ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԽՈՋԱ ՄԻՐԱՔ
![]() Ստորև ըստ ժամանակագրության ներկայացրել ենք աշխարհասփյուռ հայ վաճառական դիվանագետներին և չենք անդրադարձել պրոֆեսիոնալ դիվանագետներին, որոնք պետական պաշտոնյաներ էին, ինչպես նաև այն վաճառականներին, որոնք նպաստել են զուտ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատմանը:
Առաջին հայ վաճառական դեսպանը խոջա Միրաքն է: Թուրքմենական ակ-կոյունլու ցեղի խան Ուզուն-Հասանը XV դարում Պարսկաստանում ստեղծեց ուժեղ պետական կազմավորում և, բնականաբար, մտադրվեց միջպետական հարաբերություններ հաստատել զորեղ Վենետիկի հասարակապետության հետ: Նման առաքելություն կարող էր իրականացնել միայն քրիստոնյա հայը, և ամենահարմար թեկնածուն թավրիզցի մեծահարուստ վաճառական խոջա Միրաքն էր, որի մասին 1448թ. հիշատակարաններից մեկում ասված է. «Եւ էր ախոյան մեծ ազգիս Հայոցն ի դրան արքայիցն տաճկաց»: Այս խոջան բազմիցս նյութապես օժանդակել էր հայոց եկեղեցիներին ու վանքերին, ստրկությունից գնել և ազատ արձակել բազմաթիվ վրացի գերիների: 1469թ. խոջա Միրաքը, որպես Պարսկաստանի դեսպան, Ճանապարհ ընկավ և Վենետիկ հասավ մեկ տարի անց՝ 1470թ. փետրվարին: Դժբախտաբար, հայտնի չէ, թե նրա առաքելությունն ինչպիսի արդյունք ունեցավ: Սակայն ստույգ է, որ 80-ամյա խոջան Թավրիզում ոմն տաճիկ Մեհտիի ձեռքով սպանվեց 1486թ. մարտի 24-ին, քրիստոնյա լինելու պատճառով: Ի պատիժ, Ուզուն-Հասանի հաջորդը՝ Պարսկաստանի գահակալ Յաղուբը, դաժան հաշվեհարդար տեսավ կրոնական մոլեռանդների նկատմամբ, շների կերակուր դարձրեց մարդասպաններին և բռնագրավեց նրանց համախոհ թավրիզցիների ունեցվածքը: ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ | |
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ | |
2889 reads | 24.09.2013
| |