ՔԵԶ ՀԱՄԱՐ՝ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՒՐԻՇԻ ՀԱՄԱՐ՝ ԳՈՒՑԵ ՈՉԻՆՉ
Անի ԽուդոյանՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Տարիներ առաջ աշխարհահռչակ նկարիչ Լեոնարդո դա Վինչին ասել է. «Գոյություն ունի մարդկանց երեք տեսակ՝ նրանք, ովքեր տեսնում են, նրանք ովքեր տեսնում են միայն այն ժամանակ, երբ իրենց ցույց են տալիս և նրանք, ովքեր ընդհանրապես չեն տեսնում»: Այդ ամենը, ըստ էության, կախված է անձի աշխարհընկալումից: Աշխարհընկալումը բարդ և նուրբ գործընթաց է: Այն ընկած է անձի վարքի, գործունեության և որ ամենակարևորն է՝ վերջինիս մոտ արժեհամակարգի ձևավորման հիմքում: Յուրաքանչյուրիս համար աշխարհն այնպիսին է, ինչպիսին որ մենք ընկալում ենք այն, իսկ թե ինչպես կընկալենք, արդեն կախված է տարբեր հանգամանքներից, ասենք, մեր հուզական վիճակից: Եթե դուք սիրահարված եք, ապա անգամ դրսում տեղացող հասարակ անձրևը, ձեզ համար իր յուրօինակ նշանակությունն ունի, իսկ դիմացինի համար այն պարզապես «անձրև»է ՝ երկնքից թափվող ջուր, որը միգուցե և վերջինիս մոտ տհաճ զգացողություններ կառաջացնի: Այն հաճախ կախված է նաև մարդու մասնագիտական ուղղվածությունից. նկարչի համար աշունը բնության հրաշք է, մեզ համար՝ պարզապես տարվա եղանակ: Իրականում առավել կարևոր է մեկ այլ բան. այն որ մարդկային փոխահարաբերություններում, մարդկանց հետ շփվելիս , մենք կարողանանք հասկանալ, որ միգուցե կյանքում կան բաներ, որոնք թեպետ մեզ համար այդքան էլ կարևոր չեն, սակայն դիմացինի համար ընկալվում են որպես արժեքներ: Սա նման է այն դեպքին, երբ մայրը, տեսնելով երեխայի ջարդված խաղալիքը, նետում է այն աղբարկղ՝ պատճառաբանելով, թե խաղալիքը պարզապես կորել է՝ անգամ չկասկածելով, որ հետագայում երեխան իր ամբողջ կյանքի ընթացքում ապրելու է այն գտնելու հույսով, քանի որ երեխան այն չէր ընկալում որպես պարզապես խաղալիք…: Ի վերջո, ինչպես ասել է հայ գրող Միքայել Նալբանդյանը. «Աշխարհում անթերի և կատարյալ գեղեցիկ ոչինչ չկա, ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կընկալենք այս կամ այն առարկան կամ երևույթը»: Հետևաբար, մի՞թե հնարավոր չէ ամեն ինչում փնտրել գեղեցիկը և դրականը, և մի՞թե դա չի օգնի մեզ՝ ավելի հեշտ ապրելու կյանքը: Հոգեբանական առակներ
| |
| ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
| 3746 reads | 23.01.2013
| |






