ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ, ԵՐԵՎԱՆ
 
 
 
 
 
 
 
 
Այս կոմիտեն կոչված է հետևելու 1979թ. դեկտեմբերի 18-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարման գործընթացին։ Կոմիտեն այդ գործառույթն իրականացնում է, հիմնականում, Կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացրած ազգային զեկույցների քննության միջոցով: Հաշվի առնելով, որ շատ դեպքերում մասնակից պետությունների ներկայացրած զեկույցներում չի արտացոլվում տվյալ պետությունում Կոնվենցիայի պահանջների կատարման իրական պատկերը, Կոմիտեն ազգային զեկույցները քննության առնելիս հիմնվում է նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացրած տեղեկատվության վրա: 

Մասնակից պետությունների կողմից Կոնվենցիայի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումների և Կոնվենցիայի դրույթների կատարման վիճակի մասին ներկայացված զեկույցների քննության արդյունքում Կոմիտեն ընդունում է համապատասխան առաջարկություններ և հանձնարարականներ։ Դրանցում, սովորաբար, նշվում են այն կոնկրետ միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն Կոնվենցիայով ստանձնված պարտավորությունների կատարումն ապահովելու համար: 

Միաժամանակ, պետք է նկատենք, որ Կոմիտեի առաջարկությունների և հանձնարարականների արդյունավետության վրա ազդում է այն հանգամանքը, որ դրանք իրավաբանական հետևանքի առումով պարտադիր չեն և դրանց կատարումը երաշխավորված չէ հարկադրանքի պատշաճ միջոցներով։ 

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարումն ապահովելու գործում կարևոր նշանակություն ունի նաև դրա առանձին հոդվածների բարեխիղճ մեկնաբանումը, այդ թվում՝ անկախ փորձագետների կողմից կատարված մեկնաբանությունների միջոցով դրանցում տեղ գտած դրույթների պարզաբանումը: Թեև Կոմիտեն Կոնվենցիայի դրույթների պաշտոնական մեկնաբանման իրավասությամբ օժտված չէ, այնուամենայնիվ, իր պրակտիկայում, բազմիցս կատարելով Կոնվենցիայի առանձին հոդվածների մեկնաբանություններ՝ դրանով իսկ նպաստել է դրա դրույթների կատարմանը: 

Ներկայումս քննարկվում է առանձին անձանց՝ կոնվենցիայով սահմանված իրենց իրավունքների խախտման վերաբերյալ Կոմիտեին գանգատ ներկայացնելու իրավունք տրամադրելու հարցը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
2795 reads | 18.04.2014
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com