ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
![]() Եվրամիության դեսպանը առաջարկում է արևելյան գործընկերության փոխարինելու եկող փաստաթղթի մասին խոսել ոչ թե «ինչ», այլ «ինչպես» հարցով: Եվրոպացիների համար անակնկալ էր 3.5 տարվա աշխատանքի ավարտին տեսնել, որ Հայաստանը շեղվում է եվրոպական ուղուց ու նախընտրում Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միությունը: Անակնկալն ու շոկային շրջանը հաղթահարվեցին, հիմա եվրոպացիները որոշել են ամեն դեպքում դրական արձագանքել մեր երկրի կոչին ու աշխատել ուրիշ ֆորմատով: «Մենք կշարունակենք մեր արևելյան գործընկերներին քաջալերել, որպեսզի մասնակցեն Եվրամիության նախաձեռնած բոլոր միջոցառումներին: ԵՄ-ը պատրաստ է նաև Հայաստանի հետ գործակցել այն չափով, որքանով նա գործակցելու ցանկություն և պատրաստակամություն կդրսևորի: Հայաստանն ու ԵՄ-ն պատրաստ են աշխատել առևտրի, լավ կառավարման, դատաիրավական համակարգի բարեփոխման, կոռուպիցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և բազմաթիվ այլ հարցերի շուրջ»,-ասում է Տրայան Հրիսթեան: Նա հատկապես շեշտում է, որ արտաքին առևտրի հարցում Հայաստանի թիվ մեկ գործընկերը Եվրամիությունն է: Եվրոպան թիվ մեկն է նաև մարդու իրավունքների պաշտպանության համար Հայաստանում գործի դրվող ծրագրերի առումով. «Եվրամիությունը Հայաստանի հետ շարունակում և շարունակելու է գործակցությունը խտրականության դեմ պայքարի, հավաքների ազատության հարցերում: Մոտ ապագայում Եվրամիությունը առանձին հայտարարությամբ կանդրադառնա նաև Հայաստանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացված բռնություններին»: Չնայած խնդիրներին՝ Տրայան Հրիսթեան Եվրոպական միության անունից հայտարարում է՝ մյուս կողմից կա պատրաստակամություն աշխատելու և նոր պայմանագրեր կնքելու համար: Եվրամիության բնորոշ հատկանիշներից մեկն էլ այն է, որ հարգում է իր գործընկերների որոշումները, հետևաբար Եվրասիական միություն մտնելու Հայաստանի որոշումը տխրեցրեց, բայց չխանգարեց եվրոպացիներին, որ 2014-ի նոյեմբերին ստորագրվի միասնական օրակարգի փաստաթուղթ, իսկ դեկտեմբերի 12-ին քննարկումների 2-րդ փուլն էր: Առաջիկայում կլինեն նոր բանակցություններ, իսկ թե երբ Եվրամիությունն ու Հայաստանը պատրաստ կլինեն ստորագրել ասոցացման համաձայնագրին փոխարինող նոր պայմանագիր, հավանաբար պարզ կդառնա 2015-ին: Diplomat.am
| |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1596 reads | 17.12.2014
| |