ՄԱԿ-Ի ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
![]() Սահմանադրական Դատարանի անդամ, ԵՐԵՎԱՆ ![]() Կոմիտեն իրավասու է նաև քննության առնելու կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքների խախտման վերաբերյալ առանձին անձանց կողմից ներկայացված՝ գանգատները, ինչպես նաև մասնակից պետության տարածքում խոշտանգումների կանոնավոր կիրառման վերաբերյալ տեղեկությունները։ Առանձին անձանց կողմից Կոմիտեին գանգատներ ներկայացնելու իրավունքը կարող է գործել միայն այն դեպքում, եթե Կոնվենցիան խախտել է մասնակից պետությունը: Միաժամանակ, համաձայն Կոնվենցիայի 22-րդ հոդվածի, այդ գանգատները քննության վերցնելու հարցը պայմանավորված է մասնակից պետության կողմից Կոմիտեի այդ իրավասության ճանաչմամբ:
Գանգատը կարող է ներկայացնել ցանկացած անձ, որը պնդում է, թե ինքը Կոնվենցիայի մասնակից պետության կողմից Կոնվենցիայի դրույթների խախտման զոհ է: Ընդ որում, եթե ենթադրյալ զոհն ի վիճակի չէ գանգատ ներկայացնելու անձամբ, ինչը տվյալ պարագայում խիստ հավանական է, Կոնվենցիայի 22-րդ հոդվածը նախատեսում է, որ նրա անունից գանգատը կարող է ներկայացնել նաև մեկ ուրիշը։ Կոմիտեն, ստանալով առանձին անձանց ներկայացրած գանգատները և նախքան դրանք ըստ էության քննելը, առաջին հերթին պարզում է, թե արդյոք տվյալ գանգատը բավարարում է քննության ընդունվելու համար անհրաժեշտ պայմանները: Կոմիտեն չի քննարկում որևէ անձի որևէ հաղորդագրություն, եթե չի համոզվում, որ այդ հարցը չի քննարկվել և կամ չի քննարկվում միջազգային այլ ընթացակարգով, իրենից չի ներկայացնում գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում։ Միաժամանակ, գանգատ ներկայացրած անձը պետք է սպառած լինի իր իրավունքների պաշտպանության բոլոր ներպետական պաշտպանության միջոցները: Գանգատը չի կարող լինել անստորագիր կամ չհամապատասխանել կոնվենցիայի դրույթներին։ Եթե ներկայացված գանգատը վերոհիշյալ և մյուս պայմանները չբավարարելու հետևանքով քննության չի ընդունվում, ապա կոմիտեն այդ մասին տեղեկացնում է շահագրգիռ կողմերին: Գանգատը քննության ընդունելու և ըստ էության քննությունը նախաձեռնելու դեպքում Կոմիտեն այդ մասին ծանուցում է գանգատը ներկայացրած անձին և Կոնվենցիայի այն մասնակից պետությանը, որը գանգատում մատնանշվում է որպես իրավախախտ: Վերջինս ծանուցում ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում Կոմիտեին է ներկայացնում քննության առարկա հարցի վերաբերյալ բացատրություններ և պարզաբանումներ: Գանգատ ներկայացրած անձը կարող է կոմիտեին ներկայացնել իր դիտողությունները և լրացուցիչ տեղեկատվություն: Բացի դրանից, նրան հնարավորություն է ընձեռված անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով մասնակցել Կոմիտեի դռնփակ նիստերին՝ պարզաբանումներ տալու նպատակով: Ինչպես գանգատը քննության ընդունելու հարցի քննարկման, այնպես էլ անմիջականորեն քննության ընթացքում, մինչև որոշման ընդունումը, Կոմիտեն կարող է համապատասխան մասնակից պետությունից պահանջել որոշակի միջոցների կիրառում՝ իրավախախտման զոհին անդառնալի վնաս պատճառելը կանխելու նկատառումներից ելնելով: Նման դրույթը նպատակ ունի ապահովել գանգատ ներկայացրած անձի պաշտպանությունը նույնիսկ մինչև գանգատը քննության ընդունելը կամ հարցի ըստ էության լուծումը: Կոմիտեում գանգատի քննությունն ավարտվում է վերջնական եզրակացության ընդունումով, որը փոխանցվում է գանգատը ներկայացրած անձին և համապատասխան պետությանը՝ վերջինիս առաջարկելով Կոմիտեին տեղեկացնել տվյալ եզրակացությանը համապատասխան ձեռնարկվող միջոցների մասին: Ի տարբերություն իրավախախտման զոհ դարձած առանձին անձանց գանգատները քննելու և Կոնվենցիայի դրույթների խախտումների վերաբերյալ մասնակից պետությունների ներկայացրած հաղորդումները քննության առնելու իրավասությամբ օժտված մյուս կոմիտեների, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների դեմ 1987թ. հունիսի 26-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածով Խոշտանգումների դեմ կոմիտեին տրամադրվում է մասնակից պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների խախտմանն արձագանքելու ևս մեկ՝ լրացուցիչ մեխանիզմ: Այն է՝ Կոմիտեն իրավասու է ստանալու տեղեկատվություն այս կամ այն մասնակից պետությունում խոշտանգումների պարբերական կիրառման վերաբերյալ և այդ կապակցությամբ իրականացնել հետաքննություն: Այս հետաքննության համար բնորոշ է, որ այն ունի խորհրդապահական բնույթ և նպատակ ունի համագործակցության եզրեր որոնել համապատասխան մասնակից պետության հետ։ Այս ընթացակարգի համաձայն, Կոմիտեն կարող է խոշտանգումների կիրառման մասին ստանալ ցանկացած տեղեկատվություն այն մասնակից պետության առնչությամբ, որը ճանաչել է Կոմիտեի տվյալ իրավասությունը: Այն դեպքում, երբ Կոմիտեն գտնում է, որ ներկայացված տեղեկատվությունը հավաստի է և պարունակում է մասնակից պետության տարածքում խոշտանգումների պարբերական կիրառման վերաբերյալ հիմնավորված տվյալներ, համապատասխան պետությանն առաջարկում է ստացված տեղեկատվության կապակցությամբ ներկայացնել իր դիտողությունները: Կոմիտեն կարող է անհրաժեշտ տեղեկատվություն պահանջել նաև համապատասխան պետությունների կառավարություններից, հասարակական կազմակերպություններից կամ առանձին անձանցից: Ստացված տեղեկատվությունը հիմնավորված համարելու դեպքում Կոմիտեն կարող է իր կազմից նշանակել մեկ կամ մի քանի անդամների՝ ստացված տեղեկատվության կապակցությամբ խորհրդապահական հետաքննություն իրականացնելու նպատակով: Այս դեպքում Կոմիտեն համապատասխան պետությանն առաջարկում է Կոմիտեի անդամների հետ հանդիպելու համար նշանակել լիազորված ներկայացուցիչ: Այդ պետության համաձայնությամբ Կոմիտեի՝ հետաքննություն իրականացնող անդամները կարող են այցելել նաև նրա տարածք՝ վկաներին հարցաքննելու նպատակով: Հարկ է նշել, որ Կոմիտեի այս իրավասությունը կամընտրական բնույթ ունի, այն է՝ Կոնվենցիան վավերացնելիս կամ դրան միանալիս ցանկացած պետություն կարող է հայտարարել, որ չի ճանաչում այդ իրավասությունը: | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ | |
3617 reads | 21.04.2014
| |