ԿԱՐՊՄԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ 
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
, ԵՐԵՎԱՆ




Այն, որ բոլորն էլ վաղ, թե ուշ ունենում են որևէ մեկի օգնության կարիքը, հասարակական կյանքի կառուցման կարևորագույն բնութագրերից է:

Ինքնուրույնությունը միշտ էլ խրախուսելի է, սակայն, միայնակ հաղթահարել կյանքում հանդիպող բոլոր խնդիրներն ու դժվարությունները գրեթե անհնար է: Թվում է, թե որևէ մեկից օգնություն ակնկալելու մեջ բացասական երանգներ փնտրելն անիմաստ է, սակայն ամերիկացի հոգեթերապևտ Ստեֆան Կարպմանի տեսությունն ապացուցում է ճիշտ հակառակը: 

Կարպմանի եռանկյան տեսության մեջ ուսումնասիրվում է մարդկային փոխհարաբերությունների դրսևորման եռակոմպոնենտ մի մոդել, որտեղ, որպես գործող անձինք հանդես են գալիս զոհը, հետապնդողը և փրկիչը: Զոհի դերում կարող է հանդես գալ մեզնից յուրաքանչյուրը. դա այն մարդն է, ում վիրավորել են, ով, թվում է, թե տանջվում է, տառապում, ով ունի անկարողության զգացում և ում անհրաժեշտ է «փրկիչ»:  

Եռանկյունու մեջ փրկչի ներգրավվումը իրենից դժվարություն չի ներկայացնում, քանի որ փրկչի դերում հայտնվել ցանկանում են շատերը: Եվ եթե զոհը հետապնդողից ազատվելու, օգնություն ստանալու ակնկալիքով դիմում է փրկչին, և վերջինս համաձայնվում է օգնել, ապա, ըստ հեղինակի, վստահաբար կարելի է ասել, որ եռանկյունն այլևս կառուցված է: 

Կարպմանի եռանկյունու ֆենոմոնալ կողմը կայանում է նրանում, որ ճիշտ այն պահից, երբ եռանկյունը կազմվում է, և փրկիչը համաձայնվում է ստանձնել այդ դերը, դերերը սկսում են փոփոխվել: Հետապնդողից զոհին պաշտպանելու փրկչի կողմից կիրառվող քայլերի արդյունքում վերջինս ինքն է աստիճանաբար ստանձնում հետապնդողի դերը՝  վերածվելով բացասական կերպարի:

Սակայն, կա մի գործոն, որը եռանկյունու  կողմերին ստիպում է ավելի ու ավելի ներգրավվել այդ ճահճում, ինչը պայմանավորված է սեփական պատասխանատվության  գործոնի չգիտակցմամբ.  զոհը չի ընդունում իր մեղավորությունը, քանի որ հետապնդողին վնաս է հասցնում ոչ թե ինքը, այլ փրկիչը, փրկիչը չի  ընդունում իր մեղավորությունը, քանի որ նա դա անում է ոչ թե իր սեփական շահերի, այլ զոհի խնդրանքով, վերջինիս օգնելու համար, իսկ իրական հետապնդողը չի ընդունում իր մեղքը, քանի որ նա այլևս հայտնվում է զոհի կարգավիճակում:   

Կարպմանի եռանկյունին դրսևորվում է ինչպես ընտանեկան (մայրը բարկանում է երեխայի վրա՝ խնդրելով հորը պատժել վերջինիս, սակայն, երբ հայրը պատժում կամ բարկանում  է երեխայի վրա, անմիջապես քննադատության է արժանանում մոր կողմից՝ թե ինչու այդպես կոպիտ վարվեցիր, չէ՞ որ նա դեռ երեխա է, արդյունքում փրկչի դեր ստանձնելով՝ հայրը ինքն է վերածվում հետապնդողի), այնպես էլ աշխատանքնային, ընկերական հարաբերություններում, քաղաքականության մեջ (հիշենք Ջ. Բուշին Կրտսերին, ով իրաքյան պատերազմում պայմանականորեն ստանձնելով «փրկչի» դերը, անմիջապես կորցրեց իր հեղինակությունը, քանի որ հայտնվել էր հետապնդողի դերում):

Կարպմանի եռանկյան հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ինքնահաստատման նպատակով ստանձնելով փրկչի դերը, հայտնվում են եռանկյունու ծուղակում, վաղ թե ուշ գնում են դեպի ինքնակործանում՝ քանի որ որքան էլ գրավիչ թվա եռանկյան մեջ ներգրավվումը, այդուհանդերձ, որևէ մեկին օգնելու նախապայմանով՝ ուրիշին վնաս հասցնելը երբեք չի կարող դրական արդյունքների հանգեցնել:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
4011 reads | 02.06.2015
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com