ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՄԱՏԹԵՈՍ
Եվրոպայում Եթովպիայի առաջին դեսպանը հայ վաճառական Մատթեոսն էր: XVIդ. սկզբին Օսմանյան Թուրքիան նվաճողական քաղաքականություն էր իրականացնում Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիս-արևելյան մասում. գրավելով Կարմիր ծովի արաբական ափը` թուրքերը հարձակվեցին Եգիպտոսի վրա, իսկ հաջորդ զոհը տրամաբանորեն լինելու էր Եթովպիան: Ահա այս մտահոգությունից դրդված՝ Եթովպիայի թագավոր Լեբնա-Դենգելեի ռեգենտուհի Էլենին 1509թ. մտադրվեց դիվանագիտական առաքելություն ուղարկել Պորտուգալիայի թագավոր Էմանուել I-ի մոտ: ![]() Էլենին իրավացիորեն ենթադրում էր, որ Պորտուգալիայի սպիտակամորթ, քրիստոնյա թագավորի հետ բանակցություններն ավելի արդյունավետ կվարի նույնպիսի սպիտակամորթ ու քրիստոնյա մեկը: Սկսվում են հարմար թեկնածուի փնտրտուքները: Այդ ժամանակ Եթովպիայում ապրում էին շուրջ 60 օտարերկրացիներ՝ պորտուգալացիներ, հույներ, հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ: Բավականին երկար խորհրդածություններից հետո ընտրվեց ամենաարժանավորը՝ վաճառական Մատթեոսը: Նա աշխարհ տեսած, բազմահմուտ մարդ էր, պրոֆեսիոնալ վաճառական, տիրապետում էր մի շարք լեզուների, եղել էր Հնդկաստանում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Երուսաղեմում, ապա բնակություն հաստատելով Եթովպիայում՝ բարձր դիրք և ազդեցություն էր ձեռք բերել արքունիքում: Մատթեոսը ճանապարհ ընկավ 1509թ. վերջին-1510թ. սկզբին: Էլենիի ուղերձից բացի, նա Էմանուել I-ին թանկագին ընծա էր տանում՝ Քրիստոսի խաչափայտի մի մասունք: Նախ, ճանապարհվեց Պորտուգալական Հնդկաստան՝ մտադրվելով այնտեղից պորտուգալական նավով հասնել Լիսաբոն: Սակայն Հնդկաստանում տեղի ունեցավ անսպասելի մի բան, ինչն այսօրվա պատկերացումներով զավեշտական է. պորտուգալացիները չհավատացին, որ սպիտակամորթ մարդը կարող է Եթովպիայի թագավորի դեսպան լինել և Մատթեոսին երկու տարի բանտարկված պահեցին, մինչև չվերահաստատվեցին նրա լիազորությունները: ![]() Միայն 1514թ. սկզբին Մատթեոսին հաջողվեց ճանապարհը շարունակել և հասնել Լիսաբոն, որտեղ նրան ջերմ ընդունելության արժանացրեց թագավորը: Մեր վաճառականն Էմանուելին հանձնեց Էլենիի նամակը, որտեղ ի մասնավորի գրված էր. «Մենք ձեզ մոտ ենք ուղարկում մեր դեսպան Մատթեոսին, եղբորը, որը ծառայում է մեզ և որի խոսքերին կարող եք հավատալ այնպես, ինչպես եթե դրանք լսեիք անձամբ մեզնից, քանզի նա մեր գլխավոր նախարարներից մեկն է և խոսում է մեր անունից»: Մատուցած ծառայության համար պորտուգալիայի թագավորը Մատթեոսին պարգևատրեց «Քրիստոսի ասպետի» զգեստով, իսկ 15 հոգուց բաղկացած պորտուգալական պատվիրակությունը, Մատթեոսի ուղեկցությամբ, պատասխան այցով 1515թ. ապրիլի 7-ին դուրս եկավ Լիսաբոնից և հինգ տարի անց՝ 1520թ. ափ իջավ Մասավա նավահանգստում: Այստեղ Դեբրե-Բիզենե վանքում ծեր ու հիվանդ Մատթեոսը վախճանվեց ու թաղվեց նույն վանքում: ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ | |
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ | |
2582 reads | 11.10.2013
| |