերեսվելու իր նողկալի անցյալի հետ և վերականգնելու ցեղասպանության ժառանգների իրավունքները: Սակայն, գոյություն ունի ավելի արագ և արդյունավետ ճանապարհ այդ վեհ նպատակին հասնելու համար՝ դատական հայցը: Վերջին տարիներին մի քանի ամերիկահայ փաստաբաններ որոշակի հաջողությունների են հասել՝ համատեղ հայցեր ներկայացնելով ընդդեմ ապահովագրական ընկերությունների ԱՄՆ դաշնային դատարաններում: Այլ տարբեր հայցեր դեռևս ընթացքի մեջ են: ![]() Անցյալ տարվա սեպտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց, որ մտադիր է հայց ներկայացնել Թուրքիայի դեմ՝ Սիսի կաթողիկոսարանին մինչև Ցեղասպանությունը պատկանող գույքը վերադարձնելու պահանջով: Թուրքիայի դատարանի կողմից այս հայցը մերժելու դեպքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը այդ որոշումն այնուհետև կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): ![]() Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (և ոչ թե Կալիֆորնիայում, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև Կուբա (ոչ թե Կորեա՝ ըստ թուրքական մամուլի) և վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում: 1967 թ. Սուջյան ընտանիքի կալվածքը բռնագրավվել է թուրքական կառավարության կողմից՝ տեղական մի թերթում հայտարարություն տեղադրելուց և սեփականատերերին չգտնելու մասին պնդումներ անելուց հետո: Մի քանի տարի առաջ Սուջյանի փաստաբան Ալի Էլբեյօղլուն նրա անունից հայց ներկայացրեց Թուրքիայում՝ ձգտելով վերադարձնել նրա ժառանգությունը: 2013 թ. ապրիլին դատարանը մերժեց նրա պահանջը՝ պնդելով, որ 10-ամյա վաղեմության ժամկետն անցել է: Վերաքննիչ դատարանը բեկանեց ստորին ատյանի որոշումը և պահանջեց գործը վերաքննել, հիմնավորելով, որ Սուջյանը կարող էր տեղյակ չլինել Դիարբեքիրի տեղական թերթում տեղադրված իրավական հայտարարության մասին գույքի բռնագրավումից առաջ: Դատարանը հայտարարեց, որ այն առնվազն պետք է տեղադրվեր ամբողջ երկրում լայն տարածում ունեցող թուրքական թերթում: Փաստաբան Էլբեյօղլուն պարզաբանեց, որ Սուջյանի կալվածքի բռնագրավումը մասնավոր սեփականության իրավունքի խախտում է, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայով: Նույնիսկ եթե Սուջյանը հաղթի իր դատական գործը, ապա քիչ հավանական է, որ Թուրքիայի կառավարությունը վերադարձնի տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ շատ թանկ հողատարածքը, որի վրա գտնվում են Դիարբեքիրի ռազմական և քաղաքացիական օդանավակայանները: Այդ իսկ պատճառով նրա փաստաբանը հայտնեց «Միլիյեթ» թերթին, որ Սուջյանը միայն հատուցում է պահանջում իր ընտանիքին պատկանող կալվածքի արժեքի չափով: Էլբեյօղլուն նաև «Միլիյեթին» ասաց, որ Սուջյանի գործը դուռ կբացի բազմաթիվ նման գործերի առջև: Հատկանշական է, որ թուրքական թերթն իր հոդվածը վերնագրել է «Սփյուռքի հույսը»: Թուրքական լրատվամիջոցները չէին նշել, որ եթե վերաքննիչ դատարանը չբավարարի Սուջյանի հայցը, ապա նա կարող է իր գործով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ի դրական որոշումը կառաջացնի դատական հայցերի մի ամբողջ հեղեղ համայն հայության կողմից, որոնց նախնիները կալվածքներ են ունեցել, և որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ բռնագրավվել են թուրքական կառավարության կողմից: Թուրքիայում կան անթիվ այլ արժեքավոր կալվածքներ, որոնք բռնագրավվել են հայերից, այդ թվում՝ - Անկարայում Նախագահական պալատը, որ մինչև վերջերս զբաղեցված էր Էրդողանի և Թուրքիայի նախկին նախագահների կողմից, գտնվում է Քասաբյան ընտանիքին պատկանող տարածքում: - Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը մասամբ կառուցված է վանեցի Գևորգ Սարյանի ընտանիքին պատկանող տարածքի վրա: - Ինջիրլիքի ԱՄՆ ռազմակայանը գտնվում է մի քանի հայ ընտանիքների պատկանող կալվածքների վրա, որոնք դատական հայց են ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան ընդդեմ Թուրքիայի կառավարության: Այս և հայերին պատկանող հազարավոր այլ կալվածքներ պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին որպես արդարության մասնակի վերականգնում, որ Թուրքիան պարտք է հայ ժողովրդին: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1838 reads | 23.01.2015
| |