ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ, ԵՐԵՎԱՆ









Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկզբնավորվեց միջազգային պայմանագրերի գրանցման ինստիտուտը։ Միջազգային հարաբերությունների ոլորտում պայմանագրերի գրանցման ինստիտուտի արմատավորումը նպատակ ուներ վերջ դնելու դիվանագիտության պատմությանը հայտնի գաղտնի պայմանագրերի կնքման պրակտիկային։

Միջազգային պայմանագրերի գրանցումն սկզբում իրականացվում էր Ազգերի լիգայի, իսկ հետագայում՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից։ Ազգերի լիգայի կանոնադրության 17-րդ հոդվածի համաձայն, միջազգային պայմանագրերի գրանցման իրավունքը տրված էր նրա Քարտուղարությանը։ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն, Կազմակերպության ցանկացած անդամի կնքած պայմանագիրը և միջազգային համաձայնագիրը պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում գրանցվեն ՄԱԿ-ի Քարտուղարությունում և հրապարակվեն։

Միաժամանակ, որպես պատժատեսակ, ՄԱԿ-ի կանոնադրությունը նախատեսում է, որ չգրանցված ցանկացած պայմանագրի կամ միջազգային համաձայնագրի ոչ մի կողմ Միավորված ազգերի կազմակերպության ոչ մի մարմնում չի կարող հենվել նման պայմանագրի վրա։

Թեև գրանցումն ու հրապարակումը միջազգային պայմանագրերի կնքման փուլեր չեն, սակայն անհրաժեշտ նախապայման են պայմանագրի գործողությունն ապահովելու համար։ Դա է պատճառը, որ, բացի ՄԱԿ-ի կանոնադրության 102-րդ հոդվածից, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1946թ. դեկտեմբերի 14-ին ընդունեց պայմանագրերի և միջազգային համաձայնագրերի գրանցման և հրապարակման վերաբերյալ բանաձև։

Բանաձևի համաձայն, միջազգային պայմանագրի գրանցում տեղի չի ունենում այնքան ժամանակ, քանի դեռ այն մասնակից երկու կամ ավելի կողմերի միջև ուժի մեջ չի մտել։ Գրանցումը կարող է կատարել կողմերից մեկը։ Այդ գրանցումը մյուս բոլոր կողմերին ազատում է գրանցում կատարելու պարտականությունից։

Միավորված ազգերի կազմակերպության կողմից պայմանագրերն ի պաշտոնե (ex officio) գրանցվում են.

ա) երբ ՄԱԿ-ը պայմանագրի կամ համաձայնագրի կողմ է,

բ) երբ հենց պայմանագրով կամ համաձայնագրով ՄԱԿ-ը լիազորվում է իրականացնել գրանցում,

գ) երբ ՄԱԿ-ը բազմակողմ պայմանագրի կամ համաձայնագրի ավանդապահ է։


Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում միջազգային պայմանագիր կամ համաձայնագիր կարող են գրանցել նաև ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունները։

ՄԱԿ-ի Քարտուղարությունում պայմանագիրը գրանցման ներկայացնող պետությունը պետք է վստահեցնի, որ ներկայացված տեքստը պայմանագրի ճիշտ և ամբողջական պատճենն է և ներառում է ստորագրող կողմերի բոլոր վերապահումները։ Վավերացված պատճենը պետք է ներառի կնքված պայմանագրի բոլոր լեզուներով կազմված տեքստերը։ Դրան կցվում են բոլոր լրացուցիչ պատճենները, ինչպես նաև հայտարարությունները, որոնցում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամանակն ու կարգը և այլն։

Գրանցման ենթակա պայմանագրի՝ Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարության կողմից ստացվելու օրը համարվում է դրա գրանցման օրը։ Գրանցման վկայականը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կամ նրա ներկայացուցչի կողմից ստորագրվելուց հետո, հանձնվում է գրանցող կողմին կամ, համապատասխան պահանջի դեպքում, պայմանագրում նշված ցանկացած կողմի։

Գրանցումն իրականացվում է անգլերենով և ֆրանսերենով։ Գրանցման մեջ նշվում են այնպիսի տվյալներ, ինչպիսիք են՝ կողմերի անվանումը, որոնց միջև կնքվել է պայմանագիրը, պայմանագրի վավերացման, վավերագրերի փոխանակման, միանալու և ուժի մեջ մտնելու ժամկետները, դրա գործողության ժամկետը, այն լեզուն կամ լեզուները, որոնցով կազմված է և այլն։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի կամ տվյալ պայմանագրի ցանկացած կողմի պահանջով տրամադրել վավերացված քաղվածք գրանցումից։

ՄԱԿ-ի Քարտուղարությունը պարտավոր է կարճ ժամկետում հրապարակել իր կողմից գրանցված միջազգային պայմանագրերը և համաձայնագրերը։ Հրապարակումը կատարվում է բնագրի կամ բնագրերի լեզուներով, ինչպես նաև անգլերեն և ֆրանսերեն թարգմանություններով, պարբերաբար հրատարակվող ժողովածուում, որը կոչվում է "ՙUnited Nations Treaty Series"։ Եվրոպայի խորհրդի շրջանակներում հրապարակվում են եվրոպական կոնվենցիաները "European Treaty Series"։

Պայմանագրերի և միջազգային համաձայնագրերի հրապարակման ժամանակ տրվում է նաև որոշ լրացուցիչ տեղեկատվություն։ Մասնավորապես, նշվում է տվյալ միջազգային պայմանագրի կամ համաձայնագրի գրանցման սերիական համարը, գրանցող կողմի անվանումը, փաստաթղթի ուժի մեջ մտնելու կարգը, օրը և այլն։

ՄԱԿ-ի Քարտուղարությունն ամեն ամիս տեղեկատվություն է հրապարակում նախորդ ամսում գրանցված պայմանագրերի և համաձայնագրերի վերաբերյալ։

Որպես կանոն, պետությունների ազգային օրենսդրությունները նույնպես նախատեսում են, որ իրենց կողմից կնքված միջազգային պայմանագրերը պետք է հրապարակվեն։

Հայաստանի Հանրապետության ուժի մեջ մտած միջպետական և միջկառավարական պայմանագրերը, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացմամբ, հրապարակվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերում։

Քանի որ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, վավերացված միջազգային պայմանագրերը հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում, իսկ մարդու իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ չհրապարակված իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն, ուստի, որպեսզի մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կնքած և վավերացրած պայմանագրերն իրավաբանական ուժ ստանան, դրանք պետք է պարտադիր հրապարակվեն։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
2687 reads | 05.09.2013
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com