ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ՝ ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ,
«ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ




Աղթամարի սբ. Խաչ եկեղեցու շենքի նորոգումը առիթ հանդիսացավ, որ հնչեն իրարամերժ կարծիքներ: Մինչև իսկ ոմանց կողմից փորձ արվեց հարցը ներկայացնել որպես «Թուրքիայի բարի կամքի դրսևորում»: Քանի որ Թուրքիայի Հանրապետության տիրույթում, ինչպես նաև Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում, գտնվող հայկական հազարավոր հուշարձանների կարգավիճակը և նրանց նկատմամբ Թուրքիայի պարտավորությունները հստակեցված են միջազգային օրենքով և ամրագրված են միջպետական փաստաթղթերում, ուստի անհրաժեշտ է հարցի մեջ պարզություն մտցնել միջազգային իրավունքի տեսանկյունից:

Թուրքիայի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվել է Լոզանի (24 հուլիսի, 1923թ.) պայմանագրով՝ մաս 1-ին, հոդված 1-ին: Նույն պայմանագրի 1-ին մասի 3-րդ բաժինը (հոդվածներ 37-44) ամբողջովին նվիրված է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը, նրանց ինքնության ու ժառանգության պահպանմանը: Այստեղ անհարաժեշտ է ընդգծել, որ ազգային փոքրամասնությունների վերաբերող վերոնշյալ 37-44 հոդվածներին Լոզանի պայմանագրի 37-րդ հոդվածով տրվել է հիմնական օրենքի (fundamental law) կարգավիճակ և բացարձակ գերակայություն բոլոր այլ օրենքների, կանոնակարգերի և պաշտոնական գործողություների նկատմամբ.
«Հոդված 37. Թուրքիան ընդունում է, որ 38-ից 44 հոդվածներում առկա պայմանավորվածությունները ճանաչվում են որպես հիմնական օրենքներ, և որևէ օրենք, կանոնակարգ կամ պաշտոնական գործողություն չի կարող հակասել դրանց կամ խոչընդոտել այդ պայմանավորվածություններին, ինչպես նաև ոչ մի օրենք, կանոնակարգ կամ պաշտոնական գործողություն չի կարող գերակա լինել նրանց նկատմամբ» (Article 37. Turkey undertakes that the stipulations contained in Articles 38 to 44 shall be recognized as fundamental laws, and that no law, no regulation, nor official action shall conflict or interfere with these stipulations, nor shall any law, regulation, nor official action prevail over them):

Ինչպես ակնհայտ է նշյալ հոդվածից, վերոշարադրյալը խիստ կարևոր հանձնառություն է և հանդիսանում է Թուրքիայի համար միջազգային անբեկանելի պարտավորություն: Անհրաժեշտ է ընդգծել, որ իրավունքի մեջ հիմնական օրենքի խմբին են դասվում սահմանադրությունները կամ դրանց հավասարեցված իրավական փաստաթղթերը: Քանի որ սույն հոդվածի նպատակներից դուրս է քննել Լոզանի պայմանագրով ամրագրված ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայերի, բոլոր իրավունքները, ուստի մենք միայն կանդրադառնանք խնդրո առարկային՝ ազգային փոքրամասնությունների կրոնական ազատություններին և նրանց կրոնական կառույցների նկատմամբ Թուրքիայի Հանրապետության պարտավորություններին:

Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի երկրոդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին, մասնավոր կամ հանրային կյանքում, տրվում է հավատքի, կրոնի կամ դավանանքի ազատություն (All inhabitants of Turkey shall be entitled to free exercise, whether in public or private, of any creed, religion or belief): Իսկ պայմանագրի 40-րդ հոդվածով նրանց տրվում է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք: Ավելին, Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները» (The Turkish Government undertakes to grant full protection to the churches, synagogues, cemeteries, and other religious establishments of the above-mentioned minorities): Բնականաբար «լիակատար պահպանությունը» ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը: Հետևաբար, սբ. Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը ոչ թե «բարի կամքի դրսևորում» է, այլ Թուրքիայի կողմից հիմնական օրենքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտավորությունների խիստ թերի և ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով:

Հիմա ամենահետաքրքրականը: Իսկ ովքե՞ր են եղել և մնում Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման երաշխավորները: Լոզանի պայմանագրի 44 հոդվածի 1-ին մասը նշում է. «Թուրքիան համաձայնվում է, որ Թուրքիայի ոչ մուսուլմաններին վերաբերող սույն բաժնի նախորդող հոդվածները հանդիսանում են միջազգային պարտավորություններ և նրանց կատարումը պետք է երաշխավորվի Ազգերի Լիգայի կողմից» (Turkey agrees that, in so far as the preceding Articles of this Section affect non-Moslem nationals of Turkey, these provisions constitute obligetions of international concern and shall be placed under the guarantee of the League of Nations):

Հատուկ պարտականություններ են դրվում Ազգերի լիգայի խորհրդի (Council of the League of Nations) անդամների վրա՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա: Այսինքն, ներկայումս Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) և Անվտանգության խորհուրդը, որոնք ժառանգել են Ազգերի լիգայի և Խորհրդի ոչ միայն իրավունքներն, այլև պարտականությունները, հանդիսանում են Թուրքիայում հայկական փոքրամասնության և, մասնավորապես, հայկական հուշարձանների պահպանման հովանավորներն ու երաշխավորները: Ի լրումն այս ամենի, նշյալ 44-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է ցանկացած տարաձայնությունը դատական կարգով լուծելու հնարավորությունը. «Թուրքիան նաև համաձայնվում է, որ օրենքին կամ սույն հոդվածներից բխող որևէ փաստին վերաբերող ցանկացած տարակարծություն, որը կառաջանա թուրքական կառավարության և պայմանագիրը ստորագրած որևէ երկրի կամ Ազգերի լիգայի խորհրդի որևէ անդամի միջև, պետք է համարվի միջազգային բնույթի վեճ, ինչպիսին ամրագրված է Ազգերի լիգայի կանոնակարգի 14-րդ հոդվածով: Թուրքական կառավարությունը սույնով իր համաձայնությունն է հայտնում, որ նման վեճը, եթե մյուս կողմը այդպես պահանջի, պետք է փոխանցվի Արդարության միջազգային մշտական դատարանի տնօրինմանը: Արդարության միջազգային մշտական դատարանի վճիռը պետք է լինի վերջնական և պետք է ունենա այնպիսի լիազորություն և հետևանք, ինչպիսին [Ազգերի լիգայի] Կանոնակարգի 13-րդ հոդվածով կայացված վճիռները» (Turkey further agrees that any difference of opinion as to questions of law or of fact arising out of these Articles between the Turkish Government and any one of the other Signatory Powers or any other Power, a member of the Council of the League of Nations, shall be held to be a dispute of an international character under Article 14 of the Covenant of the League of Nations. The Turkish Government hereby consents that any such dispute shall, if the other party thereto demands, be referred to the Permanent Court of International Justice. The decision of the Permanent Court shall be final and shall have the same force and effect as an award under Article 13 of the Covenant):
Այսինքն, Լոզանի պայմանագիրը ստորագրած ցանկացած երկիր (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան և Հունաստանը) կամ Խորհրդի (ներկայումս՝ Անվտանգության խորհրդի) անդամ որևէ երկիր (5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից յուրաքանչյուրը) հայկական հուշարձանների ավիրման հարցով իրավասու է Թուրքիայի դեմ հայցով դիմել Արդարության միջազգային մշտական դատարան (ներկայումս՝ Արդարության միջազգային դատարան): Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան նաև պարտավորված են վերահսկել Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի, հանդեպ Թուրքիայի ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարումը: Խախտելով ազգային փոքրամասնությունների իրավունքները՝ Թուրքիան սասանում է իր գոյության իրավական հիմքերը, քանի որ, ըստ միջազգային օրենքի, պայմանագրերը կատարվում են ամբողջության մեջ՝ պայմանագրի մասնակիցներից մեկի կողմից հանձնառությունների չկատարումը, ազատում է մյուս կողմին հանձնառությունների կատարումից: Պայմանագիրը փոխադարձ պայմանավորվածության արդյունք է, հետևաբար, եթե Լոզանի պայմանագիրը ստորագրած կողմերց մեկը (Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան և Հունաստանը) ճանաչել է Թուրքիայի Հանրապետությունը, նրա արևմտյան ու հարավային սահմանները, ապա մյուս կողմը (Թուրքիան) դրա դիմաց ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ մասնավորապես 37-44 հոդվածների մեջ ամրագրված ազգային փոքրամասնության իրավունքների հարգումը: Հետևաբար, չկատարելով իր ստանձնած պարտավորությունները, Թուրքիան հարցականի տակ է դնում Լոզանի ողջ պայմանագրի վավերականությունը: Պայմանագրերի օրենքի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան (Vienna Convention on the Law of Treaties, 1969) միանշանակ է այդ հարցում. «Հոդված 60, 2. Բազմակողմ պայմանագրի մասնակիցներից մեկի կողմից պայմանագրի կոպիտ խախտումը իրավունք է տալիս (ա) մյուս մասնակիցներին, միաձայն համաձայնությամբ, կասեցնել պայմանագրի գործունեությունը ամբողջությամբ կամ մասամբ, կամ լիովին դադարեցնել այն» (Article 60, 2. The material breach of a multilateral treaty by one of the parties entitles: (a) the other parties by unanimous agreement to suspend the operation of the treaty in whole or in part or to terminate it either):

Այսու, հայկական հուշարձանների նպատակային ավիրումը թուրքական իշխանությունների կողմից սոսկ բարոյականության հարց չէ, այլ միջազգային հանձնառությունների կոպիտ խախտում: Մեկ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը չի կարող փարատել Թուրքիայի Հանրապետության կողմից Լոզանի պայմանագրի հետևողական, բազմակի և շարուկվող ոտնահարումների փաստը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
2805 reads | 19.03.2013
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com